Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«300-ի կոմիտեի» արարատյան ջրհեղեղները

«300-ի կոմիտեի»  արարատյան ջրհեղեղները
29.11.2013 | 11:28

Երբ փռփռալով կախվելով շքեղ`
ապարոշներն են փռվում հյուսածո,
ճարճատում են վառ պարտեզներն այստեղ,
ասես թե կանաչ հնոցներն Աստծո։


Հակոբ ՄՈՎՍԵՍ

ԳՈՒՑԵ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՈ՞ՒՄ

(նախաճաշին` մի փութ գարի)

Մեր պատվարժան պատմիչները պատմում են հուզախռով, որ Մամիկոնյան փառահեղ տոհմը շառավղվել է չինական Մամգուն ցեղից։ Չինաստանը մեզ համար Կոնֆուցիոսն է, Չինական մեծ պարիսպը, այնուհետև Մաոն և չինացիների օվկիանոսյան առատությունը։ Մաոն և մյուս խելահեղները, անշուշտ, պատահականություն են Չինմաչին կայսերապետության կյանքում։ Կոնֆուցիոսի հետնորդներն այսօր աշխարհի ամենաուշագրավ պետական տներից մեկն են կառուցում, նրանք համաշխարհային արդյունաբերության առաջատարն են, կապիտալիզմն ու սոցիալիզմը հրաշալի ներդաշնակել են, անգամ մեկ յուան պարտք չեն որևէ մեկին և ապահովում են ահռելի բնակչության արժանապատիվ կյանքը։ Եթե հիշենք, որ Մեծ լոռեցին Դսեղ գյուղից իրեն համարում էր Մամիկոնյանների հետնորդը, ապա առաջարկս չի զարմացնի որևէ մեկին։ Այսպիսով, անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ներարկել 0,25 լ չինական արյուն և հայկազյան մեր գենը վերադարձնել արիական շրջապտույտի ուղեծիր։ Անշուշտ, հերթեր կգոյանան։ Բայց չէ՞ որ մեծ նավերը ճահիճներում չեն լողում։ (Ի դեպ, ներկա վարչաքաղաքական օլիգարխիատին և քաղաքատնտեսական շերխաններին փրկել այլևս հնարավոր չէ, զի նրանք կրունկից քթարմատ այլակերպված են։ Եվ մնում է մեկ բան, նրանց հայտարարել persona non grata, սաղո՜լ)։

«300-ի կոմիտեն» աշխարհում վաղուց է հանրահայտ հետևյալ ձևաչափում. «Ազգային որևէ սահման չճանաչող գերհզոր խմբավորում»։ Այն ներառում է ԱՄՆ-ի բանկային գործը, ապահովագրությունը, ածխարդյունաբերությունը, նավթարդյունաբերությունը, դեղորայքի առևտուրը և այլն։ Այս թաքնախորհուրդ համաշխարհային կառավարության հանգուցային օղակներն են, օրինակ, հրեաների աշխարհակալ «Բնեյ-բրիտ» մասոնական օթյակը, «Եռակողմ հանձնաժողովը», «Բիլդերբերգյան ակումբը», Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, «Հռոմեական ակումբը», «Մարշալի գերմանական հիմնադրամը» և այլն, և այլն։ Հանրահայտ է նաև, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ոտն ի գլուխ գտնվում են նշյալ կոմիտեի վերահսկողության ներքո։ Այս ամենը հիշում ենք մի նախապայմանով. զուգահեռներ պիտի քաշենք ներկա (նորանկախական) մեր իրողությունների հետ։

Մինչ օրս անգամ մեր հանրության ազատամիտ հատվածը շարունակում է ինչ-որ կողմնորոշիչ տարբերություններ գտնել 3-րդ հանրապետության 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների «ազգային պետականություն» կերտելու հիմնադրույթներում։ Խոսքում և դիմախաղերում, այո, նրանք տարբեր են, հատկապես կարգախոսներում։ Հուշեմ` հիշեք կարգախոսները «փրկչական». «Պայքար, պայքար մինչև վերջ», «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», «Դեպի ապահով Հայաստան»։ Վերջնարդյունքում հայոց 12-հազարամյա քաղաքակրթությունն արձանագրեց զարհուրելի մի եղելություն. անկախ պետականության պայմաններում ժողովուրդն արտագաղթում է, գյուղ առ գյուղ և տոհմ առ տոհմ։ Ահավասիկ ինչ են շեփորում պաշտոնական տվյալները։ Վերջին երեք տարիներին (այսինքն` հենց այն ժամանակափուլում, երբ «Առաջ Հայաստանից» անցում էինք կատարում դեպի «Ապահով Հայաստան) երկիրը լքել է 250 հազար ՀՀ քաղաքացի, գլխավորապես առույգ և աշխատունակ։ Ակամա հիշեցի բաքվեցի ռուսների գնահատականը` տրված 1990-ի Բաքվի հայկական ջարդերին. «Քաղաքից հեռացան ոսկի ձեռքերը, քաղաքում մնացին ոսկե ատամները»։ Այո՜։ Մեկ դրվագ էլ մատուցենք արգո ընթերցողացը համաշխարհային պատմության լուսափթիթ էջերից և վերադառնանք 3-րդ հակապետություն, հազար ու մի 13 ներողագիր` հանրապետություն։ Բաստիլի գրավումը, պարզվում է, քաղաքական մի դաժան տրագիֆարս էր։ Պարզվում է, որ վերոնշյալ «գրավմանը» մասնակցել է ոչ թե Ֆրանսիայի ազատատենչ ժողովուրդը, այլ մի քանի հարյուր վարձկան, որոնցից յուրաքանչյուրը 1 օրվա համար ստանում էր պատկառելի մի գումար` 12 ֆրանկ։ Մի խոսքով, վարձկանների խառնամբոխը ներխուժում է գրեթե անպաշտպան բերդը, սպանում չորս սպայի ու տասնչորս զինվորի և ազատագրում յոթ «քաղբանտարկյալներին», չորս դրամանենգի, մեկ արկածախնդիր ազնվականի և երկու կատաղի հոգեկանի։ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, հեղափոխական Ֆրանսիայի արյունարբու տիրակալը մի օր խոստովանում է. «Կարծես ինչ-որ թաքնված ձեռք հեռացնում է մեզ այն ամենից, ինչ ցանկանում ենք անել։ Ամեն օր հասարակական փրկության կոմիտեն (դարձյալ չարաբաստիկ այս եզրույթը` «կոմիտե»- հեղ.) անում է այն, ինչ նախորդ օրը որոշել էր չանել»։ Պարզ է, «300-ի կոմիտեն» էր անտեսանելի ղեկավարում ֆրանսիական հեղափոխությունը։

Այսօր մի՞թե գաղտնիք է որևէ մեկի համար, որ Եվրախորհուրդը «300-ի կոմիտեի» դրածոն է, որոնց սևեռուն ուշադրության կենտրոնում, ի թիվս այլոց, ՀՀ-ն է հայտավորված։ Ի դեպ, «300-ի կոմիտեի» աջթևային կազմակերպություններից մեկը` Սորոսի հիմնադրամը, որը ղեկավարում է «Բիլդերբերգյան ակումբի» անդամ երիցս տխրահռչակ Ջորջ Սորոսը, և որը 1990-ից հզոր քայքայիչ գործունեություն ծավալեց ԽՍՀՄ տարածքներում, Ռուսաստանում վաղուց արգելափակված է, այնինչ Հայաստանում ուժգին փթթում է «Բաց հասարակության» հիմնադրամի և այլ մահաբեր «ժողովրդավարական» կազմակերպությունների ձեռամբ։

ՓԱՍՏԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅԱՆ

(ճաշում ենք`բազմած Արագածի գագաթին)

Այսօր առավել արդիական է նշանավոր Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն. համաշխարհային կառավարության գաղտնիքները» հույժ նշանակալից գործը։ Ընթերցում-վերընթերցում եմ և թվում է, թե ծրագիրը մշակված է հենց նորանկախ Հայաստանի կախյալության համար։ Ահավասիկ ինչ դրույթներ են ամրագրված ՀամՄԻԿառի (Համաշխարհային նոր կարգի) «սահմանադրության» էջերում. «Լիովին ավերել ազգային ինքնագիտակցությունը և ազգային արժանապատվությունը», «Լիովին դադարեցնել ամեն տեսակի արդյունաբերության զարգացումը։ Գործազուրկները, ովքեր կհայտնվեն արդյունաբերության կործանումից հետո, կա՛մ կդառնան հերոին ու կոկաին գործածող թմրամոլներ, կա՛մ էլ կդառնան ոչնչացման գործընթացի վիճակագրության թվանշաններ...», «Դադարեցնել գիտահետազոտական բոլոր աշխատանքները...», «Թույլ չտալ, որ ժողովուրդներն իրենք որոշեն ճակատագիրը` դրա համար արհեստականորեն ստեղծելով զանազան ճգնաժամային իրավիճակներ` այդ ճգնաժամերի հետագա «կառավարման» լծակով», «Տարածել ամբողջ աշխարհում «կրոնական ազատագրման» գաղափարները` նպատակ ունենալով քայքայել նպատակ ունեցող կրոնները, հատկապես քրիստոնեությունը»։

Առայժմ ՀՀ գործազուրկները լայնորեն զբաղվում են փերեզակությամբ։ Այսինքն, բռնաճնշմամբ (այլ ճանապարհ` չի՛ք), գյուղացուց թռցնում են նրա քրտնաջան աշխատանքի պտուղները և վերավաճառում ու օրվա ապրուստը մի կերպ հոգում։ Ինչ փույթ, իշխանակառավարական վերին հարթակներում ավելի ու ավելի են թնդանում Ներոնին և Կալիգուլային վայել օրգիաները, պարում ու շուրջպար են բռնում առիթով և առանց առիթի, վայելում են ինքնամոռացության աստիճանի, և՛ բացահայտ, և՛ անսքող, և՛ չթաքցնելով ոչինչ համաշխարհային և հայկական ԶԼՄ-ներից։ Հերթական վարկն են ահա մուրում աշխարհակործան այս կամ այն հիմնադրամից և ուզվորական այս խայտառակությունը հրամցնում որպես կառավարության ճկուն աշխատանքի հոտավետ պտուղներ։ Այո, նրանք ճկուն և դյուրաթեք են վերոնշյալ հիմնադրամների նվագի տակ շորոր գալիս։

Վերոնշյալ գրքում մի տող հատկապես գրավեց ուշադրությունս. «300-ի կոմիտեն միջոցներ է ձեռք առնում, որ Սպիտակ տան յուրաքանչյուր հավակնորդի գլուխը մտնի սույն նախազգուշացումը. «Չկա՛ մեկը, որ կարողանա դուրս գալ մեր տիրույթի սահմաններից»։ Դժվար չէ կռահել, որ մեր բարձր ղեկավարության գլուխներում ազգակործան ինչ-ինչ որոմներ են պտղակալում, ամրագրված հայտնի և անհայտ օթյակների անհայտ ու հայտնի պարագլուխների ձեռամբ։ Արդեն երկրի իշխանությունների խոստումնազանցությունն ու ուխտադրժությունը վարքի նորմ են։ Ով չի հիշում 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի վեհաշունչ (բնականաբար, նախընտրական) խոստումը ժողովրդին` գործարարները (իմա` օլիգարխիան) այլևս չեն լինելու խորհրդարանում։ Վերջնարդյունքում խորհրդարանը ոտն ի գլուխ վերաձևվել է քրեաօլիգարխիկ համակարգի քուրսու, ուր նստոտում և նաղլ են ասում տառաճանաչ մականունակիրներն ու նրանց գրաճանաչ-ճառասաց կցորդները։ Այո՜, ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը տրոհվում են նաև ժողովրդական հույսի մարմնացում գործիչների «գործիքավորմամբ»։ Գրեթե երկու երկար ու ձիգ տասնամյակ Արտաշեսը Գեղամյան աքլորի կանչով արթնանում և անարգանքի սյունին էր գամում 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներին։ Այսօր նրա երգացանկը փոխվել է գլխիվայր, նա հիմա արդեն փառաբանում և խնկարկում է նախկին յուր թշնամյաց։ Իսկ ինչպիսի՜ հաճույքով են իշխանական գոլ ճահիճներում խայտում Մանուկյան Վազգենը, Հայրիկյան Պարույրը և մյուս պարուրվողները։ Եվ երբ երդմնազանցությունը վերածվում է քաղաքական շարժիչ ուժի, բնականաբար, երկրի առավոտը բացվում և արևը մայր է մտնում հակապետության դահճապետերի վայրագ լկտիության համանվագով։ Եվ մի՞թե մայրաքաղաքը օր օրի սեփական տնամերձի վերածող (և տնամերձում ափիոն և հաշիշ աճեցնող) ոմն Լֆիկի թիկունքում չեն պարզորոշվում իշխանակառավարական վերնակույտի խիստ ինքնագոհ ժպիտները։ Այո՜, հանրապետությունն ու հանրությունը վերջնականապես չեն ծնկել և ինչ-որ նոր ու հուժկու հարված պիտի հասցնել գոտկատեղից վար։ Հարվածեցին, Լֆիկը գրոհում է Եռաբլրի վրա, Լֆիկը կատարում է առաջադրանքը, հոշոտում է սրբավայրը։ Իսկ մինչ այդ մեկ այլ Լֆիկ պորտապար է բռնել Ծիծեռնակաբերդում։

Ծիծեռնակաբերդի հուշաբլուրը հակապետականության բոսոր օրինակ է, կարգի են բերված միայն դեպի հուշահամալիր տանող ճանապարհները, մնացյալում քարաքոսեր են, աղբ և մոլախոտ։ Մարզահամերգային համալիրից դեպի հուշակոթող պուրակ է գցված, չգործող ջրավազաններ են, անխնամ պարտեզներ։ Մեջտեղում զարմանալի մի արձան է, «մոխիրներից հառնող մայրը», մանկամարդ կինը` մանուկը գրկին, փախչում է մազապուրծ։ Արձանի թիկունքում քուլա-քուլա ծուխ է բարձրանում, «Ակոռի» ռեստորան-պանդոկն է, շրջակայքը պատված է եղևնիներով, հարդարուն է և աչք շոյող (եթե աչքդ բորենու է), զի պանդոկից ափաչափ հեռու Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողն է, Ցեղասպանության թանգարանը և հանրապետության կայացման համար նահատակված հայորդիների շիրիմները։ Եվ, խնդրեմ, պանդոկի լուլաքյաբաբային մուղամները սքանչելի ներդաշնակվում են հուշակոթողի անմար կրակի և ողբասաց մեղեդիների հետ։

ՎԵՐՋԵՐԳ-ԽՄԲԵՐԳ

(իրիկնահացը ճաշակենքԱրաքսի ափին)

Ջոն Ֆիցջերալդ Քենեդին եղերական վախճանից օրեր առաջ ելույթ ունեցավ, որը կոչվում էր «ՈՒղերձ մարդկությանը» և դարակազմիկ մտքեր էր պարունակում ազատ աշխարհը ոչնչացնելու միտված գաղտնի ուժերի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Տասն օր անց դալլասյան կրակոցները ցնցեցին աշխարհը։ Քենեդու մահվան լուրն առնելով ԱՄՆ-ի գլխավոր թշնամի, Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն սպասելի երջանկության փոխարեն ծանր մտորումների մեջ է ընկնում։

Այսպիսով, արթնանալ է պետք։ «Մոսկվա» կինոթատրոնում էլ նազելի հայուհիները կոնք ու սրունք են փքել, բոդիբիլդինգի նորհայկական առաջին բեմելն էր։ Սաղո՜լ։ Զուգահեռ ընթացքով օր օրի լրբանում են աղանդավորները, հղփանում են համասեռամոլները։ ՈՒ հակագրոհի մեր ժամն է վաղուց հասունացել, զի «...ճարճատում են վառ պարտեզներն այստեղ, ասես թե կանաչ հնոցներն Աստծո»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ