Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Սահմանադրական բարեփոխումների թերագնահատված սոցիալ-տնտեսական հատույթը

Սահմանադրական բարեփոխումների թերագնահատված սոցիալ-տնտեսական հատույթը
18.09.2015 | 00:20

Առաջարկվող հրապարակումը թերևս առաջին անգամ համակողմանի անդրադարձ է կատարում սահմանադրական բարեփոխումների տնտեսական ասպեկտին, ներկայացված են նաև համալիր առաջարկություններ:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կատարած խորածավալ աշխատանքների արդյունքում մշակվեց ՀՀ բարեփոխված Սահմանադրության նախագիծը, որը սահմանադրագիտական տեսանկյունից լուրջ փաստաթուղթ է և կարող է ճանապարհ հարթել դեպի իրավական, ժողովրդավարական պետականություն:
Այնուհանդերձ, անհրաժեշտ է նկատել, որ ներկայացված նախագիծն էապես կաղում է սահմանադրության սոցիալ-տնտեսական հատույթում: Մինչդեռ մեր երկրի և հասարակության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներն առնչվում են հենց այս ոլորտին, որն իր կարևորությամբ զիջում է, թերևս, միայն ազգային անվտանգության խնդիրներին, չնայած՝ արտագաղթը, աղքատությունը, սոցիալական գերբևեռացվածությունը և այլն ինքնին ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքներ են: Այս իմաստով, սահմանադրական բարեփոխումները չեն կարող անհաղորդ մնալ սահմանադրատնտեսագիտական տիրույթի հանդեպ, որը, ի դեպ, խիստ պարզորոշ է: Բավական է միայն մատնանշել նախորդ դարի կեսերին ձևավորված և Նոբելյան մրցանակի արժանացած գիտաուղղության՝ «սահմանադրական տնտեսագիտության» մասին, որն ունի ընդգծված արդիականություն ու կարևորություն Հայաստանի Հանրապետության պարագայում:
Ներկայացված նախագիծը սահմանադրական տնտեսագիտության դիտանկյունից առավել կատարելագործելու և իրականացվող բարեփոխումների արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակամղվածությամբ կատարենք մի շարք դիտողություններ և առաջարկություններ՝ ըստ հետևյալ ուղղությունների.

1. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Նախքան բուն առաջարկներին անցնելը, նշենք, որ, սահմանադրատնտեսագիտական առումով, նախագծի ամենալուրջ ձեռքբերումը սոցիալական շուկայական տնտեսության սահմանումն է, որպես ՀՀ տնտեսական կարգի հիմք (հոդվ. 10): Հիշեցնենք, որ հենց սոցիալական շուկայական տնտեսության կոնցեպցիայի հիման վրա արձանագրած զարգացումն էր, որ թույլ տվեց հետպատերազմական Գերմանիային ավերակներից ոտքի կանգնել և տնտեսական հրաշք գործել: Այն իր արտացոլումն է գտել մի շարք սահմանադրություններում, օրինակ՝ Լեհաստանի (հոդվ. 20), Պերուի (հոդվ. 58) և այլն: Այս գաղափարի արդիականությունն այսօր էլ մեծ է: Այն արտացոլում է Եվրամիության տնտեսական զարգացումների գերակա միտումը: Այս համատեքստում, պատահական չէր, որ ԵՄ Սահմանադրությունում սոցիալական շուկայական տնտեսության վրա հիմնված զարգացումն ամրագրվեց որպես ԵՄ հիմնական նպատակներից մեկը (հոդվ. I-3, կետ 3), ինչը հետագայում տեղ գտավ Լիսաբոնյան հայտնի համաձայնագրում (հոդվ. 2, կետ 3):
Հայաստանի համար այս գաղափարի ամրագրումը, որպես տնտեսական կարգի հիմք, կարևոր է նախ և առաջ այն պատճառով, որ սոցիալական շուկայական տնտեսությունը Սահմանադրության 1-ին անփոփոխելի հոդվածում ամրագրված սոցիալական պետության սկզբունքի անքակտելի տարրերից է: Բացի այդ, այս ամրագրումը կարևորվում է նրանով, որ Հայաստանը բախվել է այլընտրանքային երկու ծայրահեղությունների. մի կողմից՝ երկրորդ հանրապետության օրոք պլանային տնտեսությանը՝ իր բոլոր հիմնախնդիրներով հանդերձ, մյուս կողմից՝ անկախության առաջին տարիներին գերազատականությանը, որի հորձանուտում փոշիացավ արդյունաբերությունը, անկենսունակ վիճակում հայտնվեց գյուղատնտեսությունը, սրընթաց գահավիժեց բնակչության կենսամակարդակը: Այսպիսով, սոցիալական շուկայական տնտեսության սկզբունքը կարող է ծառայել որպես ՀՀ տնտեսական կարգի ամենաօպտիմալ հիմք` կանխարգելելով տնտեսական ծայրահեղությունների մեջ երկրի հայտնվելն ապագայում:
Սակայն այս սկզբունքի զուտ ամրագրումը դեռևս բավարար չէ: Անհրաժեշտ է, որ սահմանադրությունը պարունակի դրա ապահովման ներկառուցված մեխանիզմներ, որոնցից կարևորագույններից մեկը կքննարկենք հաջորդիվ:

2. ՀԱՐԿՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության` որպես սոցիալական պետության համար, որի տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է՝ ուղղված սոցիալական արդարությանը, աներկբա անհրաժեշտություն է սոցիալապես արդար հարկային համակարգի առկայությունը: Նախագիծը պարունակում է հարկման սահմանադրական կարգավորման մեկ հիմնական դրույթ. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է oրենքով uահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ» (հոդվ. 58, կետ 8), որը թերի է և չի բավարարում վերոնշյալ պահանջին: Առաջարկվում է վերաձևակերպել այն հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մասնակցել պետական ծախսերին` իր տնտեսական հնարավորություններին համապատասխան` օրենքով սահմանված կարգով և չափով մուծելով հարկեր, տուրքեր, կատարելով պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ` հասարակական և պետական կարիքների բավարարման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ընդհանուր բարեկեցության ապահովման նպատակով»:
«Իր տնտեսական հնարավորություններին համապատասխան» ձևակերպումը բխում է հարկման համամասնականության և հարկային վճարունակության սկզբունքներից և այն հիմքից, որ հարկային համակարգը պետք է լինի սոցիալապես արդար և հատկապես բնորոշ է ու կարևորվում է սոցիալական պետությունների համար: Եվ պատահական չէ, որ Եվրամիությունում, ուր գերակայում է սոցիալական պետության սկզբունքը, գերակա միտում է նաև առաջարկված ձևակերպումը, որն իր արտացոլումն է գտել Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի, Հորվաթիայի, Սերբիայի, Հունգարիայի և այլ սահմանադրություններում:
Բացի այդ, առաջարկված փոփոխությունը թույլ կտա ձերբազատվել ներկայիս` «մուրճի հարվածի պես հնչող» ձևակերպումից, որն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, երբ յուրաքանչյուր հարկատու հարկերի վճարումը դիտարկում է սոսկ որպես հարկադրանք, այլ ոչ թե որպես մասնակցություն պետական ծախսերին՝ հասարակական և պետական կարիքների բավարարման, ՀՀ պաշտպանության և ընդհանուր բարեկեցության ապահովման նպատակով: Մինչդեռ հարկման նպատակների ամրագրումը, որը լայնորեն տարածված է միջազգային պրակտիկայում, մեզ համար կենսական անհրաժեշտություն է, և այդ փիլիսոփայության արմատավորումն է, որ թույլ կտա բարձրացնել հարկային կարգապահությունը և կրճատել ստվերային դրսևորումները:


3. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ
Սահմանադրական բարեփոխումների համատեքստում հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ հարց է ծագում. «Իսկ ի՞նչ կտան ինձ այս բարեփոխումները»: Տվյալ պարագայում կմոտենանք հնչեցված հարցին հայ հանրության ամենամեծ դասի՝ մեկ միլիոն հայ գյուղացիների շահերի դիտանկյունից: Արդյո՞ք ներկայացված նախագիծը գյուղացիներին առաջարկում է որևէ լուծում՝ իրենց առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների կապակցությամբ: Ո՛չ: Իսկ կարո՞ղ է: Այո՛, և ոչ միայն կարող է, այլև պարտավոր է:
Հենց անկախության արշալույսին Հայաստանի նման սակավահող երկրի գյուղատնտեսության օգտագործելի հողային ֆոնդը շուրջ 1,2 միլիոն հողակտորների բաժանելը` միջինը կես հեկտարը չգերազանցող մեծությամբ, քաղաքատնտեսական կարճատեսություն էր, որն օրախնդիր շահերից զատ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում տնտեսության տվյալ կարևորագույն ճյուղի զարգացման որևէ հնարավորություն չէր թողնում: Իրականացված «բարեփոխումների» արդյունքում մեքենայացվում է նախկինում իրականացվող մեքենայական աշխատանքների 20 %-ը, ոռոգվում՝ նախկինում ոռոգվող հողատարածքների շուրջ կեսը, իսկ սակավահող Հայաստանի վարելահողերի շուրջ 1/3-ը դուրս է մնացել շրջանառությունից: Գյուղերում տրակտորը փոխարինվում է բահ ու քլունգով, կոմբայնը՝ մանգաղով ու եղանով, գազային ջեռուցումը՝ աթարով...
Հայ գյուղի առջև ծառացած գլխավոր խնդիրը գերմասնատվածությունն է, բոլոր մնացյալ խնդիրներն ածանցյալներ են: Եթե անգամ ներկայիս բյուջետային սուղ միջոցների պայմաններում գյուղատնտեսությանը հատկացվող միջոցները կրկնապատկվեն կամ եռապատկվեն էլ, միևնույն է, որևէ որակական տեղաշարժ գյուղում տեղի չի ունենա, արտագաղթի և աղքատության գերահազանգող միտումները չեն դարմանվի, քանզի գործող գյուղացիական տնտեսություններն իրենց չափերով և ռեսուրսային բազայով բացարձակապես անկենսունակ են:
Հայ գյուղի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման բանալին եզակի է. այն գյուղատնտեսական նշանակության հողերի խոշորացումն է, որի իրականացման միակ արդյունավետ ուղին գյուղատնտեսական կոոպերատիվների մոդելի զանգվածային արմատավորումն է: Չնայած վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին պահանջարկվածությամբ, այնուհանդերձ, միջազգային սահմանադրական փորձն այս հարցում ևս աղքատ չէ: Մասնավորաբար, Հունաստանի, Նիկարագուայի, Պանամայի, Պարագվայի, Պորտուգալիայի և այլ սահմանադրություններ սահմանում են գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը պետականորեն խթանելու նորմեր:
ՀՀ Սահմանադրությունում առաջարկվում է ներդնել սահմանադրական նոր նորմ, որպես «տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են...» հոդվածի (հոդվ. 86) նոր կետ. «Խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը»: Վերջինիս ամրագրմանը կհաջորդեն օրենսդրական և ծրագրային ճյուղավորումները, որոնց կյանքի կոչումը մեծ ներդրում կունենա հայ գյուղի զարգացման և սահմանադրականության կայացման ճանապարհին՝ թույլ տալով, որ մեր հանրության ամենամեծ դասի համար սոցիալ-տնտեսական իրավունքները դառնան ապրող իրողություններ:

4. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Դեռևս 1996 թ. ընդունված «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» օրենքով ամրագրվեց ԿԲ-ի հիմնական խնդիրը՝ գների կայունության ապահովումը, որը 2005 թ. բարձրացվեց մինչև սահմանադրական մակարդակ: Մինչդեռ առաջարկված նախագիծն առաջարկում է հեղափոխական մոտեցում՝ զրկելով գների կայունության ապահովումը ԿԲ-ի միակ հիմնական խնդրի կարգավիճակից՝ այն միևնույն հարթության վրա դնելով ֆինանսական կայունության ապահովման խնդրի հետ, ինչը մասնագիտական առումով կոպիտ սխալ է և հղի է խիստ բացասական հետևանքներով:
Այս փոփոխությունը սխալ է ոչ միայն գների կայունության ապահովման խնդրի գերակա կարևորությամբ, որին դեռ կանդրադառնանք, այլև նրանով, որ գների և ֆինանսական կայունության ապահովման խնդիրների միջև շատ հաճախ կարող են առաջանալ հակասություններ, իսկ Սահմանադրությունն իրավունք չունի պարունակելու ներկառուցված հակասություններ: Խնդիրն այն է, որ եթե առկա է ոչ թույլատրելի գնաճային միջավայր, ապա ԿԲ-ն իրականացնում է դրամավարկային խստացումներ՝ կիրառելով դրամավարկային քաղաքականության գործիքներ, որոնք կարող են գործել ի վնաս ֆինանսական հաստատությունների: ԿԲ-ի անընդհատ գործունեության ընթացքում կարող են ծագել գների և ֆինանսական կայունության միջև երկընտրանքային բազմաթիվ իրավիճակներ, որոնք երկու տասնամյակ ՀՀ-ում լուծվել են առանց որևէ պրոբլեմի, քանզի գերակայությունը պատկանել է առաջինին: Նախագծով առաջարկվող համահարթեցումը, այս իմաստով, լուրջ հետևանքներ կարող է ունենալ, երբ նման երկընտրանքային իրավիճակներում նախապատվությունը կարող է տրվել ֆինանսական կայունությանը՝ պաշտպանելով ֆինանսաբանկային համակարգի շահերը՝ ի հաշիվ հասարակության շահերի:
Բացի այդ, ողջ աշխարհում մոտեցումը միատեսակ է. կենտրոնական բանկերը նախ և առաջ դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմիններ են: Հաշվի առնելով գների և ֆինանսական կայունության ապահովման նպատակների միջև հնարավոր կոնֆլիկտայնությունը, որոշ երկրներ նույնիսկ նախընտրում են ֆինանսական կայունության ապահովմանը միտված ֆինանսական կարգավորման և վերահսկողության գործառույթը վերցնել Կենտրոնական բանկից և շնորհել այդ նպատակով ստեղծված անկախ մարմնի: ՀՀ-ում ևս սահմանադրական մակարդակում ամրագրված է ԿԲ-ի մեկ հիմնական գործառույթ՝ դրամավարկային քաղաքականության իրականացումը, մնացած գործառույթները թողնելով օրենսդրական ամրագրման: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է սահմանադրորեն ամրագրել սահմանադրորեն նախատեսված միակ գործառույթին համապատասխանող խնդիրը միայն, այն է՝ գների կայունության ապահովումը, մնացած խնդիրները (այդ թվում՝ ֆինանսական կայունության ապահովման) թողնելով օրենսդրական ամրագրման:
Նման համահարթեցումն ուղղակիորեն հակասում է նաև ՀՀ Սահմանադրության հիմնափիլիսոփայությանը, մասնավորաբար՝ սոցիալական պետության հիմնարար սկզբունքին: Գնաճն ամենածանր սոցիալ-տնտեսական երևույթն է: Պատահական չէ մասնագիտական շրջանակներում տարածված այն տեսակետը, որ Հիտլերը գերմանական հիպերինֆլյացիայի հոգեզավակն էր: Գնաճի ծանրությունն արտահայտվում է ոչ միայն նրանում, որ արժեզրկվում են հասարակության եկամուտներն ու խնայողությունները, այլև նրանում, որ այն ունի «ռեգրեսիվ հարկի տեսք», այսինքն` մի քանի անգամ ավելի մեծ ծանրությամբ է ազդում սոցիալապես անապահով քաղաքացիների վրա, ի տարբերություն ապահովների: Այս իմաստով Հայաստանի Հանրապետությունը, որպես սոցիալական պետություն, պարտավոր է հասարակությանը պաշտպանել գնաճից՝ սոցիալական ծանրագույն երևույթից, ինչը պետք է իրականացվի բացարձակ գերակայությամբ այլ խնդիրների համեմատ:
Գների կայունության ապահովման խնդրի բացարձակ գերակայությունը նաև միջազգային պրակտիկայում ընդունված հաստատուն մոտեցում է: Բավական է նշել, որ Եվրոպական կենտրոնական բանկի միակ հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, ինչն ամրագրվեց նաև ԵՄ Սահմանադրությունում (հոդվ. I-30, կետ 2)` հետագայում տեղ գտնելով Լիսաբոնյան համաձայնագրում (հոդվ. 245ա): Եվ քանի որ Եվրոպական կենտրոնական բանկը միասնական դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմին է, այս դրույթը գործում է ողջ եվրոգոտու տարածքում: Եվ բոլորովին էլ պատահական չէ գների կայունության ապահովումը, որպես միակ հիմնական խնդիր հռչակելը՝ եվրոպական տարածքում սոցիալական պետության սկզբունքի գերակա դիրքի համատեքստում:
Վերոբերյալ խոսքաշարի հիման վրա առաջարկվում է ՀՀ Սահմանադրության նախագծի 199-րդ հոդվածի 2-րդ կետը վերաձևակերպել հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է»։


5. ԱՐԴԱՐԱՑԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախագծում անհասկանալիորեն դուրս է մղվել գործող Սահմանադրությունում ամրագրված՝ «յուրաքանչյուր աշխատողի արդարացի վարձատրության իրավունքը» (հոդվ. 32): Մինչդեռ այն աշխատանքին առնչվող չորս հիմնարար իրավունքներից մեկն է՝ աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար պայմանների, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների իրավունքների հետ համատեղ, որոնք ամրագրված են վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 1-4-րդ հոդվածներում: Վերոթվարկյալ իրավունքներից վերջին երեքը տեղ են գտել ՀՀ Սահմանադրության նախագծի 55-րդ հոդվածի 1-ին կետում և 82-րդ հոդվածում: Արդարացի վարձատրության իրավունքի դուրսմղումն անթույլատրելի է: Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն Եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ իր առաջին եզրակացությունում ամրագրեց, որ «առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններում արդար աշխատանքային պայմանների իրավունքը կորցնում է իր նշանակալիությունը, եթե առկա չէ արդարացի վարձատրություն»: Իր հետագա եզրակացություններում Կոմիտեն հստակեցումներ մտցրեց, թե որ դեպքում աշխատավարձը կհամարվի արդարացի և որ դեպքում՝ ոչ:
Արդարացի վարձատրության իրավունքն ամրագրված է Արգենտինայի (հոդվ. 14), Բելգիայի (հոդվ. 23), Հորվաթիայի (հոդվ. 56), Չեխիայի (հոդվ. 28), Սերբիայի (հոդվ. 60), Բոլիվիայի (հոդվ. 46) և այլ սահմանադրություններում:
Առաջարկվում է ՀՀ Սահմանադրության նախագծի 55-րդ հոդվածի 1-ին կետից հետո ներդնել նոր կետ՝ հետևյալ ձևակերպմամբ. «Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի վարձատրության իրավունք»:

6. ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության նախագծում նորամուծություն է «գործարար միջավայրի բարելավումը» դրույթի ներառումը, որը, սակայն, երբեք չի կարող հանդիսանալ տնտեսական ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակ, և նման դրույթը միջազգային սահմանադրական պրակտիկայում տարածում և մեծ արժեք չունի: Այն չունի նաև ներքին էական պահանջարկվածություն, քանզի այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը գործարար միջավայրի բարվոք վիճակով ամենևին էլ վատ դիրքեր չի զբաղեցնում աշխարհում, իսկ ԱՊՀ տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին (տե՛ս Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը» համաթիվը), ինչը բոլորովին էլ չի խանգարում նրան, որ Հայաստանում գրեթե դադարել են ներդրումները, տնտեսության մի շարք ճյուղերում բացակայում է զարգացումը, գործազրկության, աղքատության և արտագաղթի միտումները ամենևին էլ չեն դարմանվում: Հետևաբար, խնդիրն այլ է: Տնտեսական ոլորտում պետական քաղաքականության հիրավի հիմնական նպատակ պետք է հանդիսանա ձեռնարկատիրության զարգացումը խթանելը, սակայն ոչ թե ողջ, այլ միայն փոքր ու միջին ձեռնարկատիրության, քանի որ խոշոր ձեռնարկությունները պետական աջակցության կարիք չունեն և աշխարհի ոչ մի երկրում նման խնդիր դրված չէ տնտեսական քաղաքականության հիմքում: Մինչդեռ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, ընդհակառակը, առանց պետական աջակցության զարգանալ չի կարող: Այս համատեքստում, հայտնի փաստ է, որ երկրում սոցիալական համերաշխության, քաղաքական կայունության և տնտեսական աճի ապահովման երաշխավորված միջոցը զարգացած փոքր ու միջին ձեռնարկատիրության առկայությունն է: Այն ծառայում է, որպես հասարակության միջին խավի կայուն հենասյուն, որն էլ հասարակական զարգացման շարժիչ ուժն է և որի թերկայացվածությունը լրջագույն հիմնախնդիր է ՀՀ-ում: Բացի այդ, ՓՄՁ-ների զարգացումը մասնավոր շուկայական տնտեսության պայմաններում ընդհանուր տնտեսական բարեկեցության ապահովման (որին միտված է ՀՀ տնտեսական կարգի հիմքը հանդիսացող սոցիալական շուկայական տնտեսությունը) հիմնական նախապայմանն է, քանի որ միայն այն է ունակ ապահովելու զանգվածային զբաղվածություն՝ այդպիսով նպաստելով երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը:
ՓՄՁ-ների պետականորեն աջակցությունը և խթանումը նաև միջազգային սահմանադրական պրակտիկայում ընդունված մոտեցում է: Նման նորմ ամրագրված է Պորտուգալիայի (հոդվ. 86), Եգիպտոսի (հոդվ. 28), Թուրքմենստանի (հոդվ. 10), Վենեսուելայի (հոդվ. 308), Թայվանի (հոդվ. 10), Կորեայի (հոդվ. 123), Դոմինիկյան Հանրապետության (հոդվ. 222) և այլ սահմանադրություններում:
Առաջարկվում է նախագծի 86-րդ հոդվածի 1-ին կետը փոխարինել հետևյալ ձևակերպմամբ. «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը»:

7. ԲՅՈՒՋԵ
Պետական բյուջեին առնչվող հարցերի սահմանադրական կարգավորման համատեքստում, նախագծում տեղ է գտել առաջադիմական նորմ, ըստ որի «Պետական բյուջեն օրենքով սահմանված կարգով ներառում է պետության բոլոր եկամուտները և ծախսերը» (հոդվ. 110, կետ 1): Նշված ունիվերսալության սկզբունքն ընդունված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև տեղ է գտել բազմաթիվ երկրների սահմանադրություններում: Օրինակ, Գերմանիայի Սահմանադրությունն ամրագրում է. «Դաշնության բոլոր եկամուտներն ու ծախսերը պետք է ընդգրկվեն բյուջեում» (հոդվ. 110, կետ 1):
Սակայն պետք է նշել, որ այստեղ առկա է մի շատ կարևոր բաց, մասնավորաբար՝ նման ձևակերպումը չի կանխարգելում արտաբյուջետային հաշիվների գոյությունը: Մինչդեռ հայտնի է, որ արտաբյուջետային միջոցների օգտագործումն իր մեջ էական, այդ թվում՝ կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում, ինչը բնորոշ է նաև Հայաստանի Հանրապետությանը: Այս համատեքստում բավական արժեքավոր է Ֆինլանդիայի սահմանադրական փորձը, ըստ որի. «արտաբյուջետային հիմնադրամ կարող է ստեղծվել օրենքով, եթե դա էապես անհրաժեշտ է պետությանը՝ իր մշտական պարտականություններն իրականացնելու համար: Արտաբյուջետային հիմնադրամի ստեղծման, էական ընդլայնման կամ նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ օրենք կարող է ընդունվել պատգամավորների ձայների առնվազն 2/3-ով» (հոդվ. 87):
Ելնելով հանրային սուղ միջոցների ծախսման արդյունավետության հրամայական պահանջից, առաջարկվում է ներդնել նման նորմ ՀՀ Սահմանադրությունում, այլապես հոդվ. 110-ի 1-ին կետը ձեռք կբերի դեկլարատիվ բնույթ միայն:
Որպես վերջաբան, նշենք, որ իրական բարձրագույն արժեքը երկրում սահմանադրականության հաստատումն է, որին կարելի է հասնել սահմանադրականության գնահատման ու մշտադիտարկման անընդհատ գործընթացների ազդեցության ուժով: Իսկ սահմանադրությունը պետք է ծառայի որպես սահմանադրականության աղեղի անկյունաքար: Այս իմաստով, ներկայացված առաջարկությունները թույլ կտան, որ Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլ հատվածների, սոցիալ-տնտեսական հատվածի առումով ևս ունենա հուսալի և արդյունավետ սահմանադրություն, որն ունակ կլինի ճանապարհ հարթելու դեպի կայուն զարգացում և համընդհանուր բարեկեցության ապահովում:

Ժիրայր ՄԽԻԹԱՐՅԱՆ
Սահմանադրական տնտեսագիտության մասնագետ,
Երևանի պետական համալսարան,
տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ