Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Թակարդը և դարանն ընդդեմ պետության

Թակարդը և դարանն ընդդեմ պետության
26.09.2014 | 11:58

Խորհրդավոր ու սևակնած մռայլ երկինք
Կամ ալեկոծ մի հայելի ու արհավիրք.
Երկու անծայր ու անսահման տարածություն,
Նոր և նման երկու տարբեր իշխանություն...


«Փարոսներ»,
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈՇԻԿԻ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՍԱՊՈԳԻ ՄԱՍԻՆ
(նավարկություն)
Սույն վեհադղորդ հասկացությունը հայ իրականություն ներխուժեց երկիրը «երկիր դարձնող» ցրտի, մթի և հանրահավաքների հետ։ (Խորհրդային տարիներին ինձ թվում էր, թե ընդդիմության արմատը ոչ թե դիմությունն է, այլ ընդեղենը)։ Հետո պարզվեց, որ ընդդիմությունը պետություն կառուցելու համար նույնքան անհրաժեշտ նախապայման է, որքան շենք կառուցելիս շաղախը։ Անկեղծ ասած, լեզուս փաթ ընկավ. չէ՞ որ անորակ շաղախն էլ իր բաժին մեղքն ուներ Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Ինչևէ, իշխանությունն իշխանության գալու հենց հաջորդ օրվանից սկսեց կայացնել երկրի ընդդիմությունը։ Այսինքն, սկսեց շեղվել «Ղարաբաղ» կոմիտեի հռչակած հանրահավաքային արդարությունից և հարթակային ճշմարտությունից։ (Եվ ի մի եկավ նույն անկախական մեր ընդդիմությունը)։ Եվ ինչպես արևելյան հեքիաթում է կատարվել, ազատ+անկախ+միացյալ 3-րդ հանրապետության ժողովրդավար իշխանությունները գլխատեցին խորհրդային պետության վիշապին, բազմեցին վիշապի գահին, փոխեցին վիշապադռան ցուցանակը, այսինքն՝ ՀԽՍՀ-ն ՀՀ-ի, և դարձան ավելի դաժան վիշապներ։ Եվ ծաղկեց+փթթեց+առաքինացավ ՀՀ ընդդիմությունը։ Եթե ազգընտիր Տեր-Պետրոսյանը փակվել էր յուր տաքուկ դղյակում և հանդարտ գիրանում էր, ժողովրդավար Հայրիկյանը քամոտ հարթակում մեղմիկ գունատվում էր։ Սա պարզագույն ընթացակարգ է՝ իշխանությունը պիտի լինի փքուն+նենգ+հակապետական, ընդդիմությունը ճիշտ հակառակը, պիտի լինի սմքած+լուսահոգի+պետականաշեն։ Այսպես էր մինչև 1995 թվականը, երբ ՀՀ ԳԽ-ն դարձավ ՀՀ ԱԺ, և ընդդիմությունը իսկույն վիշապվեց, դարձավ իշխանության թևն ու թիկունքը, յուր վարքով և բարքերով, յուր կայքով, հագ ու կապով։ Է, ետքը՞։
Այսօրվա պես հիշում եմ Պարույրի ոտնամանները դեռ 1992-ին։ Խորհրդային պահեստներից դուրս հանված և ժողովրդին նվիրաբերված էժանագին «սապոգներ» էին։ Բնականաբար, Լևոնն այդ օրերին շվեդական կաշվե կոշիկներ էր հագնում։ Այսինքն, իշխանությունն ու ընդդիմությունը տարանջատված էին, և, ահավասիկ, երկու պատկեր անկախ պետականության արշալույսից։ ՀՀԿ կենտրոնակայանում ճգնակյացաբարո մի ճաշ էր, ճերմակ էր մեր սեղանի զարդը, կարմրակեղև հացն էր սեղանի մխիթարությունը և ուրիշ ոչինչ։ Այնինչ նույն օրերին ՀՀՇ ճաշերը լուկուլլոսյան խնջույքներ էին, միևնույն զեխությամբ և կրքոտությամբ։ ՀՀԿ-ն արմատական ընդդիմություն էր, և վերոնշյալը խիստ բնական էր։ ՀՀՇ-ն էլ իշխանություն էր, և մի՞թե նրանց օրվա մեղրահացը պիտի համարժեքվեր ՀՀԿ շարքային «բուխանկային»։ Հարկավ ո՛չ։ Այսօր ի՜նչ է կատարվում, փորձենք ըմբռնել։

ԵՐԲ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՁԵՌՔԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՏՔՆ Է ԼՎԱՆՈՒՄ
(նավաբեկություն)
Չէ, այստեղ բնավ գործ չունենք քրիստոնեական խոնարհության հետ։ Եթե ընդդիմադիր մարտական ձեռքը լվանում է իշխանական տառապյալ ոտքը, նշանակում է, որ գործարքը կայացած է. այսօր ես լվանում եմ քո աջ ոտնաթաթը, վաղը դու կգուրգուրես իմ ձախ կրունկն ու բութը։ Մի խոսքով՝ այսօր քաղաքական խառնակությունը յուր կիզակետում է, ընդդիմությունը (այլընտրանքային և ճակատային, դժնամիտ և լուսերես) ընդդիմանում է իշխանական հենց այն «այիբներին», որոնցով ինքն ապրում է, շնչում է, քնում և արթնանում է։ ՈՒղղակի անմահական է ԲՀԿ անհավանական դիրքորոշումը՝ այլընտրանք իշխանությանն ամենուր, սոցիալական դաշտերում և մշակութային լճերում, արտաքին քաղաքական մթին անտառներում և ներքին քաղաքական փոշեկուլ անապատներում։ Սակայն եկեք վերցնենք մի զորավոր հեռադիտակ և նրբագեղ մեծ մանրադիտակ։ Վերցնենք և ելնենք Աժդահակ լեռան գագաթը, քանի դեռ այն չի պատվել ձյունե բազում թմբերով։ Ելա՞նք, բարի, եկեք, այսպես ասած, մշտադիտարկենք Երևանից հյուսիս տեղակայված խանական դղյակն ու շուռ գանք դեպի հարավ, ուր նմանատիպ մի դղյակ է փաշայական ազդու ողորմածությամբ տեղազննում շրջակայքը։ Նրանցից յուրաքանչյուրի գինը հավանաբար 100 մլն դոլար է (գուցե մի քիչ ավելի կամ էլ քիչ պակաս), դրանք ստեղծվել են «մենաշնորհային արյուն-քրտինքով»։ Այլ ճանապարհներով, հասկանալի է, ՀՀ-ում անհնար է ոչ միայն գերհարուստ լինել, այլև պարզապես հարուստ։ Համաձա՞յն եք, հարկավ այո, չէ՞ որ ձեր արժանապատիվ սրտերից եմ ջուր խմում։ Եվ քանզի համաձայն եք, ուրեմն մշտադիտարկման վերջնարդյունքը հրովարտակեմ. հյուսիսի խանական դղյակն այլընտրանքային Ծառուկյանի սեփականությունն է, հարավայինը՝ իշխանական Լիմինդրովիչինը։ Միաժամանակ մի՞թե դույզն-ինչ զանազանում կա այլընտրանքային Գևորգյանի (իմա՝ Ծաղիկ Ռուբո) և իշխանական Մովսիսյանի (այսինքն՝ տիար Շմայսի) միջև։ Երկուսն էլ մասնակցել են հանրապետության կայացմանը և, ի տարբերություն հազարավոր զինընկերների, կայքի և գույքի տեր են, մեկը նրանցից յուր սերն առ հանրություն ցուցանում է գավառական ձախողակ պոետին վայել խաղիկներով, մյուսը քիչ ավելի արմատական է և անհրաժեշտ պահին (հաճախ էլ դեռ պահը չհասունացած) ջերմեռանդ հայհոյախոսում է։
Լավ, քիչ էլ զմայլվենք, պարզաբանելով, թե որն է տարբերությունը, դիցուք, ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանի և իշխանական Մհեր Սեդրակյանի կենցաղում։ Այնինչ, եթե իշխանությունը թաղված է զեխության մեջ և երկրի կառուցումից առաջ նախ սեփական հայտնի և անհայտ գույքն ու կայքն է զորացնում զօր ու գիշեր (մի բան, ինչում համոզված է ընդդիմությունը և, չգիտես թե ինչու, փորձում է մեզ էլ համոզել, երբ դրա կարիքը բնավ չկա), ապա ընդդիմադիրները պիտի որ խորագույնս ընդդիմանան և, այ հենց այստեղ է, որ խոփը ապառաժ քարին է դեմ առնում։ Եվ զեռուններով է պատվում մեր քաղաքական սևահողը, իշխանության և ընդդիմության և՛ բարոյահոգեբանական, և՛ տնտեսանյութական հանդերձները նույնական են։ ՈՒղղակի դարձերեսներում է ամեն բան պարփակված, երեսները զանազան են, իշխանությունը հոխորտում է և անարգանքի սյունին է գամում հայոց անխելահաս ընդդիմությանն ու անշնորհակալ հայ հանրությանը (ինչու իրենց անդուլ տառապանքը չի գնահատվում ըստ արժանվույն), ընդդիմությունը յուր հերթին անարգում է իշխանությանը։ Սա՝ շաբաթվա հինգ աշխատանքային օրերին։ Բայց դե վասն պետության, հանուն հանրապետության, ազգի ու սերնդի ապագայի պիտի երկու օր հանդարտվել, թոթափել ազգապետափրկչական լուծը բազմատանջ ուսերից և երկուշաբթի առավոտյան դարձյալ տառապել ու վերստին վերվերի թռչել։ Ի՞նչ եք կարծում, շաբաթ և կիրակի որտեղ և ինչպես են հանգստանում, ի մի գալիս իշխանությունը մի կողմից, ընդդիմությունը՝ մյուս։ Այո՛, երիցս ճշմարիտ եք, միևնույն շոգեբաղնիքներում են նրանք շոգեհարվում (անդուլ տառապանքը լավագույնս թոթափվում է մարմարակերտ շոգեբաղնիքում, ուր գորիլաներն են մերսում և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական կող ու ուս) և միևնույն օվալաձև սեղանի շուրջն են բոլորվում։ Ի դեպ, օվալաձև սեղանները սպասարկում են այդ նպատակի համար հստակ վարժեցված գետաձիերը։ Այնինչ, եթե գաղափարական հակամարտության մեջ են դիմությունն ու ընդդիմությունը, այսինքն՝ խրամատավորվել են դեմ-հանդիման, ապա դա պիտի կյանքով ապացուցվի, ամենուր և ամեն ժամ։
Սակայն մեր իրականությունում սոցիալիստ-հեղափոխական Ռուստամյանի և լիբերալ-մենաշնորհատեր Հայրապետյանի միջև չկա որևէ զանազանում։ Այնինչ պիտի որ իշխանությունն օրնիբուն չարաշահի, ընդդիմությունն էլ պիտի որ չարի և շահի ճանապարհը փակի։ Այսինքն, լքի խորհրդարանը, որ նրա յուրաքանչյուր ազգափրկիչ ծրագիր փառավորապես տապալվում է, զի նա փոքրամասնություն է, և կանգնի ժողովրդին թիկունք։ Դժվար թե, զի պիտի նախ հրաժարվել իշխանակառավարական ապրելակերպից, մի կողմ դնել կաշվե բաճկոնը և պլատինե ժամացույցը, բանկերում կուտակվածը նվիրաբերել նորահայոց տանջահար խավին և երկրի շենացումը սկսել սահմանամերձ գյուղերից։ Ցնդաբանո՞ւմ եմ, գուցե։ Սակայն բնությունը յուր հրաշքներով երբեմն ցնցակաթվածային անակնկալների է ենթարկում մարդկությանը։ Զորօրինակ, երկգլուխ ու ոսկեգեղմ հորթեր են ծնվում, երբեմն էլ ագռավն է դայլայլում սոխակի ձայնով։ Մի խոսքով ընդդիմությանն ու նրա առաջնորդներին լոկ այս է մնում։ Այնպես որ, հոդվածը կարդալուն պես անմիջապես անցեք գործի, տիարք և տիկնայք ընդ-դիմադիրներ, սկսած հարգարժան Գագիկից Ծառուկյան և վերջացրած արժանապատիվ Զարուհիով Փոստանջյան։ Անցեք գործի, այսինքն՝ շրջափակեք փոքր և միջին բիզնեսը խորտակող կառավարական տունը, լինգ ու քլունգ առած կազմաքանդեք «ավազակապետական» բյուր ամրոցներն ու դղյակները (սույն սրբազան գործում առաջնադիրք եմ հրավիրում Րաֆֆուն, Նաիրային և, անկասկած, մյուս բոլոր ընդդիմախոս ճառաբաններին և ընդդիմադիր «նվիրյալներին»)։ Հակառակ պարագայում հայոց ընդդիմությունը կհիմնավորի, որ արհեստածին է, հակաժողովրդական է և օրնիբուն ջուր է լցնում իշխանության և կառավարության բյուր ջրաղացներին։

ԱԼԵԿՈԾՈՒՄ ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿՈՒՄ
(նավահանգստում)
Հար և նման երկու տարբեր իշխանություն, աննահանջ յուրյանց հավակնություններում և սիամական երկվորյակների պես միաձույլ։ ՈՒ մի՞թե սա չէ երկրի մեծագույն կորուստը։ Սակայն պոետեսա տիկին Գոհարը փարոսներ է տեսնում սևակնած երկնքում։ Հուսանք և սպասենք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ