Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Մոլախոտի բերքահավաք (հավատանք և քաղհանենք)

Մոլախոտի բերքահավաք (հավատանք և քաղհանենք)
07.11.2014 | 12:25

Ֆրանսիական հեղափոխությունից հետո կառապանները դարձան մարշալներ։ Այսինքն` ավետարանական ճշմարտությունն է կրկնվում. ով ձիու վրա էր, կիջնի ցած, ով ներքևում էր, կնստի ձիուն։ Եվ միշտ չէ, որ այդ նստողը գրագետ է։

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԽՈՑԵՐ ԵՎ ԲՈՑԵՐ

(առավոտը նավակայանում)

Կեցցե՛ Արցախի մշակույթի նախարար Աղաբալյանը Նարինե։ Կեցցե՛, զի նրա արմատական հրահանգով Արցախ աշխարհում արգելափակվել է ռաբիս երաժշտության հանրահռչակումը հանրային եթերում, համերգային և հարսանյաց դահլիճներում և այլուր։

Մի՞թե ռաբիսի սանձահարումը հենց Արցախում պատահականություն է։ Ըստ իս` ամենևին։ Ստեփանակերտը աշխարհի մաքուր քաղաքների շարքում է, կեցցե՛ն նաիրյան արցախահայ-ստեփանակերտցիները և այս սքանչելի քաղաքի իշխանությունները։ Մի խոսքով, ժամանակն է, որ ՀՀ-ն միաբանվի Արցախի հետ, ի հեճուկս ոմանց` աշխարհի քարտեզի վրա ի հայտ գա նոր քաղաքակրթական միավոր` 4-րդ հայկական հանրապետությունը, զորօրինակ, Բրաբիոն քաղաքամայրով։ (Արցախում անասունը հանդում է տարվա 9-10 ամիսներին, այս եզերքում գինին առաջին սիրո նման զուլալ է, վարդաշուրթ գարունն էլ զվարթուն ժամանում է, երբ Հայաստանում ձմեռը դեռևս բնաշխարհի լիակատար տիրակալն է)։ Գուցե սա՞ է մեր փրկության ճշմարիտ ուղին, չէ՞ որ պետականության վերստեղծման գարունը ժամանեց հենց Արցախից, և չէ՞ որ ՀՀ-ն այսօր պետականաշինական տրագիֆարսից մահացու հոգնել է և հանգրվանել է խեղկատակության բանջարանոցում, ուր մեր պարանոցին հարվածում են ով ինչպես կամենա, հոգեբուժարանի վերակացուին վայել հոգածությամբ։ Հիշենք թեկուզ ՀՀ ռուս ազգային հերոս Ռիժկով Նիկոլայի Արցախի «ոչ հայկական ծագման» մասին անկեղծացումը, դրան հավելենք ռուս նշանավոր քաղաքագետ, Երևանի «Հին կռուգ» հատվածում ծնված, «Տրամվայի պարկ» թաղամասում էլ միջնակարգ կրթությունը ստացած Միհրանյան Անդրանիկի վերամբարձ քաղսեթևեթանքը, և պատկերը կամբողջանա։ Մի խոսքով, մեր պետությունը անարգված է և դեռ երիտասարդ հասակում նմանվում է անհույս զառամյալի, ով կյանքի մայրամուտին տեղին-անտեղի զառանցում է, մեկ-մեկ էլ, կներեք, թրջում է ներքնաշորերը, գիշերակեսին էլ մի թաս տնական օղի է կոնծում և հայրենասիրական երկու երգ շվշվացնելով անդարդ քուն է մտնում։ Է, ետքը՞։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՐԵՎԱԹԱՓ

(նավարկության փոթորկոտ ծովում)

Թերևս այս կառավարությունը անվանակոչենք «ցնորական սխրագործությունների կառավարություն»։ Խորհրդանշական է, որ ՀՀ 13-րդ վարչապետն է այսօր նրա նավավարը։ Սակայն կառավարությանը յուր վարչապետով հանդերձ հանգիստ թողնենք, նրանց (ինչպես և իշխանական գրեթե բոլոր օղակների) երգը վերջնականապես երգված է, միայն թե ջերմում են և վտանգը չեն զգում։

Հայաստանում քաղաքագետ են բոլորը։ Երբ վաղ առավոտյան հանգրվանում եմ երթուղայինի վարորդի կողքին, ապա ուշ երեկոյան զբաղվում եմ երանավետ ընթերցանությամբ։ (Զորօրինակ, զանազան-զարմանազան կայքային ռմբահարումներին հետևելու փոխարեն լիաթոք շնչում-արտաշնչում եմ «Գրանիշ» նմուշային գրական կայքում), զի երթուղայինի վարորդը (սովորաբար անթրաշ և ռաբիսի սիրահար) բավականին հանգամանալից ներկայացնում է օրվա (երբեմն էլ դարի ու տարվա) քաղաքական համայնապատկերը։ Այնպես որ, քաղընդդիմությունը պիտի յոթանասունյոթը չափի` մեկը կտրելուց առաջ։ Քանզի, ինչպես ասվեց, Հայաստանում բոլորն են քաղաքագետ։ Եվ սա պարտադրում է անհապաղ սկսել քաղաքական մոլախոտերի քաղհանը։ Հակառակ պարագայում անհնար կլինի պետականացնել մեր անմահական այգիներն ու ագարակները։ Եվ թերևս զանգվածային քաղհանով դադարեցնել մոլախոտերի միջև ծագած պատերազմը։ Հատկապես անտանելի է պատերազմի վետերանների միջև ծագած հեռակա տուրուդմփոցը։ Սրանով մի՞թե պարզ չէ, թե ում ջրաղացներն ենք ջրում։ Այո, դուք միանգամայն ճիշտ եք. իշխանությունների ջրաղացը` մեկ, կեղծ ընդդիմության աղացները` երկու, արտաքին «բարեկամների» հողմաղացները` երեք։ Եվ քաղհանը ներկա ընդդիմության (եռյակն է այն, «Նախախորհրդարանը», թե այլ մի «խորհուրդ խորին») գերագույն խնդիրը պիտի լինի։ Եթե, իհարկե, պետականություն են կամենում կերտել։ Իսկ եթե ոչ, ապա իրենց մուրն իրենց գլխին։ Սակայն, ցավոք, ի վերջո իրենց մուրը պատում է մեր գլուխն ու մարմինը, մոլախոտերը շարունակում են ապրել և կառավարել, միշտ կանաչ, թունոտ և մարտաշունչ։ Ի դեպ, մոլախոտը մոլագար խոտն է, այս պարագայում մտավորական քծնանքի ասպետները և իշխանամերձ քաղաքական թերմացքը, անուն առ անուն և գործ առ գործ քաջածանոթ բոլորիս։

Եռյակը կվերաձևվի՞ յոթնյակի, էական չէ։ Անկախ պետականության անդառնալի կորստից առաջ մեզ անհրաժեշտ է իմաստություն, թացը չորից, ցորյանն էլ հարդից զանազանելու համար։ Արարատյան դաշտում խոռոչներ են առաջացել։ Համաձայն հավաստի ահազանգերի, դրանք հղի են հողի վիժմամբ, այսինքն` գեղեցիկ մի օր (Տերը մեզ փրկի) մի գազալցակայան, թեկուզ, ինչու չէ, Մրգավան գյուղի գիշերային ակումբը կարող են անհետանալ։ Նույնքան հավաստի են հանքավայրերի և անտառների բռնաբարման (այլ բնորոշումը անտեղի-լավատեսական է) ահազանգերը, թող ընդդիմության առաջնորդները այս ամենը ականջին օղ անեն և հենց այսօր իրենց պայքարով երկիրը փրկեն վերահաս պատուհասներից։ Այսինքն` քաղաքակիրթ ձևաչափում (կրկնում-երրորդում եմ, ճերմակ դրոշները պիտի այսօր և վաղը փողփողան Ազատության հրապարակում) պարտադրեն կառավարության ու իշխանության սնամեջ հատվածին վերացնել աղետային երևույթները։ Չթվարկեմ, դրանք քաջ հայտնի են մեզ բոլորիս, առավել խորքային` հենց իրենց` իշխանապետերին, ովքեր որքան գնում, այնքան ռաբիսանում են։

Հարդը ցորյանից, թացն էլ չորից զանազանելու-զտելու գերխնդրում եթե այսօր էլ տանուլ տանք, ապա վստահաբար մեղքը մեր վիզը, դրան էլ հավելած սերունդների, չէ, անեծքը չէ, արհամարհանք-արգահատանքը հանդեպ մեզ, 3-րդ հանրապետության հասարակությանը, հատկապես նրա մտավոր և զինվորյալ դասին։ Այո, դարձյալ ու վերստին, կրկին և նորեն վստահեցնում եմ, միակ ազգային-պետական ուժը, որն ունակ է անկախ պետականություն կերտելու, հենց ազատամարտիկների և մտավորականության դաշինքն է։ Կելնի՞ նա պայքարի, կելուստվի՞ հրապարակի հարթակում որպես փյունիկ, ցույց կտա ժամանակը։ Սակայն բազում-բազմաբնույթ կասկածներ և ահազանգեր են հնչում, որ այս անգամ էլ վտանգված է դաշինքի երկունքը, զի ազատամարտի մեր ասպետները անհասկանալի սպասումների մեջ են (գուցե տագնապի, դժվար է ասել), իսկ մտավոր դասի առաջապահները լիասիրտ բավարարվում են մամլո սրահների և թերթերի ծառայություններով, ասել է թե` ի լուր հայության և ի տես աշխարհի, և որոտաձայն պարսավում են, հակընդդեմ սրարշավում և վերադառնում դեպի սեփական գրասեղան, կտավ և նոթատետր։ Է, ետքը՞, և մի՞թե սա ջերմոցային պայքար չէ։ Այժմ, որպես մեր հերթական ջերմ ու արմատական փոխշփման հանգուցալուծում, անդրադառնամ մի եղերական եղելության, որը, անշուշտ, խիստ ուսանելի է ներկա մտավոր դասի համար։

Հայ մտավորականությունը պետականության կայացման արշալույսին դավեց ազգային պետության կայացմանը, դավելով արմատական ասպետին` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր առաջնորդ Աշոտ Նավասարդյանին։ Նա այլ պետական անկախություն էր երազում, սակայն (ամենայն հավանականությամբ, հոգեկան մեծ խռովքի մեջ) նա էլ պարտադրված դավեց անկախ պետականության իր ուխտին, մնալով գրեթե մենակ, անտեսված նորանկախացած հայ մտավորականության կողմից, որոնք նրա էության մեջ տեսան, այո՛, անաղարտ զինվորի և հմուտ հրամանատարի, սակայն ոչ երբեք պետական այրի, և տանուլ տվեցինք, և Աշոտը` ասպետն ու ասկետը, երազողն ու մարտիկը, անդառնալիորեն շրջապատվեց ազգային-պետականության կայացման ու կառուցման սեփական տեսլականներն ունեցող գործիչներով, վերածվելով անգլիական թագուհու։ Մեղադրե՞նք Աշոտին, որ զարմանահրաշ մի դյուրությամբ դավեց իր հավատարիմ զինակիցներին։ Թերևս ոչ, զի նա մնաց մենակ, իսկ վճռական մենակներին վիճակված է հաղթել պատերազմում, սակայն անփառունակ պարտություն կրել խաղաղ օրերում։ Նժդեհը չպարտվեց։ Անշուշտ, Աշոտի գաղափարակից-զինընկերների նոր կոհորտան պետականության կայացման գործում ունի սեփական լուման, պարզապես նրանց տեսլականներում անկախացած երկիրը սեփական ասպատակությունների ասպարեզ է։ Եվ ով կհամոզի ինձ և ձեզ, որ մենք պետություն չենք, մի՞թե այսօր չունենք մարտունակ բանակ և գերմարտունակ-մեծաքսակ հրամանատարական վերնադաս, արդյո՞ք մեր բանկային համակարգը ամենագործունյաներից չէ «ալամ-աշխարհում» (նրանք, կեղեքիչ տոկոսադրույքներով հանդերձ, այնուամենայնիվ, հսկայական պահանջարկ ունեն բնակչության կողմից)։ Միով բանիվ սա էլ երկիր է, պետություն և հայրենիք։ Ասպատակողների երկիրը, բանկային հերետիկոսների հայրենիքը, ի վերջո, մտավորական-պահպանողականների պետությունը։ Որոնք, ինչ խոսք, իրենց վավաշոտ փարիսեցիությամբ այսօր արթուն պահակ կանգնած պահպանում են հերետիկոսների և ասպատակողների երկիրն ու հայրենիքը։ Է, ետքը՞։

Մի խոսքով, հայկական խոր աշունը (ինձ համար տարվա ամենազմայլելի եղանակը) խենթ տարերքի մեջ է, ես էլ կոչ եմ անում մտավորականությանն ու ազատամարտի վետերաններին ելնել մոլախոտի բերքահավաքի։ Հավատանք և քաղհանենք։

ԲՐԱԲԻՈՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ՏԱԿ

(նավահանգստում գործադուլ է)

Նախորդ ուրբաթ «Իրատես de facto»-ն գեր-գերազանց էր ցնցող հրապարակումներով։ Ահավասիկ տիար Դադայանի` «Մենք վերելակով բարձրանում ենք ներքև» եզրահանգումը։ Անահիտ Ադամյանին տված նրա հարցազրույցից մեկ դրվագ եմ ի ցույց դնում, ընդամենը մեկ դրվագ. «...ինչո՞ւ ցեղասպանության հոգեբանական հետևանքները ոչ մեկին չեն հետաքրքրում»։ Ինձ երիցս հետաքրքրում են, և ահավասիկ կռահում եմ, որ Էրգիրը իր բյուր հարստությունը կորցնելով, կորստյան մատնելով հայկազյան որդան-կարմիր գենոֆոնդի պատկառելի հատվածը, մեկ դար անց հանդարտ և աներևույթ, սակայն հետևողական ու աննահանջ ցեղասպանվում է, մեր բորբոսնած արդյունաբերության և ճողված տնտեսության օրհնությամբ և մեր մտավորականության աննահանջ «սուսիկ-փուսիկ» պահանջատիրությամբ։ ՈՒ մի՞թե ներկա արտագաղթի արդարացումը նշանավոր զորավարի բերանով ցեղասպանություն չէ։ Այնպես որ, տիար Գուրգեն Եղիազարյան, այր մարտական-մտավորական, հեծիր նժույգդ, ի զեն կոչիր զորքդ և ուղիղ դեպի Բրաբիոն մայրաքաղաքը` Ազատության հրապարակ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- «Նախախորհրդարանը» մարտիկ և ասպետ Ժիրայրի ձայնով ուրվագծեց յուր ճանապարհային քարտեզը։ Ավելի ստույգ` ռմբահարեց, պարզաբանելով, որ 2015-ի ապրիլի 24-ին իշխանությունը հեռանալու է։ Սակայն ինչպե՞ս, ծաղկեպսակները անմար կրակի շուրջը դարսելեն ե՞տքը, թե՞ վաղ լուսաբացին։

Դիտվել է՝ 1817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ