Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հացի, ջրի և աղի հիշողությունը

Հացի, ջրի և աղի հիշողությունը
08.12.2015 | 01:04

Մայրս ասում էր` հացը, ջուրն ու աղը մարդկանց համար ունեն կարևոր հիմնարար նշանակություն, նրանք օժտված են երկնային Տիրոջ ոգեղենությամբ, նրա աննինջ ներկայությամբ: Հացի, ջրի և աղի մեջ են ամփոփված մեր կենաց-կյանքի արշալույսն ու վերջալույսը, ցերեկն ու կեսօրը, ծեգն ու մայրամուտը, մի կում թթվածնային օդի անհրաժեշտությունը: Անորոշի և որոշյալի «անդռնափակությունը»։
Դարեր շարունակ մեր շնչավոր գոյության համար դրանք եղել են միակ անփոխարինելի սննդահումքը, որով էլ պայմանավորված է մարդկային անցավոր կյանքը: Հին ու նոր Կտակարաններում Ավետարան-ծաղկամագաղաթ գրքերում, մեր քերթող-գրիչները բազմիցս են անդրադարձել հացին, ջրին, աղին քրիստոնեական մոտեցումներին, աստվածաբանական արծարծումներին` համեմատական անցկացնելով մարդկային կյանքի փուլերի միջև, որտեղ լայն տեղ է հատկացվում հացի խորհրդին (հոգևոր հաց), կենաց ջրի մշտնջենական ներկայությանը, աղի (երկրի աղի) կյանքի համր անջնջելիությանը:
Դեռևս վաղնջական ժամանակներում են ասել, թե աղն ու ջուրը հիշողություն ունեն, իսկ հացինը վերածվել է սրբության, մեր հանապազօրյա հացը ոչ միայն հացիվ, այլև բանիվ հասկացության: Ասույթը հուշում է. «Այս մարդը հացով մարդ է», այսինքն` հաց տվող է, հացի ղադրն իմացող է, հաց արարող է, հաց հյուրասիրող է, ժլատ ու գծուծ մարդ չէ: Հայոց հարուստ ազգագրության էջերում (և աշխարհի ժողովուրդների) առած-ասացվածքների, զրույց-պահոցների ու պատումների մեջ, մարգարիտների ու անգին քարերի, գոհարների, շափյուղաների ու զմրուխտների պես շողշողում են հացին նվիրված մտքեր, հասկացություններ, որոնք վեր են հանում մարդ էակի կենսաբանական ու ֆիզիկական, հոգեբանական բնույթ-բնութագրումները, «անդին» կամ «ներսն ու դուրսը» տեսնելու խորամուխ ծայրաստիճան սևեռումներ: «Հացը թռավ, հյուր է գալիս»,- ասում էր մայրս ու դեռ հասկի ու հացի և այլնի մասին, որքա՜ն թևավոր ու պատկերավոր մտքեր, խոհեր ու մտածումներ, որ լսել եմ նրա բերանից իմ վաղահաս տարիներից սկսած, բրդուճ-բրդուճ (իր խոսքն է) լավաշի մեջ փաթաթած` հանց ցողոտ ուրց ու համեմ մատուցվել է ինձ և մյուսներին, որոնք արմանք-զարմանք կտրած լսել են նրան: «Հացս կուտ գնաց» բախտի`, ճակատագրի կորստյան ու ցավի արտահայտություն: «Հացի ու մածնի մերան», «յոթ ծովի մերան», այսինքն, այստեղ էլ ժողովուրդը խոսել է մորս բերանով՝ լավ մարդը, բարի, անհիշաչար մարդը, որպես մերան, ունի փոխաբերական իմաստ, իսկ սրան հակառակ «յոթ ծովի մերանը» օգտագործվում է երբեմն կամ հաճախակի բացասական իմաստով: «Հացը սեղանի փեսացուն է, ջուրը` հարսնացուն, աղը` քավորը»: Մեր հայրեն-անտունիներում կան նմանատիպ շատ նմուշներ:
Այս երեք տարրերը մորս շուրթերին «թուխս» էին նստել օրորոցից, եկել էին իր կարինցի տատից, որից «խմել» էր շատ իմաստություններ, ինքնաբուխ հորինվածքներ, զրույցներ, հեքիաթներ, ասելուկներ, քանզի մարդկության պատմության ալեկոծ ծովում հացի, ջրի և աղի «փքահողմ» առագաստները միշտ բաց են եղել:
Մայրս թեև տառաճանաչ չէր, բայց իր բանավոր հորինվածքները, պատումները, «ինքնուս մշակումները» հում-նյութ արարումները վերածում էր կենդանի-շնչավոր բառուբանի: Ակամա հիշում ես Թումանյանի չափածո միտքը` «Վաղո՜ւց-վաղո՜ւց կար ասված, «Բայց կյանք տվի ես բառին»: Հեքիաթի զմրուխտ հավքը բույն էր դրել չսպասված տեղում և ձագեր հանել... Մորս իմացած-լսած-մարսած առածներն ու ասույթները ինքը «հեղինակային իրավունքով» խմբագրում էր յուրովի, նրանց տալով ոգեղենություն, երկնային ու երկրային նոր իմաստ ու բովանդակություն հաղորդում: Ինքը չէր զգում, այդ ամենը հասկացվում էր, որպես բնական վիճակ, գալիս էր իր ներսից, իր ապուպապերի ակունքներից, որոնք էլ իր մեջ դեռ «խոխոջում» էին։ Այս զգացողություն-վիճակը ես համեմատում եմ այն մեղվի հետ, որ վաղ առավոտյան դաշտ է թռչում` շուրջը ծաղիկների «բուքն» է, սակայն իր ուզած ծաղկի ներկայությունը` նեկտար-բույրը սուր զգում է, բայց այդ ծաղիկը չկա, ինչ-որ տեղ է թաքնված, թեև նրա անորսալի զգլխիչ բուրմունքը հովը բերում է, ծաղկի բացակայությամբ անգամ: Հենց այդ ծաղկի նեկտար-փոշին էր մեղվին պետք, որով պիտի հունցեր հազարավոր ծաղիկներից հավաքած իր մերան-խմորը։ Ինչ-որ տեղ անբացատրելի է այս ամենը: «Հացը գիշերը քնում է, ջուրը մնում է արթուն», «Խմորը հունցում է տատը, հացը թխում է կավե պատը», «Աղը ամանում, թուրը պատյանում», «Աղը ցանիր կաթիլ-կաթիլ, համը կգա հազար-փաթիլ», «Աղը ճերմակ, ձյունը վերմակ», «Հացը քչվոր, ջուրը քոչվոր», «Աղը ոսկի, դամը խոսքի» և այլն: Եթե այս ինքնատիպ ասույթների փակագծերը բացենք, կունենանք դարավոր փորձի ու փորձառության լավագույն արտահայտություններ: Չմոռանանք «Ջուրը հիվընդի դեղ է» Մշո երգի տողը:
Հացը գիշերվա հանգստությունն է հուշում քեզ, մարմնի խաղաղությունն ու խոնջանքը, իսկ ջուրը` ցերեկ-զօրյա ծարավի անհրաժեշտությունը: Մորս համար լավաշ հացը հավքի բացված թև էր. «Հացի թևերը կտրեք, թե չէ կթռչի»: Հաց-լավաշը կտրտած շարեք սեղանին: Ամեն ինչ տեսնում էր մտքի, պատկերի, շարժման ընթացքում, կյանքի, կեցության ընդհանրականներում, գոյության դրսևորույթներում, անցկացնում համեմատության և նմանության ոսկե շարոցք-թելեր: Որքան օրինակներ ունեմ քաղած մայրիկիս անսպառ ամբարներից, որոնք շարունակ «թակում» են իմ մտքի դռները, որ թռչուն-թռչուն արթնանում են հանկարծ: «Աղը սեղանին, խոտը եղանին», «Ջուրը մտածում է», «Հացի մեջ Աստված կա», «Աղին՝ համ, հարսին՝ ծամ», «Երեխան հում ջուր է», «Հացն ու ջուրը, եղբայր-քույրը», «Դրսում թաց-թոն, ջրերի տոն», «Հացը տղա, գարին` աղջիկ» և այլն: Այսպես համարյա մեկ դար` գոգնոց-գոգնոց շաղ էր տալիս իր հնարած-հորինած նշխար-մանանա-մասունքները, որոնք թափվում էին առատության եղջյուրից: Բնությունը նրան տվել էր մի «անմրցելի» շնորհ, ստեղծագործական անտեղիտալի կարողությամբ, որի մասին ինքը` այդ անսահման բարի հայ մամիկը, տեղյակ չէր։ Իր խոսքուզրույցը, խրատն ու խորհուրդը, գովքն ու «անեծքը», խոհն ու մտածմունքը, ցավն ու հոգսը, աղոթքն ու աղերսը բնական վիճակներ էին, նա ծնվել էր Վերին ուժերի կամեցողության շնորհյալ ոլորտում:
Հացի, ջրի, աղի սրբագործումներն ու մտորումները ինձ շատ են հուզել և միտքս շարունակ ուղղորդել դրանց խորքերը: Մարդ էակը դեռ էն գլխից բաղադրված ու բանադրված է այս էլեմենտներով ու տարրերով, որոնք կան թե՛ աստղի (տիեզերքի), թե՛ հողի (երկրագնդի) մեջ, որով էլ ծեփված է մարդ-արարածը:
Աղի ու ջրի մշտնջենականությունը, հացի անթարգմանելի «բնօրինակ-բնագիրը», համեղությունն ու անփոխարինելիությունը մարդկային գոյության արտահայտություն-անհրաժեշտություններն են, չհաշված մյուս սննդարար ուտելի-խմելի և այլ տեսականիները, որոնցով էլ պայմանավորված է ադամորդու կյանքը: Բայց ո՞վ ստեղծեց հացի՛, ջրի՛, աղի՛ խորհուրդը, անբացատրելիության «նիրվանան» և շնչավորեց նրանց հիշողությունը, ինչպես մարդու ուղեղը, ինչպիսի՞ հանգույց-կապերով են համակցված այս ամենն իրար հետ` օդն ու ջուրը, հողն ու կրակը, այս չորս տարրերը, որոնց գալիս միանում են մյուսները։ Հաճախ եմ խորացել այդ մտածումներում և ափից ափ զարկվել գտնելու այն «հենման կետը», որից թև են առել այդ խորհրդածությունները, մտորումներն ու մտածումները, «դիվային» ծարավներն ու տենչանք-իղձերը, որոնք ծածկված են անիմացության սավաններով: Անգիտությունն է գուցե մեզ հետ պահել շատ «վթարներից» ու անկումներից:
...Փոքրիկ տղա էի: Մեր գյուղի մի աչք-լճակի ափին խաղում էինք ընկերներով, որի եղեգնուտ-ափերում վայրի բադերն ու սագերը, թռչուն-հավքերը քթվոտում էին ու հաճախակի թևաբախումով ճչում: Ջուրը խաղաղ ծփում էր, երբեմն էլ երեսը կնճռոտում մարդու պես: Այն գոյացել էր Աղմաղանա լեռներից իջնող ձնաջրերից: Գարնանը ջուրը շատանում էր, ամռանը` կիսացամաքում, աշնանը «ճապաղում», ձմռանը` ննջում:
Սարերում, քարադաշտերում, ժայռերի գոգերում էին ծնվում ու ապրում աղբյուրները, վճիտ ու ջինջ դուրս էին ցայտում հողի ընդերքից: Մարդը շոգ ու տոթ օրերին գնում էր այդ ջրերի մոտ և ծունկ չոքում դրանց առաջ, հագեցնելով իր ծարավը, կամ վայրի կենդանիները (քարայծեր, եղնիկները...), որոնց գոյության պայմանը ջուրն էր` պաղպաջուն ջուրը: Ասունն ու կենդանին «բանավոր» գիտեին, որ այդ աղբյուրը չի կարելի քար գցել, պղտորել, քանզի մայր բնությունը այն բխեցրել է ամենքի համար: Հիացած ու զարմացած տեսել եմ, թե ինչպես են այդ կենդանիները ջուր խմել` երկյուղածորեն-խոնարհ, ասես «համբուրելով» ըմպել են այդ զովությունը: Որքան ժողովրդական բառուբանի, երգի փշրանք-ձևույթներ կան պահպանված մեր ծեսերում ու սովորույթներում, որոնք ջրային ծագում ունեն, վերածված հայրենների ու չափածո մշակութային թափանցումների, որոնց արմատները պիտի փնտրել նախաքրիստոնեական խորություններում: Ինչևէ: Գնանք առաջ:
Լճակից քիչ վերև անասնագոմերն էին, ուր խաշնարած հովիվները նստած էին կեսօրվա հացի: Մենք` երեխաներս, երբեմն քարեր էինք նետում լճակի զուլալությանը և այն պղտորվում էր, անհանգստանում: Տարեց հովիվներից մեկը ձայն տվեց` ջուրը մեղք է, քարով մի զարկեք, նա չի մոռանա ձեր չարությունը, ջուրը հիշողություն ունի: Ալևոր հովիվը չկա, քնած է բլրին: Անցել են տարիներ: Գուցե ջուրը հիշում է մեր չարաճճիությունը ու դեռ վիրավորված է՝ անբացատրելի է մեզ համար այս ամենը, թե ինչ ակունքներից է գալիս այն...
Հիշում եմ հայ մամիկների ուշադրությունն ու ափսոսախառն վերաբերմունքը, գետնին ու ճամփին՝ հողերի մեջ ընկած հացի պատառի նկատմամբ: «Հացը մեղք է» ասելով հացի կտորը վերցնում-դնում էին քարին կամ պատի վրա: Հացը սրբություն էր, հացը լավաշ-մագաղաթի ծաղկագիր էջ էր, հացը հիշողություն ունի, կպատժի նրանց, ովքեր իր նկատմամբ չունեն գորովալից վերաբերմունք: Հացը շնչավոր է: Հացը պաշտում էին չունևորներն ու աղքատները, իսկ հարուստ ու անսիրտ մարդիկ, որոնք ոտնակոխում էին հացը ու անցնում առաջ, չիմանալով հացի հարգն ու պատիվը, սրբությունը, օրերից մի օր պատժվում էին, քանզի հացը հիշում էր, և նրա հիշողությունը անմոռաց է` «Ցորեն հացը կոտոշ ունի»: «Ցորեն հասկի կռութ-գլուխը լցված է հատիկ-հատիկ հունդերով, ինչպես ասուն մարդունը` մտքերով»,- ասում էր մայրս:
Աղը բնության մեջ և մարդկային հարաբերություններում, կենսական մոտեցումներում ունի իր անբացակա ներկայությունը, իր հիմնարար «արմատավոր» անհրաժեշտությունը, որով էլ գոյատևում է յուրաքանչյուր էակ:
Անձրև ու թոն, խոնավ օրերին «աղը լալիս էր»: Ես տեսել եմ նրա բյուրեղյա արցունքները: Մերոնք` տատ-մամս, աղի պաշտամունք ունեին, չափով` պտղունց-պտղունց էին թորթորում ճաշի և այլ ուտեստների վրա: «Աղի շատ օգտագործումը պատժում է մարդուն, աղը մի թափեք, կռվի ու վեճի բույն է»,- ասում էին և թափված աղի վրա մատով խաչ քաշում, որ ամեն ինչ անփորձանք անցնի:
Հիշում եմ: Գարնան վարար ու հորդուն, տեղատարափ, կայծակող-կարկտաբեր անձրևների ժամանակ, որ գալիս էին երկարատև, ջարդում ծաղկած ծառերը, տատս մեր հացատան թոնրի վրայից վերցնում էր խաչերկաթը, դնում դրսում և վրան մի բուռ աղ լցնում, որ կարկտաբեր անձրևը կտրվեր: Եվ զարմանալին այն էր, որ կտրվում էր: Հեթանոս հուշ էր:
Ինչպիսի հավատալիք` աղը հիշողություն ուներ: Հացը, ջուրը, աղը մարդկային կենսաբանական կարևոր գործոններից են, ուղեկցել են ասունին իր նախաստեղծ ակունքներից սկսած, նրա մարմնավոր էության սնուցիչներն են, ծագել են մարդու հետ, մարդ հասկացության համար դառնալով միակ անփոխարինելի պայման, գոյության «ներշնչարան»՝ թթվածնի պես: Օդի պակասությունից մարդը վերանում է, նույն հացի, ջրի, աղի, որոնք էլ ուղեկցում են նրան իր ձևավորման առաջին օրվանից մինչև ի հող իջման պահը:
...Երբ մանուկ էի, մեր կովը հորթ ունեցավ, նոր ծնված հորթի մաշկը փափուկ էր ու մետաքսահյուս, անալի, որի վրա պապս աղ շաղ տվեց. մայր կովը լիզում էր հորթի մաշկը, դունչն ու դեմքը, աչքերը, և հորթը, ասես, ավելի էր ուժավորվում, ավելի էր «շնչավորվում»: Աղը նրան հաղորդում էր ինչ-որ բան, որն էլ կատարվում էր մայրական լեզվի միջոցով:
Նմանատիպ բան էր կատարվում, երբ մարտ ամսին սկսվում էր ոչխարների ծինը: Նոր աշխարհ եկած գառնուկների մաշկը ծածկում էին աղի փաթիլներով, մաքի-ոչխարներն էլ, իրենց աշխարհ բերածին «լիզելով», մտցնում էին կյանք: Ժողովուրդն ասում է, որ գարնան ջուրը ավելի համով է և օգտակար, քան ամառվա, իսկ աշնանը «անմահական ջրի» պատում-երևույթքն ունի՝ մաքրված-սրբված բոլոր պղտորություններից: Մեր էպոսում Սանասարն ու Բաղդասարը ջրի ծնունդ են, ջրի զորընդեղ որդիներ, որով էլ մեր տեսակի հիշողությունը «ձագ» է հանել այդ նախաստեղծ ակունքներում: Աստվածորդի մարդեղենացած Քրիստոսը կնքվեց ջրում` գետի մեջ, ու մինչև այսօր նոր աշխարհ մտած յուրաքանչյուր մանչուկ մեռոնվում է ավազան-ջրում, ուր կա երկնային Տիրոջ մասունք-նշխարը, ինչն էլ փոխանցվում է մանչուկին, նրա «ձնծաղիկյա» մարմնին և հոգուն հաղորդում աննյութ ոգեղենություն, որն անուն չունի։
ՈՒ դեռ որքան անհայտ ու հայտնի հասկացություններ կան, որոնց «ճաշակման» միջոցն ու բացատրման «կոդը» թաղված են մարդկային անգիտության մշուշներում: Եվ կգա մեկը, որ կհասկանա հացի, ջրի և աղի «լեզուն», կտա դրանց իմացության բանալին, որով էլ կբացվեն որքա՜ն փակ դռներ, վարագույրներ, հորիզոններ... մեր «թլոլ» մտքի առաջ, որ շարունակ տենչում է նոր բանի, թարմ ըմբռնումների:
Հացը (հայ մամիկն ասում է` քաղցր-անուշ հաց) տուն-օջախի՛, մարդկային տեսակի՛, պատվի՛ ու նամուսի՛, վարքի՛ ու հարգանքի՛, կենսական-նյութեղեն պահվածքի արտահայտությունն է, ասուն-մարդու հայտնագործությունը, ինչն էլ դարձավ նրա գոյության միակ նպատակ-փրկիչ-միջոցը: Մարդը հացից չի հոգնել, չի «կշտացել» նրա «անջնջելի-գրավոր» բառուբանից, կարդալու-ընթերցելու բավականությունից, ամենպահյա համեղ ներկայությունից, հանապազօրյա անհրաժեշտությունից։ Աստծո մատներից կաթած մանանա-նշխարը, որի ծագումը (համաշխարհային իմաստով) կապում են Արարատ լեռան հետ, որի լանջերից, անհիշելի ժամանակներից վայրի, անքիստ ցորենի «նախնիները» իջան-մտան աշխարհ, դարձան անփոխարինելի կենսապայման- կենսանյութ: Փաստորեն Հայասա երկիրն է «հաց» հասկացության նախահայրենիքը:
«Մի բուռս ցորեն, մյուսը` գարի», «Աշխարհի շեն վըր գութնին էր, գութան չեղներ` աշխարհն ի՞նչ էր» երգում էր առաջին հայ սերմնացանը, որ արշալույսի շողերի հետ, իր գոգ-գոգնոցից բուռ-բուռ վերցնում էր աստղահունդերը, շաղ տալիս-ցանում (պահ տալու պես) սևահողի ակոսներում, որոնք գարնանային արծաթ-անձրևների ու թոների տակ ծիլ-քիթ էին տալիս, օր օրի ծանրանում, հղիացող կանանց մանկաբարուր նմանությամբ:
Ջուրը` մարդու ֆիզիկական գոյության չորս մասից երեքը (անքուն-արթուն ջուրը), գիշերը` բացերես, երկինքը հոգում, ծղրիդի՛, կայծոռիկի՛, հովի՛ անլսելի ձայների՛ ու շշուկների՛ բանավոր «թարգմանությունը» ականջներում, ասես լսում է հողագնդի «ոտնաձայները», իսկ ցերեկը` գնում է «պաղ-պաղ» սպառվելու մարդու, կենդանու, բույսի, միջատ-մրջյունների, անշունչ ու շնչավոր էակների ծարավանքներում, իր կոչում-կանչվածությունը դա է, ինչն էլ վերին Տեսանողի կողմից արդարացված է, որպես հիմնարար արտահայտություն:
Աղը` սպիտակ-ճերմակ իր համր-սորսորուն ծիծաղով, իր անվկա-անփոխարինելիությամբ, համ ու համեմունքի «գլուխգործոցը», սեղան է գալիս կամ ելնում, պտղունց-պտղունց թորթորում ճաշակելիք-ուտելիքի «անալիության» վրա, «գիտակցություն» հաղորդում նյութին, մարդու կենսակերպին, տալիս անվերջության անփոփոխ զորավոր զգացում:
«Մի երեսը՝ հարս, մյուսը` աղջիկ». Էրզրում-կարինցի մայրիկիս չմաշվող խոսքով փակենք այս էջը, որի տողատակերում թաքնված են Որդանա որդի (Կարմիր) «մտածումները», (Հովե՜ր կանցնին, ծովե՜ր կանցնին, և ցորյաններն հուշիկ-հուշիկ կարթնանան») բանաստեղծ Վարուժանի «Հացին երգը», ծովավրձին Այվազովսկու ջրերգությունները, Մանսուրյան երգահան-երաժշտի միջնադարյան մեղեդիավոր թաթախումները: Ահա սրանցով ես ճաշակեցի Հացի, Ջրի, Աղի արմատավոր ներկայությունները, որոնցով եկել ենք ու գնացել, որպես մայր բնության զավակներ:
Այո՛, բնության մեջ կան անվերծանելի բաներ, որ մարդ-էակին դեռ հասու չեն։ Իմ խոսքը վերերկրային երևույթների մասին է, որ «դեգերում» են անհայտության ոլորտներում, ինչպես տիեզերական շատ գաղտնիքներ` Աստծո անբացակա ու անճառ ներկայությամբ: Մարդը դեռևս մանուկ է, իսկ բնությունը` անվերջավոր-շարունակվող ընթացք, որի խորդուբորդություններն ու անհարթությունները, կնճիռ-մտածմունքները, թերևս, անբացատրելի են:


Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6562

Մեկնաբանություններ