Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Նապոլեոն Բոնապարտի դերակատարը Նապոլեոն Բոնապարտ չէ

Նապոլեոն Բոնապարտի դերակատարը Նապոլեոն Բոնապարտ չէ
31.03.2015 | 13:49

Տականք. սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը, սա տեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակարգին, անդիմակ՝ որպես հայ, զզվելի՝ որպես մարդ։ Հայության հանդեպ ոչ մի պարտականություն չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող։ Նա ազգային պատկանելություն չունի։


Գարեգին ՆԺԴԵՀ


Հարգելի «Իրատես», արձագանքիս առիթը ԱԺ նախագահի ելույթն էր Ազգային ժողովում և ձեր թիվ 15-ում հրապարակված «Ինչպես հաղթահարել միմյանց հանդեպ եղած անհանդուրժողականությունը» հոդված-հարցազրույցը, որն էլ խիստ մտահոգության տեղիք տվեց։ Ընթերցողին հիշեցնեմ, որ խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության պահպանման մասին» օրինագիծը, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը, որոնցով պաշտոնաթող նախագահի համար սահմանվելու է կենսաթոշակ աշխատավարձի 70 %-ի չափով, և ցմահ օգտագործման կահավորված գրասենյակ։ Այս առնչությամբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Իրատես»-ին տվել է որոշակի պարզաբանումներ։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ օրենքը հրատապ է այնքանով, որ նախագահներին գրասենյակ տրամադրելու ժամկետը մինչև 70 տարին լրանալն է (ի դեպ, արդեն լրացել է առաջին նախագահի 70-ամյակը)։ ՀՅԴ խմբակցությունն օրինագծին ձեռնպահ է քվեարկել, քանի որ այն արդեն ամրագրված է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։
Կարծում ենք, Ազգային ժողովի նման շռայլությունից նույնիսկ իրենք՝ նախագահները «կամաչեն», մանավանդ, եթե այն դիտարկում ենք օրվա հացի կարոտ բնակչության մի ստվար հատվածի թշվառության համապատկերում։ Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսպես է հիմնավորում օրինագծի անհրաժեշտությունը. «Մենք պետություն ենք, իսկ նախագահը երաշխավորն է այդ պետության, ի՞նչ է, Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պետության մեջ դերակատարում չի՞ ունեցել, ինչո՞ւ ժողովուրդը հետևեց նրա կոչերին, ինչպե՞ս անկախացանք, պատերազմը հաղթեցինք, մենք պիտի կարողանանք մեր արժեքները գնահատել, օրենքը պետք է ընդունվի»։ Հարգելի ԱԺ նախագահ, մի՞թե Դուք այս երկրում չեք ապրել, չեք ճաշակել առաջին նախագահի կառավարման տարիների պտուղները։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա արհեստավարժ տղերքը մեր երրորդ հանրապետության հիմքը դրեցին ավազի վրա, իսկ հետո հայ ժողովրդի հիշողության մեջ մնացին որպես «Ալի-Բաբան և 40 ավազակները»։ Բնութագիր, ինչը համահունչ է կեղծ ժողովրդավարների հիմնած «ավազակապետությանը»։ Վերջապես, ո՞վ է Հայաստանի Հանրապետության «առեղծվածային» առաջին նախագահը և ի՞նչ հետք թողեց հայոց երրորդ հանրապետության երկնակամարում։ Իր գործունեությամբ նա «ձուլեց» թշվառության, աղքատության և մուրացկանության արձանը՝ որպես իր կառավարման տարիների խորհրդանիշ։ Իմաստուն է ժողովրդական հայտնի խոսքը՝ Նապոլեոն Բոնապարտի դերակատարը Նապոլեոն Բոնապարտ չէ, կամ, ինչպես Վահրամ Փափազյանն էր ասում՝ «Մանչս, ամեն սև բան դեռ Օթելլո չէ»։ Այո, հարգելի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, պետության նախագահի աթոռը զբաղեցնելը, օրվա երկրորդ կեսին աշխատանքի ներկայանալը, ծխամորճի ծխի քուլաներով աշխատասենյակի օդը թունավորելը դեռևս նախագահ լինել չի նշանակում։ Փլուզվեց Խորհրդային Միությունը, առանձնացան հանրապետությունները, Ձեր կարծիքով՝ մերձբալթյան, միջինասիական հանրապետությունները լևոնտերպետրոսյաններ չունեի՞ն, իհարկե, ունեին, բայց նրանք մնացին անկախության բարիկադի հակառակ կողմում։ Տարբերությունն այն է, որ անկախացած մյուս երկրներում նախագահներ ընտրվեցին ազգային բարձր հատկանիշներով օժտված, պետական կառավարման փորձ ունեցող անձինք, ովքեր կայացրին իրենց պետությունները, իսկ մենք՝ ամեն ինչի դիմացող հայերս, առաջին նախագահի գլխավորությամբ քանդեցինք ծաղկուն երկիրը, ոչնչացրինք մեր հզոր արդյունաբերությունը։ Նա կոչ էր անում՝ «կոմունիստների կառուցածն է, պետք է քանդել», իսկ ժողովուրդը ծափահարում էր կեղծ ժողովրդավարին, չմտածելով, որ դրանք իր սեփականությունն են։ 1995-ին մասնավորեցվել են 4,7 մլրդ դոլարին համարժեք գործարաններ և տնտեսական կառույցներ, որոնց վաճառքից պետական բյուջե է մուտք գործել դրանց արժեքի 0,7 %-ը։ Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ ազգը մթության ու խավարի մեջ պահեց, ստեղծեց երկրից արտագաղթողների մի հսկայական բանակ, ձևավորեց բոմժերի, մարմնավաճառների, դրամաշորթների «խավը»։ Արևմուտքի ծրագրերն իրականացնելու նպատակով հրավիրվեցին փորձառու երկիր քանդողներ, ճակատագրական սխալ համարվեց ռուսների հետ մեր 300-ամյա բարեկամությունը, կարգախոս հորինվեց՝ ազգը չունի հավերժական թշնամիներ և բարեկամներ, ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացումը բացատրվեց արցախյան հարցով, բայց ոչ իրենց անկարողությամբ։ 1996 թ. նախագահական ընտրություններում առաջին նախագահը, ուժ գործադրելով, հաղթող Վազգեն Մանուկյանին չհանձնեց իշխանությունը։ Մինչդեռ, եթե «խավարի տիրակալը» ժամանակին հեռանար, այսօր ժողովուրդը, թերևս, բարվոք երկրում կապրեր։
Այսօր էլ Տեր-Պետրոսյանը, «մոռանալով» իր կառավարման տարիների սարսափները, պախարակում է իրեն հաջորդած նախագահներին։ Ես համամիտ եմ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն կարծիքին, որ երեք նախագահների շփումները պետք է լինեն հաճախակի, որ կարողանան հաղթահարել միմյանց նկատմամբ ունեցած ատելությունը։ «Եթե մեզ իսկապես հաջողվի հաղթահարել այս վիճակը, ու մեր պետության նախագահները կարողանան հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտում քննարկել երկրի վաղվա օրվան առնչվող հարցերը, կարծում եմ, դրանից կշահեն բոլորը»։ Իսկ ի՞նչ արեց առաջին նախագահը. նա չփորձեց գոնե մեկ անգամ մոտիկից ուսումնասիրել երկիրը լքող հայի կենսաշխարհը, նրա աղքատության և թշվառության պատճառների մեջ չփնտրեց իր «առյուծի բաժինը»։
Հարգելի ԱԺ խոսնակ, իմ պատկերացմամբ, Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է լինի ժամանակի հողմերին ճկունորեն դիմակայող, պետականաշինության բարձր գաղափարների կրող, սեփական ուժերին ինքնավստահ, ապագայի հանդեպ հավատով լցված, ազգային արժեքները գնահատող հզոր անհատականություն։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանն իր վերջին «առաքելությունն» իրականացրեց եռյակի կազմում, արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման «պահանջատիրությունը» թողնելով «առյուծ արքա» Ծառուկյանի ուժերին, ինչն էլ հանգեցրեց «օլիմպիական բարձունքից» վերջինիս գահավիժմանը։ Հենց սա էր երազում Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մաքրել մրցակցային հրապարակը, ձևավորել քաղաքական անհանդուրժողականության մթնոլորտ և վերցնել արդեն գետնին հայտնված նարնջագույն ու մայդանական հեղափոխությունների դրոշը։ Զուգահեռներ անցկացնելով առաջին նախագահի և Անի մայրաքաղաքը Բյուզանդիային դավաճանաբար հանձնած կաթողիկոս Պետրոս Գետադարձի միջև, եզրահանգումը թողնում եմ ընթերցողին ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ հայոց պատմության մեջ ո՞վ է զբաղեցնելու ներքին թշնամուն վերապահված առաջին հորիզոնականը։


Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ