Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հերթը Ղարաբաղինն է

Հերթը Ղարաբաղինն է
14.10.2014 | 00:40

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հույս է հայտնել, որ Եվրասիական միությունը կընդլայնվի նոր երկրների անդամակցությամբ: «Մենք լավ հարաբերություններ ենք զարգացնում Ադրբեջանի հետ և այդ ուղղությամբ կառուցողական համագործակցություն ենք սպասում»,- ասել է նա և հիշեցրել, որ Բաքուն դադարեցրել է իր գործունեությունը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում: «Եթե ժամանակի ընթացքում Ադրբեջանը նման որոշում ընդունի (անդամակցությունը Եվրասիական միությանը), դա հենց այն ճանապարհն է, որով կլուծվի Ղարաբաղի հակամարտությունը, երբ երկու երկրները միասին կլինեն մեկ տնտեսական միության մեջ»,- ենթադրել է սենատորը: Այս տեսակետի արտահայտման մեջ Ջաբարովը միայնակ չէ: Կարելի է նույնիսկ պնդել, որ նա ու ռուսական փորձագիտական հանրությունը հետևողականորեն առաջ են տանում մի քաղաքականություն, որը մշակվել է Կրեմլում: Իսկապես անվիճելի է, որ ինտեգրացիոն գործընթացները նպաստում են հակամարտությունների կարգավորմանը, պետությունների միջև տարածքային խնդիրների լուծմանը: Այդպես եղել է հետպատերազմյան Եվրոպայում, ու այսօր հարյուրամյակների թշնամություն ունեցող, արյունալի պատերազմների միջով անցած Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականությունների ներդաշականությունը խորհրդանշում է Եվրոպայի միասնականությունը, միասնական ձգտումները: Սակայն առնվազն միամիտ կլինի զուգահեռներ անցկացնելը Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև: ԵՄ-ն ազատ երկրների դաշինք է՝ հիմնված մարդու իրավունքների ու ազատությունների, պետությունների իրավահավասարության գաղափարների վրա: ԵՄ-ում գործում են որոշումների ընդունման իրապես կոնսենսուսային, լեգալ մեխանիզմները: ԵԱՏՄ-ն «բռնապետերի ակումբ» է, որտեղ ինտեգրվում են ոչ թե անդամ երկրները, այլ ռեժիմները, որոնց միավորում է ժողովրդավարության մերժումը, կառավարման ավտորիտար «մշակույթը»: ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են «մենթալիտետային» հիմքով, ռուսական կայսերականության հավակնությունների թելադրանքով: Մեծ է վտանգը, որ ռուս-ադրբեջանական գործարքը, Ադրբեջանի հնարավոր եվրասիականացման գինը լինելու է սակարկությունը՝ Հայաստանի ու Ղարաբաղի հաշվին: Պատմությունը ստեղծել է նախադեպեր, տխուր նախադեպեր, երբ անցյալ դարասկզբին ռուսական ինտեգրացիոն նախագիծը՝ բոլշևիկյան դրսևորումով, տեղի ունեցավ հայկական շահերի հաշվին. ռուս-թուրքական «մեղրամսի» պատճառով Հայաստանից օտարվեցին Ղարաբաղն ու Նախիջևանը: Պատմությունը կրկնվում է, մեր խնդիրն է այդ կրկնության կանխումը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ