Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Երբ պետբյուջեն է բարոյազուրկ (ավանդները ավանդական խաբեության ճահճում)

Երբ պետբյուջեն է բարոյազուրկ (ավանդները ավանդական խաբեության ճահճում)
27.03.2015 | 00:46

Ահա մի շատ բնորոշ պատմություն մի խաբված ընտանիքի կյանքից։ Պատմություն, որն անառարկելի փաստում է, որ, այո՛, երկրի պետական բյուջեն բարոյազրկված է մինչև ուղն ու ծուծը։ Եվ նրա ապաքինումը, թերևս, մեր հասարակության մեծագույն մարտահրավերն է։ Ճանապարհները վաղուց են խաչմերուկային փակուղում, որից այն կողմ արդեն ուրվագծվում են երկաթգծերի ոլորուն ճողվածքները։ Սա քաոսի բյուջե է, մեքենայությունների բյուջե, հանրությանը ստորացնող բյուջե։ Եվ այսպես շարունակ։
Քաղաքացի Ա.-ն Խորհրդային Հայաստանի շինարարական օբյեկտներում աշխատել է կես դար, մի ամբողջ կյանք։ Նրան հաջողվում է ընտանիքի ապահով գոյության նպատակով 15 հազար խորհրդային ռուբլի տնտեսել։ Անշուշտ, եթե կարգերը չփոխվեին` այս և շատ այլ ընտանիքներ կվայելեին արդար աշխատանքի պտուղները։ Սակայն ուրբաթը դարձյալ շրջանցեց շաբաթին, և 3-րդ հանրապետությունը երկար ժամանակ ցանկություն կամ հնարավորություն չուներ մարելու իր պարտքը աշխատավորության հանդեպ, չէ՞ որ նա է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը։ Սակայն իրավահաջորդությունը շատ ինքնատիպ դրսևորույթ ունեցավ մեր նորանկախ հայրենիքում, պետության անվան տակ ՀՀ իշխանությունները իրավահաջորդեցին, հսկա տնտեսական համակարգը մասնատեցին և յուրացրին ըստ սեփական կամքի և քմայքի, սակայն տնտեսություն ստեղծողին թողել և թողնում են ձեռնունայն։ Մի խոսքով, այսօր տարիների վաստակը ստանալու համար անհրաժեշտ է լինել աղքատության բոլոր չափորոշիչներին համապատասխան, այսինքն` «Փարոսի» ողորմությունից օգտվել, ապրել կիսաքաղց, և նոր միայն տերը լինել ավանդի։ Զարմանալի հաշվարկ է կատարել երկրի կառավարությունը, եթե ավանդի ժառանգորդ ընտանիքի անդամներից մեկը, դիցուք, գումարը վաստակած շինարարի թոռը, անհատ ձեռնարկատեր է և օրվա հացը վաստակում է մի սեղանի առջև օրնիբուն կանգնած, եթե ժառանգորդ ընտանիքի տանը կա հեռուստացույց, սառնարան և նշյալ հարգարժան ընտանիքը կոմունալ վարձերը մուծում է, ասենք, 50 հազար դրամի չափով ¥սա ձմռան ամիսներին¤, ապա նա ապահովված է և չի կարող ավանդատեր լինել։ Սա, ներող եղեք, ինչ-որ բութ չինովնիկական ուղեղներում որոճված թշնամական գրոհ է, ներկա կառավարությունը հրաժարվում է իր ուսերին ծառացած օրինական պարտքը մարելուց և դրա համար հորինում է զանազան խաբկանքներ։ Բնականաբար, ոչ մի քննադատություն չի կարող դիմանալ պատճառաբանությանը, թե պետական բյուջեում չկան բավարար գումարներ։ Կա՛ն, և ահռելի են դրանց չափն ու վատնելու մոլուցքը։ Ասացեք, խնդրեմ, ինչու է միլիոնատեր վարչապետը իր միայն մեկ ուղևորության վրա ծախսում մի քանի տասնյակ հազար դոլար, այն վերցնելով բյուջեից։ Իսկ նվիրատվություննե՞րը, իսկ թանկարժեք մեքենաների անվերջ ձեռքբերո՞ւմը, իսկ գերուռճացված ապարատի պահպանման ծախսե՞րը։ Եթե տարրական-պետական բարոյականությունը իշխի մեր կառավարական տանը ¥երեկ, այսօր, նաև վաղը¤, ապա ավանդատիրոջ ժառանգորդը պիտի ստանա պապ ու տատի, հոր և մոր վաստակած գումարի հասանելիք մասը, անկախ այն բանից, նա աղքատության ներքին շեմո՞ւմ է հանգրվանել, թե՞ դղյակում է կյանքը վայելում։ Եվ սա մի շատ պարզ պատճառով։ Երրորդ հանրապետության իշխանություններն ու կառավարությունները 2-րդի անբավ հարստության յուրացնողն ու օրինական իրավահաջորդն են և հետևաբար պետք է նրա պարտքերը մարեն։ Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանն ու նրա խորհրդականները այսօր մտածելու բան ունեն։ Տիարք, մարե՛ք ավանդատուների օրինական պարտքը, բարոյականացրեք երկրի պետական բյուջեն։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի ¥բ¤ ենթակետով սահմանված է, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր ապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչև 1931 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով»։ Այսինքն, եթե կամենում ես պապիդ-տատիդ, հորդ ու մորդ օրինական ժառանգությունը ստանալ, ապա իսկույն տեղափոխվել է պետք կամ հակառակորդի կողմից գնդակոծվող տարածքներ, կամ էլ հենց բնակությանդ վայրում պիտի թշվառանաս և ընդգրկվես «Փարոս» ծրագրում։ Այսինքն, պետք է նախապես վաճառես լվացքի մեքենադ և հեռուստացույցդ, հրաժարվես մշտական աշխատանքից և աշխատավարձից, լողանաս երկու ամիսը երեք անգամ և այսպես շարունակ։

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ