Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Հացը թա՞նկ է, գաթա ուտենք (քոչարի` պորտապարի նվագով)

Հացը թա՞նկ է,  գաթա ուտենք (քոչարի` պորտապարի նվագով)
19.07.2013 | 12:03

...Ամբոխների շատությունը,
Մարդակործան շաշությունը
Եվ մետաղը սատանայի։


Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

ՀԵՔԻԱԹ ՄԱԶԻ ՈՒ ԳԵՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Երբևէ անցե՞լ էր ձեր մտքով, որ առակը մազի ու գերանի մասին կարող է քաղաքական հաղթաթուղթ դառնալ։ Իմ մտքով` վստահաբար ոչ, բայց սույն եղելությունը մեր կյանքի շարժիչ ուժն է, ինչի հետ, բնականաբար, չեմ համակերպվում, նույնը պատգամելով ընթերցողացս։ Էսպես ուրեմն. մենք խուսափում ենք նրանցից, ովքեր մազի լավություն անելով մեզ, գերանի զորությամբ այն հանում են քթներիցս, դրա մազն ուտո՜ղը, ասում ենք այս ու այնտեղ, հետո մոռանում, երբ ընտրարշավի պատգամաբերները (իմա` թաղի ժրաջան կիսաքրեականները) բախում են մեր դուռն ու դարպասը։ Բախում են ու հրամցնում 30 հազար դրամ, հնգանդամ ընտանիքի մեկշաբաթյա պարենային ապահովությունը։ Եվ վստահեցնում` առաջիկա հինգ տարիներին ընտրատարածքը դրախտի է վերածվելու։ Արդեն որերորդ ընտրությունն է, որ դրախտի փոխարեն մեզ քավարան են տանում (30 արծաթը երեսնապատիկ է դուրս գալիս քթներիցս), միևնույն է` մենք դարձի չենք գալիս, շարունակում ենք մազաչափ «լավության» պատասխանը տալ գերանաչափ սննդամթերքային ապաշխարությամբ։ Արդարացումը մեկն է` «շնից մազ պոկելն էլ բարեբախտություն է»։ Մինչև գազային թանկացումները էապես թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները` կաթնամթերքն ու դեղորայքը, միրգն ու պտուղը` առանց որևէ բանական պատճառաբանության։ Մի՞թե երբևէ եղել է որևէ տարակուսանք, որ ընտրության օրվա հաջորդ առավոտն աչքալուսանք է տալու մեզ գնային լուտանքներով։ Միևնույն է, չենք խրատվում, թաղի կիսաքրեականները ճիզվիտական ժպիտով ներխուժում են մեր տուն և ընտրատարածքի գլխավոր քաղքրեականի պատգամը հղում` 30 հազարի դիմաց առաջիկա 5 տարիներին քերթելու ենք կաշիներդ, քթներիցդ էլ ծուխ ենք հանելու։ Եվ միթե այս պարագայում շատ ավելի ազնվասիրտ չեն կիսաքրեականներն ու նրանց գերքրեական տիրակալները, մարդիկ բացեիբաց են իրենց մոլեխաղում, որը ծանրակշիռ անուն ունի` մեծամասնական ընտրություն։ Ընդ որում, գերքրեականը (իմա` մականունակիր երեսփոխանը) շահում է եռակի, ներդրած 0,5 միլիոն դոլարը գալիք 5 տարիներին վերածում է 50 մլն ֆունտի (թե կա աշխարհում ևս մեկ նման գերշահութաբեր ձեռնարկ, թախանձագին խնդրում եմ, տեղեկացրեք), զանգվածաբար ստորացնում է շուրջ 100 հազար ընտրողի։

Հարյուր տարվա մեռելը ինչո՞ւ եմ ամռան այս կրակին վերաթաղում։ Շատ պարզ. առաջիկա 4 տարում ընտրություններ` չիք։ Այսինքն` ապաշխարելու բավականին ժամանակ ունենք, զի ճիշտ ժամանակն է «փիքր անելու», որ, այսուհանդերձ, մենք ենք զարհուրելի հետևողականությամբ շեն մեր երկիրը շնացնում, հետո ցասումնալից բողոքում ենք հարավ ու հյուսիս, բորբոքվում ենք ու մորմոքվում, էս անգամ էլ գլխներիս խաղ խաղացինք։ Ո՞վ խաղաց, ո՞ւմ գլխին, մե՞նք, թե՞ նրանք։

ՄԱՐԴԱԿՈՐԾԱՆ ՇԱՇՈՒԹՅՈՒՆ
(հացի խնդիր)
Խոստովանենք, որ գնալով նմանվում ենք այն մարդուն, որը, սեփական մուտքը աղտոտելով, քաղաքային իշխանություններից քաղաքակիրթ վերաբերմունք է ակնկալում։ Ի դեպ, նկատել եմ, մուտքն ու բակը աղտոտողներն ավելի հաճախ բարեկեցիկ ընտանիքներն են, որոնք գործին մոտենում են սրտով ու համերաշխ, այսինքն` գաղափարական ոգեկոչմամբ, պաթոլոգիկ արգահատանք են տածում մաքուր մուտքի և բարեկարգ բակի հանդեպ։ Միաժամանակ բողոքում ու բորբոքվում ենք, թե ահավասիկ, մեր որոշ հոգևոր սպասավորների վարքը շատ է աշխարհիկ, և հայտնի չէ, թե նրանք ում են ծառայում։ Համաձայն եմ, սակայն գուցե դատավոր չլինենք հոգևոր անդաստանում, զի Վերին դատավորը քննում ու տեսնում է ամեն բան։ Եվ ահա թե սույնի վերաբերմամբ ինչ է ասում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը. «Ես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես են հոգևորականն ու միանձնուհին երթևեկում վերջին մոդելի ավտոմեքենաներով։ Չարժե այդպես անել։ Ավտոմեքենան ավելի շատ աշխատանք կատարելու համար է` ի բարօրություն ուրիշների։ Եթե դուք սիրում եք անսովոր ու նորաձև մեքենաներ, հիշեք, թե որքան երեխաներ են սովից մահանում»։

Հացի խնդիրը ո՞վ պիտի լուծի, եթե հացը մեր հանապազօր դագանակ է մեր իսկ գլխին, և մենք անվահան պաշտպանվում ենք դագանակային անվարան գրոհներից։ Ասել եմ, կրկնել և, թույլ տվեք երրորդել` շուկայական շերխանների ու շակալախմբերի դեմ միակ արդյունավետ պայքարը հանրային ընդվզումն է, ո՛չ, ոչ բնավ հանրահավաքների կամ երթերի միջոցով, դրանք այս պարագայում անպտուղ են, զի կմարի մեր բորբոքը, երբ կառավարությունն ընդառաջ կգնա, ասենք էապես, գործից կհեռացնի ¥անշուշտ, այլ, ավելի պատասխանատու պաշտոնի փոխադրման պայմանով¤ մեկ-երկու զանցավոր պատասխանատուի և կնվազեցնի հացի գինը, զորօրինակ, 3,5 լումայով։ Այսպիսով, երկու-երեք օր հրաժարվում ենք հացից, այսինքն` հացադուլ ենք հայտարարում` յուրաքանչյուրս մեր տանն ու աշխատավայրում։ Զորեղ միջոց է, հավատացնում եմ, զի կռահում եմ հացամաֆիայի արձագանքը։ Այո՜, նրանք ստիպված կշեռքներ կտեղադրեն ամենուր, յուրաքանչյուր հացավաճառ փռում և խանութում։ Այլ ճանապարհ` չիք, ժամանակը սա հիմնավորել է բազմիցս, միայն հանրային արթուն գիտակցությամբ է հնարավոր իրապես պայքարել այլաբնույթ հակահանրային երևույթների դեմ։ Այսպիսով հացը պիտի տեղը տեղին կշռվի, նոր միայն վաճառվի։ Ինչո՞ւ են մեր հայրենի կառավարությունում այս մասին լռում. պատասխաններին սպասենք կառավարական տնից։
Այսպիսով, հացը մեր հանապազօրյա պիտի նախ կշռվի, այնուհետև միայն վաճառվի։ Սակայն ննջում է հանրային խորհուրդը, խնդրին անմասն է արհմիությունների կոնֆեդերացիան, անգամ հույսի և ապավենի խորհրդանիշ «Սարդարապատ» նախաձեռնությունն է լռում, ինչո՞ւ, մի՞թե ավելի բիրտ և սպանիչ, հակապետական ու հակահանրային բան կա, քան այն, երբ հանրությանը կեղեքում են օրը ցերեկով, եթե հացը հրապարակավ թանկանում է, դիցուք 25 դրամով, զուգահեռաբար նրա քաշն է նվազում մի 50 գրամով։ Վերջնարդյունքում թոնրի գաթայի նման ախորժաբեր և հրապուրիչ հացը մեր հանապազօր թանկանում է գրեթե կրկնակի։ Թանկանում է, զի կշեռքի վերահսկիչ աչքը խնամքով փակված է, այ, հենց սա է նորհայկական ժողովրդավարությունը, կշեռքի անհրաժեշտության մասին կարելի է անվերջ աղմկել, բանավեճեր ու քննարկումներ կազմակերպել, բայց դրանք տեղադրելը, պարզվում է, անհնար է, ինչո՞ւ։ Ասել է թե` 200 դրամ վճարենք 100-դրամանոց հացի դիմաց, ուշի ուշով ունկնդրենք մեկուկես տասնամյակ մեր բանականի, բարոյականի և առողջականի հաշվին գերհղփացած գծատերերի սրտակեղեք հառաչանքներն ու նրանց էլ տեղի տանք։ Ինչո՞ւ, շատ պարզ, որևէ գծատեր եկամուտով գործել անկարող է, հայոց շուկան նման բան չի հանդուրժում, նրանը շահույթն է, շատ հաճախ գերշահույթը։ Եվ վախենամ, որ այս պարագայում էլ տանուլ տանք, զի, հայրենի կառավարությունից զատ, մեր տնտեսության տիրակալներին թև ու թիկունք է Արևմուտքը, որը վերջերս մի զարզանդեցնող հայտարարությամբ հանդես եկավ. «Հայաստանը հիմնարար կերպով է ընթանում բարեփոխումների ճանապարհով»։ Կեցցե՛ք, մեզ էլ մնում է մի բան հստակեցնել. կամ մեր միջի հլու-հնազանդությունը քշում ենք յոթ սար ու ձորից այն կողմ և քաղաքացիական ըմբոստություն հանդես բերում, կամ էլ, դե հասկանալի է, թե ինչեր ենք «վայելում»։ Այնպես որ, օրհնված է քաղաքակիրթ և օրինապաշտ անհնազանդությունը` հացադուլ ենք անում և երկու-երեք օր բավարարվում` անապահովները` պաքսիմատով, բարեկեցիկները` գաթայով։ Նմանապես կարող ենք պատժել տրանսպորտային գայլաձկներին, եթե քայլարշավենք (երկու-երեք օր, ոչ ավելի) դեպի աշխատավայր և հետ դառնանք, համ կառողջանանք, համ գումար կտնտեսենք, համ էլ, հասկանալի է` կստիպենք գայլաձկներին` շահույթի ու գերշահույթի փոխարեն բավարարվել եկամտով։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ԿՈՉԸ
Թե այլ ճանապարհ կա երկիրը երկիր դարձնելու, իրազեկեք։ Բայց կարծես թե չկա, զի գլխատառում եմ. եղեք ուշադիր, մեր պատմության մեջ կարծես առաջին դեպքն է, երբ անկախ պետականության պայմաններում արտագաղթը օրըստօրե ուռճանում է։ Զգոն լինենք, ու թե հացը թանկ է, գաթա ուտենք և պաքսիմատ տնտեսենք։ Միաժամանակ մեր զարմանքն արտահայտենք երկու խնդրի առնչությամբ. առաջավոր պանրատեսակների գները սանձարձակվեցին։ Բայց գուցե արգո կառավարությունում լուծեն թնջուկը, թե ինչու են գնային սանձարձակությանը ուղեկցում որակական նահանջները։ Ոչ պակաս զարմանահրաշ են տրանսպորտային գնագոյացումները, հաշվում են գազի սակագինը, մղկտում են և մոռանում, որ քաղաքակիրթ այլ եղանակներ կան լրացուցիչ գումարներ վաստակելու, գովազդը, օրինակ։ Ավտոբուսների մեծամասնությունը գովազդապատ է, լավ է, չնայած ուղևորափոխադրումների գնագոյացման մեջ գովազդային ներդրումների մասին մոռանում են։ Միաժամանակ մի՞թե անհնար է իջեցնել տրանսպորտից գանձվող հարկերը, մեծածախ գնով ուղևորափոխադրողներին գազ ու բենզին հասցնել և գները բնավ չբարձրացնել։ Բայց արդյո՞ք Արևմուտքը սրան կհամաձայնի։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ