Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Կամ նժույգ ենք, կամ էլ ջորի (մարդակենտրոն հրեշապատում)

Կամ նժույգ ենք,  կամ էլ ջորի (մարդակենտրոն հրեշապատում)
14.11.2014 | 00:13

Երիցս երկչոտ`
Ո՜վ որկորի ճորտ,
Ի՞նչ դարման ունես
Կամ սպեղանի...


«Դժնի հարցական»,

Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ

(նավահանգստում տագնապ է հայտարարվել)

Ակնհայտ է, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունները փրկօղակ են և՛ հայ հասարակության, և՛ ընդդիմադիր շարժման, և, ի վերջո, գործող իշխանությունների համար։ Նկատի ունեմ օլիգարխազերծ խորհրդարանը։ Այսինքն` այն օրենսդիր մարմինը, որի բուֆետում, գրադարանում, միջանցքներում և այլուր շվշվոց և ուշունց չեն լսվի։ Դրան ընդառաջ էլ եռյակը շտաբ-կայաններ է ձևավորում։ Իշխանությունը, իր հերթին, իր վարքով և հայտարարություններով անում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի ժողովրդական ամենալայն զանգվածները լքեն իրենց խոհանոցը, վաճառատուն-կրպակն ու ուղևորատար շարժակազմի ղեկը և հավաքվեն Ազատության հրապարակում։ Սա կլինի աննախադեպ քաղաքական ընդվզում համաշխարհային պատմության տարերքում, աննախադեպ, վեհաշունչ և, ինչ խոսք, նաև նախանձելի այլոց համար։ Սա, անկասկած, «ԼԼ» գլխավոր ծովահենիս վառ-երփներանգ երևակայության արգասիքն է։ Ահավասիկ փաստերի, թվերի, դեպքերի և դեմքերի հակիրճ, սակայն հավաստի շարակարգմամբ ուրվագծենք այն ճանապարհները, որոնք մեզ ուղեկցում են դեպի գլադիատորական ճակատամարտերի, ուր կամ նժույգ ենք լինելու, սիգաճեմ, որդան կարմիրով պատված, կամ էլ հլու մի ջորի, ամրապինդ ու մոխրագույն։

Այժմ թախանձագին պաղատում եմ, ուշադիր եղեք և հավատ ընծայեք անկեղծությանս, զի ներկայացնելու եմ եղած-կատարվածը առանց զավեշտի, անգամ առանց կատակի ու խինդի։ Եզրակացությունը թողնում եմ մեզ բոլորիս, սկսած հանրահավաքներում դդմի բոված սերմ վաճառողի փնթի սեղանիկից մինչև իշխանակառավարական բարձր օթյակներ։

1. Անկախ պետականության 23 տարում հանրապետության բնակչությունը 3,7 միլիոնից նվազել է 2,3-ի (այստեղ ներգրավված չեն Մեծ հայրենականի հայազգի զոհերն ու 1926, 1988 թթ. երկրաշարժերի նահատակները)։ Այնինչ, միայն վերջին հարյուր տարում գրեթե 3 միլիոն հայ կորցրած երկրի բնակչության թիվը պիտի շուրջ 5 միլիոն լիներ` Մեծ եղեռնի հարյուրամյակի շեմին։

2. Ամենահավաստի տվյալներով (այսինքն` պաշտոնական և հակապաշտոնական-ընդդիմադիր թվերի համադրմամբ)` Հայաստանում այսօր հաջողակ և աներեր «պաշտոնավարում է» 350 հազար աղանդավոր։ Նույնքան է գիտամշակութային ոլորտների տաղանդների և ծաղկափթիթ երիտասարդության, իմա` երկիրը լքածների, թվաքանակը։

3. Ի դեպ, զարմանալիորեն համընկնում են կոոպերատիվ բուհերի, քաղաքական մարմինների, մարտական գեներալների և (մեղա՜, մեղա՜) ոսկեհանդերձ եպիսկոպոսների թվաքանակները, 80-100-ի սահմանում։

4. 1990-ի խորհրդարանական և 1991-ի նախագահական ընտրությունները ժողովրդավարության և օրինականության հիմքերի վրա կայացան, հետագա բոլոր մյուս համապետական ընտրությունները մինչ օրս անվերապահ տարակույսներ և զայրույթ են առաջացնում մեր ազատ-անկախ-միացյալ սրտերում։ Այսինքն, քաղաքական նենգադավի կնքահայրերի ախորժակը ահագնանում է տարեցտարի։

5. Խորհրդային Միության վարչահրամայական-գաղութատիրական իշխանության օրոք կայսրության ծայրագավառում` հայկական երկրորդ հանրապետություն Հայաստանում, կային համաշխարհային չափանիշներով հաշվարկված զարգացած արդյունաբերություն, գիտատեխնիկական հպարտ հանրություն, 32 հազար ինքնագոհ գիտնական` ակադեմիական համակարգում, և ծաղկող մշակույթ։

3-րդ հանրապետությունում այսօր առկա են «երրորդ երկրների» չափանիշներով հաշվարկված փլուզված արդյունաբերություն, գիտատեխնիկական հպատակ հանրություն, 3,2 հազար ինքնությունը կորցրած գիտնական և «ծաղիկ» հիվանդությամբ անվերջ տառապող մշակույթ և արվեստ։

6. 1988-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության սահմանները հայկազուն-արորդիները պաշտպանում էին գլխավորապես որսորդական հրացաններով և ինքնաշեն նռնակներով։

Անկախ պետականության հաստատումից հետո երկրի սահմանամերձ գյուղերը լքում են դիրքերը, նոսրանում է բնաշխարհը, փոխարենը գտնված է ելքը` անվտանգության պատ շարել, պարսպել սահմանները, պատսպարել հանրապետությունը պարսպի թիկունքում։ Եվ ապահով թաքնվել, կուչ գալ, սսկվել։

7. 3-րդ հանրապետության հաղթական բարեփոխումների արդյունքում, քաղաքական ինստիտուտների վերջնական կայացման վերջնարդյունքում և վերջապես սոցիալական բազմաբնույթ ծրագրերի կենսագործումից հետո ողջ իշխանական և կառավարական վերնադասը, սկսած քաղաքապետերից, վերջացրած բարձրագույն օղակներով, խստագույնս զանազանվում է հասարակությունից իր կայքով, գույքով, ամբարտավանությամբ։ Է՜հ, որը գրենք, որը ջնջենք և որը մոռացության մատնենք։

ԳԻՆՈՒ ՏԱԿԱՌԸ ԲԱՑ Է,ԳԻՆԻՆ ՊԻՏԻ ԽՄԵԼ

(դեպի բաց ծով)

Այսօր անգամ Երևանի կենդանաբանական այգու ամենաչքաղաքականացված նմուշին` նամիբիացի տխմար գետաձի Սյամշին է հայտնի, որ երկրում ճգնաժամ է, որ անհապաղ անհրաժեշտ են արմատական շրջադարձեր, որ վտանգված է երկրի անկախությունը, ծնելության նորմալ ցուցանիշները գահավիժում են դեպի ազգային գենոֆոնդի վիժեցման անդունդը։ Ի վերջո, իր կերակրացանկն է խաթարված, զի իրեն կերակրում են ոչ թե օրաբաժին արմատապտուղներով, այլ տեղական օլիգարխներից մեկի արտադրած էժանագին մարմելադով և նրբերշիկով։ Միով բանիվ, կարծես, արթնանում ենք, զի համաժողովրդական ընդվզման նպատակով եռյակը շտաբ-կայաններ է ձևավորում։ Անպատճառ այցելելու եմ։ Բնականաբար, պահանջելու եմ ամենուր փակցնել իշխանությունների գլխավոր զանցանքների, հանցանքների և այլնի ճանապարհային բազմաբույր քարտեզը (պետական հանցանքի բույրը յուրահատուկ է, հիշեցնում է գաղութի թանապուրը` առանց յուղի և մածնի) սկսած 1991-ից, վերջացրած ներկա օրերով։ Ընդ որում, յուրաքանչյուր զանցանք թող գունավորվի երկնագույն, յուրաքանչյուր հանցանք իր հերթին դարչնագույն։ Ընդ որում, առաջարկելու եմ, որ լումայի ճշտությամբ որոշվի յուրաքանչյուր զանցավորի և հանցավորի գողոնի չափը և նշվի նրանց քավարանի ուղին։ Անձամբ վստահ եմ, որ ելքը մեկն է. գողոնը պիտի վերադարձվի պետական գանձարան, գողոնային ցլամարտիկներն էլ պիտի, այո՛, այո՛, ապաշխարեն սահմանամերձ մեր գյուղերը վերականգնելով, բանելով օրնիբուն, արդար քրտինքով մշակելով հողը, աջ ձեռքով պիտի կովը կթեն, ձախով էլ եզան թարմ գոմաղբը մշակեն, ձմռան ցրտաշունչ գիշերները բարվոք լուսացնելու նպատակով։ Ասացի կով, հավելեցի եզ և հիշեցի ազգային տնտեսության ազատականացման, ազատականացմամբ էլ եղած-չեղածը գաղութացրած հանրահայտ գանգրահեր-ճարտասանին. ո՞ւր ես, տիար Հրանտ, ինչո՞ւ հարթակում չես, բարոն Բագրատյան։

Ի դեպ, հենց որ (ակամայից, անշուշտ) բարոն Բագրատյանի վսեմ անունն եմ դաջում թղթին, տնտեսագիտական խենթ մտքերն են շոշափում գանգատուփս և, ահավասիկ, առաջարկս. բոլոր այն քաղաքական հայտնի-անհայտ դաշինքները, պայմանագրերն ու այլաբնույթ միաբանությունները, որոնք պատմական պատեհ պահից օգտվելով` այսօր երկրաշինության դրոշներ են պարզում, և որոնց թիկունքում ուրվագծվում է աշխարհահռչակ հեղաշրջիչ Սորոսի հերձվածողական հայացքը, թող որ շարունակեն յուրյանց հակապետական և հակազգային գործը, սակայն մեկ պայմանով. հակապետական գործունեությունից առաջացած գումարներից համապատասխան հարկեր և տուրքեր մուտքագրելով ՀՀ պետբյուջե։ (Սույնի մասին ցանկալի է անհապաղ լսել 13-րդ վարչապետի կարծիքը)։

Միով բանիվ, արգո Ծառուկյանը, Լևոն Հակոբիչը և նրանց մերձ անձինք մարտական դիրքերում են։ Ցանկալի է, որ հենց այսօր և հենց հիմա պայքարի առանցքում արմատավորվի երկրաշինությունը` մեր տնտեսության բարոյականացմամբ։ Հատկանշեմ մի քանի արմատական ձեռնարկումներ.

ա) անհապաղ սկսել Եղվարդի ջրամբարի շինարարությունը, անտեսելով կառավարությանը, միջոցներ հայթայթելով համաժողովրդական հանգանակությամբ (անշուշտ, իրենց ծանրակշիռ ներդրումն այստեղ պիտի ունենան եռյակի ծանրաքսակները։ Ամենևին բացառված չէ եռյակից դուրս գտնվող, անգամ իշխանությունը ներկայացնող այրերի մասնակցությունը համաժողովրդական շաբաթօրյակներով։ Զորօրինակ, խիստ ցանկալի է, որ Եղվարդի ջրամբարի շինարարությանը (ստակով և բահ-քլունգով) մասնակցեն արգո Աբրահամյանը Հովիկ, արժանապատիվ մականունակիր մեր երեսփոխան այրերը, նմանապես օսլայաօձիք չինովնիկական վերադասը, բազում այլ այրեր ու տիկնայք։ Կեցցե՛մ ես, այս ինչպիսի հրաշապատում դարաշրջան եմ բացում, հուռռա՜։ Միով բանիվ, սա մեր, չէ, Վաթեռլոոն չէ, ընդամենը մեր (և իշխանությունների) Սարդարապատն է։

Ի դեպ, Բոնապարտը` Նապոլեոն, իր մեծագույն սխալը թույլ տվեց նախ Ռուսաստանի վրա արշավելով։ Եվ սխալը ամրապնդեց Բորոդինոյի վճռական ճակատամարտից առաջ արտասանած և հենց տեղում էլ թևավոր դարձած բառերով. «Գինու կարասը բաց է, գինին պիտի խմել...»։ Խմեցի՜ն։

Այսօր մեր առջև բաց են հայոց խնկոսկի գինու կարասները, եկեք խմենք մեկական թաս։ Խմենք, առյուծ կտրենք և պետականակերտվենք, երկրաշենվենք, ծլենք-ծաղկենք և բազմանանք։ (Արևմտյան վարկատուների, նաև հայրենական վարկային ուզվորների ականջը խուլ)։ Նաև, հարկավ, չմոռանանք, որ բերանը բաց կարասի գինին կուսական վիճակում մնալով կարող է քացախել։

Միով բանիվ, կամ որդան կարմիր մորթով նժույգ ենք մենք, կամ էլ մի գրաստ անփառունակ, այսինքն` մոխրագույն ջորի։

ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀՐԱԳՈՒՅՆ ԱՉԸ

(կառամատույցում ծիածան է կապել)

Այս անզուգական, կենդանի դասական պոետ Հրաչյան մշտարթուն և մշտապես իր հայրենի եզերքում է, Վանաձոր գեղանկար քաղաքում։ ՈՒշի ուշով վերընթերցենք նախաբանը և անտեսենք մեր առջև ծառացած դժնի հարցականները։ Ողջ լերունք։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ