Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Կարմիր-երկնագույն օգոստոս (դեպի Բաղրամյան պողոտա)

Կարմիր-երկնագույն օգոստոս (դեպի Բաղրամյան պողոտա)
11.09.2015 | 11:43

Մենք բոլորս մի օր
սրտով ու մտքով,
Գլխով ու ոտքով
Գործ ենք ունենալու
անսահման լռության հետ։
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ





ԿԻՐԱՆՑԻ ԱՆՏԱՌԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ
(ֆելիետոն՝ գրված այգաբացին)
Հուսամ, որ լիարժեք հանգստացաք արդեն հուշ դարձած թեժ-կրակ օգոստոսին։ Այո՞, հրաշալի է, ո՞չ, հոգ չէ, զի մեկնարկեց մեր հերթական նավարկությունը հայոց խեցգետնախեղդ եղած լճերում, մեր առագաստները փքված-փառահեղ են, և նավամբարները լի են մաճառի տակառներով։ Հուշեմ վերստին, հիշեք կրկին, ազնվասիրտ նավորդներիս ձեռքերում մաճառի տակառները հզոր զենք են, դրանցով նախ հարբեցնում ենք երկիրը թրաֆիքինգի վերածած վերնակույտին, ապա նրանց խցկում ենք դատարկ տակառների մեջ, զմռսում ենք տակառները և բարի նավարկություն մաղթում համաշխարհային օվկիանոսում։
Ինքս ուղևորվեցի Կիրանցի վանք, որը անտերության մատնված տեղակայված է Կիրանցի չքնաղագեղ անտառի խորքերում։ Այս անտառում հանրային հանգստի անվճար գոտիներ կան, և անուշահամ աղբյուրներն են ժայռի տակից Վարդավառի կանչում։ Կռացա, յոթ կում ջուր ըմպեցի, շտկեցի ըմբոստ մեջքս և շանթահարվեցի։ Հանդիպակաց կաղնու վրա համեստ մի ցուցանակ էր փակցված, վրան կարմրատառ գրված՝ աղբը թափել ահա այստեղ։ Սլաքը ուղղորդում էր աղբաթափին։ Սլաքի կենտրոնում մի սև խոռոչ էր բացվել։ Պարզվեց եղելությունը։ Նախորդ օրը որսից վերադարձող հաստաքսակ-բորենիակերպը նույն այդ աղբյուրից 13 բուռ ջուր է կլանում և դարձյալ շանթահարվում է՝ մակագրությունը կարդալով։ Պատմեցին, որ նրա աղեկտուր ոռնոցը խլացրել էր 3 կմ այն կողմում տեղակայված ազերբայջանական դիտակետի դիպուկահարին։ Պատմեցին և հավելեցին, բորենիակերպին հունից հանել էր մակագրության ցուցումը՝ աղբն այստեղ թափել։ Ի դեպ, բորենիակերպն այդ օրը եղնիկ էր գետնել արջի գնդակով։
Այսպես, գարշաբույրն ու զմայլանքն անթեղած հոգու խորխորատներում, հուսահատ, սակայն նաև հուզավառ վերադարձա օգոստոսյան Երևան։
Ի դեպ, վերոնշյալ բրածո-հանածոն պատգամավոր է, միաժամանակ աղանդավորական պարագլուխ։ Ի դեպ՝ նա երկու գիրք է շարունակ կարդում, Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» և Օրուելի «Անասնաֆերման»։ Ի դեպ, նա հոբբի ունի՝ պոռնկապահ է։ Ի դեպ, նա կառուցողական ընդդիմության պարագլուխներից է։


30 ԱՐԾԱԹԻ ԺԱՆԳՈՏ ՂՈՂԱՆՋԸ
(պամֆլետ՝ գրված ճիշտ կեսօրին)
Երևանում շոգը կիզիչ-աֆրիկյան էր։ Այնինչ կառավարական տանը աշխույժ եռուզեռ էր։ Սիրտս, հավատացեք, մի պահ թնդաց, և գերհուզմունքից խենթացած 13 պտույտ գործեցի կառավարական տան շրջակայքում, ի պատիվ ՀՀ 13-րդ վարչապետի գյուտի՝ երկրում մոլեգնող տնտեսական ճգնաժամը լուծելի է կառավարական տան սրահների ոսկեզօծ հարդարմամբ։ Չար լեզուները, հասկանալի է, չզլացան և վայրահաչեցին, թե այնտեղ բոլոր զուգարանների դռները կաղնեփայտ են, զուգարանակոնքերը՝ արծաթյա։ (Պետք է սույնը տեղազննել)։ Կառավարական տան նշյալ նորոգումն արժանի պատասխանն էր միջազգային հեղինակավոր կենտրոնների օգոստոսյան թեթևսոլիկ այն շեփորման, թե ՀՀ-ն ԱՊՀ տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում անվիճելի առաջատար է տնտեսական ստվերայնության տեսանկյունից։ Այսինքն, եթե արտագաղթի հարաճուն տեմպերով աշխարհում առաջին տասնյակում ենք, եթե ծնելության անկման և աղանդավորների գլխաքանակի հաշվարկով Եվրասիայում առաջին եռյակն ենք եզրափակում, ապա տնտեսական ստվերայնության հարցում անվիճելի առաջատար ենք մոլորակի մեկ քառորդի վրա։ Սա ցնծալու առիթ չէ՞։ Հարկավ։

Միջանկյալ զեղում-իրազեկում. Բորենի։ Գիշատիչ կաթնասուն է, իրանը կարճ է, գլուխը մեծ է, ծնոտները ահռելի են։ Թեթևակի քաղց զգալով՝ անվարան հարձակվում է՝ ա) վայրի սմբակավորների, բ) ընտանի կճղակավորների (նախընտրում է հաստադմակներին) և գ) անպաշտպան մանուկների վրա։
ՀՀ տնտեսաքաղաքական «մշտապես» ընդդիմադիր, բայց հավերժ իշխանական ահաբեկիչ։ Սա բավականին ներդաշնակ կազմվածք ունի, զի պարանոցն ու կոնքը մի ձևաչափում են, գլուխն ու բռունցքը՝ մեկ այլ։ Չափազանց նրբազգաց էակ է, թեթևակի քաղց զգալով անվեհեր գրոհում է ա) պետական բյուջեի, բ) հայրենի բնաշխարհի և գ) բարեգործական ճաշարանի կերակուրների մնացորդաց վրա։ Ի դեպ, բավական զգացմունքային է։ Վերջերս նրանցից մեկը ուղիղ 24 ժամ լալահառաչ սգաց մարտական ընկերոջ անժամանակ մահը, հետո յոթ օր և ութ գիշեր սգահան եղավ հատուկ նշյալ նպատակով Գվատեմալայի հասարակաց տներից ներկրված կուրտիզանուհիների գրկում։

Միջանկյալ զեղում-իրազեկում։ «Պարթևները տիրեցին մարերի և բաբելացիների երկրներին, բայց ոչ Հայաստանին։ Թեև հաճախակի հարձակումներ եղան, բայց երկիրը չնվաճվեց»։
Ստրաբոն, Ք. ծ. ա. 1-ին դար։
Ըստ ՄԱԿ-ի 2015-ի հուլիսի 29-ի հաղորդագրության՝ ՀՀ ապրում, բարգավաճում և հուզախռով էլեկտրաէներգիայի գալիք թանկացմանն է սպասում 3 մլն 180 հազար մարդ։ Հուլիսի 30-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը սահանկեց ՄԱԿ-ին, շեփորելով, թե ՀՀ-ում ապրում է, քաղցից շանսատակ չի լինում 3 մլն 550 հազար մարդակենտրոն քաղաքացի։ Մի թիվ էլ կա, ըստ որի իրականում ՀՀ-ում բորենիակերպերին հլու-հնազանդվում է 2 մլն մարդ։ Այսինքն կռահեցիք, թե ինչ ցուցանե առակն այս։ Միայն այն, որ գալիք ընտրակեղծիքների մեկնարկը տրված է։

Սակայն բավ է, աշխարհաքաղաքական սամումներն են արդեն փքում մեր եռագույն առագաստները։ Մենք անգթորեն ապահով վիճակում ենք, ինչպես երբևէ։ Բորենիակերպերը, որքան էլ գարշաբույր և նողկալի, այնուամենայնիվ, երկրի հարաբերական անկախության առհավտչյան են, այսօր և հավիտյանս-հավիտենից։ Ինչպե՞ս։ Ահավասիկ այսպես, Արևմուտքը (Բիգ Բենից մինչև Ռոկֆելլեր-կենտրոն) սիրաշահում-գլխի վրա դրած է պահում մեր այլակերպ տնտեսաքաղաքական դաշինքներին վարկերով-դրամաշնորհներով, հորդորներով և այլնով։ Իրանը շարունակ ինչ-որ բաներ է ակնարկում, սակայն նրանց հումանիտար գնացքը մեր սահմանը չի անցնում։ Չմեղադրենք, զի Իրանը մի հսկայածավալ պետականություն է, մենք մի ափաչափ պետականության ձգտող, բայց դեռևս խարխափող հանրապետություն։
Ռուսիան է ազնվականորեն ազնվասիրտ և կաթնեղբոր պես բարեգութ։ Վկան՝ ավազակապետական ՀԷՑ-ը, իր սակագնային լարախաղացությամբ։ Ի դեպ, ժամանակին Արտաշեսը Գեղամյանը (սա եղել է 2006-ին) ցնցեց հանրությանը և հոգեցնցեց իր ատելի Քոչարյան-Սարգսյան դիմակայությանը, հրովարտակելով, որ ՀԷՑ-ը դոլար-դրամ մեքենայությունների արդյունքում գրպանել է շուրջ 8 մլն դոլար։ Նույն այդ ՀԷՑ-ը բարեգործական յուր շուրջպարերում նվիրաբերել է «Լույս» հիմնադրամին 10 մլն դոլար։ Իսկ նա տնանկ է և սնանկ է (ինչպես երկրի պետական բյուջեն, ինչպես ֆանտասմագորիկ «Գազպրոմ Արմենիան», որը, անգամ եթե ՀՀ-ն Ռուսիայից 1 լումայով գազ ընդունի, սակագինը բնավ չի իջեցնի, սա թերևս սակագնային մարազմ է, և պիտի անվերապահ ու շուտափույթ ապաքինում մաղթենք այս ՓԲԸ-ին...), հետևապես պիտի էլեկտրաէներգիայի սակագնի հղփացմամբ մարի յուր պարտքերը, այսինքն պարտակի հրեշավոր գողոնը։ Մի խոսքով, Ռուսիան յուր աշխարհաքաղաքական հրովարտակներում և մշակութապատմական հայտարարագրերում Պետրոս Մեծի հոգեզավակն է, տնտեսաքաղաքական մակընթացություններում, նա խումարի մեջ գտնվող արջ է, որը տանջահարում է իրեն ապավինած խոյի ձագերին։ Զորանա վարդափրփուր լեզուս, բայց կարծում եմ, որ Իրանում չեն մոռանում Հայաստանը հաշմված տնփեսա դարձնելու իրենց դարավոր երազանքը, Ռուսիան էլ, հասկանալի է, մրցակցում է Արևմուտքի հետ՝ հանուն Հայաստանի անկախության, կախյալ օրակարգում։ Մի խոսքով մեր միս-արյուն բորենիակերպերը հրաշալի հող են նախապատրաստում մեր անկախ պետականության վերջնական կորստի համար։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
(շարունակություն)
30 մլն-ով վաճառվեց Մարզահամերգային համալիրը։ Նույն այդ գումարով ժամանակին վաճառվել էր շատ ավելի նշանակալից մի կառույց՝ Երևանի կոնյակի գործարանը։ Ըստ էության, Հայաստանի Հակապետության վերջնագրային վաճառքի գինը 30 մլրդ դոլար է (կամ ռուսական ռուբլի, կամ էլ իրանական ռիալ)։ Իսկ ռեալ որտե՞ղ է մեր փրկությունը։ Պատասխանում եմ. այն սահմանադրության վեհաշունչ դրույթներում, որոնք կազգայնացնեն ողջ ՀՀ տնտեսությունը, կարտաքսեն աղանդավորներին և կարգելափակեն քաղաքական պոռնիկների գործունեությունը։

ԳԼԽՈՎ, ՄՏՔՈՎ, ՍՐՏՈՎ ԵՎ ՍԽՏՈՐՈՎ
(սարկազմ իրիկնահացից հետո)
Պատվելի բարեկամ Արևշատ Ավագյան, շուտով ոսկեծոր մաճառը կեռա կարասներիդ մեջ, սպասում եմ զանգիդ։ Իսկ առայժմ եկ գլխով, մտքով և սրտով սպասենք, որ սխտորաբույրը մեր շատ մտավորականների ծոցագրպաններում կփոխարինվի ցորյան բոքոնի նահապետական բույրով և մեր, հատկապես ստեղծագործող, մտավոր դասը վերջապես կքայլի դեպի Բաղրամյան։ Այսօր, ի դեպ, Բաղրամյանում տոն է, և ժամն է հանրագումարի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ