Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հեքիաթ պոչի և գլխի մասին (քաղաքական ժաժքեր)

Հեքիաթ պոչի և գլխի մասին (քաղաքական ժաժքեր)
08.11.2013 | 11:26

«Սեր։ Հույս։ Երազ։ Դարձյալ բառեր`
արցունքոտ ու անարձագանք։
Բառեր, դուք ինձ շատ եք վառել,
վառել ու դեռ չեք դառել կյանք»։


«Բառեր»,
Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՈՒՂԵՐՁ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԻՆ
(նախաճաշին մի գդալ թանապուր)
«Ձուկը գլխից է նեխում, բայց մաքրում են պոչից»։ Խոսքն այս, դարերով թրծված, ձեզ եմ առաքում, արգո իշխանապետեր, այն դարձրեք ձեր հակինթ ականջներին օղ և կշահեք մեծապես (հանրության ձայնին ականջ դնելը անհետևանք չի մնա), մի շնչում կվերածնվեք ու կդառնաք մեր պարծանքն ու զմայլանքը, քաղցր, ինչպես դդմի մուրաբա, մշտադալար, հանց վաղգարնանային վարունգը, և աշխատասեր` ասֆալտապատ սարքի պես։ Ավա՜ղ, խմբագրի սաստող հայացքը ինձ գամում է անարգանքի ծառաբնին, ու ես ճակատս քորում և շարակարգում եմ ահա էսպես. դուք քաղցր եք, հանց ալպիական մեղրն անարատ, մշտադալար եք, ինչպես ԱԺ այգու սեգ նոճին, և աշխատասեր եք, ոնց որ արիական ցեղատեսակի շեկ մրջյունը։ (Այո՜, մեծարանքի արժանի եք, բայց արդյոք գիտե՞ք, որ անկախացումից դեսը դեռ ձկնկիթ չեմ ճաշակել, վերարկուս էլ խիստ մաշվել է)։
Մի խոսքով` մոտենում են արցունքոտ օրերը, պոչը բռնել և մաքրում են։

ՊՈՉԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
(պամֆլետ` հագեցած պատգամավորական տրտունջով)
Այսպիսով, անհնար է նեխած ձկնագլխից բուրումնավետ ապուր եփել։ Իսկ որ մեր իշխանակառավարական վերին օթյակներում ձկնագլուխները, մեղմ ասած, թարմությունը վաղուց են կորցրել, հայտնի է և՛ երևանյան Յոնջալախում, և՛ Լոռվա Դսեղ գյուղում, և՛ Փակ շուկայի մոլագար պաշտպանների շարքերում, և՛ Մանկական զբոսայգու երկնագույն ծառուղում։ Միայն թե ոչ վերին օթյակներում։ Քանզի այնտեղ հայտնագործել են ազգի ու երկրի գոյակերպի ճշմարիտ ճանապարհը և պարտադրում են մեզ։ Մենք չենք ըմբռնում, բայց ժամանակն է, հակառակ պարագայում ձկնապոչն էլ կնեխի և մենք կենթարկվենք քիմիական հարձակման Հյուսիսից և Արևմուտքից, Ազերբայջանն ու Թուրքիան էլ վրադիր։ ՈՒրեմն, մի երկու օրինակով թարմացնենք վերոնշյալ ձկնապուրը, սկսենք ԱԺ ճեպազրույցներից, շրջվենք քաղաքապետարանական թնջուկներում, վերջապես հանգրվանենք մեր դարդ ու ցավ ձկնապուրում։ Ահավասիկ ինչպես են պատճառաբանում յուրյանց աշխատավարձերի բարձրացման պատմական առաքելությունը արգո պատգամավորները, լսենք նրանց։ Անկախ և դալլաքյանակործան Մարուքյանը Էդմոն, պատասխանելով «Իրատես de facto»-ի լրագրող Ռուզան Խաչատրյանի միանգամայն բարեհունչ հարցին ¥«ճիշտ չէ՞ր լինի, եթե այդ 300 բարձրաստիճան պաշտոնյաները դեռ չներառվեին փաթեթում, փոխարենն առավել կարիքավոր հատվածի աշխատավարձը բարձրացվեր»¤, շեփորում է բաղաձայն. «Ո՛չ, ճիշտ չէր լինի, որովհետև համակարգ ենք ստեղծում»։ Համակարգը` քրեաօլիգարխիկ, վարչավակխանալիկ և այլնիք, մի՞թե ստեղծված չէ, և ինչո՞ւ նման ձայնարկություն չէր լսվում Լոռվա չքնաղ բնաշխարհում 2012-ի դյութիչ գարնանը, երբ Էդմոնն ընդդիմացել էր ԱԺ մշտաբնակիչ Վիկտորին և ընտրազանգվածի սրտի «յարեքն» էր ամոքում։ Պատկերացրեք, որ արգո Էդմոնը, զուտ լոռեցուն բնորոշ պարզամտությամբ, Վանաձորի մի հավաքում անկեղծանար ահա էսպես. «Երկրում մի փոքր հատված կա, 300 պաշտոնյա, և անհրաժեշտ է նախ նրանց աշխատավարձերը բարձրացնել, հետո վերանայել ձեր նպաստները։ Ա՜յ ժողովուրդ, ես ոնց կարամ (եթե, անշուշտ, պատգամավոր դառնամ) 1000 դոլար աշխատավարձով ձեր հոգսը հոգալ»։ Մի խոսքով, Էդմոնը կամա-ակամա ձկնագլխի հատվածում է, նրա ընտրազանգվածը` ձկնապոչում։
Կոկիկ և փայլաշողիկ է տիար ՈՒրիխանյանը Տիգրան` և՛ գործում, և՛ խոսքում յուր ահավասիկ պատասխանում է սարկաստիկ. «Օրինակ, եթե ԱԺ պատգամավորը, որը մի ամբողջ ոլորտ է կարգավորում, ազդեցություն ձևավորում, մարդկանց կյանքի որակի հետ գործ ունենում և այլն, պետք է գնահատվի 240 հազար, չգիտեմ` պետությունն էլ ի՞նչ է ակնկալում նրանից»։ Այո՜, ոսկեհուռ խոսքեր են, զի Տիգրանն ու այլք իսկապես մեր կյանքի որակի հետ գործ ունեն, այստեղից էլ կյանքի որակի անորակությունը։ Եվ, բնականաբար, մեր հակապետությունը էլ ի՞նչ ակնկալի յուր «300 սպարտացիներից», առանց ակնկալության էլ ինչ կա, չկա ստացել է և պիտի՞ պատասխանի մարդավայել... անկասկած, և, ահավասիկ պատասխանը, դուք (300 պետականազրկիչներդ) ձևավորեցիք և կարգավորեցիք, մենք էլ գնահատում և պարգևատրում ենք։ Հերթացուցակում Վահրամն է Բաղդասարյան, ինչպես մի ձուլածո վահան-բալասան. «Ի սկզբանե «նպաստ», «փարոս»» բառերն ինձ դուր չեն եկել, դրանք հարիր չեն մեր մենթալիտետին։ Դա Արևմուտքից ներմուծված անուն է, մեզանում այլ ձևակերպում պիտի լիներ։ Հպարտ ժողովրդին նսեմացնելու ձև է»։ Կեցցես, գալիք կիրակի հրավիրվում ես «ԼԼ» արևելյան ծովախորշ, կարմրախայտի խաշի (սակայն կժամանես առանց մանդատի)։ Եվ գալիք կիրակի, երրորդ բաժակից ետքը (նախազգուշացնում եմ եղբայրաբար, խմելու ենք միայն թիմակցիդ թողարկած բազմակեղծ օղին) առաջարկելու եմ գրավոր պատասխանել անմեղսունակիս սույն անմեղագույն հարցին. «Քաղաքական ո՞ր ուժերն ու ո՞ր բարձրավոլտ պաշտոնատարներն են «հպարտ ժողովրդին» նսեմացնում 23 տարի շարունակ»։
Եղանակը փոխվում է, մեղմ զեփյուռն է բուրում և ամրակուռ ծնկներս թեթևակի թուլանում են, շարակարգում է տիկին Աճեմյանը Կարինե. «Անկեղծ ասած, աշխատող պատգամավորը շատ ծախսեր է ունենում»։ Ցնցված եմ անկեղծությունից երեսփոխանական, զի, իսկապես էլ, 3-րդ հակահանրապետությունում շատ աշխատող մանկավարժը, չթալանող մանկաբարձը, միշտ տառապող վարորդն ու կաթնազուրկ նախրորդը ամենևին ծախսեր չունեն, բացառությամբ հաց ու պանրի, կատվախոտի և տրանսպորտի պարտադիր-կամավոր ծախսերի։ Էնպես որ, ճիշտ ես, զմայլելի տիկին։ Եղանակը նորեն փոխվեց, կայծակն է թրատում ամպագոռգոռ երկինքը, տեղատարափ անձրևից փրկվելով ապաստանում եմ Մանուկյան Արամի անջրանցիկ վերարկուի ներքո և ունկնդրում եմ նրան` բացբերան ու լռելյայն. «Գրադարանի, թանգարանի, մշակույթի աշխատողները, գիտնականները ստանում են հիսուն-հիսունհինգ հազար դրամ։ Դա կարելի է հնգապատկել, եթե ոչ տասնապատկել։ Ստվեր, մենաշնորհներ, պետական ուռճացված ապարատ, համակարգված կոռուպցիա. սրանցից որևէ մեկի դեմ պայքարելով աշխատավարձը հինգից տասն անգամ կբարձրանա։ Հիմա մեյմունություն են անում, որ ասում են` աշխատավարձը կբարձրանա։ Իրենք չեն ուզում ոչ մեկին կպնել` ստվերին, մենաշնորհին, բայց ուզում են իրենց աշխատավարձը բարձրացնել»։ Այո՜, դուրս եմ սահում վերարկուի տակից և դիմումով դիմում ՀԱԿ-ին։ Անդամագրման։ Առանց մեյմունության։

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹՆՋՈՒԿՆԵՐԸ` ԸՍՏ ԲՈԽԱԽՆԵՐԻ
(պամֆլետը տողադարձում ենք)
Երևանի բուն կենտրոնում փարիզյան շունչն է խուտուտ տալիս ոմանց բոխախը, ոմանց էլ ծոծրակը։ Սակայն, նախ, պարզաբանենք, թե ինչ է նշանակում թնջուկը, և ինչ է բոխախը։ Թնջուկը խճճվածությունն է, խառնակությունը։ Բոխախը ենթակզակն է։ Դե, եկեք պատկերացնենք մայրաքաղաքի ապագան, որը գերի է որոշ բոխախավորների թնջուկներում։ Եվ այսպես, փարիզակերտ կանգառներ են հայտնվել մայր ոստանի բուրաստաններում, այսինքն` «էլիտարոտ» (ներող եղեք, բայց դե մեկ-մեկ ի՜նչ շնահոտ է գալիս այս բառից) կենտրոնում։ Ծայրամասերում (ի դեպ, Երևանում ծայրամասային նստվածք է ամենուր, այսինքն` աղբ է, փոշի և բամբասանք), բոխախավոր թնջուկների վրնջոցն է։ Ահավասիկ, Մարաշի 9-րդ փողոցի 41-րդ տան առջև երկու ասֆալտային արգելափակոցներ են, չինական առևտրի տունը ժամանակին թեթև կսմթել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ընդհանրական բոխախը։ Բոխախը չինական խուտուտ-կսմթոցից ոգեշնչվել է և ընդառաջել, այսինքն` մի արգելափակոց է փռել, մեքենաները հաղթահարում են առաջին արգելապատնեշը, հապաղում են, առաջ շարժվում սուսիկ-փուսիկ, զի առջևում երկրորդ արգելապատնեշն է, նրան մոտենալ է պետք դանդաղընթաց և չարթնացնել չինական տանը ննջող թավամազ փիսիկին։ Թնջուկ է, անշուշտ, բոխախները չափն անցե՞լ են, վստահաբար, զի գարնան վերջին ահազանգում ենք, հրապարակելով մի թեթևաշունչ ֆելիետոն։ «Բոխախստանում» քար լռություն է։ Ամռան կեսին «ահաբեկում ենք» արդեն հեռախոսազանգով, վարչության պատասխանատուն ընդունում է առաջադրված մեղադրանքը (վստահաբար այդ պահին նա քաշքշեց սեփական բոխախն ու չինական թաշկինակը նետեց աղբարկղը) և տեղեկացնում, որ նշյալ (և մի շարք այլ) խնդիրների կարգավորման կապակցությամբ համապատասխան հանձնաժողով է ձևավորվել և շուտով չինական «բռնադատությունից» հետք էլ չի մնա։ Տարին մոտենում է յուր ավարտին, սակայն Մարաշի 9-րդ փողոցի թնջուկը դեռևս չի լուծվել։ Տիար Հենրիկ, արգո Նավասարդյան, եղիր արժանի զբաղեցրածդ պաշտոնին և թնջուկն այս կարգավորիր։ Հակառակ պարագայում (ցավով եմ սա փաստում) ողջ վարչությանը սպասում են անքուն գիշերներ և ամպամած առավոտներ։ Ողջ լերուք, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության բոխախավորներ, ողջ լերուք և ընդմիջման ժամին հավերժ ճաշակեք թթու դրած ձմերուկ և սմբուկ։ Նորք-Մարաշից սուրում ենք դեպի Դավիթ Անհաղթի փողոց, դադար առնում Ազատության պողոտայում, հանգրվանում Շիրազի փողոցում։ Ինչն է նրանց կապակցում։ Բոխախստանյան թնջուկները։ 2011-ին նշյալ վայրերում վերգետնյա անցումներ կառուցվեցին։ Բնակչությունը ցնծում էր։ Ցնծությունը ձմռանը փոխվեց ցավի, զի վերգետնյա անցումները պատվել էին հախճասալերով, որոնցով սովորաբար սալապատում են դահլիճները, միջանցքները և արտոնյալ բոխախավորների շնաբները։ Դրանք սայթաքուն էին, ինչպես սառույցը, բազում կող ու գլուխ ջարդվեց մինչև որ հախճասալերը փոխարինվեցին ասֆալտով։ Եվ վերջ, անցումները դուրս են ժամանակից և իրավիճակից, բնավ չեն սպասարկվում, ժանգապատվել են և աղբակալվել։ Մասնավորապես Շիրազի փողոցի անցումը վերջին անգամ մաքրվել է 2012-ի գարնանը։
Մի խոսքով, երկրում ապստամբությունն է հասունանում, որը պատմության մեջ կմնա հետևյալ անվանմամբ. «Անհնազանդ պոչերի առաքինությունը ընդդեմ հնազանդ գլուխների անառակության»։ Մի խոսքով, հասանք վերջաբանին, իսկ այն հույժ նշանակալից է։

ԿԻՍԱՔՈՒՆ ՎԻՃԱԿԻՑ ԱՐԹՈՒՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
(իրիկնահաց է, անխոս վայելենք)
Եկեք անկեղծ լինենք ոտն ի գլուխ, ինչպես տիար Շեկոյանի կրակաշեկ բառերը, որոնք դեռ չեն վառել, սակայն պիտի կյանք դառնան։ Ահավասիկ, բոխախակիր-թնջկությունը մեր իշխանակառավարական վերին դասի ապրելակերպն է` մեկ։ Ապագան է` երկու։ Արևմուտքի և Հյուսիսի առջև ամոթով չմնալու առհավատչյան է` երեք։ Այսինքն, այլևս նրանցից սպասելիքներ` չիք։ Ինչ ենք անում անհապաղ, թե ոչ, մեզ կքերթեն միապաղաղ (ինչը անում են անվրեպ հաջողությամբ) և ահավասիկ «ԼԼ» առաջարկը. մեր հոգում-սրտում-մտքում կուտակվածը բարոյահոգեբանականից բերում ենք ֆիզիկական վիճակի, այսինքն` վերադասի համար անտանելի իրավիճակներ ենք ստեղծում, օրենքի սահմաններում, խաղաղությամբ և, ամենակարևորը` առանց ատելության, զի վերադասը մեր միսն ու արյունն է, նրանք մեր տեսակն են, միայն թե... Ահավասիկ, ձևավորում ենք հանրային շարժումներ յուրաքանչյուր ցավոտ հարցի շուրջ, շրջանցում ենք վերադասի կամակատար Հանրային խորհրդին և անցնում լֆիկամարկետադուլի, հրթիռադուլի, տրանսպորտադուլի, աղանդավորադուլի և այլն։
Մի խոսքով, վերհիշենք իմաստուն մեր պապերի սթափեցնող խոսքը նեխած ձկնագլխի և նրա պոչի մասին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- «300 սպարտացիները» մի էական բան են ականջաթող անում։ Պետբյուջեն բազմաթիվ ծախսեր է կատարում նրանց վրա, օրինակ, վճարում է գրիչների, համակարգիչների, օճառի և զուգարանի թղթի գումարը։ Տրանսպորտի վրա նրանք գումար չեն ծախսում, այսինքն` ամենուր տնտեսում են։ Այսինքն, ինչպես հրաշունչ Սևակն է ժամանակին բորբոքվել` ելել են շալակն աշխարհի։ Ցը՛։

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ