Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Արհմիության լեռը երկնեց և մի մատնագիր ծնեց

Արհմիության լեռը երկնեց և մի մատնագիր ծնեց
12.07.2013 | 13:11

«Գայլի ծիծ կերածները Հին Հռոմը կառուցեցին, շան ծիծ կերածները` Շան Հայը, Բուրգոմիստրը` տորթից մի բուրգ»։
«Խոհերի արկածախնդրություն»,
Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՑ ԶԱՆԳԵՐ ՂՈՂԱՆՋԵՑԻՆ
Հուլիսի 9-ին մի պատասխան ենք ստանում ՀԱՄԿ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթիկ Ղարախանյանից։ Նման պատասխանի մասին, ինչպես հանգուցյալի, կամ պետք է ասել լավը, կամ ոչինչ (այն ամբողջությամբ հրապարակվել է թերթի 2-րդ էջում, ծանոթացեք և մտավոր վարժանքների այս իմաստազուրկ գրոհում փորձեք գտնել բարին, արդարը, գեղեցիկը)։ Ես փորձում եմ ահա չորս ամիս, փորձում եմ և ձեռնունայն մնում։ Այս մասին, սակայն, քիչ անց, այս պահին ինձ հաճելիորեն ուրախացրեց, որ ՀԱՄԿ-ն (մեր բնորոշումներում` կոնֆեդերացիան), որի գործունեությունը, ըստ էության, մինչ այս հայտնի էր միայն ՀԱՄԿ-ն ձևավորող մի քանի տասնյակ մարդու, այնուամենայնիվ, ունի աշխատակազմ, աշխատակազմն իր հերթին ունի հասարակայնության հետ կապերի բաժին, նշյալ բաժինն էլ, բնականաբար, ունի յուր պետը` Սաթիկը Ղարախանյան։ Այսինքն, ևս մեկ կայուն աշխատատեղ գործազուրկների հանգրվան Հայաստան աշխարհում։ Այս առումով շնորհավորում եմ տիկին Սաթիկին և մաղթում առաջիկայում ևս լինել նույնքան եռանդուն, սակայն ավելի խոհեմ, ես կասեի` աչալուրջ։ Ինչևէ, «Լրագրողի գրիչը պետք է ծառայի ճշմարտությանը, այլ ոչ թե...»։ Գայթակղիչ վերնագրով գրությունը ինչ-ինչ մեկնաբանությունների կարիք ունի, զի մենք կարիք ունենք ճշմարտության ուղու վրա կանգնեցնելու ահռելի գույքային հարստություն փոշիացրած (գուցե խիստ մարդասիրական մղումներից դրդված) այս կազմակերպությանն ու նրա ղեկավար կազմին` տիար Էդուարդ Թումասյանի գլխավորությամբ։ Սակայն հուլիսի 10-ի կեսօրին խմբագրություն հասած հաջորդ գրությունը էապես փոխեց խնդիրը, զի արդեն իսկ խորքային կասկածներ ունեմ, թե ՀԱՄԿ-ն երբևէ դարձի կգա։


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՏՆԱԳՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
(37 թվականի լավագույն ավանդույթներով)
Եվ այսպես, հուլիսի 10-ին, 15.00-ին խմբագրության դուռը թակեց փոստատարը։ Բարով թակեց, փոխշահավետ կապն ընթերցողական լայն զանգվածների հետ պատվաբեր է թե՛ մեզ, թե՛ ընթերցողական լսարանի համար։ Նաև, հավատացեք, առողջարար է, զի ստույգ և բազմաշերտ փոխշփումը հարստացնում է հոգիդ, կոփում մկանունքդ։ Այո, ծրարին գրված է ընթերցողաց հասցեն, ահավասիկ, ք. Երևան-10, Վ. Սարգսյան 26/3 Հ.Ա.Մ.Կ.-ի ընդհանուր բաժին։ Ծրարում մեկ նամակ էր և ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի պարզաբանումը, կատարված 2010-ի դեկտեմբերի 8-ին։ Բայց նախ նամակը (որը ներկայացնում ենք առանց խմբագրական ու սրբագրական միջամտության). «Իրատես» Հասարակական քաղաքական թերթի գլխավոր խմբագիր տիկին Փիրուզա Մելիքսեթյան Սույն թվականի հունիսի 28-ին լրագրող Վրեժ Առաքելյանի կողմից գրված` Կոնֆեդերացիայի «Կոնֆետները» (հոտած գուլպաների և նեխած հավկիթների մասին) հոդվածի կապակցությամբ Հանրապետության մի խումբ Արհմիության անդամներ իրենց զայրույթն են արտահայտում այն մասին, որ հոդվածի մեջ Ալֆրեդ Բաբայանի անվան և ազգանվան կողքին գրել են Կառլեն Հարությունյանի անուն-ազգանունը։ Անձնավորություն, որ մասնակից է եղել Հ.Ա.Մ.Կ.-ի անշարժ գույքի առք ու վաճառքին, սկզբից մինչև վերջ։ Ապրելով Աբովյան քաղաքում իր երեխաների համար գնել է երկու-երեք սենյականոց բնակարան, երեք արտասահմանյան մեքենա, առանց մի լումա ծախսելու սեփականատեր է դարձել «Նաիրի» հյուրանոցում 158 քմ բնակմակերեսի և բակից 0.1470 հա տարածքին, դա միայն տեսանելին է։
Եզրակացությունը թողնում ենք Ձեզ
Հարգանքներով` Արհմիության մի խումբ անդամներ»։
Անստորագիր այս նամակից, ուզենք, թե ոչ, 37-ի գարշահոտն է բուրում, մեր օրերում եզակի մի բան։ Սակայն ապշեցուցիչը հետևյալն է` այն ուղարկվել է պաշտոնապես, այսինքն, սույն մատնագիրը պաշտպանված է ՀԱՄԿ-ի կողմից։ Անկեղծ ասած, անգամ ստալինյան դժնդակ օրերին չկար նման բան, կամ անհայտ մեկը մատնագրով էր հանդես գալիս և, բնականաբար, խաղի կանոնները սրբորեն պահպանելով, նամակն ուղարկում էր անստորագիր, կամ էլ որևէ սովետական հիմնարկ, դիցուք ճագարաբուծական ֆերման, պատանի բնախույզների ընկերությունը կամ էլ որևէ մշակութային ընկերակցություն անարգանքի սյունին էր գամում մարդկանց որոշակի խմբի, որոշակի նպատակներով և, անպատճառ, այս ամենը վավերացնում կնիքով, դրոշմով և ստորագրություններով։ Պատմում են, որ ոմանք (առանձնահատուկ ջանասերները), ստորագրությունից զատ, գրում էին նաև սեփական հասցեները, կոշիկի համարը, խոշոր եղջերավորների և մանր կճղակավորների գլխաքանակն ու նախասիրությունները։ Այո՜, անգամ մեր հեղհեղուկ օրերում նման բանի չէի հանդիպել, խոստովանում եմ։ Ի դեպ, ՀԱՄԿ-ի նամակում մեր թերթի անվանումը լիարժեք չի գրվել, հավանաբար այն չափից ավելի ծանրակշիռ մամլո միջոց է ոմանց ընկալման ձևաչափում։ Իսկ այժմ անդրադառնանք Կառլեն Հարությունյանի «գանահարմանը»։ Այս գրությամբ արգո Երվանդ Զախարյանը, ըստ էության, տեղեկացնում է մեծարգո Սպարտակ Մելիքյանին այն մասին, թե «Նաիրի» հյուրանոցի նշված տարածքը ինչ ճանապարհով է դարձել Կառլեն Հարությունյանի սեփականությունը, ուրիշ ոչինչ։ Բայց ինչո՞ւ հենց այս օրերին նման «կործանարար» փաստաթուղթը հանել գզրոցներից։ Հասկանալի է` ինչու. ահաբեկելու արհմիութենական հին վետերանին, ով համարձակվել է ձեռնոց նետել ՀԱՄԿ միջնաբերդին, ուր, ինչպես գիտեք, ցնցող գործեր են կատարվել։ Որքա՜ն խղճուկ են ոմանք, երբ կամենում են անդունդ ստեղծել Կառլեն Հարությունյանի և նրա համախոհ Ալֆրեդ Բաբայանի միջև. «...Հանրապետության մի խումբ Արհմիության անդամներ իրենց զայրույթն են արտահայտում այն մասին, որ հոդվածի մեջ Ալֆրեդ Բաբայանի անվան և ազգանունի կողքին գրել են Կառլեն Հարությունյանի անուն ազգանունը»։ Իսկապես, որքա՜ն խղճուկ են ձեր մտքերը և որքան պղտոր կրքերը ձեր, չէ՞ որ ինքը` Ալֆրեդ Բաբայանն է իր անուն-ազգանունը դրել Կառլեն Հարությունյանի կողքին, ավելին` նրա համախոհն է գործնականում, զի հենց նրանք են դիմել ՀՀ գլխավոր դատախազություն աղաղակող անարդարությունը վերացնելու նպատակով։ Կառլեն Հարությունյանն իր հարցազրույցներում ի մասնավորի նշում է, որ օտարվել և վաճառվել են արհմիութենական հանգստյան տներն ու առողջարանները` կից օժանդակ տնտեսություններով։ ՈՒմ են օտարվել` անհայտ է, բայց ստուգապես հայտնի է, որ ՀԱՄԿ-ն, իր վարչական շենքից զատ, այսօր չունի ոչինչ։ Ալֆրեդ Բաբայանը դատախազություն է ներկայացրել մի հիմնարար փաստաթուղթ, ուր նշված են, թե ինչ դաժան կորուստներ է ունեցել կոնֆեդերացիան մասնավորապես Էդուարդ Թումասյանի ղեկավարման օրոք։ ՈՒշագրավ է հարգարժան Ալֆրեդ Բաբայանի հետևյալ դիտարկումը. «Տարիներ շարունակ մնալով ստվերում, կուտակելով համապատասխան փորձ և ճարպկություն, ստեղծելով անշարժ գույքի սեփականաշնորհման տարբեր հանձնաժողովներ և հոգաբարձուների խորհուրդներ, սկսեցին վաճառել արհեստակցական միությունների անշարժ գույքը` առողջարաններ, հանգստյան տներ, հյուրանոցներ, տուրիստական հանգրվաններ, կիսակառույցներ և վերջապես` Միությունների տան առանձին մասնաշենքերը»։
ՈՒշադիր եղե՛ք, մատնագրի հեղինակներ, սա գրում է ձեր գնահատականին արժանացած Ալֆրեդ Բաբայանը և ամենակարևորը` նա բազմաթիվ փաստեր է ներկայացնում, որոնց մի մասը հրապարակվել է ՀԱՄԿ մամլո խոսնակ Սաթիկ Ղարախանյանի արհմիութենական «դինջ» անդորրը խախտած «Իրատես de facto»-ի նախորդ հրապարակումներում։

ՈՂԲԱՄ ԶՁԵԶ, ՏԻԱ՛Ր ԷԴՈՒԱՐԴ (ԹՈՒՄԱՍՅԱՆ) ԵՎ ՏԻԿԻՆ ՍԱԹԻԿ (ՂԱՐԱԽԱՆՅԱՆ)
Ամենևին վիրավորված չեմ, ավելին, երախտապարտ եմ, որ դուք մինչև վերջերս անծանոթ եք եղել իմ գրչին, որը (թող ներվի իմ ակամա մեծամտությունը) հայ մտավորականության, առհասարակ, սթափ մտքի և արդար հոգու տեր մարդկանց դրվատանքին է արժանացել դեռ տարիներ առաջ։ Գրիչս ծառայել և ծառայում է ճշմարտությանը, արդարությանը, գեղեցիկին։ Եվ ծառայելու է, ի մասնավորի ՀԱՄԿ-ում տիրող խառնակությունները բացահայտելու նպատակին։ Իսկ դուք իմ ընթերցողը չէիք կարող լինել, քանի որ նախ և առաջ արդարամիտ չեք, ինչի փայլուն վկայությունն են ձեր վառ գործերն ու դրանք պարտակելու ձեր սին փորձերը։ Տիկին Ղարախանյանն իր նամակն ավարտում է հետևյալ բարոյախոսությամբ. «Հ. Գ.- Եթե առայսօր ՀԱՄԿ-ը չի արձագանքել ոչ Կ. Հարությունյանի սադրանքներին և ոչ էլ լրագրողի թույլ տված անճշտություններին և ՀԱՄԿ-ի նախագահին հասցեագրված անձնական վիրավորանքներին, պատճառը կառույցի ներսում ընթացող բարեփոխումների գործընթացն է, որով զբաղված են ՀԱՄԿ-ն ու իր անդամ, հիրավի գործ անող ՃՀՄ-ները»։ Կեցցե՛ք, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խրախճանք ժանտախտի պահին, սթափվեցե՛ք, պաղատում եմ, սթափվեք և նայեք սեփական աշխատասենյակի պատուհանից դուրս, այնուհետև շրջեք հանրապետության մարզերով և փորձեք հայտնաբերել ձեր ենթակայությամբ գործող գեթ մեկ առողջարան, հանգստյան տուն, մարզաբազա, մանկական ճամբար, հյուրատուն և այլն։ «Բարեփոխումների գործընթացի» հետևանքով է հավանաբար օտարվել (ավելի ստույգ` վաճառվել) Երևանի և Հանրապետության հրապարակի հրաշակերտ քարեղեն սիմֆոնիաներից մեկը` Միությունների տունը։ Փոխարենը ի՞նչ եք ձեռք բերել, տնտեսել կամ պահպանել եթե ոչ մեր, ապա սերունդների համար, գրասենյակային տարածքնե՞րը, ուր բազմել, և ինքներդ էլ չգիտեք, թե ինչով եք զբաղված եղել երեկ և այսօր։ Վա՞ղն ինչով եք զբաղվելու։

Այո, տիար Էդուարդ և տիկին Սաթիկ, պատրաստ եմ ոչ միայն պատասխան տալու խղճիս առաջ ՀԱՄԿ գործող նախագահին «վիրավորելու» համար, այլև լուսաբանելու այն «բարենորոգչական» գործընթացները, որոնցով զբաղված են ՀԱՄԿ-ի ու իր անդամ, «հիրավի գործ անող» ՃՀՄ-ները։ Ներկայացրեք, թախանձագին պաղատում եմ, թե Խորհրդային Հայաստանի աշխատավորության սոցիալական ներդրումներով կառուցված հյուրատների, առողջարանների, մարզաբազաների և այլնի վաճառքից ստացված գումարներով ինչեր եք կառուցել։ Գուցե հարդարել եք ձեր ներկա գրասենյակներն ու ուղեգորգե՞ր ձեռք բերել։
Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և շուտափույթ «ապաքինում»։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ