Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Վարչապետերի ակումբից դեպի մենախուց (տրագիֆարս N1)

Վարչապետերի ակումբից դեպի մենախուց (տրագիֆարս N1)
03.04.2015 | 11:08

Ես ուզում եմ պատմել Հայաստանի և նրա առասպելների մասին։ Ճանաչել ինքն իրեն` նշանակում է հասկանալ այն առասպելները, որ պատմեց հայոց ազգը, որովհետև ազգի բնավորությունը ոչ միայն նրա գործերի մեջ է, նրա պատմության էջերում, այլև նրա առասպելներում է, ավանդություններում, որոնք դարերի երթով եկել հասել են մեզ։
«Բոլոր ժամանակների Հայաստանը», Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՈՂԲԻ ՊԱՏԸ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
(նավակայանում շինարարական եռուզեռ է)
Երկրի գլխավոր հրապարակի հուշարձանի հարցը փակված չէ։ Ոմանք առաջարկում են այնտեղ մի սրբագործված խաչ, ոմանք էլ Սասունցի Դավթի արձանը տեղադրել, ուր այսօր կանաչ մարգագետին է, նախկինում Լենինի չարագուշակ արձանն էր և արձանի հոյակերտ պատվանդանը։ Լենինի արձանը «թախտից ընկավ» (ինչը բարի էր), պատվանդանը կործանվեց (սա, իհարկե, չարիք էր)։ Ժողիմաստությունները, իհարկե, հավերժի ճամփորդ են, այս պահին արժանահիշատակ է դրանցից հետևյալը. «Չկա չարիք առանց բարիքի»։ Չարիք էր, երբ մարմարակերտ խոյակը փոխարինվեց դեղնականաչ խոտով։ Բարիք է, որ «սուրբ տեղը» դատարկ է մինչ օրս և այն միայն մի նպատակի պիտի ծառայի. այստեղ հարկ է կառուցել մեր ձախողումների և տնտեսական աճպարարությունների պատը։ Յուրաքանչյուր ամսվա 13-ին պետք է ազգովին մոտենալ պատին, ծնկի գալ ու սրտառուչ ողբալ։ Ողբն անպատճառ պիտի թեմատիկ բնույթ ունենա և նշանավորի այս կամ այն համապետական քաղաքական ձախողումն ու տնտեսական աճպարարությունը։ Գալիք ապրիլի 13-ին առաջարկում եմ ողբալ ՀԷՑ-ի ճակատագիրը։ (Ի դեպ, պետբյուջեն համալրելու նպատակով կարելի է ողբասացներից խորհրդանշական գումար գանձել, ասենք, մարդագլուխ 50 դրամ։ Հասկանալի է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները, հաշմանդամ ազատամարտիկներն ու մականունակիր-մենաշնորհատերը կօգտվեն համապատասխան արտոնությունից, վճարելով 25-ական դրամ)։
(Անկասկած, վերոնշյալ պատը պիտի կառուցել բացառապես պետական միջոցներով։ Այսինքն` հարկ կլինի մի նոր վարկ հայթայթել։ Օրինակ, Իսրայելից. վարկ` ողբի հայկական պատ կառուցելու համար)։

ՄՈՒՀԱՄԵԴ ՄԱՐԳԱՐԵԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԽՐԱՏԸ»
(նավաբեկություն փոքրիկ մի հէկում)
«Եթե ուզում եք այս աշխարհում կյանք վայելել, ապա զբաղվեք առևտրով»։ Վստահ եմ, որ շատերը չեն կռահում, թե ում է պատկանում վերոնշյալ առևտրաշահ իմաստությունը, ՈՒինստոն Չերչիլի՞ն, ամենևի՛ն, Բարաք Օբամայի՞ն, բնա՛վ, գուցե Լև Տրոցկո՞ւն, Շառլ Թալեյրանին, կամ միգուցե Հրանտ Բագրատյանի՞ն։ Դուք չկռահեցիք, իմաստությունը հրովարտակել է ոչ ավելի և ոչ էլ պակաս Մուհամեդ մարգարեն։ Ենթադրաբար, մեր իշխանակառավարական վերին հարթակներում ներքին կարգով, բայց սրբազան երկյուղածությամբ աղոթում են սրբազնախոս այս մտքի առաջ։ Այսինքն` հեռացել են հայ-արիական նախասկզբից և խոնարհվում են Մամոնային։ Արդյունքը ապշեցուցիչ է. երկրում վաճառվում-վերավաճառվում-կազմաքանդվում են հնարավորը, անհնարինը, աներևակայելին։ Տեր իմ Երկնավոր, ուր է հասել ներկա հայ կառավարչի դիվահարված հնարամտությունը, երբ նա մեկը մեկի հետևից ավարառում է պետականության հենասյուները, խցանելով նրա արյունատար անոթներն ու խարխլելով հենաշարժային հանգույցները։ Մի բան է անձեռնմխելի` պետականության զարկերակը, որն այսօր պատեպատ է խփվում և ճչում-ահազանգում է` երկիրը կորցնում ենք առանց հրանոթի և հրի՛-սրի՛-համաճարակի միջամտության։
«Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանեցում, նոր էներգետիկ, այդ թվում` միջուկային, հզորությունների ստեղծում, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամալիրի կառուցում» (ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն)։
Ե՞րբ է քարագրվել նշյալ «փրկչական» փաստաթուղթը, ո՞վ էր օրվա նախագահը և ո՞վ էր վարչապետը, էական չէ, այն հրապարակվել է մի գերնպատակով, երկրի էներգետիկ ռազմավարության և անվտանգության յուրաքանչյուր տող և տառ իմաստ ու նպատակ խեղաթյուրել որքան հնարավոր է և որքան որ անհնար է։ Բնական է սրտիս խորքից բխող անդրադարձը` սա՜ղօլ։
Այժմ էլ` VIVAT, զի վարչապետերը, թվով 5 պատվական այրեր, ի մի եկան օվալաձև սեղանի քով, զի երկիրը, իսկապես, ձեռքից գնում է, և դրանում իրենց մատը հաստատ խառն է, զի պետականազրկության մերօրյա թթվաշ ապուրը մաս առ մաս եփվել է իրենց վարչապետության փառապանծ օրերում։ Բայց եկեք լինենք հուզավառ-լավատես, և սպասենք, որ վարչապետաց ակումբի գալիք նիստում կքննարկվի ՀԷՑ-ի բարոյազրկման, բարոյազրկումից հետո էլ խորտակման խնդիրը։ ՀԷՑ-ը զարհուրելի դիպուկությամբ է բացահայտում երկրի տնտեսության հոգեգարված խառնաշփոթը, երբ շահութաբեր ազգային համակարգը խամաճիկային հնազանդության և, գլխավորը` մոլեգին հարստահարման վերջնարդյունքում վերածվում է փլատակի, որի հոգսը քաշում է բանին անտեղյակ հայ տանջահար հայությունը։ Ո՞րն է նրա մեղքը. գուցե այն, որ վերջնականապես չեն արտագաղթում և չի ամայանում երկիրը։ Գուցե։
ՀԷՑ, «Նաիրիտ», «Եղվարդի ջրամբար», օրենքով արտոնված մենաշնորհներ, կառավարական բիրտ-անմիտ շվայտությունների անսկիզբ-անվերջ շուրջպարեր` պորտապարի ելևէջներով և վերոնշյալ ակումբի «խորհուրդը խորին»։ Բայց գուցե ինչ-ինչ ազնիվ նպատակներ կան նրանց հավաքույթներում։ Ըստ իս, անցյալի (և օրվա) վարչապետերը պիտի կետ առ կետ, տող տողի հետևից խոստովանագրեր ներկայացնեն, թե ում վարչապետության օրոք որքան են կազմել պետությանը և ազգին հասցված հանցավոր բացթողումները։ Ա՜յ, սա կլինի ազնիվ առաքելական։ Մի խոսքով, երկիրը զոմբիացված է։ Մենք էլ նրա հետ։ Առակն այս զի՞նչ ցուցանե, թող որոշի յուրաքանչյուրը։ Ի դեպ, կասկածի վիշապաորդն է դարձյալ սողոսկել հոգուս խորքերը և անզուսպ քրքջալով վստահեցնում է, որ վարչապետաց ակումբի հովերին տրվելով շուտով իրենց հանրային ակումբները կբացեն ԱԺ նախկին և ներկա նախագահները, անխտիր բոլոր նախկին-ներկա երեսփոխանները, նախարարները, մենաշնորհատերերը, քաղաքական պոռնիկները և այլք։ Այստեղ երգիծանք, առավել ևս սարկազմ չփնտրեք, զի նման ակումբները կարող են հանրապետությունը դուրս բերել ժանգաբույր այս ճահճից, եթե յուրաքանչյուր ակումբական, յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ ներկայացնի իր կառավարման օրոք կատարված զանցանքի և հանցանքի մանրամասն նկարագրությունը և հնչուն արծաթով հենց տեղում վերականգնի երկրին, ազգին և նրանց ապագային հասցված վնասը։

ԱՎԱՐԱՅՐԻ ԷՆԵՐԳԻԱՆ ՈՐՊԵՍ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՓԱՐՈՍ


Մի խոսքով, ազգային համերաշխությունն այսօր Ավարայրի գին ունի, զի հերթական անգամ մեր սնանկ մարմիններից հերթական չափաբաժին մաշկը պոկելով նրանք առժամանակ լուծելու են իրենց գոյապահպանության խնդիրը։ Հերթական անգամ տխրահռչակ հանձնաժողովի նախագահ Նազարյանը` Ռոբերտ, լալահառաչ կդիմի ժողովրդին և կհիմնավորի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ ՀԷՑ-ի, նաև հանրապետության փրկության հարցը։ Այստեղ, նախ, գործ ունենք կավատային հնարամտության հետ, կառավարությունը զուգերգելով իշխանությունների հետ փլուզում է մի համակարգ, որը սնուցող արյունատար անոթի նշանակություն ունի։ Վերջնագրային ճշմարտությամբ փլուզում է կանխամտածված։ Սա իր հերթին։ Սակայն պատասխանատուի դերը ստանձնում է մատից ծծած ինչ-որ հանձնախումբ։ Դե, հասկանալի է, որ հանձնախմբին անհնար է մեղադրել հանցավոր անփութության կամ էլ կանխամտածված ավարառության մեջ։ Մի խոսքով, ժամն է արժանապատիվ սթափության։ Եվ ահա այստեղ մի ուշագրավ միտք ծագեց, որը կամենում եմ հանձնել ձեր դատին։ 21-րդ դարի առաջին քառորդում որոշվում է մեր լինելության բանաձևը, և մենք հարյուրամյակը «խարջելու» ենք որպես կրկնագաղո՞ւթ (չզարմանաք, եթե կա կրկնահանցագործ, կա նաև կրկնագաղութ), թե՞ կայանալու-զորանալու ենք որպես պետական միավորում։ Այսինքն` անհրաժեշտ է միավորվել ոչ թե առաջնորդի շուրջը, այլ գաղափարի, զի մեր իրական առաջնորդները կամ սեգ գլուխները վայր դրեցին երկրի անկախության համար, կամ էլ բարոյապես կործանվեցին` կուլ գնալով կրկնագաղութի տիրակալների նյութական որոգայթներին։ Այսինքն` ուշի ուշով եկեք հետևենք համաժողովրդական նոր շարժումների գործունեությանը։

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ
(նավահանգստում ծաղկել է բալենին)
Էհ, հարգարժան նորօրյա դպիր Աննա Պետրոսյան, մեր առասպելները ըմբռնելու համար նախ, հարկ է, որ թոթափենք այս առասպելական-ստրկացման լուծը, բայց գուցե մեր բնավորությանն ու բնույթին մերձենալու համար հեռանանք դարերի խորքը և սկսենք չարո՞ւխ հագնել։ Գուցե։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Կրկնագաղութ ասվածը գլուխկոտրուկ չէ, ընդամենը սահմանում է ճշգրիտ իրականությունը։ ՀՀ-ն նախ գաղութացված է սեփական իշխանիկների, այնուհետև օտար շահերի կողմից։ Վախենամ, որ ներկա կրկնագաղութը կարող է վերաճել եռագաղութի, երբ իշխանիկներին և օտար շահերին կմիանա ոտն ի գլուխ քաղաքականացված կիսաքրեական տականքը։ Ի դեպ, հենց քաղաքականացված կիսաքրեական տականքն է ՀԷՑ-ի փլուզման գլխավոր պատասխանատուն, նրանց թալանել են, գողոնը թաքցրել օֆշորներում և այլուր, գումարը պիտի Հայաստանը վճարի։ Որ ի՞նչ...

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ