Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հեքիաթ արջի և բորենու մասին

Հեքիաթ արջի և  բորենու մասին
01.11.2013 | 12:00

«Մասիսն` ահեղ,
Մասիսն` աղեղ-
Պիրկ ձգված է երկրի վրա։

Եվ ուր որ է
Պիտի Աստվա՛ծ
Շանթարձակի նետը նրա։


Ո՛չ մի տապան։-
Ո՛չ մի կական
Էլ չի՛ հնչի երկրի վրա։

Մասիսն` ահեղ,
Մասիսն` աղեղ-
Պի՜րկ ձգված է երկրի վրա։


«Արարատ»,
Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ

ԾԱՓԻԿ, ԾԱՓԻԿ, ԾԻՐԱՆԻ
(ֆելիետոնը խոզաճարպով է բուրում)


Ճամփաբաժնում խրտվիլակն է, մի թևը` դեպի Հյուսիս, մյուսը` Արևմուտք։ Վախն է պատել խրտվիլակին, զի գլխի վերև Մասիսն է ահեղ, հանց պրկված մի աղեղ։ Անձամբ հակված եմ դեպի Հյուսիս, դեպի ռուսական շեկլիկ արջի փարթամ գիրկը։ Ինչո՞ւ, մի՞թե հասկանալի չէ. երբ արջի գրկին այլընտրանք է արևմտյան բորենու ճահճահոտ մահիճը, բնականաբար, յուրաքանչյուր բանական մարդ պիտի ընտրի Հյուսիսը, եթե, անշուշտ, նրա կենսաբանական հակումները շեղված չեն բնական հունից։ Մի խոսքով, խոզաճարպը նախընտրելի է լիկյորից։ (Բայց ի՜նչ ինքնաբավ են զուգորդվում ձյունասառը խոզաճարպն ու ոսկեծփանք օղին ծիրանի, սակայն առկա է փորլուծի վտանգը, բա՜...)։
Մի խոսքով, մեզ անկախ պետականությունից կարծես թե երեք ազգապահպան հուշ մնաց. ա) Կիկոսի պոպոզ գդակը, բ) Միկիտան Սաքոյի ժառանգությունն ու ժառանգները և գ) Սևանի արծաթախայտ իշխանի փոխակերպումը վաշխառու խեցգետնի։ Մի խոսքով` ծափիկ, ծափիկ, ծիրանի։

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
(պամֆլետ վթարված կոյուղագծի մասին)
Այո՜, Եռաբլուրում հուշն է հոշոտվում, զի ազնվազարմ մեր նահատակների պետականաշեն գործը ձախողվեց և նորանկախ կառավարություններն արձանագրեցին 3-րդ հանրապետության հայի գոյակերպը. «Որտեղ հաց, էնտեղ էլ կաց, ընդ որում` սսկված»։ Եվ դարպաս ու դուռ կրնկակոխ բացվել են արտաքին խորշակների առջև, և աղանդավորությունը կոնք կոնքի սերտաճել է այլասերության հետ, արդեն խաղի կանոններ են թելադրում և նորանկախ պետականության ձախ զորաշարն են կազմում։ Աջից դրամաշնորհներից հղփացած հաստանստուկների ավանգարդն է։ Պետականազրկության առանցքում, հասկանալի է, վարչաքաղաքական վերադասն է` գլուխ առ գլուխ սերտաճած քրեաօլիգարխիկ վերնակույտին։ (Սրանց զավակն ի՞նչ կերպարանք կունենա)։
Եվ խնդրեմ, ոտն ի գլուխ մասնավորեցվում է երկրի օդանավակայանը, կապը երկնքի հետ ազատ-անկախ մասնավորի գրպանում է։ Կեցցե՛ք, զի սա հուժկու հարված է արցախամարմաջ Ազերբայջանին։ Նավթի արտահանումից ազերբայջանական պետության տարեկան եկամուտը 15-20 մլրդ դոլար է։ Սա դեռ քիչ է, նավթային պետական հիմնադրամի ակտիվները գնահատվում են 34 մլրդ դոլար։ Ողորմելի՜ բարբարոսներ, յաթաղանը ձեր այդպես էլ չկրթվեց, զի դեռևս կառչած եք մնացել պետություն կոչված խառնաշփոթից։ Միաժամանակ բավականաչափ են պետական ակտիվները սահմանակից երկրներում, Վրաստանում` մեկ, Իրանում` երկու, վերջապես Թուրքիայում երեք, չորս, հարյուր տասնչորս։ Այսպես, ուրեմն, Ազերբայջա՞նն է պետություն կառուցում, թե՞ մենք։ Այնտեղ հեյդարիլհամյան կլանն է դրության տերը և մի քանի այլ քրդական, սելջուկյան, մոնղոլական և այլ ծագմամբ ընտանիքներ։ Եվ այնտեղ կնոջ և տղամարդու նույնականացման օրենք մոգոնողին կամորձատեին հրապարակավ։ Եվ այնտեղ բնակչության մեկ քառորդը աղանդավոր չէ և հակադրված չէ պետական կրոնին։ Եթե Ազերբայջանի գլխավոր հարստությունը նավթն է, Վրաստանինը` ծովը, Իրանինը` հինգհազարամյա քաղաքակրթությունը, ապա մե՞րը։ Մենք զարգանում ենք «քառատրոփ երջանկությամբ», պետությունը մաս-մաս է արվել «արարիչ-հայերի» միջև, նրանց արարմունքներից հետո կտրուկ անկում է ապրում անասնագլխաքանակը և ճոխ զարգացում` ջիպագլխաքանակը։ Եվ այսօր զարմանում-զարհուրում եմ (վերջում, անշուշտ, վեհանձն զկռտում) ոմանց թուլամտության վրա, ովքեր մոլեգնում են, թե ազգի լավագույն զավակները մի՞թե նահատակվեցին հանուն ներկա պետականակրտման։ Թույլ տվեք հակաճառել. եթե վսեմ այս անունները չկանգնեին ալեկոծվող երկրի ղեկանիվի մոտ և չփրկեին մեր փխրուն առագաստանավը, ո՞վ էր նավը փրկելու։ Դադար ենք առնում և շունչ քաշում, զի փորձություն է մեզ սպասում, անուն առ անուն վերհիշեք Օվալաձևի երեսփոխաններին և կառավարության անդամներին և նրանց պատկերացրեք երկիր կերտելիս։ Քերթելիս` խնդրեմ։
Այո՜, անկախ-պետականությունը գերշահութաբեր բիզնես-նախագիծ է։ Նախագիծ, ուր երկրակերտողները (Արթուր Մկրտչյան և Մովսես Գորգիսյան, Լեոնիդ Ազգալդյան և Մոնթե Մելքոնյան, Թաթուլ Կրպեյան և Սիմոն Աչիկգյոզյան) ընկան անհավասար մարտերում կամ դավադիր գնդակից։ Ավա՜ղ։
Վերջնարդյունքը ահաբեկող է. մայրաքաղաքի ամենահարուստ շրջաններից մեկը, ընդ որում` հարուստ և՛ տնտեսական գործոններով (շուկա, տոնավաճառ և այլն), և՛ լուսահիշատակ Վահան Զատիկյանի ձևավորած ժողովրդավարական ավանդույթներով, բառացիորեն ի գործածում է հանձնվել գերօլիգարխ Ալեքսանյանին։ Սույն սուբյեկտն իր վարք ու բարքում, անկեղծ ասած, բնավ մեղավոր չէ, նա հնազանդորեն իրականացնում է իր բաժին պետականազրկումը, և նման պարգևավճարը միանգամայն վայել էր նրա քիմքին։ Միայն թե այս օլիգարխիկ վայելքից դաժան մի գարշահոտ է փչում` սեփական երկրում օր օրի զոմբիանալու գարշահոտը։ Այսպես, օլիգարխի զարմիկն է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, և «Ապահով Հայաստանը» ևս մեկ ճողվածք ստացավ, զի ամիսներ շարունակ հանրապետության ղեկավարները սրտատրոփ սպասում էին զարմիկի հասունացմանը, որ օրենքի սահմաններում 25-ամյա նորելուկին նստեցնեն վարչական այս գահին։ Այո՜, երկրի օլիգարխացումը վերջնական է, չէ՞ որ առնվազն մի քանի տասնամյակի գերապահովության զգացումն է օլիգարխին դրդել նման քայլի, 25 տարեկանում զարմիկը վարչական շրջանի ղեկավար է, 30-ում գուցե քաղաքապետ, բայց գուցե և վարչապետ, իսկ հետո՞, հասկանալի է, 35-ը լրանալուն պես Ալեքսանյան կրտսերը (ով գուցե թե շնորհալի մեկն է, սակայն դա խնդիրը չի փոխում) դժվար թե գլխավորի «Օպերա» հիպերմարկետի (որ օպերային թատրոնը հիպերմարկետի կվերածվի, մի՞թե կասկածում է որևէ մեկը) պտուղ-բանջարեղենի դեպարտամենտը, բնական է, բարոյական, նա կբազմի Բաղրամյան 26-ում։
Սակայն մի բան է ինձ մտատանջում (մտատանջվեք դուք ևս, զոմբիացման դատապարտված իմ ընթերցողներ). ինչպե՞ս կվերաբերվի այս ամենին հարևան-հարամին` Ազերբայջանը, չէ՞ որ, նավթային վիթխարի ակտիվներից զատ, 2003-ին «հարամիների երկրի» ռազմական բյուջեն 163 մլն դոլար էր, 2013-ին` 3,7 մլրդ դոլար։ Խնդրում եմ հիշեք, թե որքան է մեր հանրապետության բյուջեն ոտքից գլուխ։ Հիշեցի՞ք, գերազանց է, թույլ տվեք սա էլ հուշել. Իսրայելը վերահսկում է համաշխարհային քաղաքականության, եթե չասենք` քաղաքակրթության որոշակի զարգացումներ։ Բայց մի՞թե մեր լճերում ընդունված է հանրածանոթ ճշմարտությունների շեփորումը, բնա՛վ, ասում եմ ես, ամենևի՛ն, հաստատում եք դուք։ Ահավասիկ, 2009-ի հունիսի 28-ից 29-ը վերոնշյալ հրձիգ երկրի նախագահ Շիմոն Պերեսը պաշտոնական այցով զվռնում էր «Հարամստանում»։ Եվ հանդես եկավ սույն հայտարարությամբ. «Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը բախվել է լուրջ հիմնախնդրի։ Այդ հիմնախնդիրը հիմնականում բխում է ձեր հարևաններից։ Քաղաքականության մեջ անհնար է ընտրել հարևաններին, ինչպես ընտանիքում անհնար է ընտրել ծնողներին։ Կյանքն այդպիսին է։ Իսրայելը լիովին պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք կարծում ենք, որ ոչ մի երկիր իրավունք չունի զավթելու ուրիշի տարածքի մի մասը»։
Այո՜։ Պետականազրկելով երկիրը, մեր վերին դասը ճանապարհ է հարթում դեպի Հյուսիս, դեպի արջի բրդոտ գիրկը։ Անշուշտ, այլընտրանքն առկա է, ու եթե արջը մի օր պատշաճ խումարաթող չլինի, կլքենք նրա անշնորհակալ գիրկն ու հայդա՜ դեպի բորենու մահիճը։ Մի խոսքով, «Ապահով Հայաստանը» յուր ապահովագրական «պոլիսներն» է դասակարգում, և սկզբունքը մեկն է` որքան անապահով, այնքան ապահով։ Եվ սրանից է բխում վերին դասի հերթական «սխրանքը», յուրյանց աշխատավարձերի կտրուկ աճը։ Հերթական անգամ հաղթական թքում են պետության քաղաքացիներիս հոգու խորխորատները (զի պարզվում է, որ մեր վերնադասը ապրում է բացառապես անբասիր եկամուտներով և արժանի է պատշաճ աշխատավարձի, չէ՞ որ առաջիկա ձմռանը ապրուստը դժվարանալու է, իսկ նրանք պետք է առատ սնվեն, որ լիովին տրվեն պետական գործերին), միաժամանակ զեկույց է հղվում առ Հյուսիս և դեպի Արևմուտք, երկրաքերթումը հաջող է ընթանում, բացեք գրկներդ։
Այո՜, վթարված են մեր անկախ պետականության կոյուղագծերը, բազմաբույր հետևանքներով հանդերձ։ (Ի՜նչ պայծառ անհատներ յուրյանց անձը նվիրաբերեցին սույն նվիրական գործին` Գեղամյան, Րաֆֆի, Վահան, Զարուհի, Լևոն, Գագիկ և Խոսրով և այլք)։

ՄԱՍԻՍՆ` ԱՀԵՂ, ՄԱՍԻՍՆ` ԱՂԵՂ
(սարկաստիկ վերջերգ)


Բարձր հովանու ներքո երկիրը ջերմոցի է փոխակերպվել։ Այսպիսով` մի հարց է ինձ տանջում (տանջվեք ինձ հետ, օգտակար է). Բալայան Զորին ինչո՞ւ մինչ օրս չի արժանանում ՀՀ Ազգային հերոսի կոչման, չէ՞ որ պետականազրկության (գրկից գիրկ փոխատեղվելու) «բարաթը» արդեն պատմական փաստ է։ Իսկ ահեղ Մասիսը դեռ պատժելու է մեզ, քանզի Եռաբլուրում հուշն է հոշոտվում և անկախ պետականության սակագինը վճարված է լիուլի։ Այսպիսով` ծափիկ, ծափիկ, ծիրանի...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Տիար Զորիի թնդուն «բարաթը» մի ամորձատված երիվար է, որը կաղում է առջևի ձախ, հետևի աջ ոտքերից։ Եվ ահա թե ինչու։ Ռուսաց կայսրին լալահառաչ խնդրագիր հղելուց առաջ նախ պետք էր հայոց թագավորին մի երկու տող գրեր։ Լավ, հասկացանք, որ Լևոնի աչքի փուշն էր արգո Բալայանը Զորի, բայց չէ՞ որ նա Սեդրակիչի և Ազատիչի աչքի լույսն է, խորհրդատու-սեղանակիցը, բայց մատնանշենք թեկուզ մի դեպք, երբ անվարան սույն նավավարը հրապարակավ ընդդիմացել է 3-րդ հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների քաղաքական գծին, դիցուք, հանրապետության օլիգարխացմանը, երկրի աղանդավորացմանը, հայրենիքի պանդխտացմանը։
Ինչ ցուցանե առակն այս, թող որոշի արգո Զորին, որդին Հայկի։

Դիտվել է՝ 2786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ