Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Շունը

Շունը
03.11.2015 | 10:14

«Շունը մարդու վաղեմի բարեկամն է»,- այսպես են բնութագրում նրան անհիշելի-անտի-վաղ ժամանակներից սկսած, երբ նոր-նոր էին ձևավորվում, խելքի ու գիտակցության գալիս շնչավոր գոյությունների տեսակները, ցեղերն ու տոհմերը առանձնանում մեկը մեկից, երբ շունը նոր-նոր էր «հաչել» սովորում, ճանաչում մտերիմին ու թշնամուն, բնավորվում հողագնդի տարբեր անկյուն-պուճախ տարածքներում:
Հողագնդի վրա մարդու հայտնվելու առաջին պահից շունը մարդու հետ էր, նրա «բանավոր սիրելին» նրա շուրջբոլորը, նրա ամենօրյա անցուդարձերում` կռվի թե խաղաղության, ուժի թե բռնության` հավատարիմ ու նվիրյալ «ընկերը», որ անգամ կարող էր իրեն զոհել հանուն տիրոջ փրկության, որն էլ մարդկայնորեն գնահատվում-որակվում է որպես անձնվիրության վառ օրինակ, որն էլ երբեմն բացակայում է մարդ էակի բնույթքում: Ահա այս «ուղենիշ-դիլեմա» ընթացքով է միտքս շարժվում և հանգչում այնտեղ, ուր նախագոյ-սկզբնապատճառի ակունքներն են, որտեղ փնտրտունքը գտնում է իր մի պուտ-նշույլք պատասխանը, որն էլ չի «հագեցնում» ամբողջովին մեր դարավոր «տոթ» ծարավանքը:
Շունն էլ Նոյ Նահապետի հետևից իջավ տապանից և դարձավ ասուն-մարդու տան ու օջախի դռան, ինչքի, կենաց կյանքի պահապան հսկիչը: Ի՞նչ է «շուն» հասկացությունը: Այս հարցը հաճախ է հնչում իմ շուրթերից, և ես ուզում եմ հետ դառնալ անցյալ-կատարյալ ժամանակները և գնալ ասուն արարածի սկիզբները, որտեղ «խմորվել» է «շուն-էությունը», որն էլ ունի իր արմատական բացատրությունը, ցողունավոր աճը և վերջնական պտուղ-հայտնությունը: Ահա առաջին մարդը, որը շրջում էր «ամայի» երկրի վրա և հայթայթում իր ավուր հացը, իր գոյության անընդմեջ պայքարում, որսորդություն, հողագործություն և այլ պարագաներ, որով էլ պայմանավորված էր նրա լինելություն-գոյությունը, և այդ հազարափորձ ճանապարհին շունը... մոտեցավ մարդուն, ընկերացավ նրա հետ, իսկ մինչ այդ վայրիվերո գայլային բնույթքով ու բնազդով թափառում էր անտառներում և սարերում ոհմակով և խժռում ինչ պատահեր իր ճանապարհին: Քանի որ մարդը միակ բարձրագույն էությունն էր (Աստծո ստեղծագործության գլուխգործոցը)` անասունների, հավքերի, սողունների մեջ, ամենայն գազանաց «մտավոր» առաջնորդը, ուստի և շունը «սիրեց» նրան, հասկացավ, որ իր միակ փրկությունը մարդուն մոտենալն էր, ամենահզոր-անհաղթահարելի մարդուն, որն էլ գոյությանց կատարն ու առանցքն էր, «էվոլյուցիայի մեխը», ուղղորդողն ու ընթացքը, շարունակվող «երկփեղկ-գաղափարը», առաջիններից մեկն էր, որ զգաց մարդ-արարած առեղծվածը։
Մարդը հաղթել էր թե փղին, թե առյուծին, թե արջին, թե գայլին և թե մնացած կենդանիներին ու թևավորներին, մի խոսքով, ծովային ու ցամաքային արարածներին, ու նրանք ահասարսուռ ու վախվորած փախչում էին նրանից կամ զարկում ու զարկվում հանուն իրենց գոյության, բայց վերջնական հաղթողը էլի մարդն է, չհաշված երբեմնի բացառիկ-պատահական պարտությունները: Այս բոլորը շունը շատ լավ հասկացավ և սիրով-հոժարակամ եկավ դեպի մարդը` նրա հովանավոր-կացարանը, դեպի կրակը, մի բուռ արևը: Առաջինը քարայրն էր, հետո եղան հողափոր խրճիթ-տները և այլ շինություններ, որտեղ մարդը բնակություն հաստատեց, շունը նրա կողքին ու դռանը, մարդու ինչքի պահապանը: Որքան ժողովրդական առած-ասացվածքներ ու զրույցներ են պահպանվել շների մասին, նրանց բնույթքի, վարքի, ապրելակերպի, պահվածքի մասին` անհաշիվ ու անվերջ, ինչպես հացի դաշտերը ոսկեհասկ կռութներով լիքը: Որքան նույնատիպ-նույնարմատ համեմատանքներ, մարդուն ու շանը վերաբերող գծեր, արտահայտություններ (հատկություններ), որ գուցե մարդն է վերցրել շնից (մի մազ) կամ հակառակը... անբացատրելի ու անասելի մտքեր-մտորմունքներ-խոհեր-դատողություններ թանձրացյալ, շերտ-շերտ իրար վրա դարսված, ամենօրյա (հազարավոր դարեր փոխանցված), ամենպահյա ապրած կյանքի հետևանք ու արդյունք, որոնց քննումը քեզ կտանի մի անսահման տարածք, որն էլ ի շրջանս յուրով փակուղի է` դուրս գալու հնարք չի երաշխավորում: Ինչո՞ւ են ասում` շան պես մարդ է կամ շան հոտառություն ունի, հավատարիմ է շան պես, շան «կծածն» է, շան քթից է ընկել, շնահաչ մի տուր, շան անունը տուր, փայտը վերցրու ձեռքդ, շնից մի մազ ունի, շան քթից ջուր է խմել, շան «իզանն» ունի և որքա՜ն նմանակ ու բազմաբազում արտահայտություններ, որ գալիս են լեզվիդ ու չգիտես՝ որին տեղ տաս, մեկը մեկից շքեղ, մեկը մեկից տարողունակ, նշանակետին խփող, որտեղ բնորոշվում է մարդու և շան դարավոր «բարեկամությունը», իրար հետ անբացատրելի «անխոս» համաձայնությունը, կյանք-կոչված բազմակնճիռ ճանապարհին, որի ո՛չ սկիզբն է ճանաչելի և ո՛չ էլ վերջերգ-եզրը տեսանելի: Մարդու մանուկ միտքը ունենում է մթագնման և ճառագայթման պահեր։
Հետագայում մարդն ընտելացրեց թե բուսական և թե կենդանական տեսակներ (ձի, կով, ոչխար, գոմեշ, այծ և այլ թռչնաէակներ), որոնք եղան նրան օգնող-կերակրող և այլ պարագաներում նրա «կյանքային» փուլերի ձևավորմանը մասնակից, բայց մարդուն մտերիմ մնաց էլի շունը, հավատարիմ ու անդավաճան, ինչ պայմաններում էլ որ եղավ, ավելին եղավ, քան Մարդը, որն էլ իր տարերային-հարափոփոխ բնավորությամբ, երբեմն ոտնատակ տվեց այդ եզակի անձնազոհությունը: Այս մասին կան հազարավոր գրություն-ապացույցներ, որոնք պատմում են շան բնույթք-բնազդի առավելության, անլեզու հասկացության, սուր հոտառության, վաղ-կանուխ նախազգացողության` վտանգի, վախի, օրհասի պայմաններում նրա ճիշտ-որոշակի կողմնորոշման մասին, որով էլ կենդանիների մեջ առանձնանում է նա իր դրական կողմերով, իր մարդաբանական կառույցին մատուցած ծառայություններով հանդերձ, նվիրվածության, մտերմության անսքող արտահայտություններով, որոնցից մի քանիսին կուզեի անդրադառնալ իմ դիտարկումներով, որոնք անցկացրել եմ իմ ապրած-փորձաքննած «լաբորատորիայով», որի հավանական ստացվածքներն իրենց յուրահատկություններով ինչ-որ չափով համենում-հարում են կենսաբանական «մատույցները», որոնք տեսնված են նորովի:
Առաջինը շունն էր, որն էլ մարդու համար դարձավ դեսպան- բնորոշիչ-ուղղորդիչը (անցյալ դարում), դա այն «Լայկա» շունն էր, որ պոկվեց հողի ձգող-թանձր զանգվածությունից. ուղարկվեց-գնաց եթեր, իր հետևից տարավ մարդկային «աննինջ» միտքը դեպի տիեզերք, գտնելու իր տեսիլքի ու երազի մարմնավոր տարածքը, ուր հանգրվանում է ամենաարարյալ Արարրիչը` իր կապույտ «յոթտակ» ամբողջությունում: Հետո շան «բացած ճամփով» գնաց մարդը (թեև մտքով և հոգով վաղո՜ւց էր այնտեղ)՝ հաղթանակելով դարավոր տգիտության և «կուրության» դարերը: Այստեղ էլ մարդուն օգնեց շունը, եղավ նրա մտքի ու խելքի, ինտուիցիայի և երևակայության առաջնեկ դրդիչը, որին հավատաց ասունը` չդավաճանության առումով: Շունն իրեն «զոհեց» հանուն մարդու, իսկ դա անբացատրելի է թիթեռի պես և անպատմելի ծաղկի նման: Երկու դեպքում էլ դռները փակ են, դիպվածն է որոշիչը։
Աշխարհում շների հազարավոր տեսակներ կան` ազգեր, ցեղեր, տոհմեր` սերված-պատվաստված (ինչպես բուսական աշխարհում է) հիբրիդ-ստացվածքներ, որոնք բերում են իրենց հետ, իրենց շնային բնավորություններում, տվյալ ցեղից փոխանցված ժառանգական հատկությունները` պուճուր մատնաչափիկ «կուկլա» շներից սկսած մինչև այսօրվա հուժկու ու հզոր մարդահասակ շները, որոնց էությունն ու ցեղային առավելություններն ու թերությունները, ծագման սկզբնավորման` կյանքի, կեցության մասին խոսելու-ներկայացնելու համար առնվազն պիտի Դարվին լինես, որն էլ գիտեր այն, ինչ հազվագյուտ էություններին էր շնորհված, թեև հիմա որոշ գիտնականներ մերժում-ժխտում են նրա էվոլյուցիոն ուսմունքը, դատարկում նրա լիքը «պարկերը»՝ տեղը չդնելով ոչինչ, իբրև նրա շատ դրույթներ վրիպել են:
Հա՜, չհեռանանք շնից, «շնային տարածքից», որտեղից մեզ են նայում նրանց «հասկացող աչքերը», ունկ-ականջները, լցված բնության մեջ շրջող-անոտ «ձայներով», որոնց թարգմանությունն ու պատասխանը իրենք գիտեն, իրենց նմանները: Վերը տեսանք, թե շնային որքան տեսակներ կան, բայց այդ բոլորի մեջ իր ինքնատիպ ձև-բովանդակությամբ, իր հաղթ-զորեղ կառուցվածքով, մեծ գլխով և հասկացող էությամբ առանձնանում է կովկասյան շունը, որի նախնիները (գրում են) աշխարհ են մտել Մասիս լեռան փեշերից: Ժողովուրդն ասում է` գելխեղդ չոբանի շունը, որի արձագանք-փշրանքները հիշվում են առասպելների ու լեգենդների մեջ: Վկան` Արտավազդ արքայի շղթա-կապանքները Մասսա այրերում կրծող հավատարիմ շները: Եթե մի էքսկուրս անենք մեր պատմիչների, մատենագիրների, կենսաբանների գրյանքներում, ապա կհանդիպենք այդ «Չոբանի շանը» (ինչ անուն կուզեք դրեք, էությունը չի փոխվի): Ժողովրդական այս հասկացության բացատրումը, իմ կարծիքով, խոսում է նրա հավատարմության և համարձակության, հոտին ու խաշնին, հովվին հսկելու, գայլերից և այլ հարձակումներից փրկելու-պաշտպանելու, նրա կոչված լինելու մասին: Կան փափուկ-տնային, բակային և այլ տարատեսակ շներ, որոնցից ամեն մեկը երևակվում է իր հավատարմության և նվիրվածության «տոչորուն» կողմերով: Որքան օրինակներ կան, որ փորձված-անցկացված են մարդկային պատմության ելիվերներում: Բայց զարմանալի մի բան եմ նկատել (և գուցե բոլորը գիտեն). շները շատ կապված են երեխաների հետ, երեխաներն էլ նրանց հետ: Մտածում եմ` երևի շները մի ներքին բնազդով զգում են նրանց անմեղությունն ու անարատությունը, անվնաս-վտանգավոր չլինելը և «շնային սիրով» կապվում են նրանց հետ, իսկ ավագների (կոնկրետ ծնողների), հասակավորների նկատմամբ միշտ «պատրաստ-զգուշավոր»: Սա ի միջի այլոց, ուրիշ բնույթի խոսակցություն է, որ մեզ կտանի լաբիրինթոս, իր թնջուկային խրթին, ոչ դյուրին անցումներով, որի խորհուրդը դեռևս մթին է, մեկնաբանման կարիք ունի իր հիմնավոր-քաոսային վիճակներում, անդուռ-անելք-անմուտ տուն է:
«Չոբանի շուն» հասկացությունը իմ դեմ բացում է իր լայն-խորունկները, և ես ուզում եմ մի կածան-արահետ գտնել մոտենալու այդ անբացատրելի, «հում ու անեփ-խմոր» նյութին, որի փաստարկները տեսել եմ իմ հայրական օջախում, համեցել այդ կենդանի պատումները մերոնց` իմ պապի, տատի, եղբայրներիս շրջապատում, հարևանների ամենօրյա տուրառևումներում, կյանքի և կեցության, դժբախտության ու ցավի, խինդի և ուրախության պայմաններում: Եղել եմ այն ականատեսն ու վկան և հատուկ ուշադրություն դարձրել և իմ մեջ «գրի առել» բաներ, որոնք գուցե ուրիշները (կամ իմ հարազատները) մոռացել են, իսկ իմ մեջ ապրում են, ինչպես երեկվա կատարված թարմ դեպքեր: Ականջիս հնչում է Հովհ. Թումանյանի «Պատրանքը» բանաստեղծությունը՝ «Վեր է կացել էն սարում, մեր Չալակը իր թևից»... Բանաստեղծություն, որի թարմությունն անթառամ է ու անմաշելի:
…Մենք էլ էինք սար գնում, այսինքն՝ ամռանը` յայլա: Մայրս աշխատում էր կաթի մշակման ֆերմայում: Մայիս ամսվա վերջերին գյուղի հոտերն ու նախիրները գնում էին ամառանոց, որտեղ արոտը առատ էր, ծաղկախոտը բուրավետ ու հյութալի, այնտեղ անցկացնում ամառը մինչև աշնան ամիսները: Սարերի գրկում կամ հարթավայրերում ցածլիկ հյուղերի մեջ բնակվում էին նրանք, արածեցնում իրենց խաշներն ու հոտերը, ամենօրյա առատ խշխշացող կաթը «սերով թաթախ» (մորս խոսքն է) մշակում-փոխարկում` մածնի, կարագի, պանրի, լոռիկի և այլ տարատեսակ կաթնեղենից պատրաստվող բնական ուտեստեղեն-մասուլքների, որոնց բացակայությունը մեր օրգանիզմում թողնում է «պարապ տարածքներ»: Կաթը անփոխարինելի տեղ ունի մարդկային կենսաբանական ոլորտում: Մայրս էլ էր սարվոր, իսկ եղբայրներս` նախրապահ-ոչխարարած չոբան-հովիվներ, իսկ ես օգնում էի նրանց, ընկերակցում, քանզի դեռ դպրոց չէի գնում (իմ դպրոց-դասը բնությունն էր), 5-6 տարեկան տղեկ էի, հորթերի և գառների հետ «արածում» էի ծաղկածուփ արոտներում, պաղուջինջ աղբյուրներից բերանքսիվար ձնահամ ջուր խմում... Կյանքն ինձ համար երազ էր ու տեսիլք:
ՈՒնեինք Արաբ անունով մի շուն` սև մորթով, աչքունքով, ականջները կտրած, իսկը չոբանի: Եղբայրս նրան մեր տուն էր բերել, երբ դեռ կիսակույր ձագուկ էր, և մենք նրան մեր կովի կաթով մեծացրինք, դարձավ մի հսկա գամփռ շուն, ահնուվախը մեր հարևանների և թե գայլ ու գազանի: Նա կապված էր մեր բակում և հսկում էր եկող-գնացողին: Շղթա-կապը երկար էր, ողջ բակի երկայնքով գնում-գալիս էր: Ոչ ոք ներս գալ չէր կարող նրա ահից: Եկողը դրսից կանչում էր մերոնց, որ գան-անցկացնեն Արաբի մոտից, Արաբին զսպելով,- այսպես էր նա` չարն ու բարին ճանաչող, բայց զարմանալիորեն երեխաների նկատմամբ ուշադիր ու սիրալիր, պոչը շարժելով մոտենում էր նրանց, ասես թե «ժպտում», թույլ էր տալիս մտնել մեր բակը և ինձ հետ խաղալ, որտեղ ինքն էլ մեր խաղընկերն էր դառնում: Արաբին էլ էինք սար-յայլա տանում մեզ հետ, որ մեր հյուղակ-խրճիթը հսկի, ինձ հետ տափերում գառնուկ ու հորթուկներ արածեցնի: Արաբը ուրախ էր, որ մեզ հետ էր ամբողջ օրը` դրսում թե ներսում: Ճաշին գալիս-նստում էր սեղանին մոտ, գետնի խսիրին ու նայում մեզ իր «հասկացող մտածկուն աչքերով», ուտում մեր պատառներից, ոնց որ տան անդամ, պատրաստակամ ու ուշադիր, ելնող-մտնողների նկատմամբ` զգոն: Մի ականջը դուրս, մյուսը` ներս, ամեն կանչի արձագանքում էր:
Զարմանալի մի բան կատարվեց այդ օրերին: Մեր տուն հյուրեր եկան կողքի յայլաներից: Հարևան գյուղի սարվոր-հովիվներ, եղբորս ընկերներից: Նրանց եղբայրս բերեց մեր հյուղակը, և մայրս նրանց հյուրասիրեց: Նրանք երեք հոգի էին, միջահասակ մարդիկ, իսկական սարի հովիվներ: Արաբը ներս չէր թողնում, մի կերպ ներս բերինք հյուրերին։ Երկուսի նկատմամբ որոշակի զիջողականություն ցուցաբերեց, սակայն երրորդի հանդեպ ահավոր կատաղած էր, եթե չկապեինք` կգզեր: Վերջը հյուրերը ներս եկան, հյուրասիրեցինք ու ճամփեցինք: Հովիվներից մեկը, որի ուշքնումիտքը Արաբի կողմն էր, ասաց.
-Յամա՜ն շուն է երևում, հոտառու, գելխեղդ շուն, ծախեք ինձ, ոչխարով փոխանակենք։
-Ինչպե՞ս ծախենք, մեր տունուտեղը նա է պահում, մեր ոչխարի հոտին գայլ չի մոտենում,- պատասխանեց եղբայրս հպարտությամբ, գնաց-գրկեց Արաբի գամփռ գլուխն ու համբուրեց: Անցան օրեր: Եվ ահա կատարվեց մի դեպք, որն էլ մնացել է իմ հիշողության մեջ։ Եղբայրներս գյուղի հոտը երեկոյան կթից հետո տարել էին օբաների մոտ գտնվող «գիշերակաց-արխաջը» և շներին պահակ թողել նրանց մոտ: Շների հետ չէր Արաբը, մնացել էր տանը: Եղբայրներս պիտի հաց ուտեին, վերադառնային հոտի մոտ գիշերելու: Այդ ընթացքում ձորի կողմից անհայտ մարդիկ գաղտագողի գալիս-մտնում են արխաջը, չորս-հինգ մայր ոչխարներ առաջները գցած քշում-խառնում են իրենց հոտին: Հոտապահ շները հոգնած-ննջած են եղել: Եղբայրներս, երբ վերադառնում են «գիշերակաց-արխաջը», Արաբ շունը ընկերակցում էր նրանց: Երբ հասնում են ոչխարի հոտի մոտ, Արաբը սկսում է անհանգստանալ, հաչել, վազել դեպի ձորի կողմը: Մերոնք նրան հետ են կանչում: Նա զոռով վերադառնում է, բայց շարունակ հաչում էր, անհանգիստ էր, զարկվում էր դեպի ձորը, ձորի կողմի ճամփան հոտոտում, բայց մերոնք ոչինչ չեն կասկածում համ էլ խավարամած գիշեր է եղել, բայց Արաբը մինչև առավոտ չի քնել, հաչել է ու ոռնացել: Առավոտյան եղբայրներս հոտը տարել են արոտի: Արաբը մյուս շների հետ ուղեկցել է նրանց: Մեկ-երկու օր հետո եղբայրներս նոր են իմացել գողության մասին, երբ հոտը կթելուց հետո «գառը տվել են մեր»: Հինգ գառ մնացել են մայելով, փնտրել են իրենց մայրերին, իսկ մայր-մաքիները չկան: Մերոնք զարմացել են, թե ինչ եղան ոչխարները, ոչ գող է մոտեցել, ոչ էլ գայլ: Մեկ շաբաթ հետո պարզվեց, թե ով է եղել ոչխարների գողը, այն էլ պատահական, այն էլ Արաբ շան շնորհիվ, որի հոտառությունը և ներքին տեսողականությունը բացեց «գողոնի վարագույրը»: Այն գիշերն Արաբը հոտոտելով իջել էր ձորը և իր մեջ պահել ոտնահետքերի և օտար մարմինների յուրահատուկ հոտերը, որով էլ «լույս աշխարհ» հանեց գողոնը, որն էլ շշմեցրել էր ոչ միայն մեզ, այլև շատերին: Բոլորս էլ գիտենք, որ սահմանապահ հետախույզները, ոստիկանական կառույցները պահում են հատուկ տեսակի «սիսկնոյ-հոտառու» շներ, որոնց միջոցով հայտնաբերում են սահմանախախտներին, գողերին, որոնց հետքերով գնում են և կալանավորում մեղավորներին: Խիստ զարգացած է շների հոտառությունը, ունեն շատ սուր ընկալունակություն: Նրանք «աներևութորեն» զգում են մարդկային մարմնի յուրահատուկ հոտերը, որով էլ տարբերում են կասկածելին ու հանցագործը: Այս մասին բազմաթիվ փաստարկումներ կան: Շունը վաղօրոք զգում է երկրաշարժը, հովիվ-տիրոջ անսպասելի մահը կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացող վտանգը, և նա երկարորեն ոռնում է ու ողբում, մորմոքում ու արտասվում, «հասկացնում» այդ մասին: Շան հոտառությունը անփոխարինելիության անանց հատկանիշն ունի։
Մեր Արաբ շունը ի ծնե «օժտված» էր այդ հատկությամբ, գուցե ավելի, քան իր ցեղակիցները, նրա այդ «շնորհը» բացահայտ հասնում էր անգերազանցության։ Այս մասին մերոնք գիտեին, և այն իր գնահատականն էր ստացել բազմաթիվ դեպքերի ու դիպվածների պատճառով, որոնց անլուծելի թվացող հանգույցը Արաբը «քանդել» էր մեկ անգամից:
Ինչպես ասացի, առավոտյան մերոնք հոտը քշում են կողքի յայլայի տարածքները և հանդիպում իրենց ծանոթ հովիվներին, և ահա այստեղ «քանդվում» է գողոնի անլուծելի թվացող թել-կծիկը: Արաբը հոտոտելով գնում և բռնում է այն հովվի հագուստի փեշը, որի վրա շարունակ հաչում էր մեր տանը, երբ հյուր էին եկել: Արաբը մի ներքին «գուշակող հոտառությամբ» վաղ էր զգացել, որ այդ տղան բացասական անձնավորություն է, նրանից ամեն ինչ սպասելի է: Այս անգամ էլ գազազած սկսում է քաշքշել տաբատից, պատռել շորերը: Մերոնք հասնում, մի կերպ ազատում են այդ հովվին, բայց Արաբը չի հանգստանում, անընդհատ վրա է տալիս, ուզում է խեղդել, իսկ մյուս հովիվներին չի մոտենում: Մերոնք զարմանում են, թե ինչու մյուսներին չի մոտենում, միայն դրան է ցուցադրական հալածում, ասես ուզում է մերոնց հասկացնել, թե սա է գողը, ոչխարները տանողը: Մեծ եղբայրս, որ տեղյակ էր Արաբ շան «հոտառու» լինելու անսովոր փաստին, հանկարծ զգում է, որ այստեղ մի բան կա թաքցրած, որ շունը վաղ է գուշակել, գիտեր ինչն ինչոց է: Իր մեջ պահած «հոտերը» հուշել են, որ այդ մարդն է գողը: Թե չէ գողության օրը ինչո՞ւ էր իջել ձորը, ամեն մի թուփ ու կածան հոտոտում էր շարունակ, գնում-գալիս և աներևույթ «փաստեր» հավաքում իր մեջ: Այդպես էր մեր Արաբ շունը: Մերոնց ակնառու ստիպմամբ, թե` միլիցիայի կտանք, գող-հովիվը խոստովանում է իր մեղքը, ոչխարները հետ է բերում, խառնում մեր հոտին: Մայրամուտին գառները գտնում են իրենց մայրերին: Ահա թե «Չոբանի շուն» մեր Արաբը ինչպես հայտնաբերեց գողին, ինչպիսի ներքին վառ հոտառությամբ էր նա օժտված, աներևակայելի է: Գյուղացիք ասում էին, որ Արաբ շունը Նոյ Նահապետի փրկած շների շառավիղներից է, որոնք իջել են Տապանից և բնավորվել Մասսա փեշերին: Ո՞վ իմանա, գուցե ճշմարիտ են մեր ալևորները, որոնց իմաստությունն ու խելքը դարերի կուտակումն ունեն, սերունդներին փոխանցված ակնառու հոգևոր ժառանգություն:
Մյուս պատմությունը, որ ուզում եմ անել, էլի կապված է Արաբ շան հետ, որտեղ մի նոր կողմով է երևում նրա «ընդունակ-հոտառու» ծնված լինելը: Կորել էր մեր հորթը: Ամառվա օր էր: Հորթը բակից դուրս էր եկել. արածելով իջել էր ձորը և գյուղից հեռացել: Հորթը ուր էլ գնար, հենց կեսօրվա շոգն ընկնում էր, «մոզ կպած» ընկերների հետ վազում էին գյուղ, ջուր խմելու-հանգստանալու, իրիկվա հովին նորից դուրս գալու արոտի: Այդ օրը կեսօրին հորթը ջրի չեկավ, ոչ էլ իրիկվան: Մերոնք երկար փնտրեցին, բայց ոչ մի տեղ չգտան հորթին: Արաբ շունն էլ մեզ հետ` սարուձոր ընկած փնտրում էինք հորթին, քանզի առանց հորթի ներկայության մեր Սոնա կովը թույլ չէր տալիս իրեն կթել, քացի էր տալիս, բառաչում, ոչ ոքի չէր թողնում կաթով լիքը կրծքերին մոտենալ: Մի խոսքով՝ առանց հորթի չէր կթվում: Ես հորթին մոտեցնում էի կովին, կովը լիզում էր հորթի պոչն ու երեսը, ապա մայրս դույլը առած սկսում էր իր «անձրևող» խշշացող կիթը: Այդ օրը անհնար էր մոտենալ կովին: Արոտից նոր էր վերադարձել և կրծքերը լիքը կաթով սպասում էր իր ձագին: Ես, պապս և Արաբը փնտրում էինք հորթին, բայց հորթը չկար ու չկար: Երկար փնտրելուց հետո, երբ մութը իջավ և սարուձոր ծածկեց, ձեռնունայն տուն վերադարձանք: Մայրս մի կերպ համոզելով-փաղաքշելով, «Ծաղիկ ջան» ասելով կովին կիսատ-պռատ կթել էր: Մայր կովը իր ձագի բաժին կաթը թաքուն պահել էր իր ներսում,- ահա մայրական սրտի ու սիրո «անբուժելի» հատկություն, որն էլ բնության «ոսկե օրենքի» առաջին ծաղկագիր պարբերությունն է:
Առավոտյան, երբ լույսը բացվեց, Արաբը տանը չէր, զարմանալի էր, ո՞ւր էր գնացել: Ես նորից իջա ձորը, ուր հարևան գյուղի նախիրը արածում էր դիմացի լանջին: Մոտեցա հովվին և ի՞նչ... կողքիս բուսեց Արաբը, ծանոթ վնգստոցով փաթաթվեց ոտքերիս, ուրախանալով ասես: Ինչպես ասացի, նա կանուխ էր իջել ձորը հորթուկին փնտրելու` հոտոտելով եկել-մոտեցել էր նախրին և գտել մեր կորուստը: Նա հոտով (հորթի մարմնից արձակվող հոտով) եկել-կանգնել էր նախրի մոտ: Ես արդեն զգում էի, որ Արաբը գտել է հորթին, նրա ոտնահետքերով եկել-հասել է այստեղ: Մոտեցա նախրորդին, որն էլ պապիս ճանաչում էր, ասացի, որ երեկվանից կորել է մեր հորթը, կովը չի թողնում, որ կթենք իրեն, հորթին է ուզում: Նախրորդը, որը շատ բարի ու ազնիվ մարդ էր, պատմեց, որ երեկ կեսօրին նախիրը տարել էր Զանգու գետում ջրելու, տեսել է հորթուկին, որն էլ եկել-խառնվել է նախրին, մտածելով, թե իր մայրն էլ է նրանց մեջ: Քանի որ հորթը չի հեռացել նախրից, իր հետ տարել է գիշերելու հարևան գյուղում, առավոտ վաղ նախրի հետ բերել է մեր կողմերը, որ գուցե տերը գա տանի: Նախիրը փռում է արածելու և հանկարծ տեսնում է մեր Արաբին, որն էլ հոտոտելով մոտենում է կովերին և խնդուն հաչոցով ավետում է իր ներկայությունը, ապա նստում, նախրի մոտ գլուխը դնում թաթերին, սպասելով իրադրությունների հետագա զարգացմանը: Շունն արդեն գիտեր, որ հորթը նախրի մեջ էր, «հոտի երակը» բռնել էր: Բարի նախրորդը հորթը հանձնեց ինձ: Արաբը մոտեցավ հորթուկին, սկսեց քսմսվել նրան և խնդությունից հաչմչալ: Մենք վերադարձանք տուն: Երեկոյան բառաչելով հայտնվեց մայր կովը, կարոտից սկսեց լիզել հորթուկին: Դույլի մեջ խշշացին նրա կաթնաշիթերը` առատ ու հորդուն:
Մայրս աչքերն էր սրբում հուզմունքից, շշնջալով, թե` անասունն էլ ունի «մարդկային» հոգի, առանց ձագի իր գոյությունը չի պատկերացնում, դա Երկնային տիրոջ գութի և խղճի արտահայտությունն է, որն էլ անբացատրելի է ու անիմանալի, աներևակայելի:
Ես այս երկու դեպքը պատմեցի,- իսկ որքան այսպիսի իրական եղելություններ կան, որ գրի չեն առնված,- ցույց տալու համար, ընդհանրապես շան բնատուր-բնազդին մոտենալու, նրան հասկանալու, նրա ցեղի մեջ «Չոբանի շուն» կոչված տեսակի մասին խոսելու, որն էլ ունի յուրահատուկ «ըմբռնողականություն», շշմանքի հասնող գիտունություն, որ գալիս է գուցե իր գայլ-նախնիներից: Ի դեպ, շները գորշ գայլերի տեսակից են սերվում,- այդպես է հիշվում: Բայց մեր շունը «տափաստանային գայլի» սերնդից չէր, այլ սկսվում-գալիս էր Արարատ լեռան «Գամփռ շան» ցեղախմբից, որի արյան մեջ «գայլ» նախնիները չէին «նստած», այլ…
Ես մտածում եմ, երևի Հայկական բարձրավանդակում ծնված ու ապրած, սերունդներ տված այս տեսակը օժտված է մի յուրահատկությամբ, որ մյուսները չունեն: Ես այս մտքին հակվել եմ իմ երկար պրպտումներից ելնելով, իսկ ապացույցներ որքան ուզեք: Հեռու չգնանք՝ մեր Արաբ շունը, որի խոհուն-մարդկային հայացքը, ամեն ինչ հասկացող, անգամ աներևույթն զգացող բնույթքը, ուշադիր-հետևողական, մեր տնեցիների նկատմամբ ունեցած հարազատությունը, մեր անասուններին հետևելը,- ցույց է տալիս, որ գործ ունենք մի «բանական-անլեզու» կենդանու հետ, որն էլ մարդուց հետո (ինչ-որ տեղ առաջ) հակված է հասկանալու և զգալու իրադրություններն ու դեպքերը և մասնակից լինելու նրանց զարգացմանը: Այս հատկությունն էլ բնորոշում է շատ բաներ, որ դժվար է մեկնաբանել և «արմատ» տալ նրանց անորոշության պայմաններում: Գաղտնիքի թիկունքում է պատասխանը, որի ընթերցումը դյուրըմբռնելի չէ:
Մեկ-մեկ մտածում եմ, գուցե այս տեսակը սերված է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում հիշված «հարալեզ շներից», որոնք վերքերը լիզելով բուժում էին զինվորներին, վիրավոր մարտիկներին: Ժողովրդի հիշողության մեջ «նստվածք» է տվել այս սովորույթը, որ գալիս է հարալեզ-շներից, ուրեմն այս շները մի հատկություն ունեն, որ հաղորդվում է համենայն դեպս մեռնող մարմնին, և նա շունչ է առնում: Առասպելը` առասպել, բայց կա ճշմարտություն այս ամենում, որ փոխանցվել է սերնդից սերունդ: «Չոբանի շան» տեսակը, արտաքին տեսքը գեղեցիկ է: Գլուխը մեծ, աչքերը խոշոր, լսելիք-ականջները (հետո կտրում են) սուր, բոյը բարձրահասակ: Իր արտաքինն ասես նմանվում է առյուծին: Նրանց կրծքերին հաճախակի կապում էին երկաթե ցցերով գամված վահաններ, որոնցով էլ հուժկու զարկում էին թշնամուն, կոնկրետ - գայլերին և շուռ տալիս` խոցոտում:
Բայց իմ այս «մոտեցումներն» ու մտորումները կարող են հաստատել կամ մերժել կենսաբաններն ու պատմաբանները և այլք, որոնց հետաքրքրում է կենդանական աշխարհի այս յուրահատուկ «շուն» կոչվող էակի վարքն ու բարքը, մարդու առաջին անդավաճան բարեկամը, որ կարող է իրեն զոհել հանուն տիրոջ փրկության: Դրա համար էլ ժողովուրդը ասում է` «Այս մարդը շան պես հավատարիմ է» և այլն: Եթե խորանանք այս փնտրտուքների հասկացություններում, կգնանք անվերջության ու անընդհատության հետևից, նորանոր խորություններ ու անդունդներ կբացվեն մեր առաջ: Մարդկային միտքը սահման ու ծայր չունի` բացասումի, երկվության, մի թել-ճշմարտության, հազարյա թնջուկ է, ելուվերների, վայրէջքների հանդիսարան: Ակամա միտքս թռավ Ջեկ Լոնդոնի պատմվածքներում «բնավորված» հյուսիսային շների աշխարհը` ոսկեխույզների, որսորդների և մարդկային ինչ ճակատագրերի է հյուսված նրանց «անասնական» կյանքը: Ի՜նչ հավատարմություններ, անձնազոհություններ, որ խոսելու-մեկնաբանելու լինենք, այս ամենը մեզ շատ հեռու կտանի: Վերադառնանք մեր Արաբ շանը: Ինչո՞վ ավարտվեց կամ ինչպես եկավ նրա վերջը,- ահա այս մասին կուզեի երկու խոսք ասել, չէ՞ որ շները կարճ են ապրում: Արաբը շատ էր ծերացել, հալից ընկել էր, ատամները թափվել, աչքերը համարյա կուրացել: Ոտքերը հազիվ քաշելով շրջում էր բակում: Քանի գարուններ ու ամառներ էր ապրել, աշուններ ու ձմեռներ տեսել: Եվ ահա եկել էր վերջին ձմեռը: Հունվարյան մի գիշեր քաղցած գայլերի մի ոհմակ նրան բնից փախցրել էր ու ձորամուտին պատառոտել: Անուժ էր, չէր կարողացել զարկել ու զարկվել, դիմադրել իր վայրի նախնիների, գոյության պայքարի հոշոտումներին: Եկել էր նրա վերջը, որն էլ եղավ անփառունակ, բայց, որպես կենդանական տեսակ` անբացատրելի էր:
Իսկ մինչ այդ հիվանդացել էր պապս, որն էլ բոլորել էր իր ութսունամյակը: Արաբը մի ներքին համակրանք և «զգուշավոր» հարգանք ուներ պապիս նկատմամբ: Սիրում էր նրան: Հաճախ էր գնում-նստում նրա ոտքերի մոտ և «անուշ ննջում»:
Պապիս մահվան գիշերը նա մինչև լույս ոռնում էր, աղիողորմ սգում: Վաղօրոք զգացել էր պապի մահը, և դունչը տնկած դեպի վեր` լուսնին «գանգատվում» էր ասես այդ ցավից: Մենք երեխա էինք, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում պապի հետ: Նա ոտքի վրա շրջում էր այդ օրերին և հանկարծ անակնկալ հիվանդացավ, ընկավ անկողին, ժամ-ժամ «հալչում» էր, սաստիկ հազում: Մայրս ասում էր` պապի շնչառական օրգաններն են հիվանդ (բրոնխները), դրա համար էլ շարունակ ջերմ ունի:
Նրա վախճան-հեռանալը Արաբը ծանր տարավ, օրերով գալիս-նստում էր նրա անկողնու մոտ և թախծում, հաճախ էլ բարձրանում մեզ հետ բլուրը, ուր «քնած» էր պապը: Մոտենում, հողաթումբն էր հոտոտում և ասես առնում նրա «հոտը»: Զարմանալի զգայական բան կար այդ ամենում, իսկ եթե կարողանար խոսել, ինչե՜ր կպատմեր նրանից, նրա բարությունից ու ազնվությունից, մարդկային բարձր առաքինությունից: Հիմա, երբ անցել են տարիներ, ժամանակի ձյունը թորթորել է մազերիս, մի պահ, երբ հետ եմ նայում, անցած ճանապարհիս, որպես «լուսավոր կետ ու հանգրվան» երևում է իմ մանկության օրերի ընկերը` Արաբը:
Հիշելու պես ասեմ` գարնան աստղազարդ վերարկու-երկինքը իջնում-ծածկում էր մեր գյուղը, մեր արոտներն ու հանդն ու դաշտերը, ամռան կարճփեշ գիշերները, աշնան մառաններն ու ձմռան հանդարտ-որոճող գոմերը,- ծաղկեցնում են «Անցյալի ծառը», որից կախված են մրգերի պես մեր ապրած տարիները: Աչքերիս մեջ են հայտնվում «շնային արցունքներ»: Այո՛, շունն էլ լացել գիտե ինչպես ձին, ամեն անասուն ու կենդանի, ինչպես խնդության, այնպես էլ ցավի ու տխրության արցունքներ ունեն: Ակամա լեզվիս են գալիս շան մասին գրված ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի տողերը, որն էլ ցնցել էր Մաքսիմ Գորկուն և այլոց, իր մարդեղենացած զգայականությամբ (մայրական ցավով), որ ձագուկների կորուստը (տերը տարել-նետել էր լիճը) ահավոր ողբերգական պատկեր է առթում: ՈՒղղակի ցնցող է: Ես դեռ վաղ մանկությունից տեսել եմ, թե ինչպես էր լալիս մեր Արաբ շունը (ընդհանրապես շները)` ցավի՛ց, վիրավորանքի՛ց, արհամարհանքի՛ց ու նվաստացումից, չէ՞ որ շունն էլ սիրտ ունի,- ինչպես ամեն կենդանի,- հասկացողություն, զգացմունք, բայց անլեզու է նրա դեմքի ու հայացքի, բարության «լեզուն», քչերն են հասկանում, մարդ-արարածը, որի գոյության մեկնաբանումն ու ներկայացումը հիմնովին դժվար են, քանզի դարերի դարս-դարս պատմություններն ու մեկնությունները պիտի «համտեսես»՝ մտովի սուզվելով նրանց խոր «արմատները», որոնք կորած են ժամանակների ու տարածությունների չափումներում: Ո՛չ մաթեմատիկան, ո՛չ ֆիզիկան, ո՛չ քիմիան, ո՛չ աստղագիտությունը և ո՛չ էլ կենսաբանական որևէ գիտություն չեն կարող իրենց անշիջելի հասկացություններում «բնորդել»` այս անծայրացող խոհերն ու մտորումները, մտածումները, որոնք գալիս են նախանախասկիզբներից և ունեն յուրահատուկ ընթացք ու համընթաց նույնանուն ճամփա մեր ապրածի (ընդհանրապես մարդ էակի) հետ: Սա մի անդունդ է, անել խորխորատ, անընդգրկելի տարածություն, շախմատային «ծովածավալ» կոմբինացիաներ, որոնց մոտենալը, դիմելը, համենալը, ըմբերանալը` մարդկային սահմանափակ մտքից, երևակայությունից այն կողմ չի անցնում, հասցնում է ինչ-որ տեղ «խելագարության», անըմբռնողական վերացականության ու Ոչնչի... Այն հասու է միայն վերին Գերագույն ուժին, որն էլ կառավարում է այս «ցնորուն» տարերքը, այս շնչավոր ու անշունչ էակներին, այս հողածեփ գունդը, այս ամենի «նյութի, էության, բովանդակության» Արարիչն է` չափի ու ձևի, կյանքի ու կեցության, մենավոր-մենակյացի դիրիժորը: Նրա առաջ, «կապույտ ոտքերի տակ»` մարդ, կենդանի, անասուն, թևավոր ու անթև սողունավոր տես-տեսակներ և այլ տեսանելի ու անտես գոյաբանական տարրեր, ծնվում-ապրում-մեռնում են` այս պատճառի ու հետևանքի տարածքներում: Գալիս ու գնում են (շուրջները անլեզու-անբերան) հավք ու թռչուն, գայլ ու գազան, մեղու ու թիթեռ, բուսական աշխարհը իր ներկայացուցիչներով, ողջը «սպասումի մեջ», ողջը կախված ու կապված վերին «անծարավ-կենդանի ջուր» Տեսանողի «նկրտումներից» ու ցանկություններից, հավիտենության անգոց շղթաներից: Հիրավի, այս անբացատրելիությունը երբեմն հանգեցնում է անորոշության ու առեղծվածայնության, որի բացասումն ու հաստատումը, հիմնավորումն ու փաստումը Տիրոջ ամենարար կամքն է` գոյի անխաթար ծփուն «թավալումն» ու ընթացքը, որի մեջ ենք մենք՝ մեր կարճ-անցավոր-փխրուն էությամբ:


Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3853

Մեկնաբանություններ