Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ամենավտանգավոր կենդանու խոր աշունը (ոչխարի անարատ պանիր)

Ամենավտանգավոր կենդանու խոր աշունը (ոչխարի անարատ պանիր)
21.11.2014 | 01:04

Գնում ես, ոչնչի համար չափսոսալով...
Երկնքում աստղն է,
շուրջ բոլորդ` փողոցն է Անասնաշուկա,
թիկունքում` ողբ ու կոծ...


«Ընթացս»,
Տատյանա ԴԱՆԻԵԼՅԱՆՑ

ՔԾՆԱՆՔԻ ՋՐՎԵԺՆԵՐԻ ՃԱՀԻՃՆԵՐՈՒՄ
(հարբած նավահանգիստ)
Ամենավտանգավոր կենդանին, հուշեմ-հիշեք` կատաղած ոչխարն է։ Իսկ երբ սույն ոչխարը քաղաքականացվում է, և եթե նա յուր դմակը պարարտացրել է անկախ պետական արոտավայրերում, ապա մեզ մի բան է մնում` գասպարավարի լողալով կտրել-անցնել Արաքսը։ Կամ էլ գուցե քարաղից և արոտավայրից զրկել ոհմակի վերածված հոտը։ Սակայն ի՞նչն է դրդում ոչխարին կատաղել և ոհմակ կազմել։ Որքան փորձն է ցույց տալիս, ոչխարը կատաղում է քծնանքի արբունքի մեջ։ Խոսքս վերաբերում է ոչխարի այն յուրատեսակ ցեղատեսակին, որը հովվի տկարության պահին քծնում է հովվի տեղապահ գամփռին, գամփռների և գայլերի մարտի թեժ ժամանակ մերթ շնչասպառ ոռնում է գայլի նման, մերթ էլ երգեցիկ կաղկանձում է, իհարկե, գելխեղդերի տապալումը կանխազգալով։ Մի խոսքով` նա քաղաքականացվում է։
Առհասարակ քաջատեղյակ մարդիկ մի պատմություն են շարունակ հիշեցնում. երբ ոչխարի անծայրածիր հոտը հովիվ ու գամփռ կորցնելով հանկարծ հայտնվում է անդունդի եզրին, ամենազոր բնազդին ենթարկվելով իսկույն հետ է շրջվում և քառատրոփ արշավում դեպի անհայտություն։ Սակայն նրա առաջնորդներն այլևս առաջապահ խոյերն ու այծերը չեն, այլ հոտի վերջապահ քոսոտ, անառակ և ամբարիշտ ոչխարները։ Առակն այս ի՞նչ ցուցանե, կարծում եմ, հասու է անգամ երեք տարում չորս կուսակցություն փոխած քաղաքական ստորոգյալներին։
Վերոնշյալը հիշեցի, երբ բազմավաստակ մանկավարժ տիկինը հուզմունքից գրեթե շնչասպառ լինելով «ավետեց» Երկիր Նաիրիին, ցրտահարության գալիք վտանգից խուճապի մատնված ծաղկակաղամբի մարգերին և, իհարկե, Կարաբալայի արձանին, որ բազմակլանող օլիգարխի կյանքի գերագույն նպատակը բարեգործությունն է (ամենայն հավանականությամբ, բուն գործարարությունը նրա հոբբին է, և որ նա ու հարգևոր կողակիցը նրա առհասարակ անկողին չեն մտնում, եթե այդ օրը բարի գործեր չեն կատարել (ներեցեք բթամտիս անկեղծությանը, եթե անկողին չեն մտնում, ապա ի՞նչ են անում)։
Միով բանիվ քծնանքը քաղաքական լծակ է ամենուր, արդեն նաև կրթօջախներում, քծնում ես հարմար պահին, դայլայլում ես և քսմսվում։ Եվ մի՞թե տարակույս կա, որ նման գործընթացներից անմիջապես հետո անամպ է խոհանոցիդ պատուհանից ծիկրակող երկինքն ու կուշտ են լիուբոլ կատուդ ու դեղձանիկդ, և, անտարակույս, ինքդ, քանի դեռ ինքնաբավ շորորավարգում ես։ Սակայն բավ է, զի չափից մեծ պատիվ է հանրության թերմացքի արատները տարփողել։ Առակս էլ հետևյալը ցուցանե` ուշադիր եղեք քծնող-պրտկերեսների նկատմամբ, քանզի ժամվա և արշինի ճշգրտությամբ նրանք տեղյակ են քաղաքական քամիների հոսքին։ Եվ եթե հանկարծ մերօրյա քաղաքական, հատկապես մշակութամերձ քծնասպետները դադարեն լափլիզել յուրյանց երեկվա կուռքի ոտնամանները, հավատացեք, որ վերջինս ժամեր անց փլուզվելու է։ Լավ, բավ է, առաջ ընթանանք, պատմաքաղաքական իրավիճակը ակնհայտորեն կրակ է կտրում, ինչպիսի՜ կարմրաբոսոր-կարմրակատար-կամակատար քաղաքաղաղներ են շուտով կտրին թառելու և ինչ օրհներգեր հնչեցնելու։


ՀԵՐԿՈՒԼԵՍԻ 12-ՐԴ «ՀԱՌԱՉԱՆՔԸ»
(նավաբեկության 9-րդ ալիքը)
Սկանդինավյան երկրներում բնակչության շուրջ 80 տոկոսը կազմում է միջին խավը։ Քաղաքակիրթ աշխարհում առհասարակ միջին խավը ճնշող և խիստ դրական դերակատարում ունի։ Հայկական իրականությունում այն բռնաճնշված է և իրականում 1-1,5 տոկոս է։ Չնայած վերջերս մի տիտղոսակիր անծանոթ մասնավոր մի զրույցում լրջորեն հավատացնում էր, որ ՀՀ-ում իրականում շուրջ 40 տոկոս է միջին խավը և որ այն մեր իշխանախանական վերնադասի ձեռքբերումն է։ Տիտղոսակիր ստահակից փորձեցի պարզաբանում ստանալ և, ահավասիկ, նրա ներկայացրածը։ Եթե զուտ եկամտի աղբյուրով հաշվառենք, ապա Հայաստանում միջին խավի ներկայացուցիչներ են դատավորները, պատգամավորները, դատախազները, գաղութների «կլյուչնիկները», բժիշկները, աղանդավորները, համասեռամոլները, զինանշան, կնիք, գրասենյակ և չորս անդամ ունեցող կուսակցությունների ղեկավարները, տնտեսաքաղաքական վերնակույտի վարորդները, թիկնապահները, շնապահներն ու մնացյալը, նաև էլիտար կուրտիզանուհիները, անխտիր բոլոր բանկերի մաքրուհիները և այսպես շարունակ։ Ստահակը նաև պարզաբանեց, որ վերոնշյալ խավը ստվերային նկարագիր ունի, զի նրանց միջին խավում դասակարգում է ստվերային եկամուտը, այսինքն` կաշառքը, հակահանրային գործողության համար ստացած նվիրատվությունը և այսպես շարունակ։ Մի խոսքով, ՀՀ-ում 1,5 տոկոսը միջին-իրական խավն է, 88,5 տոկոսը` աղքատները, 10 տոկոսը` օլիգարխիան, բարձրավոլտ չինովնիկները և նրանց մերձեցած անձինք։ Ընդ որում, մերձեցած հանցանքով, մեղանչումներով և երկրի ու նրա ապագայի հանդեպ մշտնջենական թշնամությամբ։
Մի խոսքով` այսօր գերխնդիրը տնտեսաքաղաքական բդեշխության վերացումն է, պետության ծանրակշիռ մասնակցությունը երկրի տնտեսության կառավարմանը և այլն։ Ոչինչ ավելի և ոչինչ պակաս։ Մի խոսքով` 12-կետանոց նորահայտ հռչակագիր-ահաբեկման 9-րդ կետն է գլխավորը. «... ընդունել փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու մեխանիզմներ»։ Հուռռա՜աա ՜աաաա՜։ (Ի դեպ, ես անկեղծ սրտով և լավատես հոգով աջակցում եմ համաժողովրդական ընդվզմանն ու նրա աջթևային ուժին` ԲՀԿ-ին։ Ես սկսել եմ երկխոսել նրանց հետ։ Հանրային նշանակալից մի խնդրի լուծման նպատակով դիմել եմ նրանց։ Եվ մնացել եմ անպատասխան։ Միևնույն խնդրով օրերս դիմել եմ մեծարգո Ծառուկյանին։ Եվ, անշուշտ, սպասում եմ նրա ծանրակշիռ պատասխանին)։
Ի դեպ, ինչու այսօր ԲՀԿ-ն լավագույնս չի օգտվում իշխանակառավարական սպանիչ բացթողումներից և, ի մասնավորի, չի օգտագործում յուր անկշռելի ներուժը ազգային մշակույթի իրական սատարման նպատակով։ Միաժամանակ այդ ինչո՞ւ «Կենտրոն» հեռուստաալիքը չի մենաշնորհում արդի մշակույթը ոտն ի գլուխ լուսաբանելու առաքելությունը։ Գուցե այստեղ մի խորհուրդ կա, անհայտ նվաստիս։ Մի խոսքով։

ՀԱՌԱՉԱՆՔԻ ՀԱՐԲՈՒԽԸ
(նավաբեկության տողադարձումը)
Կարապետիչն է ձեռք մեկնել Ծառուկյանին։ Վատ չէ։ Մեկնած ձեռքն օդում չի կախվել։ Հիանալի է։ Մնում է սպասել այլ ձեռքերի բռունցքմանը։ (Հավատանք և բռունցքվենք)։ Ի դեպ, ժամանակն է, որ համաժողովրդական ցասումը յուր նշանաբանն ունենա, հատու, կենսախինդ, վերջնագրային։ Սակայն, որպեսզի նախորդ նշանաբանների ճակատագրին չարժանանա, այն պիտի չարխափան անել։ Սակայն պահը հանդիսավոր և օրհասական է, և եկեք հիշենք նախորդ նշանաբաններն ու նրանց հետևանքները։
«Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» (ՀՀՇ գերակա կարգախոսը):
Կարիք կա՞ արդյոք հիշելու կարգախոսի խոստացած վերջը։ Հարկավ ոչ։ Պարզապես հռչակված պայքարը խիստ նպատակային էր, եկավ մեր ու ձեր վերջը` վերջ-նա-կա-նա-պես և հրաձգարանի աննշան հսկիչը վերաճեց ազգային տնտեսության դղրդուն կեղեքիչի։
«Իմ կուսակցությունը ժողովուրդն է» (հիշենք, այն Ռոբերտ Քոչարյանի գերժողովրդական կարգախոսն էր)։ Միանգամայն առաջադեմ կարգախոս էր` ով կմերժի այն, որ 2-րդ նախագահի «ժողովուրդը» հանդիսացող կուսակցականացված օլիգարխիատը, այնուամենայնիվ, ժողովուրդ չէ, այլ այլմոլորակայինների լեգեոնը։
«Հավատացեք մեր մտքին և բազկին» (ՀՀԿ նշանաբանն էր` 2-րդ նախագահի կառավարման օրոք):
Գերիչ էր նշյալ նշանաբանը։ Ցավոք, միտքը դրսևորվեց խորհրդարանի ակադեմիական մանկուրտացմամբ, բազուկն էլ իր հերթին չար կատակ խաղաց ժողովրդիս գլխին, շաքարի ճակնդեղի գործարանը բացվեց և մնաց որպես անհայտ տնտեսական բացակայող։ (Հետագա բոլոր կարգախոսները նույն ճակատագրին արժանացան։ Վա՜յ մեզ)։
Միով բանիվ նշանաբանը հռչակելեն ետքը պիտի անհապաղ ձեռնամուխ լինել պետականության վերականգնմանը։ Ի մասնավորի ծայրահեղ պահանջարկված են հետևյալ գործընթացները.
ա) ԲՀԿ+ՀԱԿ+«Ժառանգության» անհապաղ մանդատահրաժարումը։ Նման քայլն ունի գործնական և բարոյագեղագիտական նշանառություն։ Նախ, կապահովվի ԱԺ լուծարումը բնականոն ճանապարհով, այնուհետև ժողովուրդը լիաթոք կնստի Ամանորի սուղ սեղանների շուրջը` իշխանակառավարական օթյակների անդամների դիմախաղը վայելելով։
բ) Արգո Ծառուկյանը ինքնակամ պիտի հրաժարվի գազի ներկրումից և հոգին ազատի օլիգարխի խարանից, դառնա այն եզակի մեծահարուստը, ում հոգին բերանն է հասել, և նա ելել է խաղաղ մարտերի։ Ի դեպ, նշյալ առաջարկս լիուլի համարժեք է 9-րդ կետին։
գ) Զանգվածային ներարկումներ պիտի կատարվեն ազգային մշակույթին և արվեստին։ Մինչ այդ եռյակը պիտի հռչակագրի «Ազգային մշակույթի, գիտության, արվեստի և գրականության զարգացման» ռազմավարական ծրագիրը։ (Ի դեպ, համախոհներիս հետ սույն ծրագիրը վաղուց եմ մշակել, անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ)։ Եվ այսպես շարունակ։

ԿԱ՛Մ, ԿԱ՛Մ
(նավահանգստում)
Այո, արգո Ծառուկյան (և նրա սատարիչներ), վիճակը նետված է, դու կամ Հերկուլես ես, կամ էլ, ներող եղիր, Սիզիփոս։ Միով բանիվ խաղաղ և օրինապահ հեղաշրջումից առաջ հարկ է, որ տեխզննման ենթարկես շրջապատդ, ազատվես ամենավտանգավոր կենդանիների ստորաքարշ ծառայությունից։ Եվ գերագույն ջանքերով ապահովես ժողովրդավարական խորհրդարանի կայացումը, զի «Ձայն բազմաց, ձայն Աստծո» պատվիրանն է մեր փրկության եռագույն երաշխիքը։ Ամե՛ն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ