Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ե՞րբ կապրենք Հայցարիայում

Ե՞րբ կապրենք Հայցարիայում
02.10.2015 | 00:02

ՀՀ շարքային քաղաքացին, որոնցից մեկն եմ, տան ամենաբարձր կետում ՀՀ եռագույնն է տեղադրում, երկրի օրհներգը հնչելիս էլ ձեռքը սրտին է մոտեցնում: Սա նշում եմ այն պարզ պատճառով, որ մեր հազարամյա երկիրը Շվեյցարիայի օրինակով Հայցարիա դարձնելու պարզ թե պարզունակ մոտեցման համար որևէ հիմնավոր մեղադրանքի չենթարկվեմ: Պարզապես Տիգրան Կյուրեղյանի օրինակն է ստիպում նման զգուշավորություն ցուցաբերել, քանզի մեզանում ու մեր օրերում դժվար չէ գտնել մեկին, ով նման գործընթաց կձեռնարկի, նկատի առնելով նաև հետագա ասելիքը:
ՈՒրեմն ինչո՞ւ Հայցարիա, որի իրական տարբերակում ապրելը յուրաքանչյուր հայի ցանկությունն ու երազանքն է: Տարօրինակն այստեղ այն է, որ Շվեյցարիայի 4 էթնիկ խմբերից յուրաքանչյուրի ներկայացուցիչը Հայաստան այցելելով նկատում է, որ մեր երկիրն իր հողա-ջրա-ջերմային կարողունակությամբ էապես գերազանցում է դրախտավայր դարձած իր երկրին, որպիսի գնահատականը մերօրյա Հայաստանի մասին միայն քմծիծաղ է առաջացնում: Շվեյցարիան Հայաստանի համեմատ էապես սակավահող է. 1 քկմ-ի վրա 200 մարդ է ապրում, ՀՀ-ում՝ 100, 1 բնակչի հաշվով պարենարտադրության առումով էական վարելահողը նրանց մոտ 500 քմ է, ՀՀ-ում 1700 քմ, հանրահայտ անտառներով էլ էապես չենք զիջում... Իսկ ահա երկրի բնակչությանը լավագույնս սնել-կերակրելու առումով պատկերը բոլորովին այլ է: Երկիրը գերարդյունավետ գյուղատնտեսական համակարգ է ստեղծել, ուր կովի տարեկան կաթնատվությունն անցնում է 10 հազար լիտրից, մսատու կենդանիների օրվա քաշաճը մոտ 1,5 կգ է, հավի տարեկան ձվատվությունը 300 հավկիթ, ու այսպես շարունակ, երբ ՀՀ-ում ցուցանիշները համապատասխանաբար 2000 լիտր, 300 գրամ և 150 ձու են: Արդյունքում հազիվ մեր եռապատիկ բնակչությունն ունեցող երկրի բյուջեն ՀՀ-ի բյուջեի 100-ապատիկն է, 1 բնակչի հաշվով ստեղծվող համախառն ներքին արդյունքը մեր 3000 ԱՄՆ դոլարի դիմաց 55000 է հարցը, թե ինչպես է դա հաջողվում Շվեյցարիան ղեկավարողներին, պարզելը ՀՀ-ն ղեկավարող այրերի հոգսն ու խնդիրն է: Շվեյցարացի ժամագործը լինի, թե բանկային պաշտոնյան, վստահ է, որ իր երկրում լավագույնս սնվելու խնդիր չունի, մինչդեռ ՀՀ աշխատող լինի, թե չաշխատող բնակչի սննդակարգը պարզ է ու հասարակ, բաղկացած արտերկրներից ներմուծված բուսական ու կենդանական յուղերից, հատիկաընդեղեններից, անհայտ որակի կոնցենտրատներից, հավելումներից, փոշիներից: Տարօրինակ է, որ մեր գյուղատնտեսները պարբերաբար են հիշում հայաստանյան մարգագետինների ալպյան հատկությունների մասին, որտեղ ցավալիորեն հնարավոր չի լինում շվեյցարական որակի ու քանակի կաթնամթերք արտադրել, որի ապացույցը տարիներ շարունակ ՀՀ ներմուծվող կաթի փոշու քանակի ավելացումն է: Զավեշտ է, երբ գրեթե անհող Իսրայելից ստեպղին է ներմուծվում և 800 դրամով վաճառվում, չինական սխտորը 2800 դրամ է գնահատվում, բրազիլական խոզի միսը՝ տեղականի կես գնով առաջարկվում: Մեր պարենապահովության պատասխանատուները գերադասում են հայկական բարեբեր հողերում աճեցրածով այլոց պահանջները բավարարել, նրանց բանջարաբոստանային կցորդը դառնալ, ինչն այս օրերին արտահայտվում է խաղող մշակողների շուրջ ծավալվող դեպքերով: Գինի ու կոնյակ վայելելուց զրկված, ՀՀ բնակչության տարրական պահանջները չբավարարած, մեզանում առաջնահերթություն է համարվում վերամշակողների շահերի առաջնահերթ սպասարկումը: Արդեն հիշատակված Շվեյցարիայում հիմնական մսատեսակների արտադրությունը 500 հազար տոննա է, որի կեսը խոզի միսն է: Պարզ հաշվարկով՝ 1 բնակչի հաշվով ստացվում է տարեկան 30 կգ խոզի միս, երբ ՀՀ-ում արտադրությունն ընդամենը 3 կգ է: ՀՀ գյուղոլորտում տիրող վիճակը մի առանձին վերլուծության թեմա է: Մեկ տեսար կարտոֆիլագործներն են դժգոհում, մի այլ առիթով լոլիկ ու վարունգ մշակողները, վրդովվում են կաթ արտադրողները, կարկտահարված դաշտերի տերերը, մշակաբույսերը ջրելու հնարավորությունից զրկվածները, այս օրերին էլ խաղողի մթերման խնդիրներ ունեցողները: Կառավարության ղեկավարն ու ոլորտի նախարարն իրենց չարտերային այցերով փորձում են կառավարության նիստերի միջանկյալ ժամանակահատվածներում հանգստացնել վրդովված հողագործներին ու անասնապահներին, իրենց այս այցերը ներկայացնելով որպես ոլորտի խնդիրները լուծելու քայլեր: Բայց արդյո՞ք ՀՀ վարչապետն ու գյուղնախարարը պետք է միջնորդի դեր ստանձնեն արտադրող-վերամշակող հարաբերություններում, մոռանալով, որ իրենց հիմնական գործը ոլորտում ծավալվող գործընթացների համապատասխան մեխանիզմների մշակումն է, ինչը մեզանում գյուղքաղաքականություն է որակվում: Այս մասին խոսել խորհուրդ չի տրվում, քանզի կպարզվի, որ ասենք արդեն նշված Շվեյցարիայում վարելահողերը հիմնականում օգտագործվում են անասնակերի համար հացահատիկային մշակաբույսերի աճեցման նպատակով: Լիարժեք կերակրված անասունն իր հերթին մարդ-արարածին ապահովում է լավագույն սննդով, կաթով ու մսով, որոնց վերամշակումից ստացվում են այլ լավագույն սննդատեսակներ: ՀՀ-ում պատկերը ցավալիորեն այլ է, Երկիր մոլորակի չորս կողմերից խոշոր եղջերավորի, խոզի ու հավի միս ենք ներկրում: Ինչի՞ է նման, երբ ՀՀ-ում 6-7 հազար տոննա հավի միս է արտադրվում, 30-35 հազար տոննա ներմուծվում, երկրում արտադրվող ողջ երշիկեղենն արտերկրների անհայտ հումքից է պատրաստվում, համանման պատկեր է կաթնամթերքի ոլորտում: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու են մեզ մոտ սննդային թունավորման մասսայական դեպքերն ավելանում:
Օրերս պարզվեց, որ առաջիկայում ընկույզ էլ ենք արտահանելու, երբ ՀՀ քաղաքացին այն, մանուկների լեզվով ասած, կակա է համարում, ամանորից ամանոր մի 100-150 գրամ վայելում: Տարօրինակն այն է, որ մեզանում ոմանք վրդովվեցին, երբ խոսվեց Սյունիքի որոշ արոտավայրեր իրանցի գործարարներին տրամադրելու մասին, երբ գիտենք՝ ում ենք ծիրան ու խաղող, գինի ու կոնյակ հասցնում: Մեր պաշտոնյա այրերն ինչ-ինչ ակնարկներ են անում, ուրիշները՝ իրենց սև գործը: ՀՀ-ն աստիճանաբար դառնում է այլոց արդեն հիշատակված բանջարաբոստանաայգեգործական կցորդը, երբ երկիրը պարենապահովության ու պարենանվտանգության լրջագույն խնդիր ունի, սկսած կարտոֆիլի տնկանյութից մինչև պարզ ու հասարակ չամիչը, հավի ու մսատու անասնապահության արտադրության ծավալումը: Յուրաքանչյուր տարի երկրում 1-2 գերժամանակակից որակվող սպանդանոց է կառուցվում, ուր տարվա ընթացքում անգամ 1-2 անասունի մորթ չի իրականացվում, քանզի մեզանում մսատու անասնապահություն գրեթե գոյություն չունի: Գյուղացին անասունը մորթում է, երբ պետք է բանկի վարկերը մարի կամ ընտանիքի որևէ առաջնահերթ հոգսը կարգավորի:
Արդեն երկու տասնամյակ գործընթաց համարվող այս երևույթի մեջ ենք, ՀՀ տնտեսավարական ու տնտեսագիտական միտքը, որքանով որ այն կա, մեզ կերակրում է տարածաշրջանային ու գերժամանակակից ծրագրերով, միաժամանակ նախապատրաստվելով հերթական արտասահմանյան այցերի, գրանտատուների ու վարկատուների հետ ցանկալի հանդիպումների:
Այսպես էլ ապրում ենք՝ մոռանալով ակնարկված Հայցարիան իրական Հայաստան դարձնելու մասին:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ