Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ամանորը Իրանում. 1950 թվական

Ամանորը Իրանում.  1950 թվական
23.12.2014 | 11:04

Դեկտեմբերի 22-ն էր։ Իրանական օրացույցով ձմռան առաջին օրը, և քսաներորդ դարը կիսվել էր։ Թեհրանը և դիմացի բարձր Ալբրուզ սարը ծածկվել էին ձյան շերտով։ Այդ օրը թեկուզ պայծառ արև էր, բայց շատ ցուրտ էր։
Տաք սենյակում հարևանի երեխաների հետ նստած «տող-ու-գող» էինք խաղում։ Մեկ էլ մամես կողքի սենյակից ներս մտավ և հարցրեց. «Վազգեն և Վրեժ, ե՞րբ եք տոնածառ առնում»։ Վազգենը հորեղբորս տղան էր, որը իր մոր և քրոջ հետ, հոր մահից հետո մեր ընտանիքի անբաժան անդամներն էին։ Վազգենը վերին աստիճանի խնայող էր և ձեռներեց։ Մամես և Վազգենը մի փոքր սակարկեցին, և վերջում մամես տասը պարսկական թուման տվեց Վազգենին։
Վրեժ, Վարուժ, յալա՜, հագնվեք, գնանք ծառ ճարենք։ Առաջին անգամ չէր, որ մենք տոնածառ էինք դնում։ Այդ ավանդույթ էր պարսկահայերի մեջ։ Թեհրանի կենտրոնում մեծ թվով հայ ընտանիքներ էին բնակվում։ Այդ օրերին Քրիսմասի և հայկական Նոր տարվա համար բավական սուղ գնով նաև ծուռումուռ եղևնիներ էին վաճառում։ Վազգեն ապերը խելացի էր, իմանում էր, որ տասը թումանով քաղաքի կենտրոնում եղևնի չենք ճարի, և երկրորդ` երկար ճանապարհ պետք է անցնեինք այն տուն հասցնելու համար։ Մենք քաղաքի կենտրոնից հեռու, պարսկական թաղամասում էինք ապրում, որտեղ հայրս Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Պարսկաստանի առաջին խոզանոցն էր հիմնել։
Կաթոլիկների Սբ. Ծննդյան տոնի նախօրեին եվրոպացիները գնում էին տոնածառերը ինչ գնով որ առաջարկվում էին։ Հայերը համբերատար սպասում էին հաջորդ օրվան` ավելի էժան գնելու համար։
Վազգենն առաջարկեց տոնածառը մեր մոտակա այգիներից մեկում գտնել։ Ես, եղբայրս, Վարուժանը, հարևանների հասակակից երեխաներից մեկը ճանապարհ ընկանք։ Մեր առաջնորդ Վազգենը մեր տնից ոչ շատ հեռու նկատեց մի փարթամ տոնածառ։ Արդեն որոշել էինք ծառը սղոցել, մեկ էլ մի հաղթանդամ մարդ մոտեցավ։ Ի՞նչ եք անում... Ամենքս սուս մնացինք։ Վազգենը չշփոթվեց. ուզում ենք էս ծառը գնել։ Կորսվեք, լակոտներ, ծառի կեսը կտրել եք, վաղը կչորանա։ Ինչ անեմ էդ ծառի հետ։ Վազգենը երբեք չէր շփոթվում.
-Չես ուզում ծախել, կգնանք ուրիշ ծառ կճարենք, ի՞նչ ես գոռգոռում։ Աստված է այս ծառը տվել։
Ծառի հսկիչը գոռաց.
-«Բերիդ գոմ շիդ» (գնացեք, կորսվեք)։
-«Խելի խոբ» (շատ լավ),- պատասխանեցինք մենք։
Հենց ուզում էինք հեռանալ, մարդը մեզ հետ կանչեց.
-Ծառս փչացրել եք, դուք պետք է տուգանք տաք, թե չէ փոլիս կկանչեմ։
Սկսվեց սակարկումը. Վազգենի համառ պնդմամբ ծառի գինը նա քսան թումանից իջեցրեց մինչև յոթ թումանի։
Ծառի կեսն արդեն կտրել էինք, մնացածն էլ կտրեցինք, հսկայական ծառը ճռռալով ցած ընկավ, վրայի առատ ձյունը թափվելով։ Հիմա ի՞նչ անենք. ո՞վ է տանելու այս հսկա եղևնին։ Կես ժամ հետո մի կառք մոտեցավ։ Կառապանը և մենք հազիվ ծառը տեղավորեցինք կառքի մեջ։ Ծառն այնքան մեծ էր, որ մեզ համար նստելու տեղ չկար։ «Շեֆը»` Վազգենը, նստեց կառապանի կողքին։ Կառքի բեռը ծանր էր, ձիերը` պառավ, օդը` ցուրտ։ Մենք էլ դանդաղ վազում էինք կառքի հետևից և այդպես տաքանում էինք։ Վերջապես քիթ ու մռութներս սառած տուն հասանք։
Մեր տունը շատ ընդարձակ էր, բարձր առաստաղով։ Այդ օրերին, այսօրվա նման տոնածառի զարդեր գոյություն չունեին, եթե լինեին, ուրեմն արտասահմանից բերված էին։ Այսինքն` սովորություն էր, զարդերը մենք պիտի պատրաստեինք։ Մամես, նախքան ծառ գնելը, պատրաստել էր գույնզգույն և պսպղուն թղթեր, ստվարաթուղթ, ընկույզ և շրեշ։ Նա 2-3 հատ մեծ սավան փռեց գորգերի վրա, որ գորգերը շրեշից չկեղտոտվեն։ Ինչքան մկրատ կար տանը` բաժանվեց մեր մեջ։ Նախ ընկույզները տարբեր գույնի թղթերի մեջ փաթաթեցինք, պոչին փոքր մեխ և նրանից թել կապեցինք։ Հերթը հասավ նուրբ զարդերին։ Ստվարաթղթից հրեշտակ, խաչ, կենդանիներ էինք կտրում, հետո պսպղան թղթով շրեշի օգնությամբ փաթաթում, թելով կախում էինք։
Վազգենը որոշեց, որ ինքը աթոռի վրա բարձրանա և տոնածառի վերևի մասը զարդարի։ Վազգեն ապերը լավ բոյ ուներ, բայց աթոռն էլ նրան չէր օգնում ծառի վերևի մասը հասնելու։
«Թագավորի խելոք տղաներով» հավաքվեցինք և որոշեցինք մի քանի աղյուս դնել աթոռի վրա։ Գնացինք, ձյան միջից ձեռքերով 6-7 հատ սառած աղյուս հավաքեցինք։ Վազգեն ապերը դողդողալով բարձրացավ աղյուսների վրա և փորձեց` արդյոք ապահո՞վ է։ Րոպե չէր անցել, որ միանգամից աթոռը ճռճռաց և երկու ոտքը ծռվեց։ Վազգենը թեքվեց դեպի ծառը, ծառը պատին քսվեց ու դանդաղ տապալվեց` մի քանի նկար հետը գետնին թափելով։ Վազգենը, գլուխը ծառի մեջ կորած, ծառի հետ գետնին ընկավ։ Աթոռի աղյուսները թափվել էին Վազգենի ոտքերին, երեսին, ձեռքին և ոտքին տոնածառի զարդերը կախվել էին։ Վազգենը տոնածառ էր դարձել։ Հնարամտությունը չար կատակ խաղաց նրա գլխին։
Եկավ Նոր տարվա գիշերը։ Արդեն ժամը մոտենում է գիշերվա 12-ին։ Սպասում էինք հայրիկիս։ Նա Թեհրանի բազարի մոտ ռեստորան ուներ և երբեք չէր կարողանում գիշերները շուտ տուն գալ, բացի Նոր տարվա, Ջրօրհնեքի և Զատկի տոներից։ Սեղանը պատրաստ էր այս կերակուրներով` կանաչիներ, տարբեր թթուներ, լավաշ հաց, եփած-մաքրած հավկիթներ, մսով կոտլետներ, «քուքու» (կանաչիներ` հավկիթով ու կարագով տապակած), կարմիր լոբու սալաթ, սալաթ «Օլիվիե» և այլն։ Բայց խոզի բդի, երշիկների, լոլիկի, վարունգի սալաթների տեղը դատարկ էր։ Պնակ-պատառաքաղները տեղը դրված։ Բայց գինին, օղին և մրգօղիներն անպակաս էին։ Արդեն կեսգիշեր էր, երբ հայրիկս իր 3 գործավարների հետ ներս մտավ։
Նստեցինք սեղանի շուրջ։ Մամես և հորեղբորս կինը նախ տաք փլավները` սպիտակ չամիչով, զաֆրանով, պոտնոցներով հրամցրին։ Հերթը հասավ «խորեշներին»։ «Խորեշներ» բառը պարսկերեն է։ Պարսիկները, եթե չափազանցություն չլինի, հարյուր տեսակի «խորեշներ» ունեն` «լուբիա» հավի, կանաչիով, «ֆսնջան» և այլն։ Հայրիկս բաժակները լցրեց։ Չեմ հիշում, ով ասաց, որ ժամը 12-ն է, պիտի տոնածառի մոմերը վառենք։ Հոսանք չունեինք, այդ տարիներին էներգամատակարարում կար միայն Թեհրանի կենտրոնական հատվածներում։ Վազգենը լուցկին քաշեց և դեռ մոմերի կեսին չէր հասել, որ վառեր, մեկ էլ տոնածառը կրակով բռնկեց։ Սեղանը թողած սկսեցինք կրակը հանգցնել։ Այդ նորություն չէ։ Շատ տներ էին Նոր տարվա տոնածառի կրակից այրվել։ Երբ մոմերը վառում էինք, սովորաբար մեկ հոգի դույլով ջուրն առած պահապան էր կանգնում։ Հայրիկս և նրա գործավարները մի քանի բաժակ խմեցին և հոգնած գնացին քնելու։
Շնորհավոր Նոր տարին, բայց Ձմեռ պապը մոռացել էր մեզ, որովհետև ծխնելույզ չունեինք, որ նվերներն իջեցնեին ծառի տակ։ Փոխարենը, հաջորդ օրը մամես ամեն մեկիս մեկ զույգ գուլպա նվիրեց։ Այսպիսին էր Նոր տարին Իրանում, մի քիչ արկածային, բայց համն ու հոտը տեղը։ Հայաստանում վաղուց եմ հաստատվել, մեր Ամանորը մի քիչ շեղվել է նպատակից, ցուցադրական բաներ շատ կան։ Ես 65 տարի անց հիշում եմ մեր բարի ու համեստ սեղանը, բայց չէ՞ որ մենք աղքատ ընտանիք չէինք, մի հսկա այգի ունեինք, և մեր հեռու ու մոտ ազգականները օրերով մեզ հյուրընկալվում էին։
Թող 2015-ը բախտավորություն բերի մեր երկրին։


Վրեժ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱԲԵՔ ընկերության տնօրեն

Դիտվել է՝ 2331

Մեկնաբանություններ