Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Համարյա 200 տարի առաջ թույլ տված սխալը մենք այսօր կրկնում ենք Բալայանի նամակի տեսքով

Համարյա 200 տարի առաջ թույլ  տված սխալը մենք այսօր կրկնում  ենք Բալայանի նամակի տեսքով
22.10.2013 | 00:26

Ես` որպես հայ մտավորական, մտահոգված եմ, որ մեր օրերում` 21-րդ դարում, կան մարդիկ, ովքեր մտածում են ճիշտ և ճիշտ 20-րդ դարի կյորիսեցի Արթին պապի նման, որ հենց ցարը կարդա նամակը, կհրամայի իսկույն Եգոր Ադամովին բանտից ազատել և հասցնել իր հորը: Որպեսզի խոսքս լինի հակիրճ, դուրս զգացմունքների բնագավառից և մեջբերումներ չկատարեմ Բալայանի ծավալուն դասախոսությունից, կասեմ հետևյալը։
Ընկեր Բալայան, որքան էլ այսօր կրկնենք, որ Ադրբեջանը ապօրինի ստեղծված պետություն է, այսինքն` բիճ է, միևնույն է, փաստը մնում է փաստ, որ նա կա, ունի հսկայական հարստություններ, խոհեմաբար, թե անխոհեմ, լավ էլ «քյալլա» է տալիս աշխարհի զորեղների հետ, և այդ նույն ռուսաց թագավորը հազար ու մի ձևերով փորձում է դիվանագիտորեն սիրաշահել նրան և բերել իր դաշտ, այնպես որ Ռուսաստանն այսօր այլ ճանապարհով չի կարող լուծել իր նախկին տարածքների (տվյալ դեպքում խոսքս վերաբերում է ներկա ադրբեջանական տարածքներին) հարցը, որքան էլ հիշատակվի անցյալում հօգուտ Ռուսաստանի կնքված որևէ պայմանագիր:
Հարգելի Զորի Հայկի, նավով աշխարհ եք պտտվել, հանդիպել եք անվանի քաղաքական գործիչների հետ (մի փոքր շեղվեմ բուն նյութից և եթե հիշողությունս չի դավաճանում, հիշեցնեմ Յասիր Արաֆաթի հետ տարիներ առաջ Ձեր ունեցած հարցազրույցից նրա խոսքերը մեր` հայերիս մասին. «Զարմանալի ժողովուրդ եք, որտեղ հասնում, տուն եք կառուցում, մոռանալով, որ դա Ձեր հողը չէ»։ Լավ է, չէ՞, ասված, ընկեր Զորի: Այդպես են եղել Մանթաշովը, Արամյանցը և ցանկացած մեծ ու պուճուր չափի ցանկացած հայ և՛ անցյալում, և՛ ներկայում), Գորբաչովի հետ զրուցել եք երես առ երես: Սխալվում եք, Զորի, սխալվում էր նաև Սոբչակը, թե Գորբաչովը չգիտեր Ղարաբաղի ողջ պատմությունը: Մի՞թե անգամ այսօր, նրա հետ հանդիպումից 25 տարի անց, չհասկացաք, որ նա հավաքագրված գործակալ էր, XX դարի Հուդա, որ կոչված էր քանդելու մեծ և հզոր ԽՍՀՄ-ը, հաշմելու միլիոնավոր կյանքեր: Եվ այսօր, դեմոկրատական կոչված Ռուսաստանում արքի ու փառքի մեջ վայելում է իր հուդայական ծառայության արդյունքները:
Այդ նամակով Դուք հարվածի տակ եք դնում Պուտինին: Ասացե՛ք, ի՞նչ պետք է անի մեծ կայսրության տերը, որն ունի 20 % մուսուլման բնակչություն, մեր կարծիքով, փակագծերն առանց բացելու էլ, հասկանալի է: Այսօր, ինչպես բոլշևիկների ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը ռուսներին պետք են, թեկուզ կեղծ բարեկամի տեսքով:
Այդ նամակը, մեր կարծիքով, չպետք է գրվեր, իսկ գրվելու դեպքում էլ ոչ թե հրապարակայնորեն, այլ որպես հրապարակախոսի խոսք, որպես Ռուսաստանի, նաև Հայաստանի բախտով մտահոգված քրիստոնյայի, հասցեատիրոջը պետք է ուղարկվեր փակ նամակով: Չգիտեմ, կարձագանքի՞ նամակին հասցեատերը, թե՞ ոչ, շատ դժվար է գուշակել: Երկու դեպքում էլ նրա համար դժվար է լինելու:
Դա էլ կարևոր չէ ինձ համար: Ինձ համար վիրավորականն այն է, որ համարյա 200 տարի առաջ թույլ տված սխալը մենք այսօր կրկնում ենք Բալայանի նամակի տեսքով: 200 տարի առաջ մենք մեր մեջ ներարկեցինք թերարժեքության սինդրոմը և այն շարունակում ենք առայսօր: Այդ թերարժեքության սինդրոմը մեզ բերեց գենոցիդի, մեզ բերեց պատմական հայրենիքի մեծ մասի կորստի: Ո՞Ւր են այսօր Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցած պատմական Արևելահայաստանի հողերը:
Ռուսական քաղաքականությունը միշտ մեզ հրահրել է հարևանների հետ, և դա հասկանալի է: Ես հակառուս չեմ, բայց ասել և ասում եմ, որտեղ մենք կանգնել և կռվել ենք, հույսներս մեզ վրա ենք դրել, հաղթել ենք: Նույնիսկ մեկը երկուսի դեմ ենք կռվել և հաղթել ենք: 2000-անոց զորագնդով Վարդանակերտի ճակատամարտում ջախջախել և սառած Արաքսն ենք թափել 5000-անոց արաբական բանակը: 5000-անոց զորախմբով «Արյան լճերի» մոտ հիմնովին ոչնչացրել ենք 10000-անոց արաբական բանակը: Հիշենք Սարդարապատը, որտեղ, ինչպես վկայել է Վեհիբ փաշան, հերիֆները, այսինքն` հայերս, գեշ կկռվեին: Եվ վերջապես, ղարաբաղյան պատերազմը` մեր օրերի վառ ապացույցը, Շուշիի գրավումը: Այսինքն, ընկեր Բալայան, ժողովրդի մեջ մի՛ ներարկեք հազիվ դեն նետված թերարժեքության ախտանիշը: Իսկ մենք կարո՞ղ ենք: Կասեմ` այո՛, մենք կարող ենք, եթե… Այ այս եթեն է, որ պետք է ռումբի պես պայթի Ձեր և Ձեզ նմանների գլխին: Ասացե՛ք, ընկեր Բալայան, Խորհրդային Հայաստանի շեն ու բոլ երկրի թալանի գործին Դուք մասնակցե՞լ եք, թե՞ ոչ: Եթե այո, ապա որքա՞ն, և այսօր Դուք ի՞նչ ունեք Հայաստանում: Հավատացած եմ, որ պատասխանը կլինի ազնիվ և ես ստիպված չեմ լինի փորփրել գտնելու թալանին Ձեր մասնակցությունը: Ի՞նչ ունեք, թող Ձերը լինի, և ես դրան չեմ նախանձում, պարզապես ուզում եմ ճշտել, որքա՞ն եք Դուք նպաստել ձեր թալանով այս ժողովրդի արտագաղթին: Տեսնելն ու լռելը (այսինքն գողին չբռնելը) ես սրիկայություն եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք, Զորի, որքան հզոր կլինեինք մենք այսօր, եթե Ադրբեջանից փախած հսկայական հայ զանգվածը ուղղորդեինք դեպի ազատագրված տարածքներ: Իսկ ի՞նչ արեցին մեր եղբայրական ¥«ախբար» բառը չօգտագործեցի, որ կոպիտ չհնչի) և ղարաբաղյան կլանները: Ո՞Ւր են այսօր արտասահմանից ներմուծված եղբայր նախարարները: Ինչո՞վ նրանք նպաստեցին Հայաստանի վերելքին: Ո՞Ւր են այսօր իրենց կռված ներկայացնող ղարաբաղցիք: Զորի, կռվածն էլ կարող է վերջում սրիկա ու թալանչի դառնալ, ինչպես և է: Նման պարագայում կռվածի դափնին ոչ մեկին չի սրբագործում: Եվ այսօր շարունակվում է այդ կռվածների կամքով թե ցանկությամբ դատարկվել երկիրը: Մինչև ո՞ւր: Մինչև հերթական նամակը կգրվի ռուսաց թագավորին: Զորի, ես չեմ կասկածում հայրենասիրությանդ, ինչպես և ցանկացած հայ պաշտոնյայի հայրենասիրությանը: Բայց դիտարկումներս ցույց են տվել, որ նման կարգի բոլոր մարդիկ հայրենասիրաբար թողնում են հայրենիքը: Եվ տեղին է հնչեցնել մեկ հարց` էն հերիֆները (օգտվեցի Վեհիբ փաշայի բառապաշարից), որ էնպես գեշ կռվեցին Ղարաբաղում, ի՞նչ օրի են այսօր: Էստեղ տեղին է հիշել հանճարեղ Ֆիրդուսուն. «Եվ կռվի դաշտում ճորտը մեռնում է, տերը ճարպոտում»: Զորի՛, ես դատապարտում եմ Ձեր նամակը միայն մեկ առումով, որ փորձել եք հայի մեջ սրսկել հերթական թերարժեքության ախտանիշը, փոխանակ դատապարտելու նրան կեղեքած բոլոր սրիկաներին: Հայրենիքը հզոր է, երբ նրա տերը նվիրյալ է: Հայրենիքը հզոր է, երբ նրա քաղաքացին հավատում է իր տիրոջը, երբ մտավորականը ծախու չէ, երբ քաղաքացին տեսնում է իր երկրի վաղվա օրը: Իսկ Դուք և Ձեզ նմանները, անկեղծ ասած, անկախությունից հետո համարյա ոչինչ չեք արել վաղվա օրվա համար:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Զորի, նամակը գրելիս ի՞նչ եք մտածել: Գյուլիստանի պայմանագիրը հիշելով ի՞նչ եք ակնկալում: Հետագա սերունդների համար ստեղծել ևս մի կռվախնձո՞ր:
Զորի, ռուս զինվորն ինչո՞ւ պետք է հենց այնպես արյուն թափի: ՈՒրեմն, Ղարաբաղի համար հայը պիտի արյուն թափի և էլի պիտի պատրաստ լինի` հավատալով միայն իր ուժերին: Մի կոնկրետ հարց. եթե որևէ պետություն (չեմ ցանկանում կոնկրետ անուն տալ) չի ցանկանում, որ ազատագրված տարածքները մերը լինեն, պիտի ասենք` վերցրու և վե՞րջ: Ոչ, մենք պիտի պատրաստ լինենք անգամ հակահայ ռուսական կամքին: Սա մեր հողն է և վերջ: Դրա համար պետք է կանգնեցնել թալանը, արտագաղթը և ժողովրդին պատրաստել ամեն մի անակնկալի: Թե չէ, որքան ուզում եք գրեք, ռուսական ցարի խիղճը դրանից չի արթնանա: Դա է ցույց տվել և տալիս 200-ամյա մեր անցած ուղին:

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ