Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Երկրի կորուստը և դիմակավոր տականքը (քաղաքական հոգեհանգիստ)

Երկրի կորուստը և դիմակավոր տականքը (քաղաքական հոգեհանգիստ)
13.02.2015 | 11:37

Անառիկ է այդ բերդը-ամենքն այդ գիտեն, և դավաճանությունն է, նենգ, ստոր, նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին։

«Երկիր Նաիրի», Եղիշե ՉԱՐԵՆՑ

ՏԱՏԱՍԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ

(նավարկություն Այղր լճում)

Դավադիր գնդակից ընկան Մովսեսը Գորգիսյան, Արթուրը Մկրտչյան և Լեոնիդը Ազգալդյան։ Ազգային-ազատագրական պատերազմի թատերաբեմում դավադիր գնդակը բեմականացման թույնով լի սրվակն էր։ Քաղաքական պատերազմում գնդակին փոխարինեց խանափաշայական մաշիկը։ Հետո եկավ Չավուշի և Վիտյայի հերթը։ (Դավաճանությունը 3-րդ հանրապետությունում ուներ ժանգոտ դաշույնի հատկանիշ, եթե չէր սպանում մի քանի խոցմամբ, ապա թունավորում էր անխուսափելի։ Զարմանալի է, որտեղի՞ց այսքան նենգություն Սուրբ լեռան հայացքի ներքո)։ Իմաստուն մարդիկ վստահեցնում են` որևէ ժողովրդի ծնած հերոսների և դավաճանների քանակը նույնական է։ Գուցե վաղնջական, ասենք, բարեպաշտ արքաների կամ Արտաշես աշխարհակալի օրերում ևս դավաճանությունը հետապնդել է հայրենապաշտությանը, բայց տրորվել է հայոց այրուձիու սմբակների տակ։ Սակայն շատ ջրեր հոսեցին, հայկազյան արյունը պղտորեցին սելջուկյան և արաբական, հրեական և այլ արյունները։ Եվ, խնդրեմ, ներկա իշխանական համակարգում սմբուկն ինքնահռչակվել է որպես նռնենի, վարունգն էլ քնում-արթնանում և իրեն եղևնի է կարծում։ Մի խոսքով, զեռունները կրծեցին մեր ծիրանենու արմատները։ Ոսկեխունկ ծիրանի փոխարեն մեր պետականության կենաց ծառը գարշահոտ տատասկ է կախել ճյուղերից։

Տատասկի բերքահավաք է, հակագազեր փնտրենք։

ԴԱՎԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ԵՎ ՆՈՐԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ

(նավաբեկություն քծնանքի օվկիանոսում)

Գուցե 1991-1995 թթ. խստաշունչ ձմեռներն էին պատճառը, որ մեր քաղաքական կյանքը թլպատվեց։ Դավը շոգեքարշ էր, որը փափկակենցաղների շեղանկյուն անիվներով գնացքը պիտի հասցներ նպատակակետ, իշխանախանական խոհանոց և արտաքնոց։ (Պետք է ազնվորեն խոստովանենք, որ այստեղ չեղան խաբեություններ, «ատկատներ» և այլ անբարո երևույթներ, ամեն բան թափանցիկ էր, լույսի պես մաքրամաքուր)։ Ամենակարևորը, այստեղ էր դրվում հանրապետության գոյամարտի անկյունաքարը, կամենում ես լինել սայլորդ, սերտիր դավի ավետարանը, թե չէ հավերժ դատապարտված ես մի բանող եզ` հեզ և անմռունչ, լինելու։ Ընդհատակյա փառապանծ ԱՄԿ-ի և նժդեհյան ցեղակրոնության արդյունք «Հանրապետական» կուսակցությունը նույնքան ծանրակշիռ ավանդ ունեցավ ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման գործում, կուսակցապետ և նախկին այլախոհ Նավասարդյան Աշոտի հրամանատարությամբ։ Սակայն պատերազմը «վասն հայրենյաց» թնդուն ռոմանտիզմի ոլորտից է, իրական մարտերն ընթանում էին սոցիալական ռազմադաշտերում և այստեղ պարտվել անկարող էին անգամ վասն հայրենյացի ասպետները։

Եվ մի մշուշապատ առավոտ արմատական ՀՀԿ-ն արմատապես վերազարթնեց և որոշեց թիկունք կանգնել երեկվա ոխերիմ հակառակորդին` երկրի գերագույն հրամանատար Տեր-Պետրոսյան Լևոնին և վերջինիս քաղաքական հենարան-հացկատակների զորաբանակ ՀՀՇ-ին։ Պարգևը շռայլ էր. ՀՀԿ-ին նվիրաբերվեց «Հրազդան» մարզադաշտին կից լայնարձակ տոնավաճառը, որպես ամոքում կրած տառապանքների այլախոհական ճամբարներում և մարտական դիրքերում։

Այո՜, ՀՀԿ-ն ՀՀՇ-ին կողակցելով սահուն մաս կազմեց հայոց իշխանապետությանը, այնուհետև քաղաքական ճկուն խելահասությամբ նախ թոթափեց ՀՀՇ-ի պարտքի բեռը, այնուհետև սահանկեց և խաղադաշտից դուրս մղեց ՀԺԿ-ին։ Եվ պետք չէ բնավ մոռանալ, որ այս ամենը կատարվում էր Արցախի արծիվ և ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյան Ռոբերտի շնչի ներքո։ Կեցցե՛ք։

ԱԺՄ-ն քաղաքական կրթյալ հրամկազմ ունեցող եզակի մի կառույց էր։ Այն մի պահ նվաճեց հանրահավաքային հարթակը, հետո մի կողմ վանվեց իշխանությունից, զի Տեր-Պետրոսյանը քաջ հասկանում էր, որ նախագահական գահաթոռը չափազանց նեղ կլինի իր և գլխավոր ախոյան Վազգենի համար։ Քաղաքական նենգադավում նման հովվերգությունն անտեղի է։ ԱԺՄ-ն, ըստ էության, կոշտուկոպիտ մի կոշտուկ էր, այն վիրահատել էր պետք։ Եվ վիրահատությունը կայացավ «Արշալույս-գեյթի» ասպետաց դասի հուր ու սուր տեսած ձեռքերով (այստեղ չպետք է մոռանանք, որ հոգնած ձեռքերին իսկույն փոխարինելու էին գալիս ասպետաց խռովահույզ աքացիները)։

Այս լի ու գունագեղ աշունը բախտորոշ էր հայոց համար։ Ընդդիմությունը նախ հաղթեց նախագահական ընտրություններում, ընդդիմությունն ամորձատեց (ընդ որում` բութ մկրատով) ՀՀՇ գերագույն հրեշին, որը ոռնում-աղմկում էր` «Մեր դեմ խաղ չկա»։ Կեցցե՛ք։ Երիցս կեցցեն ընդդիմադիրները, այսինքն` ՀՀՇ-ամերժ Վազգենը, Արշակը, Շավարշն ու Սեյրանը և մնացած գլադիատորները, ովքեր հանկարծ զարզանդեցին, գունատվեցին և դավեցին համաժողովրդական վերելքին, Էջմիածին քաղաքից լսվում էին հայհոյախառն կոչեր, Մանվել-գեներալն էր մատ թափ տալիս և ԱԺՄ-ն իջավ ընդհատակ` ժողովրդին թողնելով փողոցում գլխահակ։ Կարկուտ տեղաց աշնան պայծառ արևից, դավը լիասիրտ դրսևորվեց և դարձյալ հաղթեց։ Իհարկե, ԱԺՄ-ականները բավականաչափ այժմեական էին և քաջ գիտակցում էին, այսօր չէ, վաղը նրանց տքնանքը ևս հավուր պատշաճի կգնահատվի, ասացեք խնդրեմ, այսօր որտե՞ղ են ոտնատեղերը պնդել վերոհիշյալ պարոնայք, այո՛, դուք ճիշտ եք, իշխանակառավարական բազկաթոռներում են ծվարել, խրոխտ ու առաքինի։

Դավը երկրի ցավն էր, սակայն իշխանակույտի համար դա էր միակ ավետարանը, որին խոնարհվում էին, և որը վարձահատույց էր լինում շռայլ ու գթասիրտ։ Սա մի՞թե ուշի ուշով չէր սերտել «ղարաբաղյան երկվորյակների» գերագույն ռմբահարիչ Արտաշեսը, որդին Մամիկոնի։ Սակայն նորհայկական դարի ոգին դավն էր, մի հուժկու հարված ժողովրդի սմքած ստոծանուն, մի քանի խոնարհում-խնկարկում, և դավի գլադիատորը աննկատ վերամարմնավորվում է թուջե գեղմի ասպետի։ Մի խոսքով, ինձ մի բան է այսօր հուզում (հուսամ` հուզմունքս փոխանցվում է բոսորամիտ ընթերցողացս). արդյոք ներկա «համաժողովրդական շարժման» (այսինքն` «Ծառուկյան ընդ քոմփընի» ԲԲԸ-ի) ներքին կանոնադրվածքում քաղաքական դավի մասին համապատասխան գրառումներ կա՞ն։ Եթե այո, հարկ է դրանք անհապաղ ներկայացնել հանրության (նաև նվաստիս) ուշադրությանը։

Եվ, խնդրեմ, քաղաքական դավի նոր սերունդն է ասպարեզում, հանձինս «երկնագույն մայդան» երազող երթամոլների։

Հետո Ստեփանը ժողովրդին չդավելու փայլուն դաս տվեց և գնաց թեյ խմելու։ Րաֆֆին էլ քայլեց աղոթելու։

1999-ի աղետից հետո ՀՀԿ վերնախավը պահանջում էր նախագահից մինչև 2-րդ աքլորականչ պաշտոնազրկել Սերժ Սարգսյանին։ ՈՒրիշ ոչինչ։

Երկիր Նաիրի, իմ կեղեքված Արմենիա, հավատավոր, սակայն երիցս խաբված սեփական հերձվածող քաղաքական այրերի (այսօր նաև այրուհիների) կամքով։ Ըստ ՈՒինստոն Չերչիլի` Առաջին աշխարհամարտից առաջ Ռուսաստանում և Կովկասում 150-հազարանոց հայկական ռազմական ուժ կար, բարձրակարգ սպաների և զինվորների մի ահռելի համաստեղություն, սակայն ռուսական քաղաքական միտքը այդ ուժը շեղեց Էրգրի ճանապարհից և ուղղեց Գոլիցինյան ռազմաճակատ։ Սակայն ո՜ւր էին հայ քաղաքական կամքը, միտքը, երազանքը։ 150 հազար սպա և զինվոր։ Այնինչ եթե Էրգիր հասներ մի քանի տասնյակ հրանոթ և 100-150 նվիրական սպա, ապա կկանխվեր ցեղասպանությունը։

ՀՀ նախագահի մասին օրենքը, հավատացեք, մեծագույն դավի խորհրդանիշ է։ Նախագահը պիտի ապրի ազատ և անկախ իր կերտած հայրենիքում` որպես շարքային քաղաքացի։ Այնինչ այս դիվահար օրենքը ապահովում է երկրի նախագահին` նրա գործած բազում մեղքերից։ Մարդը նախագահում է, դավում է երկրին և ժողովրդին, դավաճանում է իր երդմանն ու կարգախոսներին, սակայն նենգ մի օրենք ապահովում է նրա խաղաղ կյանքը մինչև խոր ծերություն։ Նա էլ ապրում է օրենքով ամրագրված, ապրում է ապահով և քմծիծաղում է ինքնաբավ։ Այնինչ Տեր-Պետրոսյանը պիտի որ իր կենսաթոշակը ստանա և քառորդ դրույքով աշխատի Մատենադարանում, այնինչ Քոչարյանը պիտի հարմար մի գործ գտնի իր իսկ ստեղծած 48 հազար աշխատատեղերից մեկում։ Եվ այսպես շարունակ և այսպես անփառունակ։

«Հայաստանն աղքատ և թույլ երկիր է, անօգնական վիճակում»։ Այսպես բարբառեց Ազերբայջան-ավազակապետության խաղամոլ-խանը` Իլհամը, որդին Հեյդարի։ Սակայն կա՞ այսօր մեկը, ով կվիճարկի բարբաջանքը, մի՞թե մենք, իրոք, թույլ չենք, աղքատ չենք և օգնության կարոտ չենք։ Քանզի մեր մարմինն ու հոգին թլպատում են մեր միս ու արյուն իշխանիկները։ Այսօր արդեն իշխանական դավադիր այրուձին դիմակ է հագել և քաղաքացիական պատերազմ է հրահրում։ Մի խոսքով, երկիրը կորցնում ենք։ ՈՒ ես ահա մտորում եմ, գուցե ողջ ժողովրդով հեռանանք մի 2-3 տարով, հեռանանք ու հանգրվանենք, դիցուք, Սիբիրի տայգայամերձ ավաններում և սպասենք պայծառ ավետիսի, թե, ահավասիկ, կուսակցությունները միմյանց խժռել են, օլիգարխն էլ` ինքնահոշոտվել։ Եվ հաղթական դառնանք երկիր։

ՈՒՄ ԴՐՈՇՆ Է ԾԱԾԱՆՎԵԼՈՒ ԵՐԿՐԻ ԳԼԽԻՆ

(նավահանգստում դավի դրոշն է փողփողում)

Եթե Կարսում ռուսական երկգլխանի արծիվն էր ծածանվում, պատճառը մի՞թե մեր ներքին և անպարտելի դավը չէր։ Եկվոր սրիկաները մի՞թե Կարսի ներսում չէին։ ՈՒ մի՞թե հենց նրանք չբացեցին Կարսի դարպասները, ոչ թե ռուս զինվորական հրամանատարը, այլ հայ քաղաքական գործիչը։

Ներիր, խենթ հանճար, իմ պաշտելի Եղիշ, քո դասն էլ ենք անտեսում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ