Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ռուս եղբայրներ, այսօր, ի դեմս հայության, դուք ունեք աշխարհում միակ հավատարիմ ու նվիրյալ ժողովուրդը

Ռուս եղբայրներ, այսօր, ի դեմս հայության, դուք ունեք աշխարհում միակ հավատարիմ ու նվիրյալ ժողովուրդը
20.03.2014 | 23:38

Հարգելի եղբայրներ, մենք` հայերս, ակնկալում ենք ստանալ 90-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների ոչ միայն արդարացի գնահատականը, այլև հայ ժողովրդի հանդեպ ԽՍՀՄ կոմկուսի ղեկավարության իրագործած սխալների ընդունումն ու քննադատությունը:

Կարծում ենք, որ առաջին հերթին Ռուսաստանի կոմունիստները միայն կարող են առկա հարցին տալ արդարացի պատասխան, քանի որ Ռուսաստանը դեռևս չի ձերբազատվել իրեն հետապնդող տհաճ այն հետևանքներից, որ, ժամանակին հանիրավի հաճոյանալով Աթաթուրքին, կրում է մինչ օրս:

Ինչպես հայտնի է, Առաջին աշխարհամարտից հետո, 1920 թ. օգոստոսին, ստորագրվել էր Սևրի խաղաղության պայմանագիրը հաղթանակած երկրների և պարտված Օսմանյան Թուրքիայի միջև, այն Թուրքիայի, որն իրագործել էր ցեղասպանություն Արևմտահայաստանի տարածքում, կոտորելով 1,5 մլն հայի: Դաշնակիցների պնդմամբ՝ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը պարտավորվել էր հետ քաշվել իր բռնակցած ու զբաղեցրած Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներից: Սակայն մեկ ամիս անց, թեև հանցավոր, բայց կայսերական օրինական կառավարության կողմից մահվան դատապարտված Մուստաֆա Քեմալի, ոչ մի երկրի կողմից չճանաչված ու դեռևս չօրինականացված, կառավարությունը չհայտարարված պատերազմ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, փաստորեն անպատիժ կերպով շարունակելով ցեղասպանությունը արդեն Արևելյան Հայաստանի (նախկին Ռուսահայաստանի) սահմաններում: Քեմալի զորամասերը գրավեցին նաև Կարսի մարզի և Սուրմալու գավառի տարածքները:
Այս ամենը տեղի էր ունենում խորհրդային կառավարության թողտվությամբ: Թուրքերի ներխուժման շարժառիթն ու դրդապատճառը բոլշևիկների հետ ունեցած նպատակն էր, այսինքն` Խորհրդային Ռուսաստանի «սահմանակից» «հեղափոխական» Թուրքիայի ստեղծումը:
Սույն գաղափարը պատկանում էր ազգությունների գործով ժողովրդական կոմիսար (նախարար), Ռուսաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, մարքսիզմ-լենինիզմի տեսաբան ու քարոզիչ Ջուղաշվիլի-Ստալինին:
Շատ շուտով, 1920 թ. դեկտեմբերի 2-ին, պատմական Հայաստանի մի աննշան հատվածում (մոտ 10 %) բոլշևիկները հռչակեցին խորհրդային իշխանություն և ստեղծեցին Խորհրդային Հայաստանի Հանրապետությունը:
Թվում էր, թե բազմաչարչար, բայց արդեն խորհրդայնացած հայ ժողովուրդը Ռուսաստանից կստանա փափագելի եղբայրական աջակցություն և պաշտպանություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, և վերջապես ազատ շունչ կքաշի:
Ավա՜ղ, պարզվեց, որ հանուն «սոցիալիստացող» ու «խորհրդայնացող» Թուրքիայի կարելի է և արժե զոհաբերել եղբայրական արժեքները: Արդեն «եղբայրացած» թուրքերը հրաշալի հնարավորություն ստացան ձեռք բերելու հայկական հողատարածքներ, դրանց դիմաց չվճարելով որևէ այլ արժեք: Չէ մի չէ` հայկական հողեր… էլ ինչ կուզեք… Այստեղ տեղին է հիշել Ստալինի քրեածին ճոռոմախոսությունը. «Անտառը հատելիս տաշեղներ են թռչում», այսինքն` հանուն մեծ գաղափարի ու նպատակի կարելի է զոհաբերել փոքրը: Համաշխարհային հեղափոխության գաղափարը մթագնել էր նրա գիտակցությունը, և Ռուսաստանի արկածախնդիր ղեկավարները, նոր դիմակի ներքո, Հայաստանը հանձնեցին թուրքերին` բզկտելու և հոշոտելու նրա տառապյալ ժողովրդին, որպեսզի թուրքերը գան դեպի սոցիալիզմ:
-Թող իմանան, որ մենք` բոլշևիկներս, ինչ-որ սահմաններից չենք կառչում,- ասում էր Ստալինը Ռուսաստանի արտգործնախարար (ժողկոմ) Չիչերինի տեղակալ հայազգի Կարախանին:
Հայաստանն այդ խաղում ուներ բացառապես մանրադրամի դերակատարություն: Թուրքերի հետ քծնանքն ու սիրաբանությունը, արդեն ի հաշիվ խորհրդայնացած Հայաստանի, շարունակվեց նաև Մոսկվայում` Ալի Ֆուադ Ջեբեսոյի և հանցագործ մի շարք այլ դիվանագետների մասնակցությամբ: Թուրքերի հետ ունեցած անդրկուլիսյան գաղտնի բանակցությունների ժամանակ ռուսները հուսադրել էին, որ նրանց բոլոր պահանջները կբավարարվեն:
Ահա այսպես նախապատրաստվեց մոսկովյան կեղծ պայմանագիրը: Այսպիսով, 1921 թ. մարտի 16-ին ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը (փաստորեն, գործարքը), առանց Խորհրդային Հայաստանի մասնակցության, ինչպես կամեցել էին թուրքերը: Համաձայն այդ պայմանագրի (այն արդեն ինքնին ոչ մի քննության չի դիմանում միջազգային իրավունքի տեսանկյունից), երրորդ կողմի տարածքները, որպես նվիրատվություն, հանձնվել էին որևէ կողմից չճանաչված, կրկնում ենք, Թուրքիայի օրինական կառավարության կողմից մահվան դատապարտված Մուստաֆա Քեմալի կառավարությանը:
Դիվանագիտության պատմության ողջ ընթացքում բացառվել են աղաղակող նմանատիպ փաստերը, երբ երկկողմանի բանակցությունների մասնակիցները տնօրինած լինեին բանակցություններին չմասնակցող երրորդ կողմի ճակատագիրը: Բայց Հայաստանը տվյալ պահին որևէ երկրի գաղութ չէր, կամ որևէ երկրի հովանավորյալ ու խնամակալ, ոչ էլ Թուրքիային կամ Ռուսաստանին ենթակա պետություն:
Այս խայտառակության հիմնավորումը գալիս էր ցարական իրազեկիչ ու լրտես, նախկին հանցագործ Ջուղաշվիլի-Ստալինի բոլշևիկյան համոզմունքներից, որ թուրքերը մոտ ժամանակներս կգան դեպի սոցիալիզմ և չեն հայտնվի Անտանտի գրկում, այնուհետև Արևելքի ստրկացած ժողովուրդները կհետևեն թուրքերին, և ողջ Արևելքն ու Ասիան կդառնան սոցիալիստական ու խորհրդային:
Իրականում այս գործողությունները հանգեցրին սոցիալիզմի գաղափարախոսության վարկաբեկմանը, քանզի Թուրքիան ու սոցիալիզմն անհամատեղելի հասկացություններ են:
Մոսկվայի պայմանագիրը, փաստորեն, կեղծ փաստաթուղթ է, միջազգային իրավունքի ու նորմերի աղաղակող խախտումներով, առանց երրորդ կողմի մասնակցության և համաձայնության: Բացի այդ, ո՛չ խորհրդային կառավարությունը, ո՛չ Քեմալի «կառավարությունը» իրավասու չէին վարելու նման բանակցություններ, քանզի ճանաչված չէին միջազգային իրավական դաշտում (հանրապետական Թուրքիան ճանաչվեց սոսկ 1923 թ., իսկ ՌԽԴՍՀ-ն 1924 թ.` Մեծ Բրիտանիայի կողմից):
Չնայած Խորհրդային Հայաստանի ջանքերին, որոնք միտված էին 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի` դիվանագիտորեն արդարացի լուծմանը, բոլշևիկների կողմից անօրինաբար թուրքերին հանձնեցին Կարսի մարզի և Արդահանի գավառի բնիկ հայկական տարածքները, ինչպես նաև համայն հայության և ողջ քրիստոնյա աշխարհի սրբազան Արարատ լեռը: Ավելին, Թուրքիայի պահանջով 1921 թ. ամռանը Խորհրդային Ադրբեջանին և ադրբեջանցիներին (մինչ այդ անհայտ մի ժողովրդի, որ զուգահեռաբար հորջորջվում էր «անդրկովկասյան թուրքեր» կամ «անդրկովկասյան թաթարներ») ինքնավարության իրավունքով հանձնվեցին արհեստականորեն շրջափակված տարածքի (անկլավ) վերածված Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանի գավառը:
Եվ այսպես… շարունակվեց խորհրդային դիվանագիտության անօրինականությունների շքերթը նորաթուխ կոմունիստական, այսինքն` Խորհրդային Ռուսաստանի կողմից, ընդդեմ տառապյալ հայ ժողովրդի:
Շատ չանցած, Մոսկվայի պայմանագրի անօրինականությունն ու սխալները քողարկելու և օրինականացնելու նպատակով, նույն Ջուղաշվիլի-Ստալինի նախաձեռնությամբ, 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքվեց Կարսի պայմանագիրը: Այս անգամ բանակցություններին հրավիրվել էին Հայաստանի ներկայացուցիչները, թեև նրանց ներկայացրած ամենահամեստ առաջարկներն ու պահանջները ոչ միայն հաշվի չառնվեցին, այլև չքննարկվեցին:
Խորհրդային Հայաստանին փաստորեն ներկայացվել էր բացառապես անվերապահ հանձնատվության (կապիտուլյացիոն) կարգավիճակ:
Հանցագործ այս դավադրությունը հայության համար ունեցավ ճակատագրական նշանակություն, որի ողբերգական հետևանքները հետապնդում են մեզ ցայսօր:
Վերոնշյալների լուսո ներքո հայկական կողմի համար ո՛չ այն ժամանակ, ո՛չ այժմ, Մոսկվայի և նրանից բխող Կարսի պայմանագրերը, թելադրված ու պարտադրված ռուսական կողմից, միջազգային-իրավական որևէ պարտավորություն և պարտադրանք չունեն:
Այսպիսով, հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, Խորհրդային Ռուսաստանը հայկական տարածքների բաժանման պահին ոչ միայն չկանգնեց հայ ժողովրդի պաշտպանության դիրքերում, որպես նրա հավատարիմ դաշնակից ու արևելյան քաղաքականության նվիրված պահապան, այլև դավաճանեց, փաստորեն զոհաբերելով գռեհիկ ու պարզունակ քրեածին քաղաքականությանը, հիմնված քեմալական Թուրքիայի կեղծ արժեքների վրա:
Ավելին, սոցիալիզմ խաղացող Թուրքիայի համար խորհրդային երկիրը կազմակերպել էր համակողմանի օգնություն` զենքով և ոչ միայն ու, այդ թվում, սովահար Ռուսաստանից հազարավոր վագոն ցորեն և ոսկով 10 մլն ռուբլի: Ռուսական բանտերից ու համակենտրոնացման ճամբարներից Բաթումով տուն ուղարկվեցին բազմահազար թուրք ռազմագերիներ: Ավելի ուշ պարզ դարձան Մուստաֆա Քեմալի «հեղափոխական-կոմունիստական» ձեռնածություններն ու մեքենայությունները:
Այդ նույն ժամանակ համաշխարհային հեղափոխության առաջնորդ Վ. Ի. Լենինի կողմից անհեռատեսորեն Միջին Ասիայի խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար կարգվեց հայ ժողովրդի, հույների ու ասորիների դահիճ Էնվեր փաշան, որը Բուխարայի և միջինասիական բասմաչական ողջ խառնամբոխ հրոսակախմբերը բարձրացրեց Խորհրդային Ռուսաստանի դեմ:
Արդեն պարզ էր, որ բոլշևիկները հատում էին ծառի այն ճյուղը, որի վրա նստած էին: Դա «եղբայրական» Թուրքիայի հասցրած հերթական ապտակն էր և խորհրդային դիվանագիտության հերթական ձախողումը:
Վերջապես, գիտակցելով այդ, Ստալինը, դեռևս 1945 թ. Պոտսդամի կոնֆերանսի շրջանակներում, պահանջեց չեղյալ հայտարարել ու անվավեր հռչակել Կարսի պայմանագիրը և վերադարձնել նվիրաբերված հողերը: Հարկ է նշել, որ այդ ընթացքում դաշնակիցները (ի մասնավորի անգլիացիք) նշել էին, որ հայերը վիրավորված են անօրինաբար իրենցից խլված հողերի պատճառով: Բայց կոնֆերանսում հարցն ունեցավ անսպասելի ու հակառակ ընթացք:
Բանն այն է, որ ստալինյան հենց այդ նույն` համաշխարհային հեղափոխության ծածկագրված սցենարով վերստին բարձրացավ Արևելքի խորհրդայնացման կամ սոցիալիստականացման վաղեմի ծրագիրը. այդ պայմաններում` Իրանի հյուսիսային կեսի խորհրդայնացման, որ տվյալ պահին գտնվում էր խորհրդա-բրիտանական սահմանազատման (դեմարկացիոն) գծի հյուսիսային հատվածի տարածքում:
Մենք չենք մոռացել անդրկովկասյան հանրապետություններից մոտ 30 հազար հայության աքսորը, որի նպատակը ցայսօր հայտնի չէ: Մի կողմից՝ 1946-1947 թթ. ներգաղթ, մյուս կողմից՝ ներգաղթյալների և տեղացի հայության աքսոր: Զարմանալի չէ՞։
2014-ի մարտի 16-ին՝ Ղրիմի Հանրապետության համազգային հանրաքվեի օրը, լրացավ Մոսկվայի ամենանողկալի, իսկ հոկտեմբերի 13-ին կլրանա ավելի քան նողկալի, մեզ պարտադրված Կարսի պայմանագրի 93-ամյակը:
Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, որը, փաստորեն, Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության իրավահաջորդն է ըստ իս, պետք է, ավելի ճիշտ, պարտավոր է տալ ստալինյան հրեշավոր ու թուրքամետ այն քաղաքականության արդարացի գնահատականը, որը դարձել էր մարդկության պատմության ծիծաղի ու ծաղրուծանակի առարկան:
Անաչառ, անկողմնակալ և արդարացի գնահատականն ու վերոնշյալ նենգադավ գործողությունների անվավեր հռչակումը մեծապես կբարձրացնեն Ռուսաստանի Դաշնության կոմկուսի հեղինակությունը բոլոր այն ժողովուրդների աչքերում, որոնք դարձել են ստալինյան ճնշամիջոցների զոհը: Մենք գիտակցում ենք, որ ռուս ժողովուրդը և շարքային կումունիստները բնավ մեղավոր ու պատասխանատու չեն անցյալի բախտախնդիր քաղաքագետների արյունալի արարքների համար: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի կոմկուսը ճշմարիտ ու արդարացի վարքագծով իր վրայից կարող է նետել ստալինյան ոճրագործությունների ամոթալի բեռը, եթե կամենում է մաքրվել: Բարեբախտաբար այս հանցագործություններն ի վիճակի չեղան սեպ խրելու մեր ազգերի բարիդրացիական հարաբերությունների միջև, և մենք շարունակում ենք մնալ միմյանց հանդեպ ավանդաբար բարեկամաբար տրամադրված ժողովուրդներ: Համոզված եմ, որ այսպիսով նոր ու լավագույն լիցք կհաղորդվի հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններին:
Համոզված եմ նաև, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի որոշումներն անընդունելի են ժամանակակից Ռուսաստանի կոմունիստների և բարի կամքի տեր ռուս մարդկանց համար: Այդ իսկ պատճառով, ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը ստալինյան հանցավոր գործողությունների վերաբերյալ սպասում է արդարացի գնահատականի:
Վստահ եմ, որ այն նոր ու լավագույն լիցք կհաղորդի մեր բարեկամ ժողովուրդների հարաբերություններին:
Ռուս եղբայրներ, չմոռանաք, որ այսօր, ի դեմս հայության, դուք ունեք աշխարհում միակ հավատարիմ ու նվիրյալ ժողովուրդ:
Հարգանքներով` Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ