Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Նրանք այդ խղճուկ մեկ միլիոն ու մի քանի հարյուր հազար դրամի կարիքը չունեն, պետք չէ նրանց «վիրավորել»

Նրանք այդ խղճուկ մեկ միլիոն ու մի քանի հարյուր հազար դրամի կարիքը չունեն, պետք չէ նրանց «վիրավորել»
13.03.2015 | 01:11

Ազգային ժողովի նախագահը բարոյական չի համարում հանրապետության նախկին նախագահներին պետության հաշվին պատշաճ կենսաթոշակ չնշանակելը, նրանց հարմարավետ բնակարանով չապահովելը, նրանց անձնական անվտանգությունը չապահովելը, նրանց հետագա գործունեության համար գրասենյակ չտրամադրելը և այլ հարմարավետություններով չպատվելը։ Իսկապես, անհարգալից կլիներ այն մարդկանց ազգաշահ վաստակի հանդեպ, ովքեր իրենց գործունեության ընթացքում աշխատել ու ապրել են միայն ժողովրդի աշխատող հատվածի եկամտահարկերից գոյացած աշխատավարձով. չէ՞ որ նրանք թագավոր չեն, որ աշխատավարձ չստանան, այլ սովորական վարձու աշխատող են: Բայց մի մեծ բայց կա այստեղ… Ես ուրիշի փողը հաշվելու սովորություն չունեմ, բայց օտարները հաշվել են և անգամ վիճակագրության մեջ ընդգրկել մեր «ուրիշի» փողերը… Դրանք ահռելի գումարներ են, որոնք, հաստատ, աշխատավարձի խնայողությամբ չեն կուտակվել: Այդ դեպքում որտեղի՞ց այդ հարստությունը։ Մի պարզ տրամաբանական հարց է ծագում. այդ մարդիկ երկի՞ր են ղեկավարել, թե՞ բիզնեսով են զբաղվել։ Սկսենք առաջին նախագահից, որին մեծ պատիվներով հանգստի ու քաղաքական գործունեության ուղարկեցինք հրաժարականից հետո: Պետության հաշվին պատկառելի գումարի թոշակ նշանակվեց կենսաթոշակի տարիքի չհասած մի մարդու, ով աշխատունակ էր և կարող էր դեռ աշխատել իր նախկին աշխատավայրում՝ Մատենադարանում, որտեղի բարձունքից մեծ թռիչքով դարձավ ՀՀ նախագահ: Հետո նրան տրամադրվեց պետական սեփականություն համարվող, հայտնի որպես Աղասի Խանջյանի տունը՝ Զանգվի բարձունքի սև շենքը: Ո՞ր օրենքով պետական սեփականությունը անհատույց սեփականաշնորհվում է թեկուզ նախկին նախագահին: Օրենքը՝ չգիտեմ, բայց արժանիքների բացակայությունը բոլորիս է հայտնի: Թող իմ այս խոսքերը չընկալվեն որպես ոչ «տիրասիրություն» այն իմաստով, ինչպես ընկալվում էր վաղ միջնադարում՝ հայոց արքաների իշխանության ժամանակ, երբ մեր նախարարներից ոմանք, թագավորի հետ անձնական խոտոր հաշիվների պատճառով, անհնազանդություն են ցուցաբերել արքայի հանդեպ: Իհարկե, Ճիշտ չէ և՛ բարոյական, և՛ մանավանդ քաղաքական տեսակետից երկրի նախկին ու ներկա առաջնորդին կծու և թունոտ քննադատության ենթարկելը, արածների ու չարածների համար հաշիվ պահանջելը. վերջապես երկիր ենք, պետություն ենք, թշնամի ունենք, չկամ հարևան ու դաշնակից ունենք: Ո՞վ կհարգի այն զավակին, ով իր հորից դժգոհ է ու անընդհատ նրա արած գործերը սխալ է համարում. այդ մարդու հետ ոչ ոք չի ուզի ընկերություն անել: Բայց, եթե անկեղծ լինենք, կան այդպիսի հայրեր, ովքեր պարզապես ֆիզիոլոգիական վկան են իրենց զավակների, բայց նրանց հոգսն իրենց վրա չեն վերցնում, այլ ապրում են միայն իրենց հաճույքի համար: Կարելի՞ է հարգել այդպիսի հորը, որը մտածում է միայն իր հաճույքների մասին, ինքը սև խավիար ու իշխան է ուտում, իսկ երեխաները կիսաքաղց են, մուրացիկությամբ կամ գողությամբ են զբաղվում։ Կարելի՞ է այդ հորը պատվել, հարգել, մեծարել։ Չի՛ կարելի։ Կարելի՞ է նրան սթափության խոսքեր ասել։ Պե՛տք է ասել: ԱԺ-ն իսկապե՞ս համարում է, որ մեր երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է արժանավոր նախագահ երկրիս համար:
Քաղաքական գործունեության և քաղաքական խնդիրների լուծումների խայտառակ ձախողումները, տնտեսական անգրագիտությունը, հանրապետության տնտեսության թշնամական փլուզումը, Արցախի հարցը չիմացությա՞մբ, թե՞ միտումնավոր սխալ քաղաքական ուղղությամբ տանելը, պատերազմում կամավորական ջոկատներին պետական հոգատարություն չցուցաբերելը ¥հիշենք այն տեսագրությունները, որտեղ ազատամարտիկներին միայն ցամաք հաց էին բերում, նրանք էլ, մատնաքաշից մի պատառ կտրելով, փոխանցում էին ընկերոջը, թե որքան ղարաբաղցի կանայք կերակուր էին պատրաստում և բերում զինվորներին, իրենց չորացրած-մանրացրած թութունը բերում-հասցնում էին տղերքին, հետն էլ թերթեր՝ սիգար փաթաթելու համար, շատերն էլ պատմում են, որ անգամ կրիա են բռնել-մորթել ու կերել, որովհետև կռվից առաջ կամ հետո ոչինչ չի եղել ուտելու¤: Եվ դեռ ՀՀՇ-ականները կուրծք են ծեծում, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթող նախագահ է: Հիշենք, Օմարի լեռնանցքի գրավումը հաղթող նախագահին զայրացրել էր, և նա առաջին ու վերջին անգամ մեկնում է Ղարաբաղ, որպեսզի անձամբ պահանջի Ռոբերտ Քոչարյանից լեռնանցքի հանձնումը թուրքերին: Ազատամարտիկների կյանքի, ցրտահարված ոտքերը կտրելու և անդամալույծ դառնալու գնով գրավված բարձունքի վերադարձը ռազմավարական և մարտավարական կոպիտ սխալ էր. թուրքերը երկու կողմից էլ՝ Հայաստանի և Ղարաբաղի, հսկում էին ռազմավարական և ճակատագրական կարևորությամբ բարձունքը՝ Օմարը՝ հարակից հայկական պատմական Քարվաճառի տարածքով: Եթե Օմարի լեռնանցքը մնար թուրքերի հսկողության տակ, պատերազմը այլ ելք կունենար։ Բարեբախտաբար, զինված կազմավորումներում և բանակում կային ռազմական տրամաբանությամբ ղեկավարվող գնդապետներ, ովքեր հասկացրին այդ ժամանակվա պաշտպանության նախարարին, որ մենք ոչ միայն պատերազմը տանուլ կտանք, այլև վերջնականապես կկորցնենք նաև Ղարաբաղը, իսկ Հայաստանի արևելյան շրջանները՝ Վարդենիս-Սոթք, կլինեն մշտական հրետակոծության տակ այնպես, ինչպես քսան և ավելի տարիներ Տավուշի շրջանի գյուղերն են գնդակոծվում: Առաջին նախագահի խղճին են Տավուշի ռազմավարական և մարտավարական բարձունքները չգրավելու անհեռատես հրամանը և հանձնումը թուրքերին, որի ավերիչ հետևանքների ականատեսն ու վկաներն ենք մենք այսօր:
Ցուրտ ու մութ տարիների մասին կարելի է գրել մի ամբողջ պատմություն՝ իր գեղարվեստական և փաստագրական սյուժեներով: Իսկ քաղաքական սպանություննե՞րը, որ դարձել էին մեր առօրյայի անբաժան մասը, ու մենք չգիտեինք՝ զոհված ազատամարտիկ մեր հարազատի, բարեկամի ու հարևանի համա՞ր սգայինք, թե՞ հերթական պաշտոնյայի սպանությունից սոսկայինք։
Իսկ դրամափոխանակությո՞ւնը... Ժողովրդի փողը ժողովրդի ձեռքից վերցրին, նրա համար փոշիացրին, իսկ վերնախավը հարստացավ: Իննսունականների ծանր տարիներին փոխեցին խորհրդային անձնագրերը, և ժողովրդին տրվեց նոր՝ ՀՀ քաղաքացու անձնագիր, որը երկրից ազատ դուրս գալու հնարավորություն էր ընձեռում՝ վիզայի մեկ կնիքով: Մինչդեռ հետխորհրդային ոչ մի հանրապետությունում, կարծեմ նաև աշխարհի մյուս երկրներում, քաղաքացուն տրվում է անձը հաստատող՝ մեր նույնականացման քարտի պես մի փաստաթուղթ, իսկ արտասահման մեկնել ցանկացողները վերցնում են «արտասահմանյան» անձնագիր: Լևոն Տեր-Պետրոսյանը տվեց այդ անձնագիրը և դռները բացեց դեպի աշխարհի չորս կողմը։ Այդ օրվանից հայաստանցիները դարձան աշխարհաքաղաքացի: Լևոն Տեր-Պետրոսյան նախագահը հաղթող հայոց բանակի համար կնքեց խայտառակ և անորոշ զինադադարի պայմանագիր՝ առանց ռազմատուգանքի պահանջի՝ որպես չհայտարարված պատերազմից տուժած կողմ: Դա պետք է լիներ ոչ թե զինադադար, այլ պատերազմի ավարտ ու հետագա ռազմական գործողությունները չվերսկսելու պահանջ-պայման։ Նա ստորագրեց քաղաքական և դիվանագիտական տեսակետից ամենաադրբեջանամետ մադրիդյան համաձայնագիրը, որի պատճառով առայսօր Ղարաբաղի խնդիրը մտել է փակուղի՝ ազգերի ինքնորոշման ու պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների՝ միմյանց հակասող դրույթների պատճառով: Չմոռանանք նրա՝ ընտրությունների ժամանակ հավաքած ձայները փոշիացնելը. ժողովուրդը, թեև չէր մոռացել ցուրտ ու մութ տարիները, ձայն տվեց նրան, գործող իշխանությունից ազատվելու համար: Նա պատասխանատու է նաև մարտիմեկյան արյունահեղության համար՝ որպես դրդող ու կազմակերպիչ։ Նա և երկրորդ նախագահը լիովին պատասխանատու են այդ ողբերգության համար։ Իսկ հողի սեփականաշնորհո՞ւմը, երբ հողը տրվեց գյուղացուն՝ առանց գյուղտեխնիկայի, առանց պարարտանյութի ու ոռոգման հնարավորությունների, բայց հողի հարկի վճարման պարտադրվածությամբ: Ժողովուրդն անմիջապես հումորի վերածեց՝ ոչ թե հողը տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին: Բա արդյունաբերական ձեռնարկություններն անգործության մատնե՞լը, դրանց սարքավորումների մասնատումն ու որպես մետաղի ջարդոն հարևան երկրին վաճառե՞լը։ Չմոռանանք նաև ղարաբաղցի-հայաստանցի՝ էթնո-քաղաքական մտացածին և կեղծ հակասության ստեղծումը: Առաջին նախագահին դա հաջողվեց: Իննսունականներին շատերս գաղափար չունեինք քաղաքական տեխնոլոգիաների մասին, և մեր չիմանալը մեզ գցեց անիմացության թմբիրի մեջ: Միչդեռ ծրագիրը գործում էր հստակ ու անվրեպ: Երբ մարդուն դուր չի գալիս ինչ-որ բան, և այդ ինչ-որ բանը նրան անհանգստություն ու վնաս է պատճառում, մարդն ամեն ինչ կանի դրանից ազատվելու համար: Ահա այդ ժամանակ է, որ օգնության են գալիս քաղաքական տեխնոլոգիաները և առաջարկում դրանից ազատվելու ձևերն ու ուղիները: Եվ Սերգո Երիցյանը, երբ դեռ շարքային լրագրող էր, «անմեղ» մի հարց տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, թե ե՞րբ ենք մենք՝ հայաստանցիներս, լավ ապրելու: Քաղաքական տեխնոլոգիաները, որ տարիներով իրենց սև գործն արել էին ու շարունակում էին, տվեց դատավճիռը. «Սերգո՛ ջան, քանի Ղարաբաղի հարցը կա, լավ չես ապրի»: Այսպես, ազգային-ազատագրական բարձր գաղափարն իջեցվեց կենցաղային, զուտ նյութական մակարդակի, և հայերի մի հատվածին անբարեհաճությամբ տրամադրեցին մյուս հատվածի դեմ: Այս թվարկումներս այն չնչին մասն են Լևոն Տեր-Պետրոսյանի հայաստանակործան գործունեության, որի ականատեսն ու տուժողն ենք ազգովին։ Եվ այս ամենի համար նրան արժանացնում ենք պատիվների՝ ահռելի կենսաթոշակ, կյանքի անվտանգությունն ապահովող ծառայություն, քաղաքականությամբ զբաղվելու համար պետության հաշվին գրասենյակ ունենալու իրավունք և այլն։ Համաձայնե՛ք, այս որոշումը ոչ միայն անբարո է, այլև անարդար է, քանի որ այն առավելապես ամրապնդում է երկրում՝ պետության ու ժողովրդի հանդեպ քաղաքական ու տնտեսական հանցագործություն կատարողին օրենքով պատասխանատվությունից զերծ պահելը և այդու՝ անպատժելիությունն օրինականացնելը։ Մինչդեռ նրան պետք է դատել հայրենիքի հանդեպ դավաճանության ու վնասարարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Դառնանք ՀՀ երկրորդ նախագահին պետության կողմից պատիվների արժանացնելուն: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակեց ՀՀ վարչապետ, նպատակը բնավ էլ տնտեսական չէր: Իսկ երբ Քոչարյանը մի տարի անց իր թեկնածությունը դրեց նախագահական ընտրություններում, այդ առումով Հայաստանում եղան դժգոհություններ, անգամ քաղաքագետների մակարդակով՝ փաստարկելով, թե նա Հայաստանում տասը տարվա քաղաքացիություն չունի: Իսկ որոշ մարդիկ նույնիսկ դա քաղաքական ուժեղ քայլ համարեցին, որն իբր վավերացրեց ու իրավական հնչողություն տվեց 1989 թ. դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և ԼՂԻՄ-ի Գերագույն խորհուրդների համատեղ որոշմանը՝ վերջինիս Հայաստանի հետ վերամիավորվելուն: Իրականում դա վերը նշածս քաղաքական տեխնոլոգիաների ծրագրի մի մասն էր: Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ էր, որ Քոչարյանը վարչապետի պաշտոնում կունենա տնտեսական գործունեության լայն դաշտ, որտեղ բացառված չեն լինի կաշառատվության և կաշառառության հարաբերությունները, որոնք կստեղծեն պաշտոնատար անձանց արատավոր շղթա: Իր հեշտ ու անդիմադիր հրաժարականով Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հնարավորություն տվեց մասնակցելու նախագահական ընտրություններին և հաղթելու։
Տեխնոլոգիաները երբեք չեն քնում. սկսեցին լուրեր և ասեկոսեներ տարածվել, որ Քոչարյանը Ղարաբաղից բերում է իր վստահելի մարդկանց, որ Ղարաբաղը դատարկվում է, իսկ ղարաբաղցիները Երևանում ամենուրեք պաշտոն են ստանում ու բիզնես դնում։ Մենք ստեղծագործական ունակություններով օժտված ժողովուրդ ենք, և ոգևորված սկսեցինք իրականությունը սևացնել մռայլ գույներով, իհարկե հիմքում առկա էր իրականությունը, չկասկածելով, որ դրա թիկունքում քաղաքական տեխնոլոգիաներն են՝ իրենց քաղաքական նպատակներով, իսկ մենք, որ արդեն խայծը կուլ էինք տվել, ջուր էինք լցնում ջրաղացին: Կարո՞ղ էր Քոչարյանը կասեցնել ղարաբաղցիների արտահոսքը Հայաստան ու այլ երկրներ: Իհա՛րկե, կարող էր: Բայց նա դա չարեց, և երկրաչափական պրոգրեսիայով աճում էր ղարաբաղցի-հայաստանցի ազգակործան հակասության խորացումը: Քոչարյանի նախագահության օրոք ավելի սրվեցին սոցիալական անհավասարությունն ու բարոյական անկումը, անպատժելիության մթնոլորտը, և մանավանդ երկրի բնական պաշարների անխնա վատնումը, Քոչարյանի ու նրա մերձակա շրջանակի առասպելական հարստացումը: Կարո՞ղ էր Քոչարյանը ընդդիմանալ այդ գայթակղությանն ու ապրել միայն իր բարձր աշխատավարձով, որպեսզի չնսեմանային մեր ազատամարտի ոգին ու գաղափարը։ Կարող էր, եթե ինքն այդ ոգու և գաղափարի կրողը լիներ: Գուցե որոշ մարդկանց իմ հարցադրումը վերջին միամիտի հարց թվա, բայց ես ասում եմ, որ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Քոչարյանը, և՛ ներկա ու գալիք նախագահները պարտավոր են ապրել միայն աշխատավարձով, քանի որ նրանք պաշտոնյա են ու վարձու աշխատող, այլ ո՛չ գործարար: Մեկնաբանությունս երկարեց, սակայն առակս զի՞նչ ցուցանե… ՀՀ նախագահները, եթե իրենց գործունեության ընթացքում դավաճանել են ազգի, Հայրենիքի ու պետության տարածքային ամբողջականության, տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, բարոյական շահերին, եթե նրա և իր մերձավոր հարազատների անձնական հաշվին կլինի միլիոնների ու միլիարդների հարստություն՝ մեր երկրի ու օտարերկրյա բանկերում, եթե նա կունենա անթիվ-անհամար և միլիոնների արժողությամբ անշարժ գույք, եթե նա իր քաղաքական թյուր և ազգակործան քաղաքականությամբ կդրդի արտագաղթի, սոցիալական վիճակի վատթարացման պատճառով ծնելության նվազմանն ու ժողովրդագրության անդառնալի անկման, այդ նախագահը ոչ միայն կզրկվի պետական պատիվներից՝ բարձր թոշակից, անվտանգությունն ապահովող ծառայությունից և այլն, այլև անհապաղ կենթարկվի քրեական պատասխանատվության։ Քանի որ մենք դեռ պատրաստ չենք մեր երկրի նախկին նախագահներին քրեական ու բարոյական պատասխանատվության ենթարկելու իրենց կոռուպցիոն-օլիգարխիկ ներքին քաղաքականության, պետությունը ղեկավարելու աշխատանքային ժամերին բիզնեսով զբաղվելու և ժողովրդի ու պետության հաշվին հարստանալու համար, պարզապես ասեմ, որ նրանք այդ խղճուկ մեկ միլիոն ու մի քանի հարյուր հազար դրամի կարիքը չունեն, պետք չէ նրանց «վիրավորել»։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ