Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Բաց նամակ ՌԴ պետդումայի պատգամավոր պարոն Վլադիմիր Ժիրինովսկուն

Բաց նամակ ՌԴ պետդումայի պատգամավոր պարոն Վլադիմիր Ժիրինովսկուն
05.05.2015 | 00:03

Հանճարեղ իսպանացին խորապես գիտակցել է, թե պատմության կեղծարարությունը ինչ զարհուրելի հետևանքներ կարող է ունենալ, և մարդկության ողջ պատմությունն ընթացավ ազգայնամոլության, մեծապետական շովինիզմի, պանիսլամիզմի, պանթուրքիզմի աղետալի ճանապարհով:
Պարոն Ժիրինովսկի, պատասխանելով թուրք-ազերի լրագրողի հարցերին, Դուք խեղաթյուրել եք պատմությունը, թերևս նաև որպես ՌԴ Պետդումայի պատգամավոր հայտարարելով. «Եթե Արցախը Ադրբեջանին տանք, հայերը կնեղանան, եթե Հայաստանին տանք, ադրբեջանցիները կնեղանան. կա նաև երրորդ տարբերակը` ռուսական զորք տեղակայել Արցախում` ծածանել հայ-ադրբեջանական-ռուսական տարրեր պարունակող դրոշ և ապահովել երկու ժողովուրդների համագոյակցությունը»:
Պարոն Ժիրինովսկի, արցախցիները շատ բարի, մարդասեր, քաջասիրտ, տաղանդավոր ժողովուրդ են և Ձեզնից կակնկալեն բարեկամաբար այցելել իրենց չորսհազարամյա հայաշունչ հայրենիք և ներողություն խնդրել Ձեր մեծապետական դիրքորոշման համար, քանզի նրանք իրենց զավակների արյան գնով նվաճել են անկախ ու ազատ ապրելու իրավունքը:
Արցախի հինավուրց հողում հայ մարդը հազարամյակներ շարունակ հիմնել է հոյակերտ քաղաքներ, բերդեր, շեներ (աշխարհակալ Տիգրան Մեծի Տիգրանակերտ քաղաքը Ակնա (թուրքացված` Աղդամ) գավառում, կառուցել սրբազան վանքեր ու եկեղեցիներ (4-րդ դարում Դադիվանքը Քարվաճառ, թուրքացված` Քելբաջար) գավառում, որտեղ հանճարեղ գիտնական Մաշտոցը 405 թ. բացել է հայոց առաջին դպրոցներից մեկը, 13-րդ դարում` Գանձասարի վանքը, որը ավստրիացի մեծ գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկին անվանել է հայ ճարտարապետության գլուխգործոց. կերտել է մեկը մյուսին չնմանվող հազարավոր հրաշք խաչքարեր, ծաղկել հանճարեղ մատյաններ, երկնել աստվածային շարականներ, հորովել երգել, սևաչ խաղողից գինի է քամել, խնոցի հարել, մետաքս գորգ հյուսել։
Եվ հանկարծ Դուք` «Արցախը տանք Ադրբեջանին»... Ո՞Ւմ` քնած մարդուն «հերոսաբար» կացնահարող Ռամիլ Սաֆարովին, Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում հայ անզեն տղամարդկանց, կանանց, աղջիկներին, երեխաներին կացնով կենդանի-կենդանի մասնատող, խորովող, ադրբեջանական տգետ, անբարո ամբոխի աչքերի առաջ բռնաբարող երկոտանի վայրենուն, ընդամենը վերջին տասնամյակներում նստակյաց դարձած քոչվորին, որը դիվային մոլագարությամբ ռուսական պետականության օգնությամբ զավթած հայկական քաղաքներում, շեներում ոչնչացնում է այն ամենը, ինչ հայկական է։ Տանք մոլագար Իլհամ խանին, որը մանկապարտեզից մինչև բուհ ներարկում է դժոխային մարդատյացություն, հայատյացություն` կոչ անելով մինչև ապրիլի 24-ը ամեն օր մեկ հայ սպանել` «ի փառս իր մարդակեր ցեղակիցների իրականացրած ցեղասպանության 100-րդ տարելիցի»:
«Չարիքների դեմ անտարբեր չմնալով, սովորում եմ պաշտպանել արդարությունը»` պատգամում էր մեծն Վերգիլիոսը: Իսկ ռուսական պետականությունը անտարբեր է ոչ միայն պատմական անարդարության, այլև թուրքական այսօրյա չարագործությունների հանդեպ: Ոչնչով հնարավոր չէ հիմնավորել այն փաստը, որ ռուսական պետականությունը միլիարդավոր դոլարների կործանարար զենք է մատակարարում հոգեգար խանին: Ո՞Ւմ դեմ են ուղղված այդ սարսափելի զինատեսակները. թերևս նաև ռուս զինվորի, չէ՞ որ Ռուսաստանը մեր դաշնակիցն ու բարեկամն է, երևի...
Այո, ռուսական պետականությունը դարեր շարունակ երկդիմի խաղ է վարել` չդատապարտելով թուրք-թաթարական շարունակական աներևակայելի ոճրագործություններն ու տարածքային զավթումները` հակահայ, թրքամոլական քաղաքականություն իրականացնելով: Այսպես. Նիկոլայ 2-րդը, դաշնակցած իր նման արյունարբու Աբդուլ Համիդի հետ, ամենուրեք հալածում էր հայությանը, փակում էր դպրոցները, կողոպտում վանքերն ու եկեղեցիները: 1905-1907 թթ. զինում էր Կովկասի թաթարական քոչվոր ցեղերին, հրահրում հայության դեմ և միայն ՀՅԴ գործիչների հմտորեն կազմակերպած խիզախ դիմադրության շնորհիվ արևելահայությունը փրկվեց լիակատար բնաջնջումից:
Առաջին համաշխարհային պատերազմում, չնայած ռուսական բանակին հայության ցուցաբերած մեծագույն աջակցությանը (արևմտյան ռազմաճակատում կռվում էր 250 հազար հայորդի, կովկասյանում` մի քանի տասնյակ հազար), ռուս հրամանատարությունը բացահայտ կամ թաքուն աջակցում, նույնիսկ զինում էր (հաճախ էլ հայերին զինաթափում) թուրք-քրդական ավազակախմբերին, Արևմտյան Հայաստանի տարածքներում միտումնավոր հետուառաջ զորաշարժեր անում, որպեսզի տառապյալ հայության մնացորդներին բնաջնջեն թուրք-քրդական մոլագար ջարդարարները, քանզի ռուսական պետականության կարգախոսն էր` «Հայաստանը` առանց հայերի»:
Լենինյան հակահայ, թուրք-ազերամոլական մի շարք ռազմաքաղաքական գործողություններ ու պայմանագրեր աղետալի հետևանքներ ունեցան հայության համար. մեր դրախտավայր հայրենիքը` հանուն լենինյան համաշխարհային հեղափոխության ցնդաբանության, նվիրաբերվեց Անկարայի ու Բաքվի թրքությանը: Եվ ի երախտագիտություն ռուսական պետականության ցուցաբերած աննախադեպ ռազմաքաղաքական, դիվանագիտական աջակցության, այսօր էլ հայերի, հույների, ասորիների դահիճ Քեմալ Աթաթուրքի արձանի կողքին վեր են խոյանում ռուսական ռազմական, պետական ու քաղաքական գործիչներ Ֆրունզեի, Վորոշիլովի արձանները:
Ռուսական պետականության հակահայ քաղաքականությունը շարունակող զառամախտով տառապող Բրեժնևի իշխանության օրերին, Կրեմլի թողտվությամբ ու հովանավորությամբ Հեյդար խանը դաժանորեն ճնշում ու հալածում էր Արցախի, Նախիջևանի հայությանը, և արդյունքում Նախիջևանը լիովին հայաթափվեց, Արցախի շատ մտավորականներ Բաքվի բանտերը նետվեցին, տանջամահ արվեցին: Եվ ահա 1988 թ. արցախահայությունը ոտքի ելավ իր բնօրրանը բռնակալության լծից ազատագրելու, մայր հայրենիքին միանալու ակնկալիքով: Գորբաչովյան քաղբյուրոյական ոհմակը, ոգեշնչված լենինյան հակամարդկային գաղափարներով, կազմակերպեց սումգայիթյան աներևակայելի ոճրագործությունները, դրան հաջորդող Բաքվի, Գանձակի, Մարաղայի բարբարոսությունները: Կրեմլը, ռուս գեներալները, ապերախտ-երախտամոռությամբ, անարգելով արցախցի` Խորհրդային Միության 3 մարշալների, 20 գեներալների, Խորհրդային Միության 21 հերոսների հիշատակը, խորհրդային զորքերով` տանկերով, ինքնաթիռներով «Կոլցո» ռազմարշավ կազմակերպեցին Արցախի անզեն, խաղաղ բնակչության դեմ` բարբարոսաբար հայաթափելով հազարամյա Գետաշենը, շրջակա հայաշունչ գյուղերն ու դրախտավայր Շահումյանը:
Պարոն Ժիրինովսկի, հայ մարդը պատմականորեն մեծագույն համակրանք ու հարգանք է տածել մարդասեր, բարի, ազնիվ, քաջասիրտ ռուս ժողովրդի հանդեպ: Ցավոք, ռուսական պետականությունը 20-րդ հարյուրամյակում մշտապես վարել է կործանարար, երախտամոռությամբ հագեցած հակահայ քաղաքականություն:
Պարոն Ժիրինովսկի, այս ոչբարեկամական տեսակետը հիմնավորելու համար թերևս հարկ է ներկայացնել, թե ով է հայ մարդը, ովքեր են արցախցիները, ովքեր` թուրք-ազերիները, և յուրաքանչյուրը ինչ դերակատարություն ունի քաղաքակիրթ աշխարհում, մասնավորապես ռուսական պետականության և ԽՍՀՄ ամրապնդման ու զարգացման գործում:
Պարոն Ժիրինովսկի, մայիսին լրանում է Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակը. թերևս արժե մինչ այդ թերթել համապատասխան հանրագիտարաններ ու վավերագրեր, պատկերացնելու համար, թե հայ ժողովուրդը, մասնավորապես արցախցիները, և թուրք-ազերիները համամասնորեն ինչ ավանդ են բերել ժողովուրդների այդ պայքարին: Նախապես կփորձեմ Ձեզ օգտակար լինել, հակիրճ ներկայացնելով որոշ փաստական տվյալներ:
Այսպես. Հայրենական պատերազմին մասնակցել է 45 հազար արցախցի, բնակչության 1/3-ը, որի կեսը զոհվել է: Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 21 արցախցի (Ադրբեջանից` 45-ը, որոնց զգալի մասը` ռուս, հրեա, լեզգի, թալիշ), կրկնակի հերոսի կոչման` 2-ը (Ադրբեջանից` 0), գեներալի` 20-ը (Ադրբեջանից` մեկ ձեռքի մատների վրա հաշվեք), մարշալի` 3 (Ադրբեջանից` 0): Արցախի հայաշունչ Չարդախլու գյուղի հայորդիներ են մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, նաև 7 գեներալ, 40 գնդապետ, արծիվների բույն, որը բարբարոսաբար հայաթափեցին ու զավթեցին թուրք-ազերիները` ռուսական պետականության լուռ թողտվությամբ, իսկ փառապանծ մարշալների արձանները ջարդուփշուր արվեցին:
ԽՍՀՄ հայ բնակչությունից ռազմաճակատ մեկնեց 600 հազարը, որոնցից զոհվեց 328 հազարը: Միության հերոսի կոչման արժանացավ 106 հայորդի, փառքի շքանշանի ասպետի կոչման` 27-ը: Դաշնակից երկրների բանակներում մարտնչում էր 100 հազար հայ: Ռազմաճակատում հերոսաբար կռվել է 60, իսկ ընդհանրապես ռուսական բանակներում` 130 հայ գեներալ:
Պարոն Ժիրինովսկի, թե թուրք-ազերին ինչ ավանդ ունի Հայրենական պատերազմում, ընդհանրապես ԽՍՀՄ-ի, մասնավորապես ռուսական պետականության ամրապնդման ու զարգացման, նաև համաշխարհային քաղաքակրթության ասպարեզում, փորձեք տեղեկանալ հանրագիտարաններից, բայց ոչ ադրբեջանական, քանզի դրանք հեղեղված են կեղծիքներով, յուրացումներով, մուրացկանությամբ:
Վերջին տասնամյակներում նստակյաց դարձած թուրք-ազերի ցեղախմբերը լուրջ ավանդ չունենալով որևէ ասպարեզում, նավթագազային, խավիարային կապիտալով ճարպկորեն կաշառելով աջ ու ձախ, յուրացնում են հարևան ժողովուրդների մշակույթը, նվաճումները` մուրացկանությամբ իրենց համար պատմագրություն ստեղծելով, անտեղյակ սեփական անցյալին:
Այսպես. հենց վերջերս ազերիները մեծ գումարի դիմաց Մոսկվայում հրատարակվող ճարտարապետների միության միջազգային` «Ճարտարապետություն, շինարարություն, դիզայն» ամսագրում մի շարք հոդվածներ են տպագրել ադրբեջանական չեղած ճարտարապետության մասին` Իլհամ խանի ողջույնի խոսքով` մուրացկանությամբ յուրացնելով հայկական ճարտարապետությունն ու հուշարձանները:
Պարոն Ժիրինովսկի, հայաշունչ Արցախը մշակութազուրկ ցեղախմբին հանձնելու փոխարեն, Մոսկվայում տպագրվող միջազգային հեղինակավոր ամսագրի աշխատակազմին նախատեք կաշառակերության, նյութապաշտության, մտավորականի ազնիվ խիղճը վաճառելու համար և առաջարկեք ուշադրությամբ ընթերցել մեծ ավստրիացու` Յոզեֆ Ստրժիգովսկու կոթողային երկհատոր աշխատությունը` «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան», հասկանալու համար` ազերին ընդհանրապես ճարտարապետություն ունի՞: Եթե մուրացկանների այդ ցեղախումբը գիտակցեր, թե ինչ է ճարտարապետությունը, առհասարակ մշակույթը, մոլագարի բարբարոսությամբ չէր ոչնչացնի Նախիջևանի հրաշապատում խաչքարերը, հոյակերտ հարյուրավոր վանքերն ու եկեղեցիները, կհետևեր իր նման իսլամ դավանող հարևան քաղաքակիրթ Իրանին, որտեղ հոգատարությամբ պահում-պահպանում են և նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացնում հայկական հուշարձանները, որի համար երախտագետ ենք իրանցի մեր հարևաններին: Բայց բարբարոս ազերին ինչպե՞ս օրինակ վերցնի քաղաքակիրթ պարսիկ ժողովրդից, երբ մուրացկանի նման յուրացնում է նրա մշակույթը` բանաստեղծներին, գրողներին:
Հայ մարդը քաղաքակրթության ազնիվ սերմացու է. աշխարհի որ ծագում էլ հայտնվել է, միայն բարիք է արարել` իր հանճարով, հմտությամբ, բացառիկ աշխատասիրությամբ: Ռուսական ցարերը, թագուհիները` Պետրոս Մեծը, Եկատերինան, երկիրը զարգացնելու, ծաղկեցնելու համար հայերին վերաբնակեցնում էին կայսրության տարածքներում: Դեռ 10-րդ դարից առկա է հայ-ռուս ժողովուրդների ջերմ բարեկամությունը: Ռուս ժողովուրդը քրիստոնեությունն ընդունել է հայերի միջնորդությամբ: Օլեգ իշխանի բժիշկը հայ էր: Ռուսական գրերի ստեղծողներ Կիրիլն ու Մեֆոդին ուսանել են Կ. Պոլսում` հայազգի փիլիսոփա Լևոնի մոտ: Գրյունվալդի` ժողովուրդների ճակատագրական ճակատամարտում (1410) ռուս մարտիկների շարքերում հերոսաբար մարտնչում էր հայկական մի ողջ գունդ: 1812 թ. հայրենական պատերազմում հայ գեներալներն ու մարտիկները այնպիսի քաջությամբ էին կռվում, որ Ռուսաստանի փառք Դավիդովը ասում էր. «Եթե ուզում եք հաղթել, զորակոչեք հարյուր հայի»:
Պարոն Ժիրինովսկի, այո, հերոսական է հայ մարդը, միևնույն ժամանակ անսահման մարդասեր, բարի, ազնիվ, ամենուր արարող. այո, քանզի երբեք անզեն անմեղ մարդու, կնոջ, երեխայի վրա զենք չի բարձրացնի, ինչպես մշտապես արել և անում է թուրքը, ազերին: «Թուրքը քաջի մոտ ոչխար է, ոչխարի մոտ` քաջ», ասել է հանճարեղ ռուսը` Դոստոևսկին, իր վավերագրական «Օրագրում»` աներևակայելի սարսափներ ներկայացնելով թուրքական գազանությունների մասին: Իսկ հայ փառապանծ գեներալ Անդրանիկը մահապատժի էր ենթարկում իր զինակից սիրելի զինվորին, որը զենք էր բարձրացրել գերի անզեն թուրքի վրա` վրեժից դրդված, քանզի մորթվել էր իր ողջ ընտանիքը: Հայ զորավար Մոնթեն Արցախում իր արյունն էր տալիս արյունաքամվող գերի ազերի պատանու կյանքը փրկելու համար: Հայ կանայք արցախյան զորամասի տարածքում հանգիստ շրջող գերի ազերի զինվորին շոկոլադ էին հյուրասիրում: Հայ մարտիկները իրենց նախաճաշը տալիս էին խոշորամարմին գերի ազերուն, իրենք մնալով կիսաքաղց. ահա այսպիսին է հայը, որը կարող է միայնակ կռվել և հաղթել մի քանի զինված թուրք-ազերու: Իսկ թուրքը, ազերին` մարդատյաց, ողորմելի հոգեբանությամբ բարբարոսաբար խոշտանգում է մոլորված, գերի ընկած ծերունի հովվին, գյուղացի պատանուն, պատահմամբ սահմանից շեղված հայ զինվորին:
Պարոն Ժիրինովսկի, ռուսական բանակների հաղթանակները փառքով են պսակել տաղանդավոր հայ զորավարներ Մադաթովը, Լազարևը, Սերեբրյակովը, Տեր-Ղուկասովը, Լոռիս-Մելիքովը, խորհրդային տարիներին, սկսած 1918-ից, լեգենդար զորավարներ Հայկ Բժշկյանցը, Գասպար Ոսկանյանը, Խախանյանը, Մելքումյանը, արևմտյան ռազմաճակատի հրամանատար Մյասնիկյանը, հետագայում` Խորհրդային Միության հայ մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Իսակովը, Խուդյակովը, Եգանովը:
Հայության ծառայությունը վիթխարի է նաև հետախուզության ասպարեզում: Լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյան ամուսիններ (Գոհարը` 17 տարեկան աղջնակ). 1943 թ. եռյակի` Ստալին-Ռուզվելտ-Չերչիլ, բանակցությունների ժամանակ ֆաշիստները փորձում էին ամեն գնով ոչնչացնել դաշնակից ղեկավարներին: Երիտասարդ Վարդանյանների և նրանց ղեկավար Աղայանցի բացառիկ խիզախության շնորհիվ ձախողվեց ֆաշիստների դավադրությունը, փրկվեց եռյակը, ուրեմն ապահովվեց նաև հաղթանակը ֆաշիզմի դեմ:
Հայկ Հովակիմյան. առասպելական հետախույզ, որը 1930-ական թթ. լինելով Գերմանիայում, ապա` ԱՄՆ-ում, բացառիկ խիզախությամբ ու տաղանդով ԽՍՀՄ առաքեց 31 հազար էջ գիտական, ռազմական, տնտեսական գաղտնի տեղեկություններ, որոնց շնորհիվ հիմնվեցին մի քանի տասնյակ խոշորագույն գիտահետազոտական ինստիտուտներ, կոնստրուկտորական բյուրոներ, գործարաններ` հիմք դնելով նաև խորհրդային ատոմային ռումբի ստեղծմանը: Այնքան վիթխարի էր Հովակիմյանի ծառայությունը, որ ԱՄՆ-ում նրա ձերբակալվելուց հետո Ստալինը դիմեց Ռուզվելտին` խնդրելով ազատել Հովակիմյանին, վերադարձնել հայրենիք. ընդ որում, որպես փոխհատուցում` մեծ գումար փոխանցվեց ԱՄՆ: Իսկ հետո ինչպե՜ս վարվեցին մեծ հայի հետ. Ստալինի անտարբերությամբ Բերիան մեկուսացրեց նշանավոր հետախույզին: 1990-ականներին ՌԴ նախագահ Ելցինը ԽՍՀՄ հերոսի կոչում շնորհեց Հովակիմյանի ենթականերին ու աշակերտներին, իսկ մեծ հային երախտամոռությամբ մոռացության մատնեց:
Անուրանալի է հայ գիտնականների, տնտեսական ու պետական գործիչների դերը ԽՍՀՄ-ի գիտության, տնտեսության զարգացման գործում:
Շչյոլկին-Մետաքսյան` Կուրչատովի գնահատմամբ` խորհրդային ատոմային ռումբի կնքահայրը: Խոշորագույն գաղտնի գիտահետազոտական ինստիտուտների հիմնադիրներ ու ղեկավարներ Սամվել Քոչարյանց, Օրբելի երեք եղբայրներ, Ալիխանյան երկու եղբայրներ, ականավոր ինքնաթիռաշինարար-կոնստրուկտորներ Արտեմ Միկոյան, Ելիզավետա Շախաթունի, սուզանավատորմիղի հիմնադիր Գարսոյան, տիեզերական կենսաբանության հիմնադիր Սիսակյան, Ստալինի հրամանով Մոսկվան օդային հարձակումներից պաշտպանող հատուկ «Բերկուտ» ծրագրի, թիվ 1 կոնստրուկտորական բյուրոյի 30 գիտնականների ղեկավար Համո Յոլյան: Տնտեսական և պետական ականավոր գործիչներ էին Ա. Միկոյանը, Թևոսյանը և բազում այլ հայորդիներ:
Հայության ավանդը վիթխարի է նաև մշակույթի ասպարեզում. ԽՍՀՄ-ին փառք բերող հանճարներ էին Ա. Խաչատրյանը, Փարաջանովը, Վախթանգովը, Սարյանը, Գոհար Գասպարյանը, Վահրամ Փափազյանը: ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները երգում էին տաղանդավոր կոմպոզիտորներ Բաբաջանյանի, Թարիվերդիևի, Թուխմանովի հոգեթով երգերը: ԽՍՀՄ մի շարք կինոնկարներում, մասնավորապես «Գարնան 17 ակնթարթ» կինոշարքում հնչում էր նրանց երաժշտությունը: Նրանց երգերով էին կրթվում ու դաստիարակվում երգիչներ ու երգչուհիներ. նշանավոր Ալլա Պուգաչովան ասպարեզ եկավ Թարիվերդիևի երգերով: Ահա այսպիսին է հայ մարդը։ Իսկ ադրբեջանցի՞ն...
Հայ մարդը երկու դար «Օրհնվի էն սհաթն» է բարբառել. հանճարեղ Խաչատուր Աբովյանը թերևս նկատի ուներ շարքային ազնվասիրտ, մարդասեր, բարի, քաջարի ռուս մարդուն, ոչ թե հակահայ, խարդախ գեներալներին, նահանգապետերին, ցարերին, ռուսական պետականությանը: Հայ մարդու նվիրվածությունը, հավատարմությունը ռուս մարդու հանդեպ, պարզապես ապշեցուցիչ է։ Նշենք բազմաթիվ օրինակներից միայն երկուսը: Մահից առաջ Ալեքսանդր 2-րդ ցարն իր ընտանիքի ապահովությունը վստահել է Լոռիս-Մելիքովին, փառապանծ մարշալ Ժուկովը` Բաղրամյանին:
Յուրաքանչյուր քաղաքագետի համար թերևս ակնհայտ է, որ տնտեսական շահերը անցողիկ են, պատմականը` հավերժ: Ռուսական պետականությունը անցյալում, նաև այսօր, պատմության դիտակետից չի նայել ապագային, երբեմն էլ չի ընկալել, որ «պատմության արդյունքը աշխարհագրությունն է»: Հայության, թերևս նաև Ռուսաստանի համար, քանզի երևի դաշնակից ենք, ճակատագրական է Արցախի աշխարհագրությունը: Ռուս մեծ գրող Գորոդեցկին դեռ 1919 թ. շատ դիպուկ է նկատել. «Ով կտիրի Արցախին, նա էլ կիշխի Հայաստանի սրտին` Արարատյան հովտին»:
Հայության ճակատագիրն այսքան վտանգված չէր լինի, եթե ցարական և լենինյան ռուսական պետականությունները չդավեին իրենց ամենահավատարիմ, ամենանվիրված դաշնակցին` հայությանը: Եթե արժանիորեն գնահատվեր այդ ամենը, ապա այսօր մեր, ուրեմն և ռուսական զենքը կշաչեր Փոքր Ասիայում, Կիլիկիայի Միջերկրական ափերին, մեր հովանու ներքո կլիներ ողջ Մերձավոր Արևելքը: Այս առումով շատ ուշագրավ է ռուս գրող, հրապարակախոս, իրավաբան, մշակութային գործիչ Ալեքսանդր Ամֆիտեատրովի անկեղծ ու անաչառ գնահատականը. «Մեր թշնամիները մեզնից ավելի լավ գնահատեցին հայերի` որպես Ռուսաստանի պատմական և բնական դաշնակիցների դերը. մի ազգ, որ 17-րդ դարից սկսած բանալի է տվել դեպի Մերձավոր Արևելք կատարվող ռուսական շարժընթացին և Ռուսաստանին այնքան շատ ծառայություններ է մատուցել 60-ամյա կովկասյան պատերազմի և թուրքերի դեմ մղված մեր փոքրասիական արշավանքների ժամանակ: Սուլթան Աբդուլ Համիդը ըստ էության ոչնչացրեց գրեթե կեսմիլիոնանոց ռուսական առաջապահ ջոկատը, և, եթե ոչ ընդմիշտ, ապա տասնյակ տարիներով մեր հայրենիքը զրկեց սիրուց և վստահությունից երեքմիլիոնանոց բնակչության, որի համակրանքը մեզ համար այնքան առավելություններ էր ստեղծում փոքրասիական պատերազմների թատերաբեմերում»:
Ցավոք, այսօր էլ ռուսական պետականությունը շարունակում է զինել թրքությանը, Արցախի, Հայաստանի սահմանամերձ շրջաններում հեղվում է հայ մարդու արյունը: Հայ մարդը ինչպե՞ս այսօր էլ բարբառի «օրհնվի էն սհաթը», երբ ռուսական պետականության ամենաեռանդուն նախաձեռնությամբ հայ ժողովրդի սրբազան խորհրդանիշերը` Արարատն ու Անին, լենինյան հրեշավոր դիտավորությամբ, թողնվեցին սահմանի այն կողմը, որ մի ամբողջ ժողովուրդ նայի այդ անհաս սրբություններին և տառապի: Մեծն Իլյա Էրենբուրգը խոր ցավով է նկատել դա. «Յուրաքանչյուր հայի համար Երևանի դիմաց բարձրացող Արարատը բզկտված Արևմտյան Հայաստանի ստվերն է»: Դանթեն Վերգիլիոսին դժոխքում ուղեկցելիս ասում էր. «Նայիր այս սարսափներին և անցիր». հայ մարդը ամեն Աստծո օր նայում է հեռվում երևացող անհաս սրբություններին և չի կարող մոռանալ, հաշտվել և չբացականչել. «Արդյո՞ք օրհնվի էն սհաթը»:
Պարոն Ժիրինովսկի, հայ մարդը քաղաքակրթության սերմացու է. նա աշխարհի բոլոր ծագերում միայն բարիք է արարում: Հապա թերթեք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռումինիայի մշակույթի, գիտության, տնտեսության, ռազմական գործի, պատմության էջերը. պարզապես ակնառու է բազում հանճարեղ հայորդիների ավանդը: Նույնիսկ 17-ամյա կանադահայ աղջնակը` Աննա Փողհարյանը, քաղաքակրթություն է կերտում. նա ստեղծել է դիալիզի շատ փոքրիկ սարք 500 դոլար արժողությամբ (կլինիկաներում այն արժե 30 հազար դոլար), որը յուրաքանչյուր ոք կարող է տանել տուն և ինքնուրույն ստուգել իր առողջական վիճակը: Իսկ Դուք կարո՞ղ եք ներկայացնել որևէ թուրք, ազերի աղջնակի, որը քաղաքակրթություն է կերտում։ Թերևս ոչ, բայց ես կներկայացնեմ. ազերի աղջիկը ֆեյսբուքում գրում է. «Ես հպարտ եմ, որ Ռամիլ Սաֆարովի նման հերոս ունենք»... Մեկնաբանությունները` ռուսական պետականության խղճին, որը դատապարտող խոսքով չարձագանքեց ալիևյան աներևակայելի մարդատյացությանն ու հայատյացությանը: Ընդհակառակը, ՌԴ նախկին նախագահ Մեդվեդևը ժամանակին բարեկամական ժեստով պանթուրքիստ, Արցախի, Նախիջևանի հայության դահիճ Հեյդար Ալիևի արձաններն էր շուքով տեղադրում Վոլգայի ափերին` որպես ոգևորության խորհրդանիշ վոլգյան մուսուլմանական աշխարհին: Ի դեպ, ռուս մեծ փիլիսոփա Նիկոլայ Ֆյոդորովը թերևս մարգարեաբար կանխատեսել է. «Եթե պանթուրքիստների դավադրություններից քայքայվի Ռուսաստանը, այն ժամանակ Եվրոպան կտեսնի, որ իրեն հյուր են եկել իսկական թուրանիստներ. Արևմուտքը կհասկանա, որ աթիլաները դեռ կենդանի են, և շատ կզղջա արած-չարածի համար»: Եվ ահա այդ առումով պատահական չէ, որ օրեր առաջ պանթուրքիստ Էրդողանը բարեհաճեց թուրքական իր դավադիր քիթը խոթել ռուսական Ղրիմի ներքին գործերի մեջ, հայտարարելով, թե մարդու իրավունքներն եք ոտնահարում` փակելով թաթարական հեռուստաալիքները:
Պարոն Ժիրինովսկի, մերժելով Ձեր մեծապետական դիրքորոշումը, միաժամանակ անընդունելի և դատապարտելի ենք համարում արցախյան հարցի լուծման ռուսական պետականության, Մինսկի խմբի համանախագահների տասնամյակներ ձգձգվող անճարակ և շատ երկդիմի քաղաքականությունը: Ի՞նչ խղճով է նախատեսվում արցախյան հարցը լուծելիս, արդեն ինքնուրույն պետական կարգավիճակ ձևավորած հանրապետությանը տալ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ անորոշ ժամանակով, Բաքվին վերադարձնել ազատագրված տարածքները, այնուհետև անցկացնել հանրաքվե, նույնիսկ ադրբեջանցիների մասնակցությամբ: Մի՞թե միջնորդների համար տեսանելի չէ, թե ադրբեջանական հասարակությունը ինչպիսի դժոխային մարդատյացությամբ ու հայատյացությամբ է տառապում: Պարոնայք, երկու ժողովուրդների համատեղ գոյակցության մասին բանակցություններ եք վարում, բայց երբևիցե մտածե՞լ եք, թե ադրբեջանական հոգեգար հասարակության շրջապատում, մերձակա հարևանությամբ ինչպես պետք է ապահով գոյատևի Արցախի մարդասեր հայությունը: Նախ հարկ է բուժել հիվանդ, սադայելական հասարակությունը, ապա միայն խոսել համագոյակցության մասին. մի հասարակություն, որը զբաղված է պատմամշակութային, ազգագրական, մարդաբանական, հնագիտական զառանցական կեղծարարությամբ, հասարակություն, որ անգիտակ է իր անցյալին, որ չի ցանկանում ազատվել նախամարդու դիվային բնազդներից: Պարոնայք, բուժեք հիվանդ հասարակությանը, ապա շարունակեք մարդկային բանականությանը, արժանապատվությանը, բարոյականությանը յուրահատուկ բանակցություններ: Մինսկի խմբի համանախագահները, «անտեղյակ» Արցախի պատմությանը, առաջարկում են ազատագրված տարածքները վերադարձնել այդ բարբարոս հասարակությանը. պարոնայք, այդ տարածքները բուն հայկական են, իրենց բազմաթիվ հուշարձաններով, պատմական հայաշունչ անվանումներով: Ահա, խնդրեմ, ծանոթացեք` Ջրակն` թրքացված` Ջիբրայիլ, Կովսական` թրքացված` Զանգիլան, Սանասար` թրքացված` Կուբաթլու, Բերձոր` թրքացված` Լաչին, Արցախ` ընդամենը 15-րդ դարում թրքացված` Ղարաբաղ:
Այնպես որ, պարոն Ժիրինովսկի, այցելեք հայաշունչ Արցախ, ներողություն խնդրեք Ձեր մեծապետական դիրքորոշման համար, և որպես դաշնակից ու բարեկամ, ՌԴ Դումայից պահանջեք ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը` ապահովելով նրա լիակատար անվտանգությունը` ընդմիշտ դադարեցնելով Ադրբեջանին զենք մատակարարելը:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ