Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Զավեշտալի պահմտոցի՞, թե՞ զայրացուցիչ անտարբերություն

Զավեշտալի պահմտոցի՞, թե՞ զայրացուցիչ անտարբերություն
27.11.2015 | 00:21

Համբերություն ասվածը նման է պարսատիկի լարի. ի վերջո, կտրվելով, այն հարվածում է անվերջ, անմտորեն, թե համառ չարությամբ ձգողի դեմքին։
Այս անգամ իմ համբերության կտրված, երկու մասի բաժանված լարը, հույս ունեմ, մի մասով կհարվածի տարիներով ռադիոեթերից թույն ու մաղձ թափող մեկի բերանին, մյուսով` իսկապես խուլ-անտարբե՞ր, թե՞ այդպիսին ձևացող ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի ականջին։
Արդեն քանի տարի է` Հանրային ռադիոյի եթերում իրեն բոլորովին չսազող շաբաթօրյա մի ծրագիր կա` «Թղթապանակ N», որը, իբր, Ազգային արխիվից վերհանում, լուսաբանում է անցյալի մութ, փակ էջերից պատառիկներ։ Եթե իսկապես դրան միտված լիներ հաղորդաշարը, ողջունելի և հետաքրքիր կլիներ, սակայն այդ լուսավոր շապիկի տակ բոլորովին այլ մարմին է թաքնված` իր շա՜տ ցայտուն, հեռահար նպատակներով, ընդհուպ միտումնավոր` խեղաթյուրել և սխալ մեկնաբանել փաստերը։
Մի անգամ գրողների միությունում Շիրազը իրեն հատուկ ոճով առակախոսում է, իբր ինքն օձերի շահմար թագուհուց թույն է ուզում, վերջինս էլ պատասխանում է, թե «Լիմիտը ողջ ամսվա ընթացքում հավաքում ենք, և ամսվա վերջին բոլորը Սուրեն Վահունին է տանում»։ Ծիծաղում են բոլորը, այդ թվում` զրույցին ներկա Սուրեն Վահունին։ Սակայն Վահունին տաղանդավոր երգիծաբան էր, և նրա «թույնը» բուժիչ էր, իսկ վերը նշածս հաղորդման հեղինակի թույնը (ինքը շատ է սիրում թունոտ ածականներով համեմել տեքստը, ուստի իրեն բնորոշ և հասկանալի լեզվով խոսենք) շատերի միտքն ու հոգին է փսորում և խեղում։ Կենտրոնացել է հատկապես կոմունիստական կուսակցության վրա, կարծես 70 տարիների ընթացքում ուրիշ ոչինչ չի եղել (հատկապես` լավ), կամ հսկայական արխիվը հրո ճարակ է դարձել և «հրաշքով» միայն այդ տարիների գործերն են պահպանվել, այն էլ` որը խեղաթյուրված, որը` զտված։
Անժխտելի է, սխալներ, վրիպումներ եղել են, և դրանք խոր, ճշմարիտ վերլուծության կարիք ունեն, սակայն վերցնել և 70 տարվա ողջ դրականը, գիտական, կրթական, մշակութային, տնտեսական թռիչքներն ու նվաճումները պարտակելու փորձ անել սենյակային թութակի նեղլիկ վանդակո՞ւմ. իսկական նենգությունը սա՛ է։
Տարփողվում է նաև, որ ԽՍՀՄ-ը միայն կուսակցական գաղափարախոսություն էր քարոզում։ Մի՞թե։ Հապա անձնուրաց սերն առ հայրենի՞ք, հապա անհագ սերն առ գիտություն, կրթություն և մշակո՞ւյթ, հապա բարոյական, մարդկային դաստիարակությո՞ւնը։ Ինձ նմաններին դա սովորեցրել են, իրենց` ո՞չ։ Երկաթյա վարագո՞ւյր էր։ Ինչի՞ դեմ։ Հապա ինչո՞ւ այն վերացնելուց հետո երկիրը, մարդկանց կյանքն ու ներաշխարհը քաոսի վերածվեցին։ Բռնությո՞ւն էր։ ՈՒրեմն յուրաքանչյուր սրտացավ և ըստ պատշաճի խիստ ծնող բռնապե՞տ է։ Ազատություն չկա՞ր։ Ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը տարիներ առաջ տված իր հարցազրույցներից մեկում փաստել է, որ իրենից և իր նկարիչ, բանաստեղծ ընկերներից ազատ մարդ չէր պատկերացնում և՛ կյանքում, և՛ արվեստում։
Իսկ վերջերս Հռոմի պապը հայտարարեց, որ երբևէ ստեղծված ամենաբարի մուլտֆիլմերը խորհրդային մուլտերն էին։ Շարունակե՞մ։ Կարծում եմ, բավական է, այլապես ոմանք... կխեղդվեն այսքանը չմարսելուց։ Դրա համար էլ այն ժամանակների մարդը բարձունքին կանգնած ավելի վեր և հեռուն էր նայում, հիմա հոգևոր, տնտեսական, աղքատության ճահճի մեջ խրված` «օգնություն» է կանչում։ Էլի եմ ասել, կրկնեմ. երախտամոռությունը մարդկային արատների հանրագումարն է, խտացումը, ստի և զրպարտության մայրը, և, եթե շիտակ նստենք, շիտակ էլ խոսենք, առայսօր մենք գոյատևում ենք այդ երկրի թողած կրթական, մշակութային, տնտեսական, բնակֆոնդային պաշարներով։
Հիմա` վերը նշածս կտրված «պարսատիկի լարի» երկրորդ հարվածակրի մասին։ Կոմունիստական կուսակցության անունով` եղած, ամանում չեղած պարոն (ընկերը Ձեզ չի սազի) առաջին քարտուղար, ինչո՞վ եք զբաղված Զաքյան 10-ում։ Գուցե Դո՞ւք էլ «բուժման» կարիք ունեք` խլականջության և անտարբերության դեմ։ Այսքան էլ վախեցած, ահաբեկված կոմունի՞ստ։ Ո՞Ւր եք, ե՞ս պիտի Ձեր փոխարեն աղմկեմ և հակադարձեմ։ Հապա Դո՞ւք։ Այսպե՞ս եք ժառանգել կոմունիստների հոգեբանությունը։ Ինչի՞ վերածեցին երբեմնի շեն և արժանապատիվ երկիրը` իր նույնքան արժանապատիվ, բարոյական և մշակութասեր ժողովրդով։ Թատրո՞ն եք եկել, որ միայն հանդիսատեսի դերում եք։ Ի վերջո, թեկուզ ոչ կուսակցապետ, այլ որպես շարքային քաղաքացի, ձայն և կարծիք չունե՞ք շուրջը կատարվողի մասին (որքան գիտեմ` չխոսկան հարսների դարն անցել է, և դրա պահանջարկն այլևս չկա)։ Չե՞ք տեսնում, թե նորերն ինչ ակտիվ են գոռգոռալով քանդում և խժռում կոմունիստների և ժողովրդի ստեղծածը։ Գոնե օրինակ վերցրեք Արցախի կոմունիստներից. նրանք խորհրդարանում են, իսկ Դուք... ձեր կուսակցությունում էլ չկաք։ Երգիծական հանդեսի մի աշխատակից մեկ տասնամյակ առաջ հպարտանում էր, որ ինքը մտել էր կոմկուսի շարքերը, որ այն ներսից քանդեր (Հայրիկյանից էր, երևի, ժառանգել այդ սնապարծությունը), և հիմա, կասկածում եմ` գուցե Դո՞ւք էլ այդ մտադրությունն ունեք։ Ձեր չխոսկան բերանը բացելու ևս մեկ փաստ տամ (եթե խիզախ եք, իհարկե)։
Նկարչության մեջ կուբիզմի հիմնադիրը Պիկասոն է համարվում, արդի հայ շինարարության մեջ (չասեմ` ճարտարապետության, քանզի չկա) կուբիզմի հիմնադիր համարում եմ... ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով Մալաթիա-Սեբաստիա համայնքը հեղեղել է իր «կարոբկա»-խանութներով։ Ամենացայտուն օրինակը, սուպերմարկետներից բացի, կառուցման ընթացքի մեջ գտնվող «Փարոսի» բլրին հարակից «զռլաման» է։ Կես կանգառ ձգվող շենքի ճակատային մասն ավարտել է, տեղակայել լավաշի փուռը (կամ` լավաշի ողորմաբուռը), սրճարան և հսկայական «Վեգա» խանութը` շուրջօրյա վառվող անհաշիվ լամպերով (օրը ցերեկով նույնպես` հատակից մինչ առաստաղ ձգվող ապակե դուռ-պատուհան-պատի առկայության դեպքում), ո՞ւր է ՀԷՑ-ի հսկող աչքը։ Սա արտաքին դեկորը, բայց հետևից այդ հսկա հիդրան շարունակում է մեծանալ` բառիս բուն իմաստով ուտելով «Փարոսի» բլուրը` հող ու ծառերով հանդերձ։ Քանի՞ գերատեսչության գործ կա այստեղ` բնապահպանության, քաղաքաշինության, քաղաքապետարանի, Վերահսկիչ պալատի, ինչո՞ւ ոչ` դատախազության։ Սեփականատերն ինքն է «աչքը կուշտ», «ժուժկալ-չափավոր» ախորժակով, «խելացի», «օրինապաշտ» պատգամավոր, հապա պատկան մարմիննե՞րը, հապա Դո՞ւք, կոմկուսի ղեկավար։ Ո՞Ւր եք, պահմտոցի՞ եք խաղում։ Ո՞Ւմ հետ` իշխանությա՞ն, թե՞ ինքներդ Ձեզ հետ։ Հրավիրում եմ բոլորիդ ականատեսը լինելու այս չտես գիգանտոմանիայի հրավառությանը։ Հանկարծ չմոռանաք և տանը թողնեք ձեր զարմանքի պաշարը։ Արհամարհանքի պաշարը թողնենք ժամանակին և հորդորենք կոմկուսի առաջին քարտուղարին` մոտենում է նոյեմբերի 29-ը, և պետք չէ տարին մեկ անգամ «հոգեդարձ» լինելով կենդանության նշաններ ցույց տալ, իսկ հետո ողջ տարին նորից ընկնել «կոմայի» մեջ։ Արթնացեք, իսկ եթե անկարող եք, զիջեք ձեր տեղը նրանց, ում արժանապատվության և խիզախության աչքն ու ունկը արթուն են։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ