Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Սարդարապատից առաջ, Ավարայրից հետո (մուրճի և սալի միջև)

Սարդարապատից առաջ, Ավարայրից հետո (մուրճի և սալի միջև)
24.10.2014 | 00:39

Հողը արյան գույնը չի սիրում։ Երբ մարդ ու գազան արյուն են թափում, մի պահ միայն նրա ալ կարմիրը հայտնվում և արագ էլ անհետանում է աշխարհի երեսից` դառնալով մուգ դարչնագույն, հողագույն և վերջապես` հուշ...


«Արյուն», Նարինե ԿՌՈՅԱՆ

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱՌԱՓՆԱՐԱՆՈՒՄ

(նավարկությունից առաջ)

Ըստ ձեզ, եռյակ-քառյակ բազմանկյո՞ւնն է ալեկոծել ժողովրդին` դուրս բերել հրապարակ և փողոց։ Իշխանական օթյակներից անվերջ հնչող և երկրի ցավն այդպես էլ չամոքող հրովարտակներն են մեզ մղում ընդվզման։ Հանրահայտ ու գեղակերտ շենքի տիրակալն էլ նրանց ձեռնոց է նետել, նրա շենքը գտնվում է Հրազդանի գեղատեսիլ կիրճի բարձունքին, և դարձյալ սև է, ինչ կարող ենք անել, հայի բախտ է։ Միով բանիվ դժվար թե այժմ հորինենք մի նոր հեծանիվ, խաղը սկսված է, վարչապետ Աբրահամյանն էլ կամա թե ակամա անում է ձեռքից եկածը երկրում հեղափոխություն հրահրելու համար։ Թույլ չենք տա, արյուն չի թափվելու, ոստիկանապետ Գասպարյանը մեզ թև ու թիկունք դառնալով` մեզ հետ կաղոթի, հացադուլի էլ կնստի, անհրաժեշտության դեպքում էլ անձրևանոց կբռնի մեր ըմբոստ գլուխների վրա։

Մի խոսքով, Բաղրամյան 13-ում մակընթացություններ են, Կառավարական տանը տեղատվություն է, անձրև է տեղում, հորդ։ Վարչապետի գերագույն երազանքն այլևս իրականություն է, օր օրի Հայաստանը դառնում է նրա անհասկանալի հավակնությունների զոհը։ Այո, Նոբելյան մրցանակը նոր հայկական անվանակարգի կարիք ունի, թերևս, այս անվանումով` «Ինչպես դառնալ միլիարդատեր սոխ ու պղպեղ վաճառելով»։ Ո՞վ կշահի մրցանակը, մի՞թե գաղտնիք է։ Եվ, խնդրեմ, Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ վարկային կառափնարան բարձրացրին հայ ժողովրդին և Երկիր Նաիրին։ Վարչապետը երբեք այդպես ինքնաբավ չէր եղել, ինքնաբավ, հոխորտուն և ժպտադեմ։ Այնպես որ, այսօր պիտի հնչի տնտեսական վերնակույտի վերջնագրային ունեզրկման հարցը։ Թերևս, նրանք, անկասկած, օրենքի սահմաններում պետք է հաշվետվություն ներկայացնեն ահռելի ունեցվածքի ձեռքբերման վերաբերյալ։ Այո, մենք ազգովին սահմանագծին ենք հասել, ևս մեկ քայլ դեպի հետ, և մեզ գրկաբաց կընդունի ճորտատիրական հասարակարգ կոչվող անդունդը։ Զավեշտի սահմաններն ընդարձակվել են անհնարինության աստիճանի և, վստահաբար, ոմանք մեզ դրել են հոգեբուժարանի անբուժելի հիվանդների տեղ։ Եվ մեզ համոզում են, որ միջազգային հեղինակություն և կշիռ ձեռք բերելու լավագույն եղանակը քաղաքական աճպարարությունն է, զորօրինակ, հայտավորվում ես ռազմատնտեսական մի դաշինքում, վարկավորվում ես դաշինքին թշնամի բանկերի կողմից։

ԵԼԻՐ, ՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԱՆԻԾԵԼ Է

(նավաբեկության իններորդ ալիքը)

Լավ, ինչո՞ւ է այսօր ջուր ծեծում Հանրային խորհրդի նախագահը։ Ջուր է ծեծում, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը համարելով շարքային մի բան։ Ինչ կարող ես անել, սա է ներկա մեր ոչիշխանական, սակայն լիովին իշխանամերձ վերնախավի ճշմարիտ նկարագիրը. մարդիկ կուշտ են, ապահով` սոցիալապես, անխռով են նայում իրենց ապագային։ Սա գլխիվայր շարժում է, փորոտիքն է ոմանց ուղեղագալարներին փոխարինել, և տեղին է հիշել ժողովրդական խոսքը. «Նամուսը գցեցին շան դեմ, շունը չկերավ»։

Իր հերթին մեծագույն խնդրի առջև է կանգնած մեր առայժմ կքանստած մտավորականությունը։ Այնինչ ակնհայտ է. երկու ուժ է ի զորու երկիրը փրկելու այս խելակորույս իրավիճակից` ազատամարտիկներն ու մտավորականությունը։ Իհարկե, խոսքս չի վերաբերում հանրային և այլ խորհուրդներում ի մի եկած քծնասպետներին, որոնց գերագույն նպատակը երկրի ղեկավարության առջև շորորավարգելն է։ Նկատի ունեմ անկեղծ, անկաշառ և պայքարի պատրաստ նկարիչներին, գրողներին, գիտնականներին և այլոց։ Նրանք կան, հարկավ, միայն թե առայժմ քուն են մտել և ինչ-որ անհասկանալի սպասումների մեջ են։ Սակայն չէ՞ որ 3-րդ հանրապետության (Արցախը ներառյալ) կայացման ակունքներում հենց մտավոր դասն էր, պատմաբան Արթուր Մկրտչյանը, մանկավարժ Թաթուլ Կրպեյանը, ռեժիսորներ Մովսես Գորգիսյանը, Արթուր Մալխասյանը, Արմեն Մազմանյանը, երկրաբան Սիմոն Աչիկգոզյանը, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանը, արձակագիր Վազգեն Սարգսյանը։ Իսկապես խնկարկելի անուններ։ Եվ ինչ կասեին նրանք, եթե մի հրաշքով կենդանանային։ Այսօր մենք մի՞թե մեր հացկատակային համակերպությամբ չենք անարգում նրանց պայծառ հիշատակը։ Անշուշտ, անարգում ենք։ Այսպիսով միայն ազատամարտիկների և մտավորականության միաձույլ դաշինքն է այն ուժը, որը պիտի, այո՛, այսօր հանրահավաքում լինի ու թույլ չտա, որ հերթական անգամ մեզ և մեր երկիրը փորձության տանեն։ Բավ է, հանրապետությունը բարոյազրկվում է ժամ առ ժամ, և անդարձ անցյալ են գեղամյանները, հայրիկյանները, խոսրովներն ու այլք, ժամանակը նրանց անարգանքի սյունին է գամել իրենց կենդանության օրոք։ Ինչպիսի՞ն կլինի այս նորօրյա գետադարձների և մելիքֆրանգյուլների գործունեության գնահատականը 4-րդ հանրապետությունում։ Հարկավ` խիստ բացասական։ Գուցե ոմանք սա ականջին օղ անեն։

Առհասարակ ողբալի է այն երկրի վիճակը, ուր կառավարիչ են դառնում մթին հոգու և խառնակ մտքի տեր մարդիկ։ Ելի՛ր, ում կյանքն է անիծել։ Հանրահավաքում յուրաքանչյուր ազատամարտիկի աջ կողքին պիտի մտավորականը դիրքավորվի։ Բավ է, տիկնայք և պարոնայք, բավ է գրասեղաններին հակված անեծքաչոր անել իշխանություններին։ Մի՞թե մինչ օրս չեք գիտակցել, որ մեր պարսավանքը նրանց համար մեկ լումայի արժեք էլ չունի։ Եվ ինձ այսօր մի բան է զարմացնում. մի՞թե 88-ը չի կրկնվելու, մի՞թե ՀՅԴ-ին զորակցողները կարող էին այն հեռավոր և հերոսական տարիներին մտածել, որ դաշնակցական հրամկազմի համար քաղաքականությունն ընդամենը գերհաջողակ բիզնես-նախագիծ է, և արդյո՞ք ժամանակը չէ, որ ՀՅԴ շարքերը լքեն երկրի համար արյուն-քրտինք թափած բազում նվիրական տղաներ։ Լքեն գեթ հանուն Արամ Մանուկյանի լուսավոր անվան ու հիշատակի։ Առայժմ ՀՅԴ շարքերում համակերպված անդորր է։ Սակայն չմոռանանք հայտնի ասույթը. «Լռությունը համաձայնության նշան է»։ Այնպես որ, ՀՅԴ շարքերի աննկուն և ազնվասիրտ տղաները լիուլի կիսում են կուսակցական վերնախավի դիրքորոշումների պատասխանատվությունը երկրի և ժողովրդի առջև։ Ի վերջո, մեր պատմության առջև։

Մի խոսքով, այսօր ճերմակ դրոշները պիտի փողփողան Ազատության հրապարակում։ Ելնենք ոտքի, զի մեզ անիծել է մեր կյանքը, անիծել է մեր իսկ իշխանապետերի ձեռքով, հոգով և մտքով։ Եվ նրանք մեզ դրդում են մի այնպիսի միաբանման, որ ունեցել ենք Սարդարապատից առաջ և Ավարայրից հետո։ Դրդում են, քանզի դաժան մի հետևողականությամբ շարունակ թքում են մեր հոգու մեջ։ Այսպես, փոքր և միջին բիզնեսին զարկ տվող 13-րդ վարչապետի որդին ահավասիկ հսկա բիզնես-կենտրոն է ելուստել Արտաշատ հինավուրց ոստանում։ (Գյուղնախարարի երջանկությունը սրտակեղեք-զմայլուն էր, օրեր առաջ ակնհայտորեն վարչապետին հաճոյանալու համար շեփորեց ի լուր աշխարհի, այն է` գառներ և ոչխարներ են արտահանվել, ու մի՞թե սա չէ հայ արդի գյուղատնտեսության զարգացման առհավատչյան)։ Երրորդ հանրապետության 3-րդ նախագահի (իմ կողմից երկու անգամ քվե ստացած) բոլոր դղրդուն խոստումները ողբ ու կականով հայտնվում են հետադարձ շարժման մեջ։ Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ վերնախավն օրեր անց կմասնակցի «Արտաշատ-պլազայի» բացման, անշուշտ, իրենց համար հոխորտալից ու հաղթական, մեզ համար, վստահաբար, ողբերգական արարողությանը։ Ո՞րն է, սակայն, «Արտաշատ-պլազայի» սեփականատեր Արգամի ծառայությունը հայ ժողովրդին և անկախ պետականությանը։ Նա՞ էլ է գյուղմթերքներ վաճառելով ահռելի հարստության տեր դարձել։ Էհ, որն ասենք, որը թողնենք և որը շրջանցենք։

«ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ»

(խաղաղ նավահանգիստ)

Պանծալի Մովսես Գորգիսյանի խոսքով էլ` «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու», ավարտենք մեր այսօրվա զրույցը։

Վրեժ

ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ