Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Վասն շենքի և ի փառս «անշահախնդիր» շահի (գրված օգոստոսյան կիզիչ տապին)

Վասն շենքի և ի փառս «անշահախնդիր» շահի (գրված օգոստոսյան կիզիչ տապին)
08.09.2015 | 01:30

Թամանյանը չհիշեց այն անձի անունը, որի տողը մեջբերեց գրողը. «Ходить по миру и города городить»։ Եվ մի՞թե Հայաստանն այս աշխարհի մաս չէ... Եվ ինչո՞ւ այս սերը չի տարածվում խավարի քողի տակ սսկված Կարսի և Կարինի վրա. «Քայլել աշխարհով և քաղաքներ քանդակել»։

«ՊՈԵՄ ՎԱՍՆ ՇԵՆՔԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ»,
Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ

ՔԱՂԱՔԱՄԱՅՐԵՐԸ` ԱՆԵԾՔԻ ՏԱԿ

Անի տիեզերահռչակ մայր ոստանի վրա պղպեղագույն ծիածան էր կապել։ Այն տեսանելի չէր անեցիներին։ Անեցիները` հարուստ, թե ընչազուրկ, ցերեկները գլխից վերև լազուր-կապույտ երկինքն էին տեսնում, իսկ գիշերները, անգամ խոր քնի մեջ, ունկնդրում էին արաբական երկրներից և Բյուզանդիոնից, Հնդկաստանից և Հարավային Ռուսաստանից «Տիեզերական քաղաք» ժամանող քարավանների արծաթահունչ ղողանջները։ Անի շքեղաշուք մայր-ոստանն ուներ արտաքին ու ներքին պարիսպներ, տասնյոթ մուտք, տասնյակ հյուրանոցներ և անթիվ եկեղեցիներ։
Անիում մշտապես բնակվում էր 100 հազար քաղաքաբնակ։ Քաղաքը հյուրընկալում էր բազմաթիվ ազնվազարմ հյուրերի աշխարհի չորս ծագերից։ Երբ Անիի պարիսպները սրբատաշ քարով էին շարված, Փարիզը դեռ գյուղաքաղաք էր, Լոնդոնը` աննշան մի բնակատեղի։ Անին պերճանքի գագաթին էր և լուսնի կապույտ-արծաթ շողերի և արեգակի դեղին-ոսկի ցոլքերի ներքո միայն մի քաղաք կար, որ կարող էր յուր ցնծագին հզորությամբ և գեղանկար գրավչությամբ ձեռնոց նետել Անիի մայր ոստանին։ Դա Կոստանդնուպոլիսն էր, աշխարհակալ Բյուզանդիոնի քաղաքամայրը, ոմանց հաշվարկով այն գերազանցում էր Անիին 3-4 անգամ, բնակչության թվով, թերևս, նաև գրաստների, բաղնիքների և ելուզակ-ստահակների քանակով։ Քաղաքն այս կառուցվեց Ոսկեղջյուրի ծոցի, Բոսֆորի և Մարմարա թերակղզու վրա։ Այստեղ էին հատվում ծովային և ցամաքային աշխարհակապ մայրուղիները։ Կոստանդնուպոլիսը քաղաքային քաղաքակրթության գմբեթն էր ու խանդով, տագնապով, թաքնված հիացմամբ էր հանդուրժում հյուսիսային մրցակցի գոյությունը։ Համաշխարհային պատմագրության թմբուկները անդադար ավետում են, որ քաղաքն ընկավ, զի օսմանյան ոհմակների երախները նույնքան էին, որքան էր Հռոմեական կայսրության (330-ից սկսած) և Բյուզանդիոն (395-1453) գերագույն քաղաքի բնակչությունը` շուրջ 400 հազար քաղաքացի։ Սակայն մեկ այլ հուշագրություն հաստատում է. Կոստանդնուպոլիսն ընկավ, զի թուրքերի առջև, նրանց լեռնացած կաշառքից կուրացած, ինչ-որ մեկը բացեց քաղաքի ամենափոքր, հետևապես և անպաշտպան դարպասը` Կերկապորտ դուռը։

ԵՐԲ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՍ ՈՒՐԻՇԻ ՏԱՆ ՏԱՆԻՔԸ, ՔՈ ՏՈՒՆՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՔԱՆԴՎՈՒՄ
Կոստանդնուպոլսի աշխարհիկ մշակույթի և հոգեղեն զարթոնքի բարձրակետը Սուրբ Սոֆիայի տաճարն էր, իսկ Անիում` Մայր տաճարը... Սուրբ Սոֆիայի տաճարը կերտեցին ժամանակի մեծահռչակ ճարտարապետները` Անթեմիոս Տրոլացին և Իսոդոր Միլեթցին` 532-537 թվականներին։ Քսան տարի անց տաճարի գերագույն փառք-գմբեթը փլուզվեց։ Այն վերականգնում է Իսիդորի եղբորորդի-ճարտարապետը, քանի որ կառուցող վարպետներն այս աշխարհը լքել էին։ Վերակառուցումից չորս դար անց կործանարար երկրաշարժը խորտակեց գմբեթը, որը գետնից բարձր էր 56 մետր և ուներ 36-մետրանոց թռիչք։ Երկրաշարժը պատուհասեց տաճարի արևմտյան հսկա պատը։ Տրդատը, անհայտ է, հրավիրվե՞ց վերականգնելու Սբ. Սոֆիան, թե՞ այնտեղ էր պատահաբար։
Բագրատունյաց արքունի ճարտարապետ Տրդատը թերևս առաջինն էր աշխարհում, որը նախ կառուցեց տաճարի և նրա գմբեթի մանրակերտը, փորձարկեց այն և հանճարեղ լուծումներով վերականգնեց տաճարի գմբեթը, որը կանգուն է անխաթար ահա արդեն 1000 տարուց ավելի։ Եվ ահա արդեն 1000 տարի է, որ մենք մխիթարվում ենք Անի մայր քաղաքի ավերակներով...

ՊԵՐՃ ՔԱՂԱՔԻ ՎԱԽՃԱՆԸ
Ինչո՞ւ կործանվեց Անին։ Անիի ծաղկման օրերին բոլոր ժամանակների մեծագույն սրբազնագետ Գրիգորը իր չքնաղագեղ տաղերն ու մեղեդիներն էր դրվագում Անիից 2-3 օրվա հեռավորության վրա և կառուցում էր իր տաճարը, որի մուտքը հավիտյանս պիտի բաց մնար մարդ-արարածի առջև, և նրա առջև պիտի բացվեին տիեզերական արդարության ու լույսի ճանապարհները։ Հայկական վերածնունդը ալիքվում էր Նարեկավանքի մթնշաղոտ խուցերում և Աղթամարի քանդակազարդ որմերի վրա։ Հայոց սքանչելագույն զարթոնքի դղրդուն առհավատչյան Անիից դեպի հարավ-արևելք էր տեղակայված։ Հայոց վեհածնունդ տաճարն էր այն` Զվարթնոցը։ Անկասկած, Անի տիեզերահռչակ ոստանը հայ ազգային քաղաքակրթության բարձրակետերից մեկն էր, հայկական Վերածննդի հանգուցակետերից մեկը, որը կործանվեց, հիմնահատակ եղավ, սակայն որի դղրդյունը Կիլիկիա թագավորությունը արարող երկունքի արձագանքն էր։
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Անին կործանվեց։ Անին, որ փռված էր իր ամրակուռ և սրբատաշ ներքին և արտաքին պարիսպների մեջ։ Անիի մեծահարուստ դասը, թերևս, շքեղության և պերճանքի, գոռոզամտության և եսակենտրոնացման տեսանկյունից չէր զիջում Կոստանդնուպոլսի ընտրախավին։ Ահա քարագիր դրվագումներ նշանավոր Վիգեն Խեչումյանի «Գիրք գրոց» մատյանից. «Մեծատունների, քաղաքի նյութական ու դրամական ունեցվածքի այդ տերերի մեջ օրինակ էր Հոնենց Տիգրանը, «որդի Սուլեմա Սմբատորենց»։ Միայն նրան էին պատկանում հարյուրավոր կրպակներ, տներ, ամբարներ ու հյուրանոցներ։ Նա այստեղ ուներ բաղնիսներ, ջրաղացներ, ձիթհաններ, ախոռներ, մարագներ, վանք (Գրիգոր Լուսավորիչը), դարպաս (Տիգրանադուռն), իսկ առավել` գանձ և դրամ։ Նա վաշխով դրամ էր տալիս օտար վաճառականներին և հայ իշխաններին, նաև սնանկացած այն հայրենակիցներին, ովքեր որևէ ինչք ունեին, ասենք` այգի, տուն, կրպակ։ Որովհետև դրամի դիմաց հատուկ «անդարձագրով» գրավ էր վերցնում նրանց ունեցվածքը, և եթե պարտապանը ժամանակին չէր վերադարձնում պարտքն ու տոկոսը, անդարձագրի համաձայն Տիգրանի սեփականությունն էր դառնում այդ ունեցվածքը։ Պատահում էր, հուսահատները գրավ էին դնում իրենց անձը, իսկ եթե չէին կարողանում վճարել, ապա դառնում էին ստրուկ-ծառա, և տերն իրավունք էր ստանում նրան վաճառելու»։
Ի դեպ, Անիի Սուրբ Նշան եկեղեցու եկեղեցապատկան հրապարակում անարգել վաճառում էին ստրուկներին և գերիներին։

ՊԱՏՎԻՐԱՆԻ ՎԻԺՈՒՄԸ
«Քայլել աշխարհում և քաղաքներ քանդակել...»։ Ինչո՞ւ այս սերը չտարածվեց խորհրդային առաջնակարգ մայրաքաղաք Երևանի վրա։ Երևանով քայլում էին անկախ և ինքնիշխան պետության կառավարիչները։ Քայլում էին առնական, միաժամանակ ճեպընթաց, հոյակերտ շինություններով, գունեղ պուրակներով և հեռահար մայրուղիներով մի կենդանի, գործուն և խորհրդանշական քաղաք էր նրանց հանձնվել` ի խնամառություն և ի օգտագործում։
Մայրաքաղաքը բազում հիմնախնդիրներ ուներ, գաղափարական և այլ տեսանկյուններից անլուծելի խորհրդային մայրաքաղաք Երևանի համար։
«Քայլել աշխարհում և քաղաքներ քանդակել...»։ Քայլում էին երկրի և քաղաքի կառավարիչները և նրանց միտքը, անշուշտ, հույն վարձկան պահակազորի դավադիր քայլի հետ էր, երբ բացվեցին Տիգրան Մեծ արքայից արքայի արժանի մայրաքաղաք Տիգրանակերտի դարպասները հռոմեական լեգեոնների առջև։ Նրանց հոգում ամբարված ցավը, կսկիծը, վիշտն ու վրեժը ելք էին որոնում։ Երևանը չէ՞ որ քաղաք-պատվիրան էր և մայրաքաղաք-պարտավորություն։ Եվ չէ՞ որ նրա էության մեջ ու կերպարում հավերժ արթնանում և դեգերում են Կարսի և Դվինի, Արտաշատի ու Էրեբունու, Տիգրանակերտի և Վան-Տուշպայի, Անիի և Սիսի ուրվականները։
Եվ մայրաքաղաքը սկսեց «քանդակվել». կառավարիչներին ելքը հայտնի էր, լուծումը` անխաթար, նպատակը` անկասելի։ Մայրաքաղաքը պետք էր «քլնգել»։ Եվ այդ ճանապարհով լուծել վրեժը, ամոքել վիշտը, ցավն ու կսկիծը։

Գերմանական ռազմագերիները մայրաքաղաքի հյուսիսային բարձունքից դեպի Աբովյանի անվան պուրակ ճանապարհ էին կառուցում, ոլորավայրէջք և ռազմավարական ճանապարհ։ Բազալտե քարերը ժանյակազարդ շարակարգով արդեն 70 տարի է, ինչ պահպանում են ճանապարհը։ Դրանք, ի դեպ, չեն տաշվել, ռազմագերիները, ըստ եզրագծերի, ուղղակի հարմարեցրել են քարերը միմյանց։ Եվ հենարան-պարիսպը կոկ և անխաթար շարունակում է իր առաքելությունը։ Նրա ճանապարհը մի պահ խաթարվում է բազալտի խճաքարի բաց հանքով. անհասկանալի մի թնջուկ մայրաքաղաքի կենտրոնում։ Ժամանակին այստեղ Երևանի նկարագիրն ամբողջացնող ճարտարապետական նշանավոր կառույցներից մեկն էր վեր խոյանում` «Երիտասարդական պալատը»։ Նրա վերնահարկում պտտվող սրճարանն էր։ Եվ մենք հաճախ էինք մեր անտեղյակ հյուրերին պատվում այդ բարձրաբերձ սրճարանում։ Մինչ հյուրը սուրճն ու կոնյակն էր վայելում, հանկարծ պատուհանից Հաղթանակի զբոսայգու փոխարեն աչքերի առջև լյառն Արարատն էր խոյանում վեր։
Այսպիսի բաներ։ Մայրաքաղաքը քլնգվում է հյուսիսից և հարավից, արևմուտքից և արևելքից։ Երիտասարդական պալատը Երևանի հյուսիսային կողմում էր։ Այստեղ այժմ ավազահանք է, բազալտե խճաքարի բաց հանք, որի համար արժեր, անշուշտ, նախ մասնավորեցնել (վստահ լինենք` ջրի գնով) Երիտասարդական պալատը։ Այնուհետև պետք էր հաղթահարել 2-րդ խոտորնակի փուլը` փլուզել պալատը։ Եվ ավազահանքը դարձնել վերածնվող քաղաքի դեմքը։

Ենթադրում եմ, որ մեր նախորդ, փլուզված և պատմության թատերաբեմում հուշաքարի վերածված մայրաքաղաքներում նվիրական պալատները փլուզել և տեղում օգտաշահ հանք են շահագործել։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ