Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Հրաժեշտ բեռնաձիու տարուն (դեպի չամիչով այծի պանիր)

Հրաժեշտ բեռնաձիու տարուն (դեպի չամիչով այծի պանիր)
19.12.2014 | 12:13

...Եվ հավը կխոսե երկրորդ անգամ։ Հեռվից կլսվեն անորոշ ձայներ և մուրճի թրխկոց։ Կերգեն քարերը։
Կկանաչեն և առատ ձյուն կտեղա։
«Եվ հավը կխոսե երկրորդ անգամ»,
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՄԱՆՈՐԸ ՍԱՌՆԱՐԱՆՈՒՄ
(նավահանգստում բալը խիստ թանկ է)
Ինչ կարող ենք անել, բանը բանից անցել է, մնում է՝ ինքներս մեզ «գժի տեղ» դնենք և ուրախ-զվարթ ճանապարհենք բեռնաձիու տարին։ Այո, հավը դարձյալ խոսեց երկրորդ անգամ, և 2014-ը ոչ թե սիգաճեմ նժույգի, այլ տանջահարված բեռնաձիու տարի էր։ Եվ, ահավասիկ, բեռնաձին տխուր-մոլոր հեռանում է, փայտյա կայտառ այծն է բախում մեր սառնարանների դուռը։ Եվ քանի որ ուրախ-զվարթ ենք ճանապարհում մեր անմոռաց բեռնաձիուն, անտեսանելի փափախը հագնենք և տեղազննենք Հայաստանի գլխավոր խավերի սառնարանները։
ա) Հայ երազկոտ, համբերատար և աննկուն ժողովուրդ։ Սառնարանը վարկի տակ է, սառնարանում առկա են 5 զույգ չալպտուրիկ հավի ձու, 2 կգ մսառատ ոսկոր և եռյակի խոստումներ։
բ) ԼԳՏԲ-ականներ, աղանդավորներ, նաև զանազան թափթփուկներ։ Սրանց սառնարաններում ուտեստն ու խմիչքը դոլարագույն են և ունեն 666 պատվաստանյութ։ ՈՒ հենց բացվում է սրանց «օջախի» դուռը, Ձմեռ պապը Օբամայի ձայնով երգում է. «Չկա կաղին, մանդարին, կորչի հայոց Նոր տարին»։
գ) Քաղաքաքրեական օլիգարխիայի սառնարան-դամբարանները, անշուշտ, ունեն քաղաքական նկարագիր և քրեական բովանդակություն։ Այստեղ առկա են երկնագույն չարաշահումները, բյուջեի զանգվածային և դարչնագույն կեղեքումը և այդպես շարունակ։
Այնուամենայնիվ, զվարճանալու պատճառներ կան։
Տիար վարչապետը կեսբերան հրովարտակեց կառավարության կիսապաշտոնական ուղերձը հայ ժողովրդին, ահագնացող թանկացումների շեմին գոտիներս պիտի ձգենք։ Բարի, ընդունելի առաջարկ է, քանզի երկրորդ ուղին արտագաղթումն է, երրորդը՝ գլխիվայր ցատկը Հրազդանի կիրճը։ Սակայն մտահոգված եմ տիար Հովիկի, առհասարակ մեծաքսակ մեր այրերի «ինքնաձգման» համար։ Լավ, մանկավարժը, ազատամարտիկն ու գործազուրկը ձգում են սեփական գոտիները ներանձնական կայքի-գույքի շրջագծով։ Զորօրինակ, մանկավարժը յուր գրասեղանի, ազատամարտիկը մարտական շքանշանների, գործազուրկն էլ, հասկանալի է, սոցապ գրքույկի։ Դե մի անցք դեպի հետ կամ առաջ այնքան էլ էական չէ, հայրենի իշխանությունների գերագույն իմաստության և զգոնության շնորհիվ մենք ճգնակյացի նման սակավապետ ենք և Ռոբինզոնի պես հնարագետ, գլխներիս ճարը մշտապես տեսնում ենք։ Իսկ ինչպես գոտիները ձգեն մեր բարձրաստիճան պետայրերն ու քաղաքական բոսերը, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրի կայք-գույքի շրջագիծը գրասեղանի, շքանշանների կամ էլ սոցապ գրքույկի ձևաչափին չի ենթարկվում, ներառում է բազում առանձնատներ, անթիվ-անհամար ընտրախախտումներ, արոտներ, սարեր, ձորեր։ Դե պատկերացնենք, որ նրանց գոտին ձգվում է, սեղմվում են դղյակներն ու սարերը, ջիպերն ու սեփական կենդանաբանական այգու գետաձիերը, սարսափելի է, երկրաշարժն անխուսափելի է, մնում է պաղատել վարչապետին, որ նոր տոնական հորդոր հղի հանրությանը. «Հաշվի առնելով հնարավոր տարերային աղետները, խնդրում և պահանջում եմ, որ ճգնաժամի ողջ ընթացքում գոտիները ձգեն միմիայն ՀՀ մտավորականները, առհասարակ, հայոց ունեզրկված հատվածը, նմանապես ՀՀ թափառաշրջիկները, նմանապես վերջիններիս շները, կատուները, հորթերն ու խոզերը»։

ԵՌՄԱՆ ՀՐՎԱՆԴԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԵԼՄԱՆ ԴԻՐՔԵՐ
(նավաբեկություն «Մարդակենտրոն» ծովածոցում)
Տարեվերջին ցնծություն էր Վահան պատվական գյուղում։ Ցնծությունը ծիածան էր կապում Վահան գյուղից մինչև ՀՀ կառավարական տուն։ Ցնծության առիթն էր հերթական բարեսիրությունը. տիար Յիրիկյանն արևային մարտկոցներով ապահովեց Վահանի մանկապարտեզի ջեռուցումը, և լույսն ու ջերմությունը գոտեպնդեցին չարքաշ գյուղաբնակներին։ Միայն մի բան էր թերի. այդ ինչո՞ւ արգո Յիրիկյանն արևային մարտկոցներ չի տեղադրում հենց Կառավարական տան տանիքին։ Այնինչ, երկրի իշխանություններն ու կառավարությունները վաղո՜ւց կապահովեին հանրապետության էներգետիկ անվտանգությունը, եթե ականջ դնեին Պարիս Հերունուն, եթե միայն կենսագործվեր նրա «Արև» ծրագիրը (ողորմյա քեզ, պայծառ Հերունի, անմոռաց Պարիս)։ Դրա փոխարեն մեր իշխանակառավարական, ինչպես և ընդդիմադիր-այլընտրանքային ականջներն ուշի ուշով որսում են Հեֆեռն Ջոնի պատգամները։ Վերջինիս կանդրադառնանք, այժմ նավարկենք մի ողբասաց լճակում, ուր մառախուղում երկու կղզյակ են ուրվագծվում. մեկում Բյուրեղավանի, մյուսում էլ Նոր Հաճնի բարեգործական ճաշարաններն են, 3-րդ հանրապետության հաղթական կայացման զորավիգները։ Ինչպիսի՜ ցնծությամբ են վաստակաշատ և անոթի մեր ծերերը վայելում լոբու ապուրն ու բարեգործական կոմպոտը։ Մեկ այլ կղզյակից հովվերգական շվշվոց է լսվում, Եհովայի վհուկները բացել են հանդես, կանչում-հրավիրում են, կլանչում-դյութում, տղամարդ ես, դիմացիր։ Իսկ սույն վհուկները մեր իրականությունում շատ ավելի լավ են պաշտպանված, քան ազատամարտի վետերանները։ Ի դեպ, երրորդ կղզյակում արգո գեներալ Երանոսյանն էր հանրահավաք կազմակերպել, նշանաբանը՝ «Մարդակենտրոն ականջապոկում՝ վասն պետականության ամրապնդման»։ Անկասկած երկրի նախագահի անձի վիրավորանքը հակահայություն է, ուրիշ ոչինչ, զի մեզ ոչինչ չտալով, ջուր է լցնում մեր բազում թշնամիների ջրաղացներին։ Սակայն գործը թերի է մնում, պաղատում եմ, որ տիար Երանոսյանն անկեղծորեն խոստովանի, թե ինչ վերաբերմունք ունի զօր ու գիշեր Ազատիչին խնկարկողների (ասել է թե՝ քծնողների) նկատմամբ։ Մի խոսքով, շատ տեղին կլինի, որ այծի տարում երանոսյանները և այլք նախ և առաջ սպառնան ամորձատել նախագահին քծնողներին։ Չէ՞ որ սրանք առաջինը թիկունքից կհարվածեն նախագահին, հայհոյողը սա չի անի։ Մի խոսքով, բեռնաձին տնքում է ու ամոթով կախում է սեգ գլուխը։

ՀԵՖԵՌՆԻՆ՝ «ՍԻՐՈՎ»
(նավաբեկության իններորդ ալիքը)
Նախորդ ուրբաթ օրը «Համահայկական ծնողական կոմիտեն» ամենամյա համաժողովում ահազանգեց երկրին, ազգին, մեր պատմությանն ու մեր ինքնությանը սպառնացող արհավիրքի մասին, քանզի ԱՄՆ-ի դեսպան Հեֆեռնը՝ Ջոն, պահանջում է անհապաղ ընդունել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» օրենքը (այս մասին հրապարակում է եղել մեր թերթի նախորդ համարում, մի զլացեք, ծանոթացեք)։ Անկասկած, Հեֆեռնը և նրա տիրակալները, չզարմանաք, ունեն դրա բարոյական իրավունքը, չէ՞ որ նրանք վարկ վարկի հետևից, դրամաշնորհը դրամաշնորհին հաջորդելով սնել-գուրգուրել են մեր իշխանակառավարական համակարգը, և այսօր ժամանակն է բարոյական պարտքը մարելու։ Այլ կերպ ասած, 3-րդ հանրապետությունը, ավելի ստույգ՝ նրա իշխանակառավարական համակարգը, վաղուց ի վեր «թավանի տակ է», և պիտի պարտքը մարի, սակայն, ինչպես ու ինչ ճանապարհներով, կախված է միայն հայ հասարակությունից, արթուն լինենք և կորովի։ Ի դեպ, վարկատու ԱՄՆ-ը գործում է ավելի քան անպատկառ եղանակով։ Այսպես, ազգապիղծ օրենքները մեզ պարտադրելով՝ նույն Հեֆեռնը կանաչ լույս է վառում երկրի արտագաղթի առջև։ Ահա պաշտոնական հաղորդագրությունը. «Կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիների լայն շերտերի համար հունվարի 1-ից ԱՄՆ-ի վիզա կտրվի 10 տարի ժամկետով։ ԱՄՆ-ի մուտքի արտոնագրի դյուրացումը տարածվելու է լրագրողների, ուսանողների և այլ կատեգորիաների վրա։ Միաժամանակ ԱՄՆ-ի քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սահմանեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015-ի հունվարի 1-ից։ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը վստահություն հայտնեց, որ մուտքի արտոնագրերի դյուրացումը կսերտացնի Հայաստանի ու ԱՄՆ-ի ժողովուրդներին»։ Ըստ էության, ԱՄՆ-ի տեսլականներով Հայաստանում ժողովուրդ են համարվում ԼԳՏԲ-ականները, աղանդավորները և այլևայլ թափթփուկներ։
Միաժամանակ մայրաքաղաքը թաղված է աղբի մեջ, սակայն դա աննկատելի է քաղաքապետարանների վերին օթյակների համար։ Նրանցը տոնն է, խրախճանքը, թեկուզ և աղբի միջակայքում։ 2015-ին մայրաքաղաքային բյուջեն յուր առաջնահերթությունն է համարում հանդիսությունների կազմակերպումը, դրա համար քաղաքամոր ավագանին մեծամեծ ֆինանսական հատկացումներ է նախատեսել։ Կեցցե՛ք։ Բայց մեկ վերապահմամբ, «Հանրապետության» հրապարակի և քաղաքապետարանի շողափայլ տոնածառերից թող որ նաև կախվեն մայրաքաղաքային աղբը խորհրդանշող խաղալիքներ։

Համաձայն «չարագուշակ» կանխատեսումների՝ ՀՀ-ն՝ մուտքագրվելով ԵԱՏՄ, ըստ էության հանձնում է և՛ երկրի արտաքին քաղաքական պատասխանատվությունը, և՛ պետության կառավարման պատասխանատվությունը, և՛ հանրապետության ամորձատված տնտեսական համակարգը։ Համամիտ եմ։ Սակայն քաղաքաքրեական-օլիգարխիկ հակապետության գույքի, կայքի և հայոց պատմության հանդեպ գործած նրանց տարասեռ ու զանգվածային մեղքերի պատասխանատվությունն արդյո՞ք Կրեմլը կվավերացնի։ Հուսանք՝ ոչ։ Նաև հուսանք, որ ՌԴ-ն ի պատասխան հեֆեռնյան դավանանքի՝ «զուգընկերային-մարմնավաճառային ընտանիքի», կվերագործարկի ՀՀ ինչ-ինչ արդյունաբերական ձեռնարկություններ, թեկուզ «Գույք՝ պարտքի դիմաց» միջպետական «հո՛պ, զիլինա-զիլինա» անմահության դատապարտված համաձայնագրի շրջանակում։

ՀՈՒՅՍԵՐ, ԼՈՒՅՍԵՐ ԵՎ ԲԱՐԻ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ
(նավակայանում եղևնին հպարտ է հուրհրում)
Թանկագին իմ ընդհանրական ընթերցող, քեզ մաղթում եմ երկաթյա առողջություն և լեռնացած հույսեր, իրականացման անխախտ հավատով։ Լինենք համբերատար և բավարարվենք մեր՝ ձևով համեստ, բովանդակությամբ սակայն հեքիաթի պես հարուստ ամանորյա սեղաններով։ Առջևում Սուրբ ծնունդն է, հայոց թագակիր տոնը։
Միով բանիվ, բաժակս պռնկեպռունկ լիքն է անարատ գինով, լեռնաշխարհում ձյուն է ճերմակափառ, եղևնու կանաչ հանդերձը տրամադրում է իմաստության։ Երկրի կենացը, ձեր կենացը, այս պահին դեպի իրենց տոնական սեղանները շտապող ուշացած անցորդների և երկրի սահմանները պահպանող զինվորների կենացը։ Ամեն։


Ընդմիշտ ձեր՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ