Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Հորս բլուզը շատ էր սազում Կարեն Ջանիբեկյանին

Հորս բլուզը շատ էր սազում Կարեն Ջանիբեկյանին
27.03.2015 | 00:17

Ավետիք պապս երեք տղա, երեք աղջիկ ուներ։ Ամեն քույր իր եղբայրն ուներ, ամեն եղբայր իր քույրն էր ընտրել։ Իգնատ հորս բաժին քույր էր ընկել Քառանց տուն հարս գնացած, զարմանալի խոնարհ, ներողամիտ, պտղունցով, կար ու ձևող, կարկատող, գործող, գյուղի մեծ ու փոքրի ծննդյան օրերը ճշգրիտ հիշող Արզուքանը, որը կարողացավ էն ալավբոց մեծ պատերազմի տարիներին ու մինչև իր կյանքի ավարտը անՄանթաշ-անհայր պահել-պահպանել երեք տղա երեխաներին` Սեյրան-Սամսոն-Սարվան։ Նրանց տունը դպրոցի մոտ էր։ Ամեն անգամ հորքուրիս հանդիպելով նույն բանն էի կրկնում. «Հորքուր ջան, գալիֆեյ շալվար եմ ուզում, ջեբավոր բլուզ եմ ուզում»։ Չեմ մոռանում հորքուրիս նույն պատասխանը. «Դասերդ լավ սովորիր, մեծացիր, մեծ մարդ դարձիր, կկարեմ»։ Էնքան հեռու էր թվում մեծանալը, որ ստիպված «է՜...» էի անում` ծանր ու հուսահատ։ Հուշերի գիրկը չընկնեմ։ Ասեմ` 1952-ին իմ հորաքրոջ` մավի կտորից կարած բլուզները հագներիս, մինչև վերջին կոճակը մերարած ճամփա ընկանք դեպի Դսեղ, տեսանք Դսեղի մեր հորքուր Թամարին, նրա զավակներին, իջանք Քոլագերան, որ գնացքը գա` շուտ-շուտ նստենք ու` պո՜ւկ, Երևան, արհեստագործական ուսումնարան` արհեստ սովորելու, մարդ դառնալու։
Վերնագիրը հեշտ գրեցի, թվում էր` հեշտ ու հանգիստ գալու են Կարենին բնորոշ-սազական բառերը։ Չեմ ուզում ասել` մեծերի (գրող լինեն, դերասան, ճարտարապետ թե հողագործ) գնալով դատարկվում է ինչ-որ բան, պակասում է նվիրական հողը, օդը դառնում է խեղդող։ Տեղով դերասան էր։ ՈՒրիշ բան չէր կարող անել։ Դերասան էր` դերասան պահեիք։ Ես չէ, որ պիտի ասեմ` նա, ճիշտ է, ո՛չ Խորեն էր, ո՛չ Սոս, ո՛չ էլ Մհեր Մկրտչյան ու... Բայց հենց էս օրով ասենք` նա Կարեն Ջանիբեկյանն էր` իր ուրույն խաղաոճով, իր ձեռագրով, անշփոթելի, ամենուր` իր նման։
Երբ աշնանարևցիները գնում են Ահնիձոր` ծանոթանալու Հրանտ Մաթևոսյանի աշխարհին ու նրա մարդկանց, տեղանքն են ուսումնասիրում, Կարենը զրուցում է հորս հետ` աչքը չկտրելով դարչնագույն, զոլավոր բլուզից։ Լսել է` Հրանտի հերը ձեռքի վերջին պատառ հացն էլ կտա, հագի շորն էլ կհանի կտա, միայն թե կարիքավորը թեկուզ քչով յոլա գնա, մինչև... Կարենը հորս բլուզը հագից հանել է տալիս, իր շապիկը մեկնում հորս, բլուզը ուրախ-ուրախ հագնում, դես նայում, դեն նայում, քայլում է, նստում, հայացքը բարձրացնում երկնքին` անձրև կգա՞, էս ի՜նչ գեղեցիկ անտառ է։ Ճրագթաթի ծմա՞կ են ասում։ Ձեռքը տանում է բլուզի գրպանը։ Ինչո՞ւ ծխախոտ չկա։ Հա, իր վերնաշապիկը չէ, Սիմոնի բլուզն է։ Լավ բլուզ է, երևի Հրանտն է հոր համար Մոսկվայից առել։ Ի՞նչ եք ասում` Հրանտի հորքո՞ւրն է կարել իր եղբայր Իգնատի համար։ Կարենը մտածում է` ինքն ինչո՞ւ պիտի խաղա Իգնատ-Սիմոնի դերը։ Ինչ պակաս մարդ է, համ Սիմոն է, համ Իգնատ, թող խաղա, էլի։ Բլուզն ունի, ամեն ինչ էլ ունի... Չէ, էս բլուզը պրծավ, չի տա ոչ մեկին։ Ե՛վ ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը, և՛ օպերատոր Կարեն Մեսյանը նույնպես խորհուրդ տվեցին, որ էս բլուզով կխաղա։ Անահիտ Ղուկասյանը մտածում է, որ էս բլուզով Կարենն ավելի Սիմոն կլինի, ո՛չ սուրճ կխմի, ո՛չ էլ կծխի։ (Իմ հայրն ամբողջ կյանքում չիմացավ ծխախոտն ինչ է, սուրճն ինչ է, բայց լավ իմացավ, թե բնությունն ինչ է, հարգանք-պատիվն ինչ է, ինչ է կյանքը, որն է մարդու կոչումը, ինչո՞ւ ենք վնասակար գործ անում)։ Ամեն ինչ գնաց։
Զանգ եմ տալիս Ահնիձոր, մեր հայրական տան պահապան փոքր եղբորս.
-Համո ջան, մեր Արզուքան հորքուրի կարած, մեր հոր հագած դարչնագույն...
-Հասկացա, սրճագույն։ Հենց լսեցի Կարեն Ջանիբեկյանի մահվան մասին, հիշեցի նրան, աչքիս երևաց նա` մեր հոր բլուզով, սրճագույն։
-Էն ժամանակ էսքան սուրճ ո՞վ էր խմում, ուրեմն ասենք` դարչնագույն, զոլավոր, գրպանով։ Հորս շատ էր սազում։ Իսկական տեղ գնալու շոր էր, բայց, է՜...
Կարենն ինչո՞ւ մահացավ։ Ինչ լավ օրեր էին։ «Մենք ենք, մեր սարերի» դերասանները լցվեցին, աշնանարևցիները լցվեցին։ Մեր տանը ուրախություն էր։ Աշխատած, հոգնած բլուզ էր։ Նորից ու նորից հիշեցինք Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին, Մհեր Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Ազատ Գասպարյանին, մեր ծնողներին, մեր մեծին` Հրանտին, հիշեցինք ու ավելի դժվարեց բառ ասելը։ Փոքր եղբայրս հաստատ ծխախոտ վառեց, սուրճը կում արեց ու.
-Խորենը լավ ձիավոր էր։ Այ, անտեր երկիրը պետք է տեր ունենա։ Հրանտի պես տեր, Խորենի պես տեր, ձիու պես տեր։
Ես սրբում եմ վաղուց չորացած արցունքներս։
Ի՞նչ ասեմ, դե, որ գնում եք, բարով գնաք, էս կյանքից ի՞նչ հասկացանք, որ էն կյանքում հասկանանք։ Ինչ դժվար է մարդ մնալը։ Դու մարդ մնացիր, Կարեն, դու ոչ մի տեղ դերասանություն չարեցիր։ ՈՒղիղ, շիտակ, հորս բլուզը հագիդ, կորուստներով հարուստ, հարուստ` նաև հուշերով։ Կասեն` եղել է մի դերասան` Կարեն անունով, որը սիրել է, երեխաներ ունեցել ու բարության սերմեր ցանել Սունդուկյանի բեմում, և ուր քայլել է...


Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ