Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Գրաց. օպերայի կողքին՝ բացօթյա շուկա, հարևանությամբ՝ եգիպտացորենի դաշտ

Գրաց. օպերայի կողքին՝ բացօթյա շուկա, հարևանությամբ՝ եգիպտացորենի դաշտ
15.12.2015 | 00:21

Գիտե՞ք, ինչպես են ավստրիացիները կոչում իրենց երկիրը. կանխավ Ավստրիա չասեք, քանզի կսխալվեք: Ոչ էլ ավստրիացիներին գերմանացիների մաս համարեք. այս դեպքում նրանք հաստատ կնեղսրտեն: Այսուհանդերձ, երկրի 8,2 մլն բնակչության 91 տոկոսն իրեն ավստրիացի համարող մարդիկ իրենց երկիրը Օստերռայխ են կոչում, որը թարգմանաբար նշանակում է Արևելյան կայսրություն: Հեղինակիս առայժմ չհաջողվեց պարզել, թե երբ է գերմանախոս մարդկանց հանրության այս տարածքը նման անվանում ստացել: Գուցե Տիգրան Մեծի, քանզի այսօրվա Ավստրիայի 84 հազար քառակուսի կիլոմետրը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, կայսրություն չես դիտարկի: Այն այդպիսին մասամբ հանդիսացել է 1867-1918 թվականներին, երբ կազմավորվել է ավստրո-հունգարական դաշինքը:

Կենտրոնական Եվրոպայի այս երկրի, բնակիչների արտաբերմամբ՝ Օստերռայխի, երեք քառորդը կաթոլիկներ են, 5-ական տոկոսը՝ բողոքականներ ու մուսուլմաններ, 12 տոկոսը՝ կազմաքանդված Հարավսլավիայից ներգաղթածներ: Այս օրերին կարելի է հանդիպել նաև 2015-ի միգրանտների, հատկապես 20-ամյաների խմբերի, որոնց պահվածքն առայժմ որևէ մտահոգություն չի ծնում, եթե նկատի չունենանք նրանց լեզվական ու ձայնային առանձնահատկությունները: Նկատենք, որ էթնիկ բնակչությունը հիմնականում բարյացակամ է տրամադրված նոր եկվորների հանդեպ, քանզի օգնության ձեռք մեկնելը նրանց սրտից եկող զգացում է: Թերևս ավստրիացիներին հոգեհարազատ է Ղուկաս ավետարանիչի արձանագրած՝ «տվող ձեռքը չի աղքատանա» պատվիրանը: Միանշանակ կարելի է պնդել, որ միջին ավստրիացու հաշվով տարվա ընթացքում ստեղծվող մոտ 45 հազար դոլար եկամուտը համաշխարհային սանդղակի առաջին տասնյակի ցուցանիշներից է: Եվ սա՝ ծովերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, բնակլիմայական առումով Հայաստանից զգալի հյուսիս, հարուստ ընդերքով չառանձնացող, 1 բնակչի հաշվով Հայաստանի պես 1600-1700 քմ վարելահող ունենալու պարագայում: Ինչո՞ւ եմ ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերի փոխարեն առանձնացնում վարելահողերը: Այդպես է վարվում համաշխարհային մասնագիտական միտքը, քանզի այս հողատեսակի վրա է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողն առավել արդյունավետ գործունեություն ծավալում, ընտրում հավելյալ արժեք երաշխավորող մշակաբույսը: Այս պարզ գործընթացը Հայաստանում անտեսվում է, խնդիր ու գերխնդիր է համարվում առավել աշխատատար ու ծախսատար, տարերային աղետների հանդեպ պակաս դիմացկուն բանջարեղենի ու մրգերի գերարտադրությունը, դրանց արտահանումը, այսկերպ Հայաստանը այլոց բանջարա-բոստանային կցորդ դարձնելը, երբ Հայաստանի Հանրապետության բնակչության պարենապահովությունն ու պարենանվտանգությունը հիմնականում իրականացվում են ներկրումների շնորհիվ, անգամ Իսրայելից ստեպղին ու Չինաստանից սխտոր ներմուծելու միջոցով, չնշելով 100-հազարավոր տոննաներ կազմող առաջին անհրաժեշտության հացահատիկի, մսատեսակների, կենդանական ու բուսական յուղերի մասին:
ԱՄՆ-ում 1868-ից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2015» տեղեկատուի համաձայն՝ Հայաստանի գյուղգործունեության թիվ 1 ոլորտը մրգերի արտադրությունն է, Ավստրիայինը՝ հացահատիկների մշակումը: Այս երկրի 3,1 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի 43 տոկոսը կազմող վարելահողերի վրա, որը 1,3 մլն հա է, հիմնականում ցորեն, եգիպտացորեն ու կոշտ ցորեն է մշակվում, որոնց տարեկան արտադրությունը հասնում է 6-7 մլն տոննայի: Հայաստանում պատկերը բոլորովին այլ է։ 1,8 մլն հա գյուղնշանակության հողերից հացահատիկ մշակվում է հազիվ 6-7 տոկոսի վրա, երբ հողերը հիմնականում հացահատիկ մշակելու նպատակով են օգտագործում կայացած գյուղոլորտ ունեցող գրեթե բոլոր երկրները: Հայաստանյան գյուղատնտեսական միտքը, ինչքանով որ այն կա, համաշխարհային գործընթացներն ու դրանց արդյունքները Հայաստանի համար կիրառելի չի դիտարկում, առաջնորդվում է «մերն ուրիշ է» կարգախոսով, գյուղգործունեությունում նախապատվությունը տալով այգեգործությանն ու բանջարաբուծությանը։ Թե ուր է տանում այն, պարզորոշ երևաց օրերս ՀՀ վարչապետի մոտ անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում, որն այս անգամ նվիրված էր ռուս-թուրքական առճակատման պայմաններում ՌԴ պարենային շուկա հայաստանյան պարենամթերքի արտահանմանը: Ցավոք, Հայաստանը ցանկացած երկրի շուկան առաջնահերթ պարենամթերքներով ապահովելու պահանջվող քանակներով արտադրանք չունի, եթե չնշենք կիլոգրամների արդյունք տվող և հիմնականում ներմուծված հումքից պատրաստվող երշիկեղենը: Մեր գերակայությունը ալկոհոլն է, ծխախոտը, հատիկ ու աղացած սուրճը: Հետո էլ տարակուսում ենք, թե ինչու է Ռուսաստանն այս ու այն հարցերում մեր ու հակառակորդի հետ հարաբերություններում իրեն այսկերպ ու այնպես պահում, մեր հանդեպ ակնկալվող սպասումները չի արդարացնում և նման բաներ: Բայց վերադառնանք Ավստրիա:
Օստերռայխն իր արտադրած ահռելի քանակի հացահատիկը բնակչության կարիքների ապահովելուն չի ուղղում, այլ դրանցով ստեղծում է մարդկանց սննդակարգից ոչ պակաս կարևոր անասնապահության լիարժեք կերային բազան, որի օգնությամբ ապահովվում է կովերի տարեկան 10-12 հազար լիտր կաթնատվությունը, խոզերի օրական մինչև 1,5 կգ քաշաճը: Հենց այսկերպ էլ կազմավորվում է հանրություն-իշխանություն բարերար միջավայրը, երբ մարդ արարածի առաջնահերթ սննդակարգ հանդիսացող որակյալ կաթնա-մսամթերքները ճաշասեղանին ունենալը որևէ խնդիր չէ, այն սովորական առօրյա է։ Երկիրը 1 մլն տոննա հավի, խոզի ու տավարի միս է արտադրում, մեկ բնակչի հաշվով մոտ 125 կգ խոզի մսի արտադրությունը 600 հազար տոննա է, մեկ բնակչի հաշվով՝ 75 կգ, ՀՀ-ում՝ հազիվ 2-3 կգ։ Արդյունքում նախատոնական այս օրերին ավստրիական առևտրային ցանցը խոզի միս, այդ թվում՝ թարմ փափկամիս կամ ազդր, առաջարկում է մեկ կիլոգրամը նույնիսկ 2-3 եվրոյով, ՀՀ արժույթով մոտ 1000-1500 դրամով, երբ հայաստանյան շուկայում այն եռապատիկ գին ունի։ 4-5 եվրոյի սահմաններում են հանրահայտ «մոցարելլայի», մի շարք այլ պանրատեսակների գները, որոնք հաց ու հացամթերքի աննշան քանակներ սպառող ավստրիացիների սեղանների մշտական ուտեստներն են։ Վերջին 5 տարիներից մոտ 2-ն այս երկրում անցկացրած ՀՀ քաղաքացիս, ով շաբաթը մեկ-երկու անգամ առևտուր է անում բազմաթիվ սուպերմարկետներից որևէ մեկում, փաստում է, որ կաթնա-մսամթերքների որևէ գնաճ տեղի չի ունեցել, փոխարենը նվազող գներով վաճառք՝ ինչքան ուզեք, որոնց մասին հիշեցնում են վաղ առավոտից դռների մոտ ու փոստարկղերում հայտնվող գովազդային թերթիկները։ Հանրության բացարձակ մեծամասնությունը անվարան օգտվում է իջեցված գներով պարենտեսականուց, երբևէ կասկածի տակ չդնելով դրանց որակը, ինչը չես ասի հայաստանյան պարագայում։ Չծավալվեմ, քանզի անկեղծորեն նշում եմ, որ մեծ ցանկությամբ չէ, որ գրում եմ այս մասին, այլ լրագրողի պարտավորվածությունս եմ իրականացնում։
Հյուրընկալ Գրացը իր 320 հազար բնակչությամբ Ավստրիայի երկրորդ քաղաքն է, Շտիրիա մարզի վարչական կենտրոնը։ Այն գրավիչ տեսք ունի, Երևանի կես տարածքը, հզոր արդյունաբերություն, կրթական, առողջապահական համակարգ։ Գրացի օպերայի դահլիճը դասական ոճի է, ոսկեզօծ օթյակներով, եռաստիճան թատերահարկով։ Օպերային հարակից հազիվ 10 մետր լայնք ունեցող Գլասիշտրասե փողոցի մյուս կողմում շաբաթվա որոշ օրերի ու ժամերի գործող գյուղմթերքների շուկան է, որն առավելապես ցուցահանդեսային միջավայր է հիշեցնում, քանզի, մոտակա գյուղֆերմաների տերերի արտադրանքից բացի, վաճառվում են բազմատեսակ ծաղիկներ, այդ թվում՝ ծաղկամաններով։ Մի փոքր այն կողմում գյուղատնտեսական ցանքատարածություններ են, որոնց կարելի է հանդիպել քաղաքի տարբեր վայրերում։ Ասել, թե որևէ մեկը նման խճանկարից խնդիր է ստեղծում, այն այստեղ տարօրինակ կարող են որակել։ Դրանք կեսօրին մոտ գործունեությունն ավարտելուց հետո Գրացին վայել տեսքի են բերվում։ Սա միջավայր է, որտեղ հիմնախնդրի հիմնավոր լուծումը նպաստում է հանրային հարաբերությունների կանոնակարգմանը, իմ ու քո-ի ներդաշնակմանը, երբ կոնսերվատորիայի ռեկտորն ու քաղաքապետն աշխատանքի են գալիս հեծանվով, մասսայական միջոցառումներին ոչնչով չեն առանձնանում, ժպիտն անպակաս է նրանց հայացքից, գռուս-գոտը (Աստծո բարին)՝ շուրթերից։ Մի պահ, ինչպես ընդունված է ասել, ամուր կացեք, Սուրբ ծննդյան տոներին նախորդող 4 շաբաթ օրերին Գրացի հանրային տրանսպորտը՝ տրամվայների ու ավտոբուսների ողջ համակարգը, աշխատում է անվճար։ Լսել էի՝ չէի հավատում, հիմա անձամբ եմ օգտվում, ժպտերես վարորդների և ուղևորների ուղեկցությամբ։ Առավել արտառոց է ժամեր առաջ քաղաքապետարանի տարածած որոշումը. այսուհետ ձմռան ամիսների բոլոր ուրբաթ օրերին հանրային տրանսպորտով երթևեկելու համար պահանջվում է ունենալ ընդամենը 1-ժամյա տոմսակ մյուս օրերի համար պարտադիր 1-օրյա տոմսակի փոխարեն, որը 2,2 եվրոյով ավելի է, քան 1-ժամյան։ Օրվա կտրվածքով այն չգանձված հարյուր հազարավոր եվրոներ է կազմում, ինչին իշխանությունը տարօրինակորեն գնում է։ Դե եկ ու հասկացիր իշխանության այս տեսակին։
Ավստրիայի շուրջ հերթական մտորումներս փորձեմ որոշ թվերի հրապարակմամբ ավարտել։ Ասենք, երկիր ժամանող զբոսաշրջիկները յուրաքանչյուր տարի Ավստրիայում թողնում են 20 մլրդ դոլար, երբ մեր զբոսաշրջային դրախտ համարվող երկրում այն հազիվ 500 մլն դոլար է։ Մշակութային ներկայացում ունկնդրելու համար հարկավոր է տոմսակի հարցով ամիսներ առաջ մտահոգվել, երբ մեզանում «Անուշ»-ը կիսադատարկ դահլիճում է ընթանում։ Օրերս Գրացի օպերայում մյուզիքլ ունկնդրեցի, և պարզվեց, որ տոմսերը մինչև մարտ ամիս արդեն վաճառված են։ Գնողունակության այսօրինակ ցուցանիշ ունեցող երկրում վստահ են, որ իրենց բարեկեցությունը պայմանավորված է տնտեսության կայունությամբ, որտեղ առաջնահերթությունների շարքում լավագույն սննդակարգն է։ Ահա ինչու է գյուղգործունեությունն ուղղվում դեպի հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը, լիարժեք անասնակերային բազայի ստեղծումը։ Այսօրինակ գործընթացը Հայաստանում նվազագույնս ենք նկատում. մեր անասնապահների հիմնական մտահոգությունն ու հոգսը անասունների կերն է։ Տարիներ առաջ ավստրիական կովեր ներկրեցինք։ Ցավոք, գործընթացի հաջորդ քայլը, լիարժեք անասնակերի արտադրությունը չիրականացնելով, որը հեղինակս ձախողում է որակում, ՀՀ գյուղոլորտը հայտնվում է տխուր վիճակում, իր հետ գաղջ միջավայր քաշելով տնտեսության այլ ճյուղերը։ Նկատեմ, որ լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ կարելի է առավել մանրամասն խոսել տնտեսության կազմավորման խնդրի շուրջ։ Այդ նպատակով հանրությունը հարկեր ու տուրքեր մուծելու միջոցով ֆինանսներ է ստեղծում, դրանով կառավարիչներ վարձում, նրանց աշխատելու միջոցներ տրամադրում, այլոց փորձն ուսումնասիրելու նպատակով արտերկրներ գործուղում, որոնց հաճախ եմ տեսնում Երևան-Վիեննա-Երևան ուղերթերի օդանավերում։ Ցավոք, ՀՀ տնտեսության վիճակը տեսնելով, լավատեսական զգացում չես ունենում, որն առավել է խորանում եվրոպական երկրների հայկական աճող համայնքների, ընդհուպ դրանցում գործող մանկապարտեզներից մինչև հոգևոր կենտրոնների մասին պատմող հեռուստահաղորդումները դիտելիս։
Լրագրության նպատակներից մեկը կյանքի որակ ապահովող այլոց անցած ուղին հնարավորինս իրատես ու մատչելի ներկայացնելն է։ Արվեստի երկիր Ավստրիայի փորձն ուսուցանում է, որ այն սկսվում է շատ պարզ ու հասարակ գործընթացից՝ հացահատիկային մշակաբույսերի տարօրինակորեն մեծ ծավալների արտադրությունից։ Մնացածը, ինչպես ընդունված է ասել, տեխնիկայի գործ է։ Մեզանում պարզ ու հասարակ այս գործընթացը շրջանցելը բարդ ու հոգսաշատ միջավայր է ստեղծում, մարդ արարածի մեր տեսակի բնութագիրն աղավաղում։

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Ավստրիա, Գրաց

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ