Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հները չեն գնացել, նորերը չեն եկել

Հները չեն գնացել, նորերը չեն եկել
22.12.2015 | 00:33

Սահմանադրական հանրաքվեի արդյունքները հազիվ էին վերջնական տեսք ստացել, երբ ակտիվորեն սկսվեց նոր իրողություններին համապատասխանող քաղաքական դաշտի կազմավորման գործընթացը: Բնականաբար, ներքաղաքական ներկապնակի այս վերաձևումը նախ և առաջ կյանքի է կոչվում ընդամենը մոտ մեկուկես տարի հետո անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների պրիզմայի ներքո:
Ինչպես հայտնի է, այսուհետև միայն համամասնական ընտրակարգով կազմակերպվող միակ համապետական կարգավիճակ ունեցող այդ ընտրություններն են ձևավորելու հայաստանյան քաղաքական դաշտի թե՛ իշխանական, թե՛ իհարկե ընդդիմադիր բաղադրիչները: ՈՒ եթե իշխանական բուրգում տեղավորվելու հավակնորդները դեռևս սահմանադրական հանրաքվեի բուն գործընթացի փուլում կարծես ուրվագծվել են, ապա ապագա ընդդիմադիր դաշտի կառուցվածքում լրջագույն տեղաշարժեր են սկսում նշմարվել:
Վերջին տարիներին հայաստանյան ներքաղաքական գործընթացներում ընդդիմադիր տարաբնույթ ուժերի գործունեությունը և դրանց ոչ դրական արդյունքները բազմիցս արձանագրում էին հայաստանյան քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում վաղուց ախտորոշված վակուումի նշանները: Հատկանշական է, որ վերջին հանրաքվեից հետո ակնհայտ դարձավ, որ առաջին հերթին հենց հայաստանյան ընդդիմադիր դաշտի շուրջ է յուրահատուկ «հեղափոխական» իրավիճակ հասունացել. հին ընդդիմադիր ուժերը կամ դեմքերը դեռ չեն հեռացել, իսկ նորերը դեռ չեն եկել:
Այս պարագայում պատահական չէ, որ անմիջապես հանրաքվեից հետո ընդդիմադիր դաշտում սկսեցին ակտիվ շարժումներ արձանագրվել` սկսած ինստիտուցիոնալ ընդդիմություն կառուցողների` իրենց շարքերը համալրելու կոչերից, որոշ հների «տյունինգից», վերջացրած նոր կուսակցության հիմնադրմամբ: Ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ, հին, համեմատաբար նոր և նորաստեղծ ընդդիմադիր ուժերի վազքագիծ դուրս գալը, բնականաբար, կարող է յուրահատուկ կատալիզատորի դեր խաղալ ապագա խորհրդարանի ձևավորման գործընթացում, քանի որ, ինչպես բազմիցս արձանագրվել է հայաստանյան քաղաքական իրականության մեջ, սովորաբար հայրենի «համակարգային» և «ոչ համակարգային» ընդդիմության ձևավորման և առաջխաղացման գործում բուն ընդդիմադիրներից ոչ պակաս շահագրգիռ են լինում նաև իշխանական վերնախավի տարբեր հատվածներն ու խմբերը: Առանձնապես մեծ գաղտնիք չէ, որ 1990-ականների վերջերից սկսած՝ օրվա իշխանությունները միշտ էլ փորձել են ապահովել իրենց համար հնարավորինս «կոմֆորտային» ընդդիմադիր ուժերի մուտքը խորհրդարան: Այս առումով թերևս բացառություն չէ նաև ներկայիս խորհրդարանը: Ամեն դեպքում քաղաքական շրջանակներում մինչ օրս արմատավորվել է այն կարծիքը, թե խորհրդարանում ընդդիմադիր տեղեր ունենալու ամենաապահով ճանապարհը հիմնականում իշխանական ազդեցիկ շրջանակների հետ պայմանավորվածություն ձեռք բերելն է: Ընդ որում, այդ գործարքները սովորաբար իրականացվում են ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարթություններում: Բանն այն է, որ դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանից սկսած՝ օրվա անվերապահորեն ռուսամետ ներկայացող իշխանությունները միշտ ձգտել են մոնոպոլացնել ռուսաստանամետ արտաքին քաղաքական ուղղվածությունը: Եվ սովորաբար որդեգրած այս մարտավարությունից ելնելով՝ իշխանությունն առանձնակի խանդով էր վերաբերվում, այսպես կոչված, ռուսամետ ընդդիմադիր քաղաքական ուժերի նույնիսկ փոքր հավակնություններին: Այսինքն՝ ակնհայտ է, որ հայաստանյան ընդդիմադիր սպեկտրում իշխանությունները միշտ էլ առավել զգուշանում են ռուսամետ այլընտրանքից և տարբեր պատրվակներով փորձում են զրկել ՌԴ իշխանական շրջանակներին Հայաստանում «այլընտրանքային խաղեր» տալու գայթակղությունից: Դրանից բխում է նաև առավել կոշտ դիրքորոշումն ընդդիմադիր քաղաքական հատվածի հենց ռուսամետ սեգմենտի հանդեպ` սկսած թեկնածուներին ընտրություններին տարբեր պատրվակներով մասնակցելու իրավունքի զրկելուց և վերջացրած նույնիսկ մեկուսացմամբ: Ասվածի ամենից թարմ վկայությունը այս տարվա Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի փաստացի «լիկվիդացումն էր» և լիովին վերահսկելի ուժ դարձնելը:
Մյուս կողմից` ռուսաստանյան «շահառուներին» գրեթե միշտ բերվում է այն փաստարկը, թե հայաստանյան ընդդիմադիր դաշտում իբր բավականին ազդեցիկ են, այսպես կոչված, արևմտյան վեկտորի քաղաքական ուժերը: Դրանով իսկ հրամցվում է այն գաղափարը, թե հայաստանյան քաղաքական իրողությունների առանցքում ռուսամետ ուժեղ իշխանության և արևմտամետ կամ ուղղակի ամերիկամետ գաղափարական ընդդիմության միջև պայքարն է: Սրանով է սովորաբար արդարացվում այն իրողությունը, որ խորհրդարանի ընդդիմադիր հատվածում, եզակի բացառությամբ, դոմինանտ են արևմտամետ համարվող քաղաքական ուժերը: Միևնույն ժամանակ ընդդիմադիր դաշտի արևմտամետ հատվածին նախապատվություն տալով՝ ապահովվում են իշխանությունների արտաքին քաղաքական «կոմպլեմենտարիզմը» և արևմտյան ուժային կենտրոնների հետ աշխատանքային փոխհարաբերությունները:
Պատահական չէ, որ յուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ քաղաքական և փորձագիտական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ ապագա խորհրդարանի քաղաքական ուժերի համամասնական ցուցակների ձևավորման պրոցեսում գործուն մասնակցություն են ունենում շահագրգիռ աշխարհաքաղաքական կողմերը` իշխանականի մասով Ռուսաստանի դեսպանատունը, իսկ ընդդիմության մասով՝ ԱՄՆ և որոշ արևմտյան այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները:
Այս համատեքստում հատկանշական են վերջին տարվա ընթացքում ոչիշխանական դաշտում տեղի ունեցող կազմակերպչական տրանսֆորմացիաները: «Նոր և ուժեղ ընդդիմություն ձևավորելու անհրաժեշտության մասին» իշխանության ամենաբարձրաստիճան դեմքերի հայտարարությունների ֆոնին ստեղծվում են հիմնականում «եվրոպական ուղղվածության» նոր ընդդիմադիր կուսակցություններ: ՈՒ արդեն իսկ, այդ թվում նաև որոշ ազդեցիկ աշխատասենյակներում և կենտրոններում, քննարկվում են աշխարհաքաղաքական միևնույն ուղղվածության ընդդիմադիր միասնական ցուցակի հնարավորությունները: Այս համատեքստում արդեն իսկ ռեալ դիտարկվում է «Ազատ դեմոկրատներ» և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների քաղաքական ալյանսը, որում կարող են ներգրավված լինել նաև հանրությանը լավ հայտնի մի շարք գործիչներ՝ Հրանտ Բագրատյանը, Դավիթ Շահնազարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլք: Բնականաբար, չի բացառվում, որ որոշ շահագրգիռ դեսպանատների և հայաստանյան ազդեցիկ «պրոջեքթ մենեջերների» համատեղ այս նախագծում կներգրավվեն նաև «հասարակական սեկտորի» որոշ ներկայացուցիչներ, ինչպես դա եղավ 2013 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ցուցակը ձևավորելիս:
Ընդդիմադիր այս բևեռում քաղաքական վերլուծաբաններից ոմանք տեսնում են նաև բոլորովին վերջերս հիմնադրված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Նման ենթադրությունների համար, բնականաբար, հիմք են հանդիսանում եվրոպական կողմնորոշմամբ շարժվելու և ազատական արժեքներ դավանելու մասին հայտարարությունները: Սակայն կա նաև կարծիք, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորած այս կառույցը, որը հիմնականում համալրված է քաղաքացիական տարբեր շարժումների (ինչպիսին, օրինակ, «Դեմ եմ»-ն էր) ակտիվիստներով, փորձելու է իր առանձին տեղը գտնել ընդդիմադիր սեգմենտում: Ընդ որում, շատ հնարավոր է, որ վերջիններիս շարքերը համալրեն նաև «Էլեկտրիկ Երևանի» ոչ արմատական քաղաքական տրամադրված ներկայացուցիչները և ներկայիս ԱԺ-ի պատգամավորները, ինչպես օրինակ՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը և այլք։ Որոշ դիտարկումներով՝ թեև «Լուսավոր Հայաստանը» ընդհանուր առմամբ գաղափարաքաղաքական ընդհանրություններ ունի վերոնշյալ արևմտամետների հետ, այնուհանդերձ, զգալի տարբերություններ են նկատվում թե՛ մարտավարական քայլերում, թե՛ հռետորաբանությունում: Ոմանք նույնիսկ տարբերությունների նրբերանգներ են նկատում ամերիկյան և եվրոպական կողմնորոշումների միջև: Չի բացառվում նաև, որ իշխանության տարբեր թևերը նույնպես ոչ միանշանակ վերաբերմունք ունեն ընդդիմության արևմտամետ սեգմենտի վերոհիշյալ հատվածների հանդեպ:
Իրավիճակն ավելի քան անորոշ է ընդդիմության, այսպես կոչված, ոչ արևմտամետ հատվածում, քանի որ որևէ որոշակիություն չկա՝ արդյոք ամբողջ ուժով խաղի մեջ կմտնի՞ իրեն հետևողականորեն ընդդիմադիր դաշտում դիրքավորող Ռոբերտ Քոչարյանը, իսկ ակտիվանալու դեպքում էլ մասնակցության ինչ ձևաչափ կնախընտրի` ստեղծել որևէ նոր կուսակցությո՞ւն, թե՞ գլխավորել հներից մեկը: Օրինակ, երկար ժամանակ շրջանառության մեջ է դրված Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն հիմնելու գաղափարը։ Այս առումով գուցե պետք չէ անտեսել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ «Ազգային միասնություն» անունը կրող շարժումը, քանի որ այն կարող է աշխարհաքաղաքական ինչ-ինչ զարգացումների և Ռուսաստանից որոշ ազդակներ ստանալու պայմաններում իշխանություններին լոյալ կամ ոչ ընդդիմադիր «այլընտրանքից» տրանսֆորմացվել ընդդիմության: Դատելով վերջին հայտարարություններից՝ առաջիկա խորհրդարանական ընտրապայքարում կտեսնենք նաև ավանդաբար ռուսամետ դաշտում գործող ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցությանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, որը 2008 թ. նախագահական ընտրություններից հետո դիրքավորվել է ռուսական վեկտորի ներքո, ապա այստեղ ակնհայտ են ճգնաժամային երևույթներ։ ՀԱԿ-ում, ըստ էության, նոր առաջնորդի պակաս կա. Լևոն Տեր-Պետրոսյանից հետո երկրորդ-երրորդ պլանի դեմքերն այդպես էլ չկարողացան իրական լիդեր դառնալ, լիդեր ոչ թե կուսակցության ներսում, այլ հանրության մեջ։ Հասարակության շրջանում այս քաղաքական ուժից ոչ ոք չի դիտարկվում կամ ընկալվում որպես խարիզմատիկ առաջնորդ։ Այստեղ վերագործարկման՝ խնդիր կա, ընդ որում, ոչ միայն առաջնորդի, այլև դատելով ԱԺ ՀԱԿ խմբակցության աշխատանքից՝ նաև կառուցվածքային առումով։ Ռեինկարնացիայից հետո միայն կերևա, թե այս քաղաքական ուժն ինչ հեռանկար կունենա։ Իշխանությունն ամեն դեպքում հաշվի է նստում դեֆակտո վիճակի հետ։
Է՛լ ավելի մշուշոտ են արտահամակարգային ընդդիմության հեռանկարները։ Այս ճակատում, թերևս, ուրվագծվում է «Նոր Հայաստանը»։ Այս պահի դրությամբ, դատելով վերջինիս ներուժից, ռեսուրսից, խայտաբղետ կազմից, հանրահավաքային շարժումից, շատ քիչ հավանական է նրա՝ ապագա խորհրդարանում հայտնվելու հավանականությունը։ «Նոր Հայաստանը» չնայած հանդես է գալիս խիստ արմատական դիրքերից, այնուամենայնիվ, բավականին քիչ հետևորդներ ունի, բացի այդ, մերժում է պետական ցանկացած ֆորմալ միջոցառում՝ չցանկանալով խաղալ իշխանության խաղի կանոններով։ Եվ ինչպես երևում է, իշխանությունը բոլորովին էլ դեմ չէ, որ «Նոր Հայաստանը» թեկուզ ամեն օր 100-200-հոգանոց հանրահավաքներ անի։
Ամեն դեպքում շատ բան կախված կլինի նաև նոր ընտրական օրենսգրքի շուրջ արդեն 2016-ի սկզբին մեկնարկող գործընթացներից: Մի կողմից, օրենքն ինչ-ինչ ֆորմալ խաղի կանոններ կսահմանի, մյուս կողմից, հավանաբար կսահմանափակվի նոր կուսակցություններ ձևավորելու վերջնաժամկետը:

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ