Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Մարդկային խիղճը պահանջում է…»

«Մարդկային խիղճը պահանջում է…»
15.12.2015 | 00:15

(երևանյան իմ հուշատետրից)

2010 թվականի սեպտեմբերն է, Երևան: Կրկին այցելել եմ իմ նորահայտ ազգական Նիկոլին: Տատս` Մաշա Միրզայանցը (Ջաղեթյան) և Սաթենիկ Սարգսյանը (Ջաղեթյան) քույրեր են եղել, ես ու Նիկոլն էլ նրանց թոռներն ենք, զարմիկներ:
Նիկոլի պապ Նիկոլ Սարգսյանը եղել է նշանավոր մանկավարժ ու թարգմանիչ, Ջաղեթյանները` Թիֆլիսի մեծահարուստ և բազմազավակ ընտանիքներից: Տատիս եղբայր Գրիգոր Ջաղեթյանը 1919-1920 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար ու պետական վերահսկիչ: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո հեռացել էր Պարսկաստան, ապա 1922-ին վերադարձել էր Հայաստան, նշանակվել պետբանկի առաջին կառավարիչ ու 1938 թ. զոհ գնացել ստալինյան բռնաճնշումներին: 1937-ի զոհերից էր նաև Ն. Սարգսյանը:
Սակայն բոլշևիկյան հեղափոխությունը բաժանել էր նաև քույրերին, տատս ամուսնացել էր հայտնի թարգմանիչ, գրականագետ և Իրանի խորհրդարանի անդամ Հովսեփ Միրզայանցի հետ և բնակություն հաստատել Իրանում, իսկ Սաթենիկը մեծանուն բանաստեղծ, եղեռնի զոհ Սիամանթոյի հետ սիրային արկածներից հետո կնության էր գնացել Նիկոլ Սարգսյանին: Նրանց միակ որդի Ռուբենը զոհվում է Հայրենական մեծ պատերազմում, հարսը մահանում է ծննդաբերությունից հետո, ու նորածին Նիկոլը հասակ է առնում Սաթենիկ տատի խնամակալության ներքո: Խորհրդային Հայաստանի ու Իրանի գոյություն ունեցող քաղաքական անջրպետը վերջնականապես խզում է քույրերի միջև կապերը, և, բնականաբար, հաջորդ սերունդն էլ պատկերացում չուներ հարազատների մասին, մինչև Հայաստանի անկախացումը, երբ բացվեցին դռները։
Հիմա Նիկոլի բնակարանում եմ, նա խոհեմ, ինքնամփոփ ու զուսպ մարդ է: Հայաստանի կոնյակով ու խորտիկներով ինձ հյուրասիրում է, ապա աշխուժանում է և ոգևորված պատմում Ջաղեթյանների մասին:
-Ինչո՞ւ չես գրում Ջաղեթյանների պատմությունը,- հարցնում եմ:
-Օ՜հ, Նիկիտա ջան, հավես չունեմ:
Հետո մի պահ մտածում է, բացում գրասեղանի գզրոցներից մեկը և ակնածանքով մի նամակ հանում:
-ՈՒշադի՛ր կարդա:
Աչքերիս չեմ հավատում. Ավետիք Իսահակյանի նամակն է Հայաստանի գրողների միությանը, որով պահանջում է վերականգնել Նիկոլ Սարգսյանի բարի անունը: Կարդում եմ Վարպետի նամակը, որը վերնագրված է… «Վկայություն».
«Նիկոլ Սարգսյանին ես ճանաչել եմ 1907 թվականից, շատ հանդիպումներ եմ ունեցել Թբիլիսի, ինչպես և Բագու քաղաքներում, և մտերիմ բարեկամներ էինք դարձել իրար հետ:
Նա այդ ժամանակներում բնագիտական ուսուցիչ էր հայկական դպրոցներում, աշխատասեր և նվիրված դասատու: Նա առաջավոր գաղափարների տեր մարդ էր, ժողովրդասեր և դեմոկրատ:
Կարճ ժամանակից հետո հայ իրականության մեջ նա արդեն լուրջ բնագետի և հմուտ դասախոսի համբավ ուներ: Այդ շրջանում նա գրում էր գիտական-պոպուլյար հոդվածներ և թարգմանում նույն տիպի գրքեր:
Ես 1911 թվից հեռացա Կովկասից և վերադարձա 1926 թ. արտասահմանից, նա դարձյալ ուսուցիչ էր և պարապում էր գիտական ուսումնասիրություններով: Այդ ժամանակ լույս տեսան Չ. Դարվինի «Տեսակների ծագումը» և Է. Հեկկելի «Տիեզերական առեղծվածները» կլասիկ նշանավոր գրքերը` Ն. Սարգսյանի ընտիր թարգմանությամբ:
Նրա հետ ունեցած խոսակցություններից և նրա հասարակական գործունեությունից ես այն համոզմունքը կազմեցի, որ նա շատ հայրենասեր և ինտերնացիոնալ գործիչ և մտածող է: Սովետական կարգերի անկեղծ բարեկամ և պաշտպան:
Ընկերական շրջանում նա շատ սիրված ընկեր էր, ազնիվ և սրտացավ:
Խոր վիշտ պատճառեց ինձ նրան հասած դժբախտությունը: Եվ գտնում եմ դա ժողովրդի թշնամիների կատարած սև գործ:
Մարդկային խիղճը պահանջում է, որ դառնապես տուժած Նիկոլ Սարգսյանին արդար հատուցում տրվի պետության և հասարակության կողմից:
Ավետիք Իսահակյան
25-12-1955
Սովետ. Հայաստ. գիտութ.
ակադեմիայի անդամ
Սովետ.Հայաստ. Գերագույն
սովետի դեպուտատ»:
Իրոք, այս նամակը հետմահու վերականգնեց Ն. Սարգսյանի բարի համբավը: Դա մեծ սփոփանք էր հատկապես Սաթենիկի ու նրա թոռան համար:
Արդեն ուշ գիշեր է, երկուսս էլ գինովցած ենք, բայց ուզում եմ իմանալ, թե, բացի Վարպետի նամակից, էլ ի՞նչ հիշատակումներ ունի իր պապի մասին: Գրապահարանից հանում է Ռուբեն Զարյանի «Հուշապատում» գրքի 3-րդ հատորը. բացում եմ գիրքը ու տեսնում հեղինակի ընծայագիրը զարմիկիս. «Հարգելի Նիկոլ Սարգսյանին, որն այս գրքում հաճելի էջեր կկարդա, նվիրված իմ սիրելի ուսուցիչ Նիկոլ Սարգսյանին. գեղեցիկ բարեկամությամբ 13 փետրվարի, 1984, Երևան»: Մեջբերեմ այդ էջերից մեկը` Ն. Սարգսյանի «հորդորը» Ռ. Զարյանին.
«Ն. Սարգսյանը ավելացրեց. «Աշխատիր պարզ մտածել: Պարզությունը նյութի հստակ պատկերացումից է գալիս: Երկար, խճճված նախադասություններից խուսափիր, հազարից մեկ դիմիր օտար բառերի: Միտքը ճշտություն է սիրում, գրածդ նախադասությանը միշտ անդրադարձիր… Մի մոռանա՝ ճիշտ, հստակ մտածողությունը ավելորդ բեռ չի սիրում»:
ՈՒշ գիշեր է, երազային մի աշխարհ, Նիկոլին հրաժեշտ եմ տալիս` հաջորդ հանդիպման ակնկալիքով:

Նիկիտ ՄԻՐԶԱՅԱՆՑ
Նոր Ջուղա, Իրան

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ