Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. «Եդի խելքն» ավելի՞ ենք «եդ» տալիս

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. «Եդի խելքն» ավելի՞ ենք «եդ» տալիս
15.10.2013 | 13:42

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ծիրում եղել են, կան և կլինեն թե դրական, թե բացասական երևույթներ: Անցյալում իրենց թողած բնորոշ ազդեցությամբ դրանք բախտորոշ ու ճակատագրական են եղել հայ ժողովրդի համար՝ լավ ու վատ հետևանքներով: Նպաստավոր և հայօգուտ իրադարձություններում մենք չենք հապաղել դրանց դրդապատճառները բացատրել «եղբայրական մեծ ժողովրդի» առանձնահատուկ ջերմ վերաբերմունքով՝ հանդեպ հայ ժողովրդի, իսկ հակառակ դեպքերում մեր մեջ արթնացել է հինավուրց ազգ լինելու ինքնագնահատանքի պարծենկոտ սինդրոմն ու հարայ-հրոցով քննադատել ենք «ռուսական շովինիզմն» ու ընդվզել ենք «ռուսական սապոգի» ճնշման դեմ: Երկու դեպքում էլ մոլորության մեջ ենք եղել, անտեսելով միակ ու մշտական բուն իրողությունը՝ ռուսական իմպերիայի շահը՝ հանուն իր երկրի հզորացման, ընդլայնման: Մեր պատմության երկարատև ընթացքում մենք միշտ էլ ստիպված ենք եղել տեղի տալու, կամ բարենպաստ իրավիճակների դեպքում, օգուտ քաղելու հզոր հարևաններից՝ մեր ազգային շահը հարմարեցնելով նրանց վարած քաղաքականության ընթացքին: Մի՞թե այդպես չի եղել պարսկական, բյուզանդական, արաբական կամ մոնղոլական տիրապետությունների օրոք, մի՞թե Իսրայել Օրու առաքելությունը, այդ տեսակետից, եզրեր չունի Կիլիկիայի արքա Հեթում Առաջինի առաքելության հետ… Այսօր չկայացած ընդդիմությունը (սա մեծ ցավով եմ ասում, որովհետև, եթե մեզանում կա կենսականորեն գոնե երկու գերակա անհրաժեշտություն, մեկը կայացած ընդդիմության չլինելն է) և տարբեր պտուկներից սնվող շարժումները, աչքները չռած, ականջները սրած մեծ ու փոքր առիթներ են փնտրում ցեխումուր շպրտելու իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականության վրա: Միայն այդքանը և այդկերպ: Իսկ թե իրենք ինչպե՞ս են պատկերացնում այս կամ այն հիմնախնդրի լուծմանը հասնելու խելամիտ քայլերը՝ լալկվում են: Նրանք հարցեր լուծելու ուղիներ առաջադրելուց շատ հեռու են, նրանց վերջնական, ամբոխի համար երանելի արդյունքն է հետաքրքրում՝ հենց այդ վայրկյանին և հենց այստեղ: Վե՛րջ: Մեր իշխանություններին էլ Աստված տվել՝ չի խնայել. կոռուպցիայի, արտոնյալների, նրանց ամենաթողության, սոցիալական անարդարությունների սանձերի մի ծայրը իր ձեռքում է պահում՝ ի տես եվրոդռների, թե՝ տեսե՛ք, ձեռքիս է, մյուս ծայրը կապել է ամայի դաշտում խրված ցցին: Եվ ահա, այս իրավիճակում, երբ ջուրը տալիս կամուրջը քշում է ու հայտնվում ենք աղետալի վիճակում, բղավում ենք՝ «Իսկ որտե՞ղ էին մեր մտավորականները, ինչո՞ւ չէին ժամանակին հուշում, զգուշացնում...», բայց երբ թեժ պահերին որևէ մի մտավորական փորձում է խոսք ասել՝ քար ու փետով հալածում ենք, հողին հավասարեցնում, նրա վաստակն ու անունը և ազգի դավաճանի տախտակը կախում վզից: Ցավալին այն է, որ այդ պղտոր, կործանիչ հորձանքում հայտնվում ու հեղեղին թափ են հաղորդում նաև մտավորականներ, հեղինակավոր անձինք, չգիտես՝ անձնակա՞ն, հանրայի՞ն շահից դրդված, թե՞ տեղի տալով վայրկենական զգացմունքներին՝ ծնված ազգասիրությունից կամ ինքնապաշտպանական բնազդներից: Զորի Բալայանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Զորիին վրա տվինք համարյա այն հանգույն, ինչպես ազերիները՝ Այլիսլիին: Սթափվենք: Հայ մտավորականի նամակում փաստական ճշմարտություններ են, իսկ եզրահանգումներն ու առաջարկը՝ տարբերակ՝ Ղարաբաղի հարցի լուծումը վատթարագույն, անընդունելի վիճակից փրկելու, չարիքի փոքրագույնն ընտրելու ճիգով: Այնպես ենք իրար խառնվել, կարծես Ղարաբաղը սկուտեղի վրա մեզ էին տալիս, իսկ Զորին առաջ ընկնելով վերցրել ու սկուտեղը Պուտինի առջև է դրել... Եթե կա մեկը, որ կմտածի, թե Ղարաբաղը Ռուսաստանի կազմում լինելն ավելի վատ է, քան Ադրբեջանի՝ թող քարկոծի Զորի Բալայանին: Այդ նամակը սոսկ ժեստ է ու այսօրվա ջահելների լեքսիկոնով ասած՝ մեսիջ է Պուտինին, որ Մինսկի խմբի համանախագահ լինելով, ինքը (իմա՝, Ռուսաստանը) ավելի քան իրավունք ունի շահագրգիռ դիրք բռնելու հայանպաստ որոշում կայացնելու հարցում: Մեսիջ է նաև Մինսկի մյուս համանախագահներին, որ եթե տեղն ընկնի, Ղարաբաղի հայ բնակչությունը կնախընտրի «ռուսական սապոգը», քան թուրքի յաթաղանը: Եվ մի՞թե կասկած կա դրանում: Մեր մտավորականներից և ոչ մեկը մինչև հիմա այսքան հեռատես և դիվանագետ խոսք չի ասել, և զորակցելու փոխարեն, «հայի եդի խելքը» ավելի հետ տված՝ վրա ենք տալիս:

Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ