Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Էլիտարների երկիր, Հայաստա՛նս

Էլիտարների երկիր, Հայաստա՛նս
18.03.2014 | 12:04

Չեմ փորձի պատմական անդրադարձ կատարել` ճշտելու համար, թե հայոց թագավորական տների անկումից հետո պահպանվե՞լ են արդյոք պալատական-ազնվատոհմիկ ընտանիքներ, որոնք իրենց ծագումով, նիստուկացով, առանձնահատուկ ավանդույթ-սովորույթներով, վավերաթուղթ կամ խորհրդանշական որևէ իր-առարկայով հանրությանը հայտ կներկայացնեն կամ իշխանություններից կպահանջեն վերականգնել իրենց պատմական-տոհմական իրավունք-արտոնությունները:
Ընդհանրապես, բարձրաշխարհիկ խավի մասին մեր պատկերացումները կազմվել ու սահմանափակվում են ռուսական կամ եվրոպական պատմություններով:
Թե ինչ կյանք ու կենցաղով են ապրել հայ ազնվական-բարձրաշխարհիկները, չգիտենք: Պատմիչները լռում են, գեղարվեստը հասարակական ընկալում չի ստեղծել: Համենայն դեպս ես չեմ հիշում, չգիտեմ մի գիրք, մի ներկայացում, մի ֆիլմ, որտեղ պատկերված լինի հայ ազնվականության կյանքը, հայ ազնվականի կերպարը:
Ազնվականության շառավիղներ, իհարկե, կան, բայց նրանք վաղուց սովորականից էլ սովորական մահկանացուներ են` նույն կարմիր արյունով, ինչպիսին հոսում էր սովետական յուրաքանչյուր բանվորի ու գյուղացու և այսօրվա ցանկացած ընտրյալ պառլամենտականի ու բոմժախավի երակներում:
Հանրագիտարանային ձևակերպումով «ազնվականությունը ֆեոդալական դարաշրջանում տիրապետող-արտոնյալ դաս էր, որն առանձնանում էր տերիտորիալ հզորությամբ (հողատիրությամբ)»: Այս դասի ընտանիքի անդամները հատուկ դաստիարակություն ու կրթություն են ստացել (տղաները՝ հիմնականում ռազմական), ապրել շքեղության ու վայելքների մեջ: Ազնվական յուրաքանչյուր տոհմ ունեցել է սեփական զորք, դրոշ, զինանշան և, որպես կանոն, կենտրոնախույս, ընդդիմադիր ուժ է եղել:
Տարբեր դարաշրջաններում, տարբեր զավթիչների տիրապետության ու լծի տակ հայ ազնվականությունն աստիճանաբար իրավազրկվել ու դիմազրկվել է: Նրանց կոտրել-կոտորել են հարյուրներով, ընտանիքները զրկել են արտոնություններից: Սեփական ինքնագոյության, անունն ու կայքը փրկել-պահպանելու նպատակով որոշ տոհմեր համալրել են հոգևորների դասը` իրենց կալվածքները նվիրելով վանքերին կամ հավատափոխ են եղել` համալրելով իշխող-տիրապետող վերնախավի շարքերը: Նաև այլ ելք են գտել` գաղթել են օտար երկրներ. մի մասին հաջողվել է պահպանել դասային իր իրավունքներն ու արտոնությունները, մի մասն էլ անվանափոխվել է, ձուլվել:
Կոմունիստներն արմատապես ոչնչացրին ազնվականությանը` որպես արտոնյալ դաս: Ազնվականությունը միաձուլվեց բանվորագյուղացիական դասակարգին և լծվեց սոցիալիզմի, ապա և կոմունիզմի կառուցման «սուրբ գործին»: Իսկ սոցիալիստական հասարակարգում բոլորը, անկախ իրենց ծագումից, ունեցվածքից, մտավոր ու ֆիզիկական կարողություններից, միմյանց հավասար «ընկեր, եղբայր ու բարեկամ» էին: Ընդմիշտ մոռացվեցին «տեր», «իշխան», «պարոն» բառերը: Մի դիմելաձև կար` ընկեր, երկրի առաջին դեմքից մինչև բանվոր, հնձվոր ու կթվորուհի:
Անկախության սկիզբն էր, «ընկերը» շրջանառությունից դուրս էր մղվում, ընդունված դիմելաձև չկար, հաղորդումներիցս մեկի եթերից առաջ իշխանավոր հյուրիս հարցրի` եթերում Ձեզ ինչպե՞ս դիմեմ, «տիար»,-պատասխանեց հյուրս:
Պատկերացնո՞ւմ եք, եթե «տիարը» ընդունվեր, ցանկացած իշխանավորի պիտի ասեինք` տեր իմ, իմ տեր: Իրականում բոլորս մեծարվեցինք` արժանանալով «պարոն» կամ «տիկին» կոչումին` անկախ ունեցվածքից, դերից ու դիրքից: Ոչ բոլորն են, իհարկե, ընդունել ու ընտելացել, դեռևս շատ կան մարդիկ, որ նեղվում են` ես ի՞նչ պարոն, բայց դե…
Մարդկանց նույնիսկ Արարիչը հավասար չի ստեղծել, և մարդկային հասարակության մեջ էլ հավասարություն երբեք չի եղել, չկա և չի էլ լինելու, որովհետև հավասար ու նույնը չեն մարդկանց ընդունակություններն ու կարողությունները: Հենց սրանցով էլ մարդիկ տարանջատվում կամ մերձենում են միմյանց, որովհետև իրենց կարողությունների ու ընդունակությունների շնորհիվ կայանում կամ չեն կայանում, դառնում են այն, ինչ դառնում են: Եվ քանի որ կյանքում միշտ «նմանն զնմանին գտանէ», օրինաչափորեն գոյանում ու ձևավորվում են մարդկանց նոր խմբեր, նոր դասեր:
Մի կողմ թողնենք մեր հասարակության մեջ կայացած ստորին խավերին և միաժամանակ խոստովանենք, որ եթե կա ստորին խավ, կա նաև վերին խավ` վերնախավ։ Մենք գիտենք, թե նրանք ովքեր են:
Փորձ է արվում նոր, ժամանակակից ազնվականության ձևավորման և, քանի որ չունենք ազգային ազնվականության ավանդույթներ, նմանակվում են այլոց նիստուկացը, զբաղմունքի ու ժամանցի ձևերը: Այնուամենայնիվ, ազգային ինչ-որ բան վերականգնվում է` զինված թիկնապահները որպես սեփական զորք և, իհարկե, ապարանքաշինությունը: Կան նաև սեփական զինանշան ունեցողներ: Սակայն դեռևս այնքան ուժեղ չեն, որ կենտրոնախույս կամ ընդդիմադիր դառնան: Առայժմ ինքնուրույնության ու հզորացման տարբեր փուլերում են: Թող լինեն, թող պաշտոնապես ունենանք ազգային վերնախավ, թող տիտղոսներ ունենան, թող ժառանգեն, բայց միայն արժանիներն ու արժանավորները՝ միայն հստակ չափանիշներով ու հատուկ հատկանիշների համար: Բայց նաև, որ ընտրյալները ընդունելի լինեն: Թե չէ` ի՞նչ է կատարվում, ի՞նչ է ստացվում:
Նախորդ հասարակարգում հասարակության սերուցքը, հասարակության ընտիր խավը մտավորականությունն էր: Ընդգծված, տեսանելի ունևոր-հարուստներ չկային. իշխանավորները ղեկավարում էին, պայմաններ էին ապահովում` ծառայելով ժողովրդին, ժողովուրդն էլ հավասար իրավունքներով երկիր էր շենացնում: Մտավորականությունն էր փոխարինում, մտավորականությունն էր ստանձնել հասարակության ազնիվ խավի դերը: Եվ ազնվաշուք, վսեմափայլ մտավորականներ ունեինք, որոնց հենց միայն տեսքն ու պահվածքը պատկառանք էին ներշնչում:
Նոր հասարակարգում կյանքը նորացվում էր. փնտրտուք կար նաև անվանումների հարցում: Մի շրջան, կարծես, պատմական հիշողությունն արթնացավ, փորձ արվեց վերականգնելու «արքա», «թագավոր», «իշխան» անվանումները, որոնք առանձնապես շատ չտարածվեցին, կա՛մ մենաշնորհ մնացին, կա՛մ էլ արդիական ու հնչեղ չէին. երևի հնահոտ էր փչում: Փոխարենը շրջանառվեցին նույն իմաստն արտահայտող օտարազգի անվանումները: Չեմ թվարկում. ցանկացած քայլափոխի էլ կհանդիպեք ցուցանակի, ցուցափեղկի կամ ցուցապաստառի տեսքով: Գտնվեց խոսուն ու նորահոտ բառը` «էլիտա» կամ «էլիտար»: Բառը գտնվեց, իմաստավորվեց, բովանդակություն ստացավ և երբեմն նույնիսկ հայացվում է` «ընտրյալախավ»:
Եվ ովքե՞ր են այս ընտրախավում, ո՞վ է այդ խավն ընտրում և ի՞նչ արժանիքների համար, ի՞նչ արժեք է նա հասարակության համար: Ես չեմ ուզում, որ յուրաքանչյուր փողատեր էլիտար համարվի, չեմ ուզում, որ «սեքսուալ» տիտղոսի հավակնող և մերկ մարմնամասերը ցուցադրող «երգչուհիները» էլիտար հորջորջվող հանդեսներում ազգիս գլխին էլիտար կարգվեն:
Ընտրախավը կամ էլիտան (պատմական անունով` ազնվականությունը, վերնախավը) այն ազնիվ, բարձր, վերին խավն է, որը նախ և առաջ, հարստությունից ու փողից շատ ու շատ առաջ, պիտի լինի կիրթ ու դաստիարակված, կարդացած ու զարգացած, ունենա առանձնահատուկ պահվածք ու շարժուձև, գեղեցիկ խոսելաոճ, լինի բարեկիրթ ու բարեպաշտ, հարգանք ներշնչի:
Շատ կարևոր է մեր հասարակության համար, որ այս ազնիվ խավը ձևավորվի և դրական-բարերար ազդեցություն ունենա մեր կյանքի աղավաղված բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Բայց ձևավորվի բնականորեն, բյուրեղացված:
Թե չէ ամբողջ Հայաստանը միայն «էլիտարներով» է լցված:
Թե չէ Հայաստանում ամեն ինչ արվում է միայն «էլիտարների» համար` ժամանցի ու զվարճանքի, բուժման ու հանգստի, հարդարանքի ու գեղեցկանալու, մարզվելու և ուտելու վայրերը: Նրանց խանութները, դեղատները, տաքսիները, սպասարկումը, սննդի ու այլ ապրանքների բազում տեսակները խիստ տարբեր ու հատուկ են:
Մնացյալ ամեն ինչը, եթե էլիտար չէ, կնշանակի՝ անպիտան է, թափելիք և ուրեմն չէլիտայի համար է:
«Էլիտար գովազդերը» միայն էլիտարները չէ, որ դիտում, տեսնում կամ լսում են. «չ-էլիտարները» նույնպես դիտում, տեսնում կամ լսում են: Ամեն վայրկյան սղոցող այդ էլիտարը կարծես, հասարակությանը հասցվող ապտակ լինի, հասարակության մեծ մասին ծաղրելու, նվաստացնելու համար արվի:
«Էլիտար-չէլիտար» այս ճչացող տարանջատումր ջլատում է մարդկանց, հետո էլ հասարակությունից հանդուրժողականությո՞ւն ենք ակնկալում: Հատկապես՝ երիտասարդությունից:
Անվանումը դեռ քիչ է, երևույթը պիտի համապատասխանի անվանումին և՛ ձևով, և՛ բովանդակությամբ:
Մեր հասարակությունը բարեկրթվելու և ազնվանալու պահանջ ունի:

ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ
Հ.Գ. Գուցե տասնյակ տարիներ անց հմուտ մի լեզվաբան փորփրի հայոց արմատական-բացատրական բառարանները` գտնելու համար «էլիտար» բառի բացատրությունը և, չգտնելով, առաջնորդվելով պարզ տրամաբանությամբ, եզրակացնի, որ բառը կազմված է երկու արմատից` «էլի» և «տար»։
Էլի՛ տար:

Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ