Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ՄԱԿ-ի իմունիտետը` արտագաղթի բացիլ

ՄԱԿ-ի իմունիտետը` արտագաղթի բացիլ
26.07.2013 | 12:35

«…Մարտահրավերների կարգը Հայաստանի համար այնպիսին է դարձել, որ անհրաժեշտ է ժողովրդի և երկրի ողջ ուժերի համախմբում, մանավանդ պետական և քաղաքական ընտրանիների կոլաբորացիոնիստական (օտարի հետ համագործակցական) պահվածքի պայմաններում»։


Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՄԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ՄԱԿ-ն աշխարհում բարենորոգչական ծրագրեր է իրականացնում։ Կարծեմ Սոմալիում հաց ու պանիր է բաշխում։ Մի խոսքով, պատերազմներ, համաշխարհայնացում, և Երևանի Փակ շուկայի բռնազավթումը արգելել անկարող է, սակայն բավականաչափ մարտական է այլ նախաձեռնություններում։ Զորօրինակ, 2005-ին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը մի միտք հրապարակ նետեց` Գիտությունների ազգային ակադեմիան դարձնել հասարակական կազմակերպություն, այսինքն` ազատել պետական հոգածությունից։

ՄՐՑՈՒՅԹԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍ ՉԷ, ՈՐ ՇԱՀԵՍ ԵՎ ՎԱՅԵԼԵՍ
(ծավալաթերթի խաբեությունը ուժի մեջ է մինչ օրս)
Ահա թե ինչ է հիշում ՄԱԿ-ի գրասենյակի ակամա զոհ տիար Մկրտիչը` պատվարժան մի շինարար այր. «2006-ին հայտարարվեց ՄԱԿ-ի գրասենյակի զարգացման ծրագրի Երվանդաշատ համայնքի խմելու ջրի համակարգի վերականգնման և ջրամբարի կառուցման մրցույթը, որին մասնակցեցին 11 շինարարական ընկերություններ, մրցույթը շահեց «Սերնդե Սերունդ» ՍՊԸ-ն, կազմավորված 2002-ին և թիկունքում ունենալով նշանակալից աշխատանքային փորձ։ Տարեկան 50-60 մլն դրամի աշխատանք ենք կատարել։ Սկսեցինք աշխատել, ջրագծի կառուցումից հետո պարզվեց, որ կատարվել է ծավալաթերթի խաբեություն, ծավալաթերթը մրցութային փաթեթի մաս է։ Պարզվեց, որ ջրամբարի կառուցման աշխատանքներում չէին ամրագրված հիմնական աշխատանքային ծավալները։ Այսինքն` շահեցինք մրցույթը, աշխատանքներն իրականացրինք ժամանակին և որակով, բայց մեկ տարի անց պարզվեց, որ կանգնել ենք կոտրված տաշտակի առջև, ջրագծի և ջրամբարի կառուցման նախահաշվային և նախագծային աշխատանքները ևս շահում են մրցույթով, մինչև շինաշխատանքների մրցույթը։ Նախագծային աշխատանքի մրցույթը շահում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համակարգող Հովհաննես Մեսրոպյանի եղբոր` Էդուարդ Մեսրոպյանի «Ջինջ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ շատ ջրեր էր պղտորել։ Ի պաշտոնե Հովհաննես Մեսրոպյանը մեր աշխատանքների համակարգողն էր, նաև համաֆինանսավորողը` ՄԱԿ-ի գրասենյակի հետ։ Հենց Հովհաննես Մեսրոպյանն է մեր պատմության գլխավոր գործող անձը։ Նա շինարար չէ մասնագիտությամբ, պարբերաբար մեզ ոչ մասնագիտական պահանջներ էր ներկայացնում։ Նա ռուսերենով գրված մի նախագիծ է մեզ ներկայացնում և պահանջում առաջնորդվել դրանով։ Մենք ավարտել էինք ջրագծի կառուցումը և ձեռնարկել ջրամբարի կառուցումը։ Բայց պարզվեց, որ, պայմանագրային պարտավորություններից բացի, ստիպված ենք կատարելու ծավալաթերթով, տենդերով և պայմանագրով չնախատեսված աշխատանքներ։ Նախագիծը, չմոռանամ, 3-րդ տիպային գիրք-նախագիծն է, որը գործել է խորհրդային տարիներին և անհամատեղելի է ներկա օրերի համար։ Այս ամենը հաստատեց կասկածներս, նրանք այլ շինարարի հետ էին կամենում աշխատել։ Նախագծով ջրամբարը չորս պատերով պարզունակ մի կառույց էր, Հովհաննես Մեսրոպյանը ստիպեց կատարել լրացուցիչ ծավալի աշխատանք, լրացուցիչ հենասյուն-ամրաններով ամբողջ ջրամբարով մեկ, ներսից և դրսից ամրագոտիներ կառուցեցինք և բետոնացրինք դրանք։ Ես գրություն գրեցի, որ լրացուցիչ աշխատանքները, մինչ 500 հազար դրամի չափով, մեր հաշվին ենք կատարում որպես բարի կամքի դրսևորում։ Էլ ինչ անեի, բայց ես հարմար գործընկեր չէի, շատ էի սկզբունքային։
Մի խոսքով, ողջ աշխատանքը պիտի կատարեի 3 ամսում։ Վերահաս խստաշունչ ձմեռը ստիպեց դադարեցնել աշխատանքը, գրություն գրեցի, և նրանք թույլ տվեցին աշխատանքների ժամկետը երկարաձգել։ Այդ ժամանակ մասնակցեցի Կոռնիձոր գյուղի գազատարի շինարարության համար նախատեսված մրցույթին և շահեցի այն։ Սակայն ինձ չթույլատրվեց աշխատել, պատճառաբանեցին, որ մինչև Երվանդաշատի աշխատանքները չավարտեմ, Կոռնիձորը սկսել չեմ կարող։ Սա բացահայտ ապօրինություն էր, ՄԱԿ-ի գրասենյակն էր մրցույթի կազմակերպիչն ու ծրագրի ֆինանսավորողը։ Այսինքն` ՄԱԿ-ի գրասենյակը ներքին կարգով ինձ հայտարարել էր «persona non grata»։ Այսպես, թե այնպես 2007-ի նոյեմբերին ավարտեցի շինաշխատանքը, վերցրի ավարտական ակտը, հետո պայմանագիր վավերացրինք առ այն, որ օբյեկտը 1 տարի երաշխիքի մեջ է, որպեսզի կատարված աշխատանքի որակը հաստատվի և ինձ վերադարձվի երաշխիքի դիմաց պահված գումարը։ Մեկ տարին լրացավ, որևէ ահազանգ չեղավ, Երվանդաշատի գյուղապետը ՄԱԿ-ի գրասենյակին գրություն ուղարկեց առ այն, որ ջրագիծը և ջրամբարը բարվոք աշխատում են, գյուղն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Վեց տարի է անցել շինարարությունից, այսօր էլ որևէ թերություն չի նկատվել։
Ակնհայտ էր ՄԱԿ-ի գրասենյակի դիրքորոշումը` ամեն կերպ խոչընդոտել «Սերնդե Սերունդ» ընկերության գործունեությանը։ Ես գրություն ուղղեցի նրանց առ այն, որ իմ կատարած շինաշխատանքները լրացուցիչ աշխատանք չեն համարվում, դրանք հիմնական աշխատանքներ են, ենթակա են վերահաշվարկի և վճարման, շուրջ 7 մլն դրամի չափով։ Գրություններիս պատասխանները ստանում էի 3-4 ամիս անց, պատճառաբանում էին, թե նամակներս ուղարկվում են Նյու Յորք, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ։ Հավանաբար, գրություններս ուղտերի քարավանով էին հասնում Նյու Յորք։ Մի խոսքով, 2009-ին վերջնական պատասխանը վերջապես հասավ Գյումրի, գրել էին, թե իմ խնդրանքը մերժված է, քանզի իրենք պահպանել են պայմանագրի բոլոր կետերը։ Այսինքն` կոծկում էին ամեն բան` ղեկավարվելով Նյու Յորքից։ Ծավալաթերթի խարդախության մասին և ոչ մի խոսք։ Ոչ մի խոսք այն մասին, որ նախահաշիվը կազմող և նախագծող «Ջինջ» ՍՊԸ-ն մրցույթը շահել է` ներկայացնելով խորհրդային պլանավորմամբ հաստատված նախագիծը, որն ինքնին լուրջ խախտում է։ Դիմեցի ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն, ուր գիտական քննությամբ հիմնավորվեցին իմ բոլոր պահանջների արդար լինելը։ Հետո էլ դիմեցի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, 2013-ի մարտ ամսին։ Այս տարիներին ընկերությունն ընկավ տարաբնույթ կալանքների տակ։ ՄԱԿ-ի գրասենյակը սկզբունքորեն չէր ներկայանում դատարան և չէր ներկայացնում որևէ գրավոր հիմնավորում։ Գուցե ասելիք չունենալն էր պատճառը, չգիտեմ»։ Ինչ ասեմ, գուցե ՄԱԿ-ը ինձ էլ` իմ ընկերությամբ ճանաչի համաֆինանսավորող ¥ինչպես «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է¤ և օժտի որոշակի իմունիտետով։

ԴՐՎԱԳՆԵՐ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ
Վճիռ
Հանուն Հայաստանի Հանրապետության
22.03.2013 թ.
Նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի
Հայցվոր կողմ Մկրտիչ Գրիգորյան
5. Վերլուծություն
Քննելով հայցը, ուսումնասիրելով գործի նյութերը` դատարանը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ։ (Նշվում են մի քանի հոդվածներ-ծանոթ. հեղինակի) «Սերնդե Սերունդ» ՍՊԸ տնօրեն Մ. Գրիգորյանն օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրեն ընձեռված օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, դիմել է դատարան` խնդրելով պատասխանող ՄԱԿ-ի գրասենյակից` ի դեմս մշտական ներկայացուցիչ Պատրիս Կարբիզոյի հօգուտ ընկերության որպես անհիմն հարստացման միջոցով ձեռք բերված գույքից գումար բռնագանձել 21.088.886 դրամ, որից 4.010.462 դրամը կատարված աշխատանքների դիմաց չստացված գումարն է, 2.317.824 դրամը կետանցի օրվանից մինչև 01.10.2012 թ. հաշվարկված տոկոսներն են, 2.721.000 դրամը` ժամանակին չստացված գումարի արդյունքում կուտակված հարկային պատժամիջոցները, իսկ 5.039.500 դրամը` «բաց թողնված» օգուտներն են հնարավոր քաղաքաշինական գործունեություն իրականացնելու պարագայում...
«Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ բաժնի համաձայն, ՄԱԿ-ը, նրա գույքը և ակտիվները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում և ում կողմից են տնօրինվում, պետք է օգտվեն անձեռնմխելիությունից ցանկացած իրավական գործընթացի նկատմամբ, բացի այն դեպքերից, երբ նա ինքն է հրաժարվում իր անձեռնմխելիությունից։
(ՀՀ-ն ՄԱԿ-ին անդամակցում է 1992-ի մարտի 2-ից։ ՄԱԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան վավերացվել է ԱԺ-ի կողմից 2004-ի ապրիլի 29-ին-ծանոթ. հեղինակի)։
Նման պայմաններում դատարանը եկավ այն համոզման, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակն օգտվում է «ՄԱԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիայով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից` դատական իմունիտետից, հետևաբար սույն վեճը ենթակա չէ ՀՀ դատարաններում քննության».
1. ԵԿԴ 2676/02/12 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի` «Սերնդե Սերունդ» ՍՊԸ-ի ընդդեմ ՄԱԿ-ի գրասենյակի մշտական ներկայացուցչի ժ/պ Պատրիս Կարբիզոյի` անհիմն հարստացմամբ գումարի բռնագանձման պահանջի մասին` կարճել։
Դիմել եմ վերաքննիչ դատարան, բայց առանձնապես հույսեր չեմ տածում։ Չնայած պիտի հակառակը լիներ, իմ հարկերի հաշվին դատավորները աշխատավարձ են ստանում, բայց ծառայում են ինչ-որ կազմակերպության իմունիտետին։ Ցավն այն է, որ նման կամայականություններով քեզ դրդում են արտագաղթի։ Բայց չէ՞ որ տարիներ շարունակ Գյումրիում ասֆալտապատման, շինարարության, գազամոնտաժային աշխատանքներ եմ իրականացրել, լումայի ճշտությամբ վճարել եմ մարդկանց աշխատավարձը, այսօր ՄԱԿ-ի գրասենյակի քմահաճույքով գործազուրկ եմ ինքս, գործազուրկ են աշխատողներս։ Ես չեմ նահանջելու, դիմելու եմ ՄԻՊ-ին, այնուհետև Եվրադատարան, եթե վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններն իրավունքներս չպաշտպանեն»։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ` ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ԱՌԱՋ
Մկրտիչ Գրիգորյանին «գցել է» նաև «Հայ ավետարանչական ընկերակցությունը», դրան «Իրատես de facto»-ն կանդրադառնա օգոստոսյան արձակուրդից հետո` սեպտեմբերին։ Ինչպես նաև կշարունակենք մեր հետաքննությունները` պաշտպանելով «ՀաՍաՌ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանի շահերը` ընդդեմ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ոտնձգությունների, գնալու ենք մինչև վերջ ՄԱԿ-ի գրասենյակի իմունիտետի վերացման գործում (որ ՄԱԿ-ը ունակ է նման սխրանքների, լինեմ անկեղծ, ինձ շատ վշտացրեց, մինչ այդ բավականին վարդագույն էի տրամադրված այս կառույցի նկատմամբ, մեղավորը մանկական հիշողություններս են ՄԱԿ-ի միսիոներների ողբերգական վախճանի մասին. մեկին խորովեցին Նոր Զելանդիայում, մյուսի կաշին տիկ հանեցին Հրո երկրում, այն ժամանակ ՄԱԿ-ը, հավանաբար, իմունիտետ չուներ), չենք մոռանալու, որ ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան վաճառել է բազմաթիվ առողջարաններ` վասն ՀՀ աշխատավորության շահերի։ Անշուշտ, հանգիստ չենք թողնելու կառավարությանն առընթեր պետաիրավական նախարարական կոմիտեին և Հանրային խորհրդին, որոնք կանխելու փոխարեն խրախուսում են երեկոյան և գիշերային հրթիռակոծությունները։ Ի դեպ, սույն բազմավաստակ թնջուկի վերացմանը նվիրված ՀՀ քաղաքացուս նամակը` դեռևս ապրիլի 29-ին ուղղված ՀՀ կառավարությանը, մնացել է անպատասխան, այսինքն` հարգարժան կառավարությունը խախտել է սահմանադրական իրավունքս։ Ի դեպ, միևնույն ախտանիշով համակված (այսինքն` անճարակությունից դրդված) ՀՀ հանրային խորհուրդը անպատասխան է թողել 2012-ին իրեն ուղղված նամակս, նոր նամակ եմ ուղարկել նրան հուլիսի 12-ին։ Մի խոսքով, կազդուրվեք և կազմ ու պատրաստ սպասեք գալիք մարտերին։ Իսկ ես բարձրանալու եմ հեռավոր լեռներից մեկը, մի ծանոթ չոբանի հետ ամռան տապը մեղմելու և Հայաստանի չորրորդ Հանրապետության օրակարգն ու ձևաչափը ճշտելու։ Ի տեսություն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ