Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Մարդիկ հասկանում են, որ այս երկրում նորմալ ապագա չունեն»

«Մարդիկ հասկանում են, որ այս երկրում նորմալ ապագա չունեն»
22.12.2015 | 12:15

Ռուս հայտնի գրող Վլադիմիր Սորոկինը մեկնաբանել է Ռուսաստանի քաղաքական իրավիճակը և բացատրել ռուսների սերը օղու նկատմամբ գերմանական Tageszeitung թերթում:
Ռուսների համար օղին համարժեք է պատյանին: Այդ պաշտպանիչ շերտը մարդկանց մոտենալ չի թողնում դաժան առօրյային և պետությանը: Անգամ հայհոյանքն այնքան էլ կարևոր չէ՝ պարզապես ժողովրդի լեզուն է, որի վրա պետությունը ոչ մի ներգործություն չի կարող ունենալ: Հայհոյանքն ու օղին ռուս ժողովրդի դոպինգն են: Պետական տարածքը Ռուսաստանում օտար ու թշնամական ոլորտ է: Պետական և անձնական տարածքի միջև հստակ սահման կա՝ Չառլիի սահմանագծի պես (Բեռլինի Արևմտյան և Արևելյան հատվածների բաժանարար գիծը): Մարդիկ այդ պետական տարածքում հայտնվում են անմիջապես՝ հենց դուրս են գալիս տնից և մշտապես հարկադրված են բառացիորեն ամեն ինչի համար պայքարել: Գերմանիայում ամեն ինչ այլ է, այնտեղ սահմանը չի զգացվում: Երեք տարի առաջ ես բնակարան գնեցի Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում, որտեղ ավելի շատ էի լինում, քան Ռուսաստանի իմ տանը: Բեռլինում փողոց դուրս գալիս ես չունեի վախի զգացողություն: Տարբերությունը մեկն է՝ Ռուսաստանում մարդը ծառայում է պետությանը, Գերմանիայում պետությունը՝ մարդուն:
Հիմա Ռուսաստանում շատ ծանր քաղաքական իրավիճակ է և հասունանում է տնտեսական ծանր ճգնաժամ: Մարդիկ սկսում են հասկանալ, որ կյանքն արդեն ավելի լավը չի դառնալու: Ժողովրդի տրամադրությունը շատ վատ է: Նրանք հասկանում են, որ այդ երկրում արդեն նորմալ ապագա չի լինելու, իսկ դա շատ վտանգավոր իրավիճակ է: Ռուսաստանին մասնատում է սպասում, մասնատումն արդեն սկսվել է: Ռուսաստանում գործում է իշխանական բուրգը, որի գագաթին մեն-միակ մարդ կա, իսկ նման պետական կազմավորումը ի զորու չէ նորմալ գործառնել: Փրկել կարող է միայն բռնությունը, բայց լայնամասշտաբ բռնությունները, որ եղել են Ստալինի կառավարման օրոք, այսօր արդեն հնարավոր չեն: Այդ պատճառով էլ Ռուսաստանը կմասնատվի:
Մոսկվան դադարել է Մոսկվա լինել: Ես աշխատում եմ հնարավորինս քիչ լինել Մոսկվայում: Քաղաքը շատ է փոխվել: Դեպի վատը: Մարդկայինը շատ քիչ է մնացել Մոսկվայում: 70-ական թթ. ես սիրում էի զբոսնել հին մոսկովյան նեղլիկ փողոցներով: Այսօր դա անհնար է՝ ամեն տեղ կեղտոտ մեքենաներ են կանգնած: Մոսկվան այլևս քաղաք չէ, տարածք է, որտեղ ապրում է իշխանությունը: Կրեմլն ու Կարմիր հրապարակը սպառնալիք են ճառագայթում: Իրոք զգում ես, որ շատ վտանգավոր տարածք է, որտեղ կատարվողը օգուտ է միայն իշխանությանը, բայց ոչ ժողովրդին:
Հաննա ՎԱԳՆԵՐ, Tageszeitung


Հ.Գ. Եթե մենք ունենայինք Վլադիմիր Սորոկինի պես գրող, ի՞նչ կգրեր նա Հայաստանի, Երևանի, Հանրապետության հրապարակի ու Բաղրամյան փողոցի մասին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ