Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ծառուկյանի տարոսը հայկական օլիգարխիային (արդյո՞ք կփողփողան 4-րդ հանրապետության դրոշները)

Ծառուկյանի տարոսը  հայկական օլիգարխիային (արդյո՞ք կփողփողան 4-րդ հանրապետության դրոշները)
20.02.2015 | 00:04

Ահա՛ իմ գլուխը,
Տե՜ր իմ,
Դրված Ավետյաց երկրի
Ճիշտ կենտրոնում,
Որտեղից միայն կարելի է
Տեսնել քեզ։
«Սենտիմենտալ», Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ

ԴԱԲԱՂԻ ԶՈՀԵՐԸ
(մակույկները ծակ են, հածանավերը՝ փտած)
Երանելի՜ ժամանակներ. համատարած անգրագիտությունը վերացնելու նպատակով Սովետմիությունը ձեռնարկեց «Ликвидация безграмотности» շարժումը։ Անհամար քանակությամբ ժիր հովիվներ և կայտառ կթվորուհիներ նախ սերտեցին այբն ու բենը, այնուհետև հանում-գումարումը և կարդացին համամիութենական գլխավոր խաբեությունը՝ «Պրավդա» թերթը։ Կարդացին, հավատացին-չհավատացին, սակայն գլխավորն այն էր, որ նրանք նաև Թումանյան էին կարդում և կարող էին ճշգրիտ հաշվել իրենց աշխօրերը։ Հետո նրանց զավակները համալսարաններ ավարտեցին, դարձան բժիշկ, բանասեր, պատմաբան և ինժեներ։ Շատերը բուհն ավարտելով՝ վերադառնում էին հայրենի գյուղ, հավանաբար իր հետքն էր թողել նշանավոր «Ինժեներ բալա» երգը, ուր կային ահա նման հոգեցունց բառեր. «...ինժեներ բալա, ստացար ուսում, դու լավ կաշխատես մեր МТС-ում»։ МТС-ը ռուսերեն հապավում է, որ նշանակում է մեքենատրակտորային կայան։ Իսկ մենք «Օվալաձև» կայարանում ենք։ Դաբաղն է իշխում այստեղ, քաղաքական դաբաղը։
Սակայն լիկբեզենք անտեղյակներին, որ դաբաղը խոշոր եղջերավոր անասունների և խոզերի հիվանդությունն է, որի ընթացքում բշտիկներ են առաջանում, և մեր պատվական չորքոտանիները տառապում են, դառնում են պատուհաս գյուղի գլխին։ Դաբաղն է պատճառը, որ իշխանակույտը ժանիք է ցույց տալիս և հաշվեհարդարի դաշույններն է սրում։ Իսկ գուցե հայտարարենք նոր, խիստ կարևոր մի շարժման մասին. «Ликвидация безнравственности»։ Վարչապետ Հովիկը, ակներևաբար երկրի նախագահի աչքը մխրճվելու մարմաջով տարված, խոստացավ բամփել յուր խնամի Ծառուկյանի գլխին։ (Բամփը ձեռքի բաց ափին է, բաց ձեռքի հարվածը)։ Կեցցե՛ս։
Իր հերթին փոխխոսնակ Շարմազանովը անխռով վերջնագրեց. քաղաքականությամբ պիտի զբաղվեն քաղաքական գործիչները, իսկ Ծառուկանը գործարար է, ոչ թե քաղգործիչ։ Դու էլ կեցցե՛ս։ Միայն թե մեկ պայմանով, եթե հրահանգես քաղաքական գործիչների ներքոնշյալ բույլին քաղկառույցների գրասենյակներում, հանրային հանդերում, հանապազօր հացի հերթերում և Բյուրականի աստղադիտարանում հանդես գալ բանախոսությամբ՝ հետևյալ թեմայով. «Հայկական քաղաքական դաշտի ուզուրպացիան բրոնզե դարից մինչ մեր օրերը»։ Բույլի կազմն անխախտ է՝ ա) Թոխմախի Մհեր, բ) գեներալ Մանվել, դ) Շմայս Առաքել, ե) Յուվեցի Կարո և զ) Շշի Մելո։

ԻՆՉՊԻՍԻ ԳՈՅԱՎԻՃԱԿ Է ԱԺ-ՈՒՄ
(մակույկները ծակ են, մակույկավորներն էլ՝ թմրամոլ)
Առհասարակ, մենաշնորհատերը բազում խնդիրներ ունի լուծելու, չէ՞ որ հսկայական հարստությունը ահռելի խաբեությունների, պատասխանատվության, կասկածների, կրակոցների և այլնի դրդապատճառ է։ Այսինքն, սույն սուբյեկտը պետք է անգամ լիաթոք հորանջելու ժամանակ չունենա, նա խիստ բազմազբաղ է, մշտապես վախը սրտում, գիշերներն էլ չարորակ երազներ է տեսնում։ Բայց այս ամենը մի կողմ թողած նա ԱԺ-ում է, անվերջ հորանջում է և մշմշալով ննջում է (այս տեսակը խիստ վնասատու չէ՞ երկրին ու ազգին. անպատճառ)։
Բացի սրանից, Օվալաձևի 131 անդամներից 71-ը սեփական հանձնաժողովի անունը, անելիքը և ոչ մի օրենքի անվանում բերանացի չգիտի։ Նրանց այս ամենը շարունակ հուշում են։ Այսինքն, նրանք շատ նման են սուզանավի կոնստրուկտորական բյուրոյում աշխատող հնակարկատի։ Բայց և այնպես, նրանք օրենքներ են թխում և կիսահում հրամցնում են հասարակությանը։ (Ընդունելի՞ է այս մատաղը, անշուշտ՝ ո՛չ)։
Եվ վերջերս, երբ Օվալաձևում թոզ են փչում մեր աչքերին, սա մի կերպ հանդուրժելի է, առանց դրա քաղկառույցը կնմանվի պանրի՝ առանց աղի։ Բայց երբ ոմանք երկարաշունչ, ինքնամոռաց և անզուսպ հայհոյում են և դա համարում են իրենց պատգամավորական մանդատի պահպանման երաշխիքը, նշանակում է, իրոք, դաբաղի համաճարակ է այստեղ։

ԺԻՐՈՆ ԵՎ ԺԻՐՈՆԴԻՍՏՆԵՐԸ
(ծակ մակույկները բաց ծովերում)
Ժիրոն Ժիրայրն է, Սէֆիլյանը աննկուն։ Ժիրոնդիստները ֆրանսիացի հեղափոխականներ էին, ովքեր սկզբում հանդես էին գալիս միապետության դեմ, բայց իշխանության գլուխ անցնելով (դա եղել է 1792-ին)՝ նրանք բավարարվեցին և արդեն ճնշում էին հեղափոխական շարժումները։ Ժողովուրդը դա չհանդուրժեց և մեկ տարի անց նրանց տապալեց։ Ժիրոնդիստները խռովության անցան և փորձեցին քաղաքացիական պատերազմ հրահրել, հասկանալի է՝ ոչ թե նրբագեղ ֆրանսուհիների սիրո համար, այլ կրկին իշխանության հասնելու համար։ Ձախողվեցին։
Խոստովանում եմ, «Սարդարապատի» լույսընծայման հաջորդ օրերին երջանիկ խրխնջում էի, վեջապես կայացել էր գերագույն իղձս, ստեղծագործական մտավորականությունը միաբանվել էր ազատամարտի հրամանատարներից կրթյալ մեկի հետ։ Հավելենք նրանց նշանավոր ազգագրագետին, դրամաշնորհային երևելի վարպետին, և պարզ է, որ կապույտ երկինքն էր կախվել ժանգապատ երկրիս գլխին։
«Սարդարապատը» վերաճեց «Նախախորհրդարանի», վերջինս էլ վերաիմաստավորվեց որպես «Հիմնադիր խորհրդարան»։ Մի կերպ դիմակայում էի` լսելով վերոնշյալ այրերի և տիկնոջ մանվածապատ հրովարտակները առ երկրի ազատագրում, պետականության վերականգնում, ազգի հարատևում այդ դժնի լուսնի տակ և այլն։ Սակայն փայլատակեց կիսալուսինը, և նրանք հրովարտակեցին գերագույն տեսլականը՝ «100-ամյակն առանց ռեժիմի»։ Չէ՜, սրանից մայդանահոտ է գալիս, և ակամա սկսեցի տեղազննել նրանցից ոմանց։ Խզմալյանը Տիգրան մի անգամ խիստ թունդ բուրեց, երբ Թամանյանին նվիրված իր ֆիլմի գաղափարական միջուկը համարեց այն, որ մեծն ճարտարապետը Երևանը կառուցել է հանուն իր անգլուհի կնոջ սիրո։ ՈՒրեմն հե՞չ դարերի պատգամներն ու կորսված մայրաքաղաքների պահանջատիրությունը։ Իր հերթին բավական բացորոշ հակահայկականություն է քարոզում ազգագրագետ (թերևս ազգադավագետ) Հրանուշը Խառատյան՝ փառաբանելով Վասակ Սյունու իմաստուն ռազմավարությունը (որը տանում էր Հայաստանի վերջնագրային կործանման) և այպանելով Վարդանի «ձախողակ» պայքարը (որի նպատակը պետականության և ազգային ինքնության պահպանումն էր)։ Մի խոսքով, Սարդարապատ-Նախախորհրդարան հիմնադիր խորհրդարանի 4-րդ անվանումը թերևս լինի սա. «Հիմնադիր նախամայդան»։

Մի խոսքով, հարկ է ազատագրվել բոլոր կարգի ռեժիմներից` թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր և թե՛ ընդհատակյա։ Եվ հարկ է ձևավորել ազգային-արմատական խորհրդարան, ուր տեղ չեն ունենա տառաճանաչ-հաստաքսակներն ու քաղաքական պորտապարի ստորաքարշ վարպետները։ Նաև սպասելի է ՀՀԿ արտակարգ մի նիստ, որի ընթացքում երկրի և կուսակցության նախագահը ոտն ի գլուխ կմերկացնի, այնուհետև անարգանքի մրջնապատ սյուներին կգամի բազում ամբարիշտ գանձագողերի, հակապետականների և այլոց։ Թե չէ մի քիչ տարօրինակ է, որ խորտակվող նավ հիշեցնող մեր պետական տան բոլոր չարիքների միակ մեղավորը Գագիկն էր Ծառուկյան։

Լավ, եկեք մի քիչ զվարճանանք։ ՀՀ-ն բազում անլուծելի ռեբուսների ուժակենտրոն է, որոնք պիտի որ լուծվեն 4-րդ հանրապետության իշխանությունների ձեռամբ։ Հայաստանը եզակի է իր ներկա տնտեսակառավարման մարտահրավերներով։ Այսպես, ողջ ձմեռ սարերում ձյունում է, արոտներում էլ անձրևում է, սակայն ՀՀ ջրամբարները այդպես էլ բերնեբերան չեն լցվում։ Դրանք կիսադատարկ են, ինչպես մեր ուզվոր պետբյուջեն։
Այսպես, բնակչության թվաքանակը անշեղորեն նվազում է, ոստիկանների զորաբանակը նույն առույգությամբ աճում է։
Այսպես, քաղաքապետարանը (անշուշտ, իշխանակառավարական վերնադասի դրդմամբ) բարեշեն զբոսայգիներ է ստեղծում մայրաքաղաքի արվարձաններում, սակայն բռնազավթում է կենտրոնի բոլոր բակերը։
Եվ այսպես շարունակ։

ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ
(արևկող ենք տալիս Կարապի լճի շրջակայքում)
Հուսանք, որ վերջապես քաղաքական բայղուշներն ու տնտեսական գիշանգղները կլքեն Հաբեթի հետնորդների հայրենիքը։ Էհ, պատվելի իմ ընկեր, անգին պոետ Ռոմիկ, գլուխդ երկա՜ր դրեցիր Ավետյաց երկրի ճիշտ կենտրոնում և սպասեցիր արդարի ու բարու հաղթանակին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ