Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Չի կարելի խելացի համարել այն մարդուն, ով չի կարողանում մոլեգնել»

«Չի կարելի խելացի համարել այն մարդուն, ով չի կարողանում մոլեգնել»
30.06.2015 | 01:19

Շատ եմ ցավում, որ հիվանդության պատճառով չեմ կարողանում մասնակցել երիտասարդական համահայկական շարժմանը: Ես կասկած չունեմ, որ շարժումը կծավալվի, կընդգրկի ամբողջ Հայաստանը, համարժեք արձագանք կգտնի հայկական գաղթօջախներում և, ամենակարևորը, կկրի այնպիսի գաղափարախոսություն, որը կմիավորի ժողովրդի բոլոր շերտերը, կարտահայտի հայրենիքը լքած հայության, մտավորականության կենսական շահերը:
Խոսվում է բանակցությունների, նախագահի հետ հանդիպման և այլ, այսպես ասած, «զսպող» քայլերի անհրաժեշտության մասին, այն դեպքում, երբ խնդիրը շատ պարզ է, հասկանալի բոլոր նրանց, ովքեր իրենց ճակատի քրտինքով են վաստակում իրենց հանապազօրյա հացը, իշխանություններն էլ այնքան մանկամիտ չեն, որ չհասկանան:
Էլեկտրաէներգիայի թանկացումը չի բխում ծայրահեղ անհրաժեշտությունից, առավել ևս, որ բոլոր շահագրգիռ մասնագետները` պաշտոնյա, թե շարքային, բողոքում, անհանգստանում, «պատռվում» են` բացատրելով, որ համակարգը պարզապես զբաղված է ժողովրդին թալանելով, և այդ թալանը պաշտպանություն է գտնում իշխանությունների, դատական մարմինների, իրենց օրինապահության ջատագով հռչակած մոլեգին ընչաքաղցների կողմից: Հանրապետության դատախազության պահվածքը հարուցում է ԱԺ պատգամավորների զայրույթը, բայց նրանք այնքան են իրավազուրկ, որ չեն կարողանում հարկադրել դատախազին` քրեորեն պատժելու բացահայտված համապետական հանցագործությունը, ինչն այս պարագայում համարժեք է հայրենիքի դավաճանության: Շատ ավելի տրամաբանական կլիներ, ազդեցիկ և ներգործուն, եթե նրանք դահլիճը լքելու փոխարեն մնային դահլիճում և իրենց բողոքն արտահայտեին հոտնկայս, այնքան ժամանակ, մինչև ենթադրյալ բանակցությունը տեղի ունենար նախագահի, վարչապետի և պատգամավորների միջև, բանակցությունների ընթացքն էլ լուսաբանվեր հեռուստատեսությամբ:
Ես չէ, մեծագույն գործիչներն են ասել. «Չի կարելի խելացի համարել այն մարդուն, ով չի կարողանում մոլեգնել, երբ դա հարկավոր է»: Ես ներքին հպարտություն եմ զգում, որ իր օրհասական ժամին հայ ժողովուրդը հրապարակ է հանել երիտասարդների հսկայական բազմություն, որը հարկավոր պահին կարողանում է մոլեգնել: Ես կուզեի, որ մոլեգնության առիթ տային ոչ միայն հոսանքի սակագնի բարձրացումը, այլև այն բոլոր հիմնախնդիրները, որոնք ստրկական լծի պես ծանրացել են երկրի ուսերին:
Վստահ եմ, որ այս հերոսական շարժումը կծնի իր առաջնորդներին, ովքեր այլ կերպ չեն պատկերացնում իրենց կյանքը, եթե ոչ հերոսանալ հանուն ժողովրդի, հանուն այնպիսի հասարակարգի, որի սահմանադրական խնդիրն է ծառայել հարազատ ժողովրդին: Ես անհնազանդության կոչ չեմ անում, այլ ցանկանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մտածի՝ հաղթանակի գրավականը անհնազանդությունն է:


Նորիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երկրորդ խմբի հաշմանդամ,
ԱԺ 1-ին և 2-րդ գումարումների
պատգամավոր,
ՀՀԿ կենտկոմի նախկին քարտուղար

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ