Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Թութակների որս շուկայում և օդանավակայանում (ասք դավի և ցավի)

Թութակների որս շուկայում և օդանավակայանում (ասք դավի և ցավի)
18.10.2013 | 11:55

Իմ վիշտը միայն
Ես ինքս գիտեմ`
Կանգնած անագան
Ձեր նախիրի դեմ...
«Պոետի վիշտը»,


Եղիշե ՉԱՐԵՆՑ

ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԷԼ ԿԱՑ
(նախաճաշին` պինդ խաշած ձու, առանց աղի)
Այո՜, բարեկամներ, պետությունը, հանձին քաղաքապետարանի և հանրապետության մշակույթի նախարարության, անզոր է կանխելու մեծաքսակի ավազակաբարո ոտնձգությունը քաղաքակրթական օջախ «Փակ շուկայի» հանդեպ, երբ Թուրքիայի քաղաքացիները բռնախեղել են Հրազդանի կիրճը և բետոնակուռ մի հրեշապատում են կերտում` փակելով հանճարեղ Փարաջանովի տուն-թանգարանի լույսն ու արևը, երբ սփյուռքահայ մեծաքսակը «Զվարթնոց» օդանավակայանի հրաշակերտ շինությունն է փորձում փլուզել (և սա անում է ապշեցուցիչ անհոգությամբ), երբ հայկազյան-արիական էթնոսի տաղանդավոր շառավիղները տարագրվում են` ապավինելով ազգակործան «Որտեղ հաց, այնտեղ էլ կաց» ասույթին, իսկ երկրում փթթում է աղանդավորաց գարշահոտ գլխաքանակը։
Եվ եթե մեկը կվստահեցնի, որ, այսուհանդերձ, ինչ-ինչ տարբերություններ կան մուլտիմիլիոնատերեր Ալեքսանյանի և Էռնեկյանի նկարագրերում, ինչպես կասեր Սևակը, պատրաստ եմ տեղում փոխելու ազգությունս։

ՄԱՆԿՈՒՐՏԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ
(ճաշին ներկայացան սրսուռ բողկն ու հացը սև)
Այստեղ գուցե զայրանալուց առաջ նաև զարմանանք։ Զարմանանք պետական ատյանների հեռանկարային և առևտրաշահ անտարբերության վրա։ Այո, ինչ-որ ժամանակ հեռանկարում ուրվագծվում է այս կամ այն հանրահայտ շինությունը ձեռք գցելու խնդիրը։ Շինությունը տարիներ շարունակ մատնվում է կատարյալ անտերության։ Այսինքն` մաշվում է բարոյապես, մաշվում է ֆիզիկապես, այլ կերպ ասած` բարոյազրկվում է։ «Փակ շուկայի» նախկին սեփականատիրոջը երբեք ո՛չ կառավարությունից հրահանգեցին, ո՛չ էլ հասարակական կազմակերպություններն աղմկեցին` դադարեցնել հոյակերտ այդ կառույցի աշխատանքն ու այն հիմնանորոգել։ «Փակ շուկան», ազնիվ լինենք, տարիներ շարունակ առնետաբույն էր, վանող էր և ոչ նպատակահարմար գյուղմթերքների առևտուր իրականացնելու համար։ Այստեղ սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում էին զուտ ձևականորեն։ Երբ մի օր պատահաբար իջա նկուղային հարկ, ուր շուկայի զուգարաններն էին, անկեղծորեն մտածեցի, որ ավելի լավ է կենսաբանական կարիքներս զսպեմ ու տուն հասնեմ, քանզի կիսամութ սրահում աղտեղություն էր, գարշահոտ և այլևայլ «համադամ բարեմասնություններ»։ Այսինքն, հարգարժան ընթերցողը կռահեց կառավարական մտահղացումների հետագիծը. նախ` աչք շոյած կառույցը տևական ժամանակ մատնվում է անտերության։ Հետո, բնականաբար, գալիս է այն փրկելու հերոսական ժամանակը։ Գործարար Գագիկ Ծառուկյանը երկար ժամանակ անտերության մատնեց «Փակ շուկան», եկավ Սամվել Ալեքսանյանի ժամանակը, ով հսկայական ներդրումներ կատարեց, հիմնանորոգեց շինությունը, ռադ արեց առնետներին, մի խոսքով, փրկեց շուկան կործանումից։ Իհարկե, «Փակ շուկան» վերածվեց վերոնշյալ գործարարի հերթական ընդգրկուն վաճառատան։ Ինչ կարող ես անել, մարդն անդադրում գործունեություն է ծավալել անկախական մեր շուկայում և տեղը չի կամենում զիջել որևէ մեկին, այստեղ կա՞ որևէ պախարակելի բան։ Անշուշտ, ո՛չ, այլ խնդիր է, որ նրան և մյուսներին լիակատար իրավունք է վերապահված սեփական նկրտումները բավարարելու ճանապարհին ոտնատակ տալ մեր հիշողության համար թանկ շինությունները։ Նույնն է «Զվարթնոց»-ի պարագայում։ Գիտակ մարդիկ այսօր պնդում են, որ շքեղ այս շենքը երկար տարիներ անտերության է մատնվել, և այսօր կա խնդիր` որևէ մեկը վարձակալի այն և շահագործի։ Իսկ ինչո՞ւ պետությունը չի փորձում «Զվարթնոց»-ին տեր կանգնել։ Ի՞նչ գաղտնիք կա այստեղ։ Չէ՞ որ «Զվարթնոցի» օտարումը նախ և առաջ ոտնձգություն է ՀՀ գույքային իրավունքների հանդեպ։ Չէ՞ որ նրա բնականոն գործունեությունը ՀՀ կառավարության հովանու ներքո օգտակար կլիներ և՛ երկրի, և՛ հասարակության համար։ Բայց ոչ։ Մեզ մոտ, սա արդեն պատմական փաստ է, պետական են միայն տրոլեյբուսը, մետրոպոլիտենը և ցայտաղբյուրները։ Եվ գիտե՞ք ինչու են պետական, շատ պարզ. քանզի դրանք ամենևին շահութաբեր չեն։ Մի խոսքով, այսօր անդրօվկիանոսյան մեծահարուստ Էռնեկյանը հստակ ծրագիր է փորձում իրականացնել, այն է` ոչնչացնել շուրջ հարյուր միլիոն դոլար գնահատված և մեր վերջին տասնամյակների ամենաուշագրավ ճարտարապետական կոթողներից մեկը հանդիսացող կառույցը, դրա փոխարեն կառուցել իր կամքին և քմայքին հարիր մի բիզնես շինություն։ Սակայն չէ՞ որ և՛ «Փակ շուկայի», և՛ Փարաջանովի տուն-թանգարանի, և՛ «Զվարթնոցի» պարագայում, նախ և առաջ հարված է հասցվում մեր ինքնությանը` եթե կուզեք, մեր արմենոիդ տեսակին։
Ինչևէ, այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն իր հովանու տակ չի վերցրել առանձին քաղաքակրթական նշանակություն ունեցող շենքեր և շինություններ։ Բացի այս, մեզ մոտ խոհեմաբար անտեսված է ևս մեկ չափազանց կարևոր շուկայական փիլիսոփայության տարր. երբ երկրում ընթանում են սեփականաշնորհման և օտարման զանգվածային գործընթացները, որոշակի փուլում առաջ է գալիս ազգայնացման գործընթացը։ Այսպես է ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Այսպես է գերշուկայական ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլուր։
Ժամանակին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը հիմնավորապես պատրաստեց ազգայնացման մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը մտավ օրակարգ և փառավորապես տապալվեց։ Առակս զի՞նչ կցուցանե. քանի դեռ երկրի ողջ տնտեսությունը ի տնօրինում է տրվել մասնավորին, և քանի դեռ պետությունը մեծագույն փարիսեցիությամբ ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել, կշարունակվեն ոտնձգությունները մեր փառապանծ կոթողների դեմ։ ՈՒ մի՞թե այսօր չափազանցված են հասարակական տագնապներն առ այն, որ գեղեցիկ մի օր կմասնավորեցվի Կարապի լիճը` դառնալով խեցգետնի բուծարան ¥բավական շահավետ բիզնես-մտահղացում է¤. լիճը շրջապատված է բազմաթիվ պանդոկներով և գարեջրատներով, բնականաբար, թարմ խեցգետինը միանգամայն տեղին ուտեստ կլինի և գունագեղ ցուցանակները կավետեն` Կարապի լճի խեցգետնի ապուր։ Զավե՞շտ է։ Ամենևին։ Չէ՞ որ ժամանակին հոգեգարությամբ տառապող կհամարեին ցանկացած մեկին, ով կհայտարարեր, թե վաղ թե ուշ «Փակ շուկան» վերածվելու է հիպերմարկետի, «Զվարթնոցը» քանդվելու է, Փարաջանովի տուն-թանգարանի առջև էլ բետոնե բարձրահարկեր են կառուցվելու։ Այնպես որ, կա՛մ ազգայնացման մասին օրենք ենք ընդունում, կա՛մ էլ «ճղում» ենք սահմանը Սադախլոյի անցակետից։

ՊԵՏԱԿԱՆԱԶՐԿՄԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ
(իրիկնահացին` փախլավա և շամպայն-գինի)
Այո, փախլավա կուտենք և շամպայն կխմենք, եթե միայն գիտակցենք, որ ապրում ենք վիրտուալ հայոց աշխարհում։ Զի սփյուռքահայ և հայրենական արտադրության որոշ շերխաններ հոշոտում են մեր հիշողությունը, մենք մի պահ արթնանում-ընդվզում ենք, հետո վարժվում ու քուն ենք մտնում։ Այսպիսով, թե՛ «Փակ շուկան», թե՛ «Զվարթնոց» օդանավակայանը, թե՛ Փարաջանովի թանգարանի լույսը փակող բետոնակուռ ստահակությունը դրվագներ են։ Անգամ պաթոլոգիկ լավատեսությունիցս բան չի մնացել, զի կրկնում եմ և երրորդում` զոհասեղան է բարձրացվում մեր ազգային և քրիստոնեական ինքնությունը, քանզի վերնակույտը վաղուց է հասել Տիզբոն և համաձայնագիր ստորագրել, կկերտենք ձեր պատկերացրած աղանդավորահամասեռամոլական պետությունը։ Իսկ խորհրդային ճարտարապետության կոթողները պետականության խորհրդանշաններ են և պիտի կամ կործանվեն, կամ գոնե այլակերպվեն։ Լսե՛ք, ահավասիկ ահազանգը լճիցլճյան` հարվածի տակ են օպերան, Մատենադարանը, Թումանյանի տուն-թանգարանը... Նաև շուտով օրենք կընդունվի հայ օրիորդներին բանակ տանելու մասին։ Եվ, վստահ եղեք, օրենքն ընդունողների առաջին շարքերում կլինեն ներկա ընդդիմախոսները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ