Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

2014 թվական. նժույգի վեհությա՞մբ, թե՞ իշու համառությամբ (Արմագեդոնից առաջ)

2014 թվական.  նժույգի վեհությա՞մբ,  թե՞ իշու համառությամբ (Արմագեդոնից առաջ)
17.01.2014 | 11:06

«Լաստը, որ ամբողջ կառույցն էր պահում, ընկղմվում էր ցած` ղեկի սարքերն էլ իր հետ սուզելով, և պակասեցին հարմարություններն առաջանալու, բեկվեց իր հերթին պատսպարանը և ողնափայտի զստակապերը խիստ հոշոտվեցին, և նավագոգի կազմվածքն ամբողջ դարձավ ավերակ...»:


«Մատյան ողբերգության», Գրիգոր ՆԱՐԵԿԱՑԻ, 10-րդ դար

ՄՈՒՐՃ-ՄԱՆԳԱՂԻ ԶՐՆԳՈՑԸ

(ֆելիետոն-նամե)

2013 թ., ամիսը` դեկտեմբեր, Callup կենտրոնը բացահայտում է` հայերս մուրճ-մանգաղի կարոտից ավելի ենք հալումաշվում, քան Ազերբայջանն ու Վիրքը, քան Ղազախստանն ու Կիրգիզստանը և, առհասարակ, մյուս «ստանները»։ Զարմանալի է. չէ՞ որ միայն մենք ենք ԽՍՀՄ-ի օրոք գերեվարված մեր բնիկ օրրանի մի հատվածը հետ բերել շնորհիվ անկախ պետականության։ Ահավասիկ, Callup-ն հուշում է, ՀՀ քաղաքացիների 10 տոկոսն այդպես էլ չի կողմնորոշվում` ԽՍՀՄ-ի կործանումը հայերիս համար, այնուամենայնիվ, օգտակա՞ր իրադարձություն էր, թե՞, այսուհանդերձ, վնասակար մի արկած։ Նրանց թողնենք յուրյանց հեզ կասկածամտության ծովախորշում և փաստենք, որ հարցախույզում «խուզված» ՀՀ քաղաքացիների 12 տոկոսի կարծիքով` անկախացումը միանգամայն առաջընթացային էր Հայաստանի համար։ (Անշուշտ, նրանց խավային պատկանելությունը դժվար չէ կռահել)։ Առաջ ենք ընթանում և պարզաբանում, որ այլ մի 12-տոկոսանոց հարցախուզվածների համար մեկ է` մենք անկա՞խ ենք, առկա՞խ ենք մենք, թե՞ այլ մի հանգրվանում ենք։ Այս ամենը, սակայն, ածանցյալ է, զի նորահայոց ճիշտ 66 տոկոսը պատրաստ է թեկուզ հիմա քոշերը հանելու և գլխաբաց մուտք գործելու ահռելի այս տափաստանը, վրան դաջված` «Մաքսային միություն»։ Այո՜, սույն 66-ի մեջ շատերը անգամ սեփական շենն ու շեմը երբևէ չեն լքել, բայց պատրաստ են երկրալքման։ Այսպիսով, ինչո՞ւ ենք ուշաթափվում առ ԽՍՀՄ հուշապատում։ Շատ պարզ, քանզի մենք նահանգ-հանրապետությունների շարակարգում անվիճելի առաջատար ենք. սեփական տաղանդների արտահոսքի և աշխարհակուլ աղանդների ներհոսքի հաշվեկշռով, ՀՀ մեկ միավոր քաղաքացուն բաժին ընկնող կառավարական խաբեության չափաբաժնով և այլն։ (Իշխանակառավարական մնացած սխրանքները թող թվարկի ընթերցողը)։

Անշուշտ, տարածքների կորստյան ցավից տնքացող Վիրաց աշխարհում կոռուպցիան առկա է, սակայն մռլտան կատու է մեր կոռուպցիոն վայրագ վագրի համեմատությամբ։ Ազերբայջանում ևս անհամեմատ բարվոք իրավիճակ է։ Թբիլիսիի քաղաքապետին էլ, հայտնի է, զնդանը նետեցին։ Բնականաբար, անհնար է չմտաբերել հայոց իշխանական վերնակույտի անդամի ծովահենությունը, ով նախագահական նստավայրից արտազատեց պետական ծառայողին, դատաստանը տեսավ, և կառափնարան (ասենք, Կոշի գաղութ) ուղևորվելու փոխարեն անվրդով բազմում է կառավարական տանը։ Սա հարվա՞ծ էր երկրին, հարկավ։ Սակայն ինչո՞ւ բարեփոխիչ մեր նախագահը սա հանդուրժեց։

Մի խոսքով, 2013-ի դեկտեմբերին 66 տոկոսն է ի խորոց սրտի խռովել յուր «միս ու արյուն» իշխանությունից, 2014-ի ավարտին (եթե, անշուշտ, «մերոնք» չգան), արդեն 96 տոկոսը դեմքով կշրջվի դեպի ՄՄ «գաղութապետության», զի այն, ըստ էության, գերադասելի է ՀՀ «ավազակապետությունից»։

ԵՐԿԱԹՅԱ ԼԵԴԻՆ` ԽԱՐՏՈՑԸ ՁԵՌՔԻՆ

(պամֆլետ-օրատորիա)

1991 թ., նոյեմբեր, ամերիկյան նավթային ընկերության լուսաշող դահլիճ։ Ամբիոնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ երկաթյա լեդին` Թետչեր Մարգրեթը. «Խորհրդային Միությունը երկիր է, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում արևմտյան աշխարհի համար։ Ես ռազմական սպառնալիքի մասին չէ, որ խոսում եմ... Ես նկատի ունեմ տնտեսական սպառնալիքը։ Պլանային տնտեսության շնորհիվ Խորհրդային Միությանը հաջողվել է հասնել տնտեսական բարձր ցուցանիշների։ Տնտեսությունը ռացիոնալ վարելու պարագայում Խորհրդային Միությունը միանգամայն իրական հնարավորություններ կունենա մեզ դուրս մղելու համաշխարհային շուկաներից։ Մեզ համար միանգամայն դժվարին իրավիճակ էր ստեղծվել, տեղեկություն էինք ստացել խորհրդային առաջնորդի մոտալուտ մահվան և մեր օգնությամբ` այնպիսի մարդու իշխանության գալու հնարավորության մասին, ում շնորհիվ մենք կկարողանանք իրագործել մեր մտադրությունները։ Այդ մարդը Գորբաչովն էր, որին փորձագետները բնութագրում էին որպես անզգույշ, ներշնչվող և խիստ փառասեր մեկը։ Նրա իշխանության գալը` մեր օգնությամբ, հնարավոր էր, Ժողովրդական ճակատների գործունեությունը մեծ միջոցներ չէր պահանջում. դրանք հիմնականում բազմացնող տեխնիկա ձեռք բերելու և ֆունկցիոներներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծախսերն էին։ Դա, իսկապես, ԽՍՀՄ փլուզման սկիզբն էր։ Ելցինին էական օգնություն ցուցաբերվեց նաև 1991 թ. օգոստոսյան իրադարձությունների ժամանակ, երբ ԽՍՀՄ ղեկավար վերնախավը, մեկուսացնելով Գորբաչովին, փորձեց վերականգնել ԽՍՀՄ ամբողջականությունն ապահովող համակարգը։ Ելցինի կողմնակիցները կանգուն մնացին, ընդ որում, ձեռք բերեցին զգալի իշխանություն, ուժային կառույցների հանդեպ։ Միութենական բոլոր հանրապետությունները, օգտվելով իրավիճակից, ինքնիշխանություն հռչակեցին։ Այսպիսով տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզումը»։

Այո՜, Ելցինի ինքնիշխանության ջահակիրները հերկեցին ռուսական ինքնությունը և Ռուսիո պետության ողն ու կողը։ Գուցե բաղձալի մի օր էլ հայոց հանրության դատին կհանձնվեն (գոնե հեռակա կարգով) անուններ «վսեմ ու չարագույժ», և «թատերական» հրապարակում դարակազմիկ մի օր կպայթի Պանդորայի արկղը, և դարչնագույն բայղուշները կավետեն, թե որ խաչիցն է, որ մեր արյունը պղտորող-հեղող քաղբորենիները դաբաղում են մեր հեգ մարմինը և չեն հագենում ոչ մի կերպ։ Գուցե վաղը գլխի ընկնենք, որ սրանց արյան մեջ ալիքվում-չեն հանդարտվում օսմանյան բաղնիքների և բյուզանդական պալատների կենսառիթմերը։ Հակառակ պարագայում, որտեղի՞ց այսքան ազգադավ հունդեր նշխարաչափ այս սուրբ հողում։ Եթե Գորբաչովը անզգույշ էր, ներշնչվող և խիստ փառասեր, մեր իշխանիկները անզգույշ են միայն տնտեսաքաղաքական գործարքներում, ներշնչվող են միայն նախընտրական դավերը նյութելիս, սակայն բնավ փառամոլ չեն, զի նրանց տիրում-մթագնում է կատաղի մոլուցքը մոլեմսխուն կապիտալի նկատմամբ։ Ահավասիկ, յուրաքանչյուր տարի վերնակույտը երկրից դուրս է բերում պետբյուջեին հավասար դրամագլուխ և մսխում է այն շեյխավայել զվարճանքներում։ Ընդ որում, չմոռանալով գողոնը իրացնելիս ծնկաչոք համբուրել այս ամենի ապահովման առհավատչյան` իշխանական կուստոմսը։ Այս ամենի բնականոն արդյունքում էլ Րաֆֆին Հ. ընկալվում է որպես ազգափրկիչ-առաջնորդ, հանրային գիտակցության մի դյուրամարս ծովախորշում ազգային-պետական տնտեսության ականապատող Բագրատյանը Հ. դիտարկվում է որպես իմաստուն պետայր, մյուս ծովախորշում էլ նորահայոց ընտրակեղծոց գյուտարար Ջհանգիրյանը Գ. հագնում է իրավապաշտպան-այլախոհի շերտավոր վերնաշապիկը։ (Այո՜, լեռը չի երկնում, զի Արարատյան դաշտի փիրուզե մշուշներում դղյակ-ջիպերի մրցույթն է խրճիթ-սայլերի հետ)։ Սակայն գուցե ես ստո՞ւմ եմ, կանխակա՞լ եմ գուցե, զի իշխանակառավարական մեր վերնախավը (ճաշակելով դույլերով խավիար) ողորմած է խիստ և բնավ չի արգելում, զորօրինակ, սովամահության վերացումը վարչապետի բնօրրան Վանաձորում, ուր հանրային նախաձեռնությամբ գործում է բարեգործական ճաշարանը, և 146 ծեր ու տկարներ մի թաս ապուրով բավարարվում և «օրհնում» են խավիարակերների յոթ պորտը։ Մենք էլ «օրհնենք» և տարոսը մաղթենք Տեղ և Մխչյան գյուղերին, այնուհետև Օվալաձևի և Կառավարական տան անդամ-անդամուհիների ծննդավայրերին և պատկերացնենք մի քանի հազար բարեգործական ճաշարան Հայաստանում, որքա՜ն աշխատատեղ կբացվի, ինչ վարկեր և դրամաշնորհներ հերթ կբռնեն յուրաքանչյուր ճաշարանի դռանը։ Գուցե սա՞ է 3-րդ հանրապետության վերջնագիրը հայությանը` Մեծ եղեռնի 100-ամյակից առաջ։

ՆԺՈՒՅԳԻ ԵՎ ԱՎԱՆԱԿԻՃԱՄՓԱԲԱԺԱՆՈՒՄ

(շարունակություն)

Այսպիսով կամ հայոց կենաց ծառը պիտի ամորձատի իրեն կապանքող մոլախոտը, կամ մոլախոտը պիտի անտառ դառնա։ Այնինչ դրսում 2014-ի հունվարն է և ձյունե իշխանուհու սառնաշաքարի նման դյութիչ պատկերաշարը։ Ահավասիկ մոլախոտաց զորաջոկատները օր օրի սանձարձակվում են և գերխնդիրն է մեր դուռը բախում` կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Բայց ով ունի ավելի հուժկու կորստյան տագնապ. նրա՞նք, որ ահռելի պետական, ազգային և հանրային գողոնի տերն են, թե՞ մենք, որ պետականազրկվում-ինքնաուծացվում ենք։ Կարծես թե մենք։

Այնինչ պատուհանից այն կողմ լյառն է Մասիս, որի օրհնության ներքո մարտի է ելնում անապակ մեր սերունդը։ Կանաչ ճանապարհ դեպի 4-րդ հանրապետություն, 3-րդն էլ ի պահ ենք հանձնում Մխիթար Գոշի «Դատաստանագրքին»։

Մի խոսքով, ճամփաբաժանում ենք, ձախը ավանակի արահետն է, աջը` նժույգի մայրուղին։ Ի դեպ, քաջատեղյակները պնդում են, որ ավանակն ավելի հեռատես կենդանի է։ Այսպես, եթե ավանակի դավադիր և անկշտում տերը վրան բեռնում է ուժերից վեր ծանրություն, ավանակը, կանխազգալով յուր ճողվածքը (գուցե անխուսափելի մահը), տրտինգ է տալիս, գցում է բեռը։ Նժույգին, անշուշտ, չեն բեռնում, բեռնում են շարքային ձիերին։ Դե, ձիերն էլ ոգեշունչ տղայամտությամբ կքվում են ուժասպառ ծանրության տակ և դառնում էշ-նահատակ։ Առակն այս ցուցանե սույնը. ավանակի համառությամբ առայժմ գոյատևում ենք և ձիու ոգեշնչմամբ էլ համբակներին շփոթում ենք ասպետների հետ և թույլ տալիս սանձել մեզ, կամ էլ նժույգի վեհությամբ սմբակասպանում ենք շերխան-շնագայլերին և պատիվ բռնում Արարատին։ Ամե՜ն։

ԶԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՐԴՆ ՈՒ ՑՈՐՅԱՆԸ

(սարկաստիկ վրնջոց)

Եկեք այժմ էլ ԱԺ բակում (իմա` «հայաթ-պալասում») գերդյուրազգաց մի կշեռք տեղակայենք (ինչով ՆԱՍԱ-ի փորձագետները չափագրում են Լուսնի փոշին) և զուգակշռենք իշխող և դիմադրող քաղուժերի ազգային-պետական բարոյականությունը։ Հավատացեք, կշեռքի թաթերը կհավասարակշռվեն ադամանդի փոշեհատիկի ճշտությամբ։ Ասել է` լիարյուն արժեն մեկմեկու կոալիցիան և հակակոալիցիան, զորօրինակ Մանվել-գեներալն ու Գագիկ-բարերարը, Շմայս-գարշաբերանն ու Զարուհի քաղքիլերուհին, և՛ անշուշտ` Գալուստ-ամոքիչն ու Զուրաբյան-քինդեր-անակնկալը։ Գալուստ Գրիգորիչի ամոքիչ խոսքը, առհասարակ, ցնցակաթվածային է, զի նա վերաբերվում է մեզ ինչպես վաստակաշատ հոգեբույժը յուր հիվանդներին։ Ահավասիկ հորդորում է տնտեսել, զի գազի գինը դաժանորեն բարձր է։ Այսինքն` էսպես, զույգ օրերին ջեռուցվում ենք, կենտ օրերին` սառցակալում։ Միաժամանակ տիար Գալուստը հավատարիմ է յուր բուժամեթոդին` որքան հիվանդը (այսինքն` հայ ժողովուրդը) ճնշված և ապշած լինի, այնքան դյուրին կտանի յուր հիվանդությունը։ Ահավասիկ բազմապատկվում է հոգեբուժարանի կառավարիչների աշխատավարձը, երկու հատիկ լոբով և քառորդ գդալ ձեթով էլ բարելավվում է հիվանդների ապուրի որակը։ Խելամի՞տ է, հարկավ։ Կեցցե՛ս, Գրիգորիչ։ Այնպես որ, զատենք հարդն ու ցորյանը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- 2014-ը սկսվեց մշակութային դաժան տեղատվությամբ, հեռացան ճարտարապետ Ջիմը` Թորոսյան, քանդակագործ Նորայրը` Կարգանյան, գեղանկարիչ Վարդիթերը` Կարապետյան, դիրիժոր Ղարաբեկյանը` Արամ, արձակագիր Լևոնը` Խեչոյան, բեմադրիչ Արմենը` Մազմանյան։ Վերջին երկուսի ցավը հատկապես այրող է, յուրյանց բնագավառների փայլուն արհեստավարժները հանդիսանալուց զատ, երկրապաշտպանության աջթևայիններ էին և հանրային կյանքի անհանգիստ զարկերակը, Լևոնը` խոհուն և հանդարտ, Արմենը` բռնկուն և վերջնագրային։ ՈՒ նրանց և մեր մյուս երկրապաշտպան նվիրյալների գործն անավարտ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը երկիր չի դարձել։

Դիտվել է՝ 2349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ