Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ «Արևմտահայոց համագումարի» ուրվականը

Մի ուրվական է շրջում Հայաստանում՝  «Արևմտահայոց համագումարի» ուրվականը
04.11.2014 | 11:09

Մի դար, բայց երբ ասում ենք հարյուր տարի, մեր ենթագիտակցության մեջ տարին է հետք թողնում, այսինքն՝ հաշվելի է դառնում։ Իրականում մի դարը, մեծ հաշվով, ժամանակային ընկալումով շրջափակումային է. դարով են հաշվվում ու չափվում մարդկության պատմության կարևոր անցքերը: Մեկ դարում տեղի ունեցած որևէ ժողովրդի կամ նրա պետություն-թագավորության ժամանակագրությունը կարող է նրան փառք ու հզորություն բերել կամ կործանում։ Մեր ժողովրդի մեկ դարը թերևս նվազ համեմատելի է ուրիշ ազգերի մի դարի հետ իր՝ պատերազմների առատությամբ, հարևան ու հեռավոր նվաճողների բազմազանությամբ ու դաժանությամբ, դաշնակիցների անդաշնությամբ, հարևանների ձեռքը մեր հոգևոր ու մշակութային ամբարներում, օտարության մեջ օտարի համար ստեղծելու, բայց ձեռնունայն մնալու իրողությամբ, ուրիշի համար կռվելու և հաղթելու, բայց չգնահատվելու երախտամոռությամբ և մի քանի անգամ ցեղասպանության ենթարկվելու իրականությամբ։ Այդպես է ստացվել։ Եվ այդպես՝ դարեր կամ հարյուրավոր տարիներ։ Ի՞նչ ենք սովորել մենք մեր դարերից։ Գրեթե ոչինչ։
Հարյուր տարի է անցել մարդու արյունը երակներում սառեցնող ու սահմռկեցնող Հայոց ցեղասպանությունից, ու մենք դեռ ոչինչ չենք արել ոչ միայն հայրենիքը վերադարձնելու համար, այլև արդարությունը հաստատելու և մեղավորներին պատժելու համար։ Մի քանի պետությունների կողմից պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ՝ հայերիս, քաղաքական շահ չի բերել. որոշ պետություններ դա արել են ազնիվ մղումներով. շնորհակալություն նրանց, որոշ երկրներ շահարկում են այդ դաժան իրողությունը՝ իրենց շահը փնտրելով Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում: Այդ ամենը քաղաքականություն Է, որին հայերիս պես միամիտ մարդիկ, որպես հոմանիշ, անբարոյականություն բառն են համարժեք գտել։
Բայց դա բնավ այդպես չէ: Քաղաքականությունը պահանջում է լինել հետևողական, ունենալ ճկուն միտք, խորամանկություն, պատմական հիշաչարություն, իրավական գրագիտություն, կազմակերպվածություն, ազգային արժանապատվություն, համարձակություն, եթե պետք է, նաև կաշառելու ունակություն ու էլի մի քանի պիտանի հատկանիշներ։ Մենք սրանցից ո՞րն ունենք։ Ոչ մեկը: Եվ այդուհանդերձ, հարյուր տարի է՝ ուզում ենք մեր նահատակ պապերի՝ մի ողջ ժողովրդի կոտորածի անմարս իրողության և զոհի բարդույթից ազատվել: Միայն բարդույթից։ Իսկ խլված հայրենիքի վերադա՞րձը, միլիոնավոր մարդկանց արյան գի՞նը կամ այն երեխաների ծնունդը, որ հարյուր տարում չծնվեցին, իսկ ազգի հոգևոր, մշակութաստեղծ, կենսաբանական ժառանգականության շարունակականությո՞ւնը։
Այս բոլորը, պարզվում է, մի խումբ մարդկանց պետք չէ:
2012 թ. Կարեն Միքայելյանի ջանքերով, բայց ինչ-որ ուժերի ֆինանսական աջակցությամբ, նախ Երևանում կազմակերպվեց «Արևմտահայոց 3-րդ համագումարի» նախապատրաստական միջոցառում, որի նպատակների ու ծրագրերի մասին երբ «Վասպուրական նոր սերունդ» հայրենակցական միության նախագահ Մարինե Վահրադյանի միջոցով իմացան արևմտահայ հայրենակցական միությունների անդամները, նրանցից շատերը հրաժարվեցին Փարիզ մեկնելուց՝ համագումարին մասնակցելու, հրաժարվեցին մասնակցելուց և անգամ բուռն վեճ եղավ գիտնական-պատմաբանների, քաղաքագետ Արա Պապյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, գրականագետների և Կարեն Միքայելյանի միջև: Ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը կտրուկ մերժեց մինչ այդ խոստացած դահլիճը տրամադրել՝ հավաքն անցկացնելու համար: Բայց Կարեն Միքայելյանն այնուամենայնիվ անցկացրեց «նախահամագումարը» Շախմատի ակադեմիայի դահլիճում:
Եվ այսպես, հետևողականորեն մշակվում է մի ծրագիր, ըստ որի, մենք՝ հայերս, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը, «տեսանելի ապագայում անգամ Թուրքիային հողային պահանջներ ներկայացնել չենք կարող»։ Նույն հետևողականությամբ Հայաստանի ներսում անհայտ ուժերի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը հայկական պահանջատիրության դաշտում ավերածություններ է անում:
Մի քանի տարի է՝ հայ հասարակությունը մոլորության մեջ է դրվում «արևմտահայոց երրորդ, հիմա էլ՝ չորրորդ համագումարների» ապազգային և հակահայկական և Հայաստանի պետական շահերին հակասող, թուրքամետ, ես կասեի՝ թուրքանպաստ և Թուրքիայի պետական մարմինների մշակած ծրագրով։ Ի՞նչ է այդ ծրագրի էությունը և ո՞ւր է ուղղորդում հայերիս, մասնավորապես սփյուռքում ապրող արևմտահայերի անմիջական ժառանգներին. «վերադառնալ» Թուրքիա՝ որպես նախկին Օսմանյան կայսրության և իրենց հայրերի ու պապերի քաղաքացիության երկիր, ուշադրություն դարձրե՛ք, ոչ թե պատմական հայրենիք, այլ «իրենց հայրերի ու պապերի քաղաքացիության երկիր» և խնդրել այսօրվա Թուրքիայի կառավարությունից իրենց պապերի տներն ու այգիները, ջրաղացները և այլն, եկեղեցական կառույցներին վերադարձվեն կանգուն կամ ավերակ եկեղեցիները և դառնալ Թուրքիայի լիիրավ քաղաքացիներ: Ահա այդ «ծրագրից» մի դրույթ (ուղղագրական, քերականական և ոճական սխալները «ծրագրինն» են).
Վերադառնալու կոչեր.
Համայն աշխարհում սփռված է ավելի քան տասը միլիոն արևմտահայություն, որը գիտակցում է իր ազգային ինքնությունը, գիտի իր պատմությունը և հայրենազուրկ լինելու պատճառներն ու հետևանքները: Սփյուռքի մեջ ապրող արևմտահայերին վերադառնալու կոչ ուղղելուց առաջ, նախ հարկավոր է հարգել Թուրքիայի մեջ մնացած հայերի էթնիկ ինքնությունը, ապահովել նրանց ազատ և անվտանգ ապրելու իրավունքները: Քաղաքացիներ և շարունակեն հային հատուկ ստեղծագործ ու շինարար առաքելությունը Թուրքիայում... և ամենայն հավանականությամբ կհարմարվեն երկու շողովուրդները և կապրեն հաշտ ու համերաշխ։
Եվ դարձյալ շարունակենք թշնամուս պետոթյունը հզորացնե՞լ։
(Ծրագիրը և կոչը Էրդողանին ու Թուրքիայի մյուս ժողովուրդներին տեղադրված է Արևմտահայոց ազգային համագումարի պաշտանական էջում, կարելի է ծանոթանալ)։
Ցեղասպանության և հայրենազրկման ենթարկված հայ ժողովրդին, որն ունի անկախ պետություն և իր շահերը պաշտպանելու իրավական բոլոր հնարավորությունները, այսպես՝ թշնամու դաժանությամբ ստորացնել ու նսեմացնել... աներևակայելի է ու անհանդուրժելի հենց մեր պետության համար… Հայոց պահանջատիրությունը իջեցրել են... հայոց լեզվի բառապաշարում համապատասխան բառ չեմ գտնում որակավորելու վերը բերված այս «Վերադարձի կոչը»։
Հոկտեմբերի 20-ին կառավարության նիստերի մեծ դահլիճում իշխող կուսակցության և պետության երրորդ-չորրորդ դեմքերի (Է. Շարմազանով) ներկայությամբ, պատգամավորի նախագահությամբ, բազմաթիվ պաշտոնատար անձանց, պատմաբանների, արցախյան ազատամարտի գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանի, Ազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հայկ Քոթանջյանի, օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների, մտավորականների, լրագրողների, ՀԿ և մի քանի հայրենակցական միությունների մասնակցությամբ բարձր մակարդակով կայացավ «Արևմտահայոց 4-րդ համագումարին ընդառաջ» նախապատրաստական հավաքը։
Կարդում ես «ծրագիրը», լսում ես կազմակերպիչների «տեսլականը», մասնակիցների «ծանրակշիռ «մեկնաբանությունները» հայոց պահանջատիրության վերաբերյալ, նայում ես Արարատների խորհրդանշական գծանկարին այն կողմից և մի պահ քեզ թվում է, թե վերջապես պահանջատիրության հարց ենք բարձրացնում. բայց ի՞նչ ենք պահանջում, ի՞նչ հատուցում։ Հասկանալուց հետո քեզ իրականությունից դուրս ես զգում. ովքե՞ր են այս կախարդված ու խաբված մարդիկ, որ հավատում են մի... «ուրվական է շրջում» գաղափարին, ով է այս ծրագրի հեղինակը, ով է ֆինանսավորում այս ծավալի «համագումարներ» փարիզներում և Երևանում անցկացնելը, ում է ձեռնտու այսպիսի «պահանջատիրությունը», երբ մեր ժողովուրդն ու պետությունը պահանջատիրության առավել արժանապատիվ, իրատեսական և բռնազավթված մեր հայրենիքի մի զգալի հատվածին տեր կանգնելու անժամանցելի ու անբեկանելի և ստորագրման պահից ուժի մեջ եղող իրավարար վճիռ ունենք մեր ձեռքին։ Ո՞Ւր են մեր տիտղոսավոր պատմաբաններն ու գիտնականները, քաղաքագետներն ու հենց երկրի նախագահը, ով մի երկու տարի առաջ Վուդրո Վիլսոնի գերեզմանին վարդեր դրեց՝ որպես երախտագիտություն և ուղերձ՝ առ իրավարար վճիռը ստորագրած աշխարհի մի քանի պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի կառավարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը տեր է միջազգային իրավունքով հաստատված իր իրավունքներին։ Այդ դեպքում այս ի՞նչ դավադրություն է, հայե՛ր։ Որտեղ է ՀՀ ազգային անվտանգությունը։ Սթափվենք... Մեր տանը մեր իսկ մասնակցությամբ ինչ-որ ուժեր, օգտվելով շատերի չիմացությունից, խլում են մեզնից միակ և վերջին՝ մեր հայրենիքի մի զգալի մասին վերատիրանալու իրավունքը։
Տնքում է հայոց հողը թշնամու ոտքի տակ, հայոց անմեղ զոհերի հոգիները հանգիստ չունեն երկնքում։ Սա՞ է եղել մեր ուզածը հարյուր տարվա ընթացքում։ Ո՛չ։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ