Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Երջանկության իրավունքը

Երջանկության իրավունքը
06.11.2015 | 10:11

Անկախության ԱՄՆ-ի Հռչակագիրն ընդունում է բոլոր մարդկանց երջանկության իրավունքը, բայց երկիմաստություն կա՝ պետք է մտածել խմբային կյանքի լիարժեքության, ոչ միայն անձնական երջանկության մասին:

Երբեմն ես մտածում եմ, որ մեր շատ պրոբլեմներ, որոնցից բողոքում ենք նման հոդվածներում (օրինակ՝ արժեքների ճգնաժամը, գովազդին տրվելու հակումը, հեռուստաէկրանին հայտնվելու ցանկությունը, պատմական ու անհատական հիշողության կորուստը), կապված են 1776-ի հուլիսի 4-ի ԱՄՆ-ի անկախության Հռչակագրի անհաջող ձևակերպման հետ, որտեղ մասոնական հավատով փառահեղ ճակատագրի ու առաջընթացի նկատմամբ հեղինակները հայտարարում էին, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն կյանքի, ազատության և երջանկության հասնելու: Սովորաբար ասում են, որ խոսքը պատմության մեջ առաջին անգամ երջանկութան իրավունքի պետության հիմնարար օրենքների հռչակման մասին էր, այլ ոչ թե ենթակայության ու հրահանգների կատարման: Առաջին հայացքից դա հեղափոխական հռչակագիր էր: Բայց հանդգնում եմ նկատել, որ երկիմաստության հանգեցրեց:
Երջանկության մասին գրականությունը անսահման է, սկսվում է Էպիկուրից, գուցե ավելի վաղ, բայց ողջամտությունը հուշում է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ է երջանկությունը: Եթե մտածենք մշտապես երջանիկ վիճակի մասին, կասկածներ, ցավ, ճգնաժամեր չունեցող մարդը կամ տխմար է, կամ մեկուսացած աշխարհից ու չունի ցանկություններ: Մտքովս անցնում են Ֆիլեմոնն ու Բավկիդան, բայց նրանք էլ, երևի, ատամնացավ ու գրիպ ունեցել են: Լիակատար երջանկությունը կարճատև է ու դրվագային: Ուրախություն, երբ երեխա է ծնվում, հրճվանք, երբ իմանում ես, որ քեզ սիրում է նա, ում դու ես սիրում, շահումի, նպատակին հասնելու, պարգև ստանալու ուրախություն, հաճելի պահեր ճանապարհորդելիս, բայց այդ պահերն անցողիկ են: Հետո գալիս են վախի, ցավի, տագնապի ու անհանգստության փուլերը: Երբ մենք խոսում ենք երջանկությունից, միշտ մտածում ենք անձնականի մասին, շատ հազվադեպ՝ մարդկության երջանկության: Սովորաբար մենք քիչ ենք մտածում ուրիշների երջանկության մասին՝ սեփականը որոնելիս: Նույնիսկ երջանիկ սերը հաճախ ուղեկցվում է ուրիշի դժբախտությամբ՝ մերժվածի, ում մասին մենք չենք անհանգստանում՝ արբած մեր հաղթանակով: Երջանկության գաղափարը շահագործում է գովազդի արդյունաբերությունը, որտեղ ամեն առաջարկ հնչում է իբրև երջանիկ կյանքի կոչ (կրեմը երիտասարդացնում է, լվացքի փոշին մաքրում բոլոր կեղտաբծերը, բազմոցը կես գնով է վաճառվում, մսի պահածոյի տուփի շուրջ ամբողջ ընտանիքն է հավաքվում, վաճառվում է հիասքանչ ու էժան մեքենա, ներդիրներ, որ թույլ են տալիս առանց վախի վերելակ մտնել մյուսների հետ): Մենք հազվադեպ ենք մտածում երջանկության մասին, երբ քվեարկում ենք կամ երեխային դպրոց ենք ուղարկում: Իսկ երբ գնում ենք անպետք իրեր՝ համոզված ենք, որ իրականացնում ենք երջանկության ձգտելու մեր իրավունքը: Բայց մենք անսիրտ կենդանիներ չենք, այդ պատճառով երբեմն մտածում ենք ուրիշների երջանկության մասին՝ երբ զանգվածային լրատվամիջոցները հիշեցնում են ուրիշների դժբախտությունների մասին, օրինակ, մոլորակի սևամորթ բնակիչների, որ քաղցում ու հիվանդանում են, ցունամիից տուժած ժողովուրդների մասին: Այդ դեպքերում մենք պատրաստ եք փող զոհաբերել կամ տալ հարկերի 0,5 % տուժածներին օգնելու համար:
Անկախության Հռչակագիրը պետք է բոլոր մարդկանց հայտարարեր, որ մենք իրավունք-պարտականություն ունենք նվազեցնել աշխարհում դժբախտության մասնաբաժինը, բնականաբար, և սեփական դժբախտության: Այդ դեպքում շատ ամերիկացիներ կհասկանային, որ իրենք չպետք է առարկեն անվճար բժշկության դեմ: Իսկ նրանք երևի դեմ են, որովհետև այդ տարօրինակ գաղափարը վնասում է նրանց անձնական ֆիսկալ երջանկության իրավունքին:
ՈՒմբերտո Էկո, «L'Espresso», Իտալիա


Հ.Գ. ՈՒմբերտո Էկոն մնում է ՈՒմբերտո Էկո՝ համամարդկային ու մարդկային երջանկության նրա համեմատականը ինքնատիպ է ու մտածելու տեղիք է տալիս, իսկ երբ սկսում ես մտածել երջանկության մասին, արդեն երջանիկ չես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ