Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Արարատը խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է

Արարատը խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է
22.10.2013 | 11:35

Սոս Սարգսյանը կյանքից հեռացավ վերջերս, երբ մեր երկրում անորոշ, գաղջ մթնոլորտ է: Երբ խառնաշփոթ իրականությունը նսեմացնում է ցանկացած նախաձեռնություն, խամրում հույս, հավատ, երազանք… Սոս Սարգսյանն այս մթնոլորտին ընդդիմացավ: Նրա խոսքը, միտքը կարծես սթափեցնող լիցքեր էին: Սոս Սարգսյանը պատահական մարդ չէր` հայ բեմարվեստի վերջին նահապետն էր: Ընդունված ավանդույթ է. կարեկցանքի, երախտիքի խոսքեր ասել կյանքից հեռացած երախտավորի մասին, շեշտել նրա արժանիքներն ու մնայուն գործերը: Նրա սթափեցնող ու զգաստացնող խոհերն ու ցանկությունները քիչ չէին: Մեկի իրականացումը ժամանակավրեպ չէ, որի մասին ցանկանում եմ հիշատակել:
Անկախ Հայաստանի առաջին օրից վարպետին մտահոգել են ՀՀ զինանշանի տեսակն ու տեսքը որակապես նոր պետականության գիտակցական և արժեքային համակարգի տիրույթում: Նրան դուր չէր գալիս նոր զինանշանը, և հիմնավորում էր այսպես. «Բանն այն է, որ Հայաստան եկող մարդն առաջինը, որ պետք է տեսնի` Արարատն է, քանի որ այն մեզ համար ուղղակի լեռ չէ` խորհրդանիշ է, հույս է, մեր երկրի երազանքն է: Դա մեր բողոքն է աշխարհին, որ այն վայրը, որտեղից մենք սկիզբ ենք առել, խլված է մեզանից: Դա մեծ անարդարություն է»: Դժվար է չհամաձայնել վարպետի հետ:
Այնուհետև շարունակում է. «Երբ Մարտիրոս Սարյանին հարցնում են` ո՞րն է Ձեր լավագույն ստեղծագործությունը, նա միանգամից պատասխանում է` Հայաստանի գերբը»:
Իսկապես, ներկայիս զինանշանի վրա խոշորացույցով պետք է փնտրել Մեծ ու Փոքր Մասիսների ուրվագիծը, իսկ հայոց հողի բերքատվության խորհրդանիշները` ցորենի հասկը և խաղողի ողկույզը, իսպառ բացակայում են: Վարպետը համոզված էր, որ հարցի լուծման համար հանրաքվե անցկացնելու արդյունքում ժողովրդի 99 տոկոսը իր հետ համամիտ կլիներ: Հուշ-մտավորականի ցանկությունը հստակ էր. զույգ Արարատները պետք է իշխող դիրք ունենան մեր զինանշանի համապատկերի վրա:
Գուցե այսօր` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, մեր մտավորականները, պետական այրերը հավաքական գտնվեն, ազգանպաստ վերաբերմունք դրսևորեն, մեր թատրոնի նահապետի` Սոս Սարգսյանի հնչեցրած պահանջը, որպես հավաքական պահանջ, կյանքի կոչեն, և հայության ու հայոց լեռնաշխարհի խորհրդանիշ Արարատ լեռան վեհաշուք պատկերը դաջվի ՀՀ զինանշանի վրա:


Մարտին ԱՍԼԱՆՅԱՆ
Ինժեներ նախագծող

Դիտվել է՝ 5093

Մեկնաբանություններ