Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ... էս ի՜նչ լավ տուն ու տեղ ես դրել, Փիրուզա ջան, բարով-խերով վայելենք

Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ... էս ի՜նչ լավ տուն ու տեղ ես դրել,  Փիրուզա ջան, բարով-խերով վայելենք
02.07.2013 | 03:12

«Թու-թու-թու»-ից հետո երկու բառ չգրեցի։ Դե, ասում են` արի ճմկթեմ։ Պարկեշտության հետ կապ չունի, ժողովրդական միտք-մտածողություն է։ Արժե խմբագրության աշխատակիցներով, հեղինակներով, ընթերցողներով իրար շնորհավորել, ուրախ սրտով նայել հենց թերթի աչքերին ու... Ախր, տուն-օջախ-երկիր քանդելու, հոգի-սիրտ մաշելու մեր հեշտ ժամանակներում շատ է դժվարացել ստեղծելը, արարելը, պահպանելը, հենց պաշտպանելը։ Դե, եթե մարդ ես, պահիր օջախդ, մի՛ կորցրու հավատդ, զավակիդ ձենը քո պապերի սար ու ձորից լսիր, ոչ թե օտար հեռուներից, պահիր բնությունդ, բնավորությունդ... Հեշտ ոչինչ չկա։ Ծանրութեթև մի՛ արա։ Հա, ժողովուրդը շատ է ասել, երևի, տասնուքսան դար առաջ է ասել` մարդու աչքը կշեռք է։ Այո՛, էս անմարդահեղափոխականների պես բաները լավ էլ հասկանում են, որ ինչ էլ անեն-չանեն, անգամ եթե մաշկահանեն ժողովրդին, աչքի լույսն էլ տան-հանեն, մեկ է, ժողովրդի աչքը կշեռք է մնալու։ Օտար ենք, ամեն օր ենք օտարանում։ Խորթ ենք, ամեն օր ենք խորթանում։ Մենք մեզնից հեռանում ենք։ Օրը բացվում է` մի լավ բան չենք լսում։ Օրը մթնում է` մի լավ լուրի կարոտ ենք մնում։ «Իրատեսի» ընթերցող եմ (թեև գլխավոր խմբագիրն ասում է` հեղինակ ես), ցանկանում եմ գոնե մի քիչ էլ մեր տառապյալ իշխանավորները լինեն ընթերցող, մեր քրտնաջան կաշառակերները լինեն ընթերցող, մեր ազնվազարմ օլիգարխները լինեն... Ինչ էլ լինեն, միայն թե էսքան իշի քուռակ չլինեն... Ժողովուրդը էրվում-վառվում է պակասպռատության ձեռին, վաղուց ճկռել է հարկ ու տուրքի բեռի-բեռան տակ։ Դատարկվում է Հայաստանը, հայաթափվում է, նաև եզդիաթափվում է, քրդաթափվում է, ասորիաթափվում է։ ՈՒ չես հասկանում, թե ինչի մնացուկներ են նստել իշխանությունների բուրգին։ Նրանց էշին ոչ ոք չի կարող չոշ ասել։ Երկար ժամանակ է, ինչ թերթը տպագրում է նույն հայտարարությունը. մեր հարգելի հայրենակիցները եթե ունեն նոր և հին կոշիկ, հագուստ, կարող են տանել Պուշկինի 38 հասցեում գտնվող «Մխիթարիչ» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակ։ Իհարկե` կանխավ շնորհակալություն, իհարկե` հեռախոսի համար` 53-28-33... Սա Երևանն է։ Իսկ հանրապետության շրջաններում, գյուղերում ոչ միայն հագնել, այլև, որքան էլ զարմանալի է, ուտել են ուզում։ Իհարկե, ոչ երբեք էնպես, ինչպես պաշտոնավարողները, ընդերք-գետինք-երկինք ունեցողները։ Շուտով կասենք` արդեն հարյուր տարի է, ինչ մեր հողը թշնամի չի մտել։ Թշնամի ասելով պիտի հասկանանք թուրք։ Ինչ պիտի աներ թուրքը, նույն հաջողությամբ անում է նրա կրկնակը։ Դրա համար է ժողովուրդն ասում` դրա արածը թուրքն էլ չէր անի։ Այո՛, սարսափելի բաներ են կատարվում։ Մեծ Թումանյանի աչքը շուտ տեսավ ու հենց աչքով նկարեց` Հայաստանի ազատությունն էլ ունի իր հրեշները... Հրեշ, հրեշ, վեր կաց ու հիմա՛ տես, մեծն Լոռեցի։ Քո աչքի տեսած հրեշները հրեշտակ պիտի թվան մեզ բաժին ընկած հրեշների մոտ։ Էս ինչ օյին են բերում ժողովրդի ու երկրի գլխին, էն էլ իրենց ասած ու լսած` ազատ, անկախ երկրի գլխին։ Հա, թող յոթ տեղ չէ, հազար տեղ փողփողա մեր եռագույնը։ Դրոշը պիտի փողփողա դրոշակակիր ժողովրդի գլխավերևում, սրտում, հոգում։ Հենց իր երկրում, իր զավակների աչքերի մեջ։
Սովորեցինք ասել` տունը հայրենիք է։ Հեշտ չէ տուն պահելը, ավելի դժվարը հայրենիք պահելն է։ Տուն ու հայրենիք ենք ասում, հաճախ հիշեցնում ենք, որ ընտանիքը մեզանում եղել է պետություն, եղել է հայրենիք, եղել է սրբություն, եղել է եկեղեցի։ Ասել է` ընտանիքը դեր է եղել, բայց ոչ երբեք դերակատարություն։ Սարսափելի բաներ են կատարվում, երևացող-չերևացող բաներ։ Թիվ է հրապարակվում` Հայաստանում հայ ժողովրդի դեմ գործում են շուրջ չորս հարյուր հազար աղանդավոր։ Անգամ նամակներ են հղվում Ամենայն հայոց կաթողիկոսին։ Տարիներ առաջ ես էլ էի միամիտ ձեռագրել` ասես հիշեցնելով Վեհափառին, որ հոտիդ գլխին կանգնիր, Վեհափառ, հոտդ ցրվում է։ Ի՞նչ անեի։ Ժողովուրդը աշխարհացրիվ է լինում։ Հաղթած ժողովուրդը ցրվում է, թողնում է դժվարությամբ ձեռք բերածը, օջախի համ ու հոտը ու հեռանում է։ Չէի մտածում, որ լքելը, հեռանալը դեռ նոր են գալու։ Հայրենալքությունը մեզանում, իհարկե, նոր հիվանդություն չէ, բայց որ այն դառնալու է անբուժելի, ո՞վ էր կասկածում։ Դատարկվում են գյուղերը։ Դատարկվում են քաղաքները։ Սահմանամերձ ու հայրենապահ գյուղերը յոթ ոտ ու ձեռ էլ փոխ են առնում ու երկինքը ճղելով հեռանում են։ Տարիների մարդահամարի թիվ ասես, կարժանանաս մեղադրանքի, թշնամին պիտի չիմանա։ Ես ամեն պակասություն էլ տեսել եմ։ Ամենասարսարփելին` հացի նման, հայրենասիրության պակասությունն է։ Միամիտ լոռեցու նման ուշ ենք գլխի ընկնում, որ ամեն ինչ վերջացած է, հեղեղը տարել է, քանդել է ջրաղացը։ Կորցնում ենք, մեր աչքերը բաց են, բայց ամեն պահ կորցնում ենք ամեն ինչ։ Պարծենում ենք մեր իմաստուն նախնիներով, բայց իմաստուն նախնի ունեցողը գոնե պիտի ժլատ լինի։ Ժլատ լինի ու ոչ թե արյունով, այլ հենց խելքի զոռով, խելքին զոռ տալով պահի-պահպանի իր հողը։ Չենք պահել ու չենք պահում։ Բավական է գոռանք-գոչենք` հո՛ղ ենք ազատագրել, Շուշի՛ ենք փրկել։ Արյան գնով, այո՛, արյան գնով Շուշի ենք ազատագրել, Ղարաբաղ ենք փրկել, ճանկված հող ենք քսել մեր աչքերին, բայց քանի՜-քանի հազար ու հազար հեկտարներով հող ենք խոպանել հենց Հայաստանում։ Էսօր հրեշների նման հարձակվել ենք մեր ընդերքի վրա ու լափում ենք։ Ժողովրդին զրկում են իր տուն ու տեղից, թե... հանքեր են, ընդերք է, վեր կաց ու գնա էս ինչ տեղը։ Եղբա՛յր, սա իմ հոր տունն է, իմ պապի տունն է, իմ ապուպապի գյուղն է, նախնիներս թաղված են, տես, հենց էստեղ, ես չեմ ուզում հեռանալ։ Եվ... հանքերը, ընդերքը սեփականացվել են (շնորհս ո՞րն է)։ Ի՞նչ օդ է շնչում հայ ժողովուրդը Երևանում։ Ի՞նչ օդ է շնչում հայ ժողովուրդը շրջաններում, գյուղերում։ Խժռվում է Հայաստանը։ Եվ խժռողները արժանանում են մեդալների, շքանշանների։ Ես երբեք չեմ ասի` էս երկրի տերը ես եմ։ Եթե ես եմ, ապա նույն երկիրը պարտավոր է ինձ տրորել միայն նրա համար, որ չեմ հասկանում մի հասարակ բան` էսպես երկիր չեն պահում։ Էսպես Սևան (լիճ) չեն պահում, էսպես Դեբեդ (գետ) չեն պահում։ Էսպես թատրոն (թատրոնի մարդ) չեն պահում, էսպես գրող (գրականության մարդ) չեն պահում, էսպես անտառ չեն պահում։ Չի կարելի էս դուրսպրծուկներին դարձնել ամենաքիչը ԱԺ պատգամավոր։ Եթե մեր հողի վրա մենք ենք կառուցել մեր քաղաքներն ու գյուղերը, կերտել մեր կամուրջներն ու վանքերը, ինչ կլինի, ի՞նչ է, Աստված չի՞ հավատա, եթե տեսնի, որ մենք տիրապետում ենք ոչ միայն կառուցելու, այլ եղածը պահել-պահպանելու վսեմ արվեստին։ Ի՞նչ է նշանակում ավերել Երևանը, տեղը եկած-չեկած ժամանակ էլ ասել` Երևանը Հռոմից մեծ է։ Հռոմից ու Երևանից մեծ միայն մի բան կա, դա ավերիչ ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, մեծն կամակատարը քաջնազարական թագավորացեղախմբի։ Հզոր արարած է նա, որ կարողանում է հետքազրկել-հնազրկել-գունազրկել Երևանը, թույլ տալ, որ տագնապողը դողահար լինի` տարիներ հետո կամ հենց էգուց-էլօր, եթե, եթե երկրաշարժ լինի Երևանում, ապա 300 հազար զոհ կունենանք, կունենանք բնակֆոնդի ութսուն տոկոսի կորուստ։ (Էս թվերն ասում են ավելի շատ երկրաշարժի տարելիցների ժամանակ)։ Ամեն ինչ փոխվում է։ Ասում են` էլ առաջվա մարդն ու մարդկայնությունը չկան։ Իսկ ինչո՞ւ պիտի լինեն։ Հենց էն եղած-չեղած փաստը, որ էսքան ու էսքան ջուռա-գույնի կուսակցություններ ունենք, որոնք ամեն ընտրությունների ժամանակ պատրաստ են հաղթանակելու և անպայման հաղթելու... Մեր կյանքը դարձել է ժողովրդական պարտություն բոլոր բնագավառներում։
Չէ, ավելի լավ է ձենս կտրեմ։ Չեմ էլ ասելու` երանի օրենքը, մեր օրենքը գործեր մեր երկրում։ ՈՒր էր` թե... Բանակում, էլ ինչո՞ւ ենք բանակ հասնում, ամենուր այլանդակություններ են։ Ավելի լավ է նետվեմ հիշողությունների գիրկը։
Մեր-իմ տոհմածառի անունները... Կարդա անունները, նայիր ճյուղեճյուղ ու... Սա իմ հոր հորեղբոր տղա Մարտիրոսի ճյուղն է։ Մարտիրոսը Մինասի, Գերասիմի, Անուշավանի եղբայրն է, որը չեկավ պատերազմից։ Չորս տղա ուներ մեր հորեղբայր Մարտիրոսը` Հայկը, Հովիկը, Նորիկը, Ժորիկը, որին Վարանցովիկ էինք ասում։ Նրանց մայրը` Մանյակը, ծանր հիվանդացավ։ Պատերազմի ավարտից հետո նրան սայլով տարան Ալավերդի։ Հետո պարզվեց, որ բուժվելու, ցավը դարմանելու հիվանդ չէ։ Մահացավ։ Մեծին` Հայկին, բանակ տարան (հիմա ենք ասում` վայ, ձեր խիղճը կտրվի)։ Էն երեքին նայողնե՞ր են պետք։ Աղքատ տներ, աղքատացած ժողովուրդ, ամեն ինչի պակասպռատություն։ Եվ Անուշավանն իր Անիկ կնոջը, հայոց լեզվի մեր ուսուցչին, մեր ցեղի հարսին ասել է` հլա հեռու-հեռվից, մոտիկ-մոտիկից խային մտիկ արա, տես մեր Մարտիրոսի տուն ո՞վ հարս կգա։ Ո՞Ւմ համար, զարմացել է մեր ցեղի հարս ու մեր ուսուցիչ Անիկ Քառյանը։ Հովիկին, Նորիկին, Ժորիկին մտիկ անելու, ասել է Անուշավանը, մտիկ կանի, Հայկն էլ բանակից կգա, հարսանիք կանենք։ Եվ Զարիկ անունով աղջիկը Աթան գյուղից Անիկի հորդորով ու կանչով եկավ մեր գյուղ Ահնիձոր, մտավ Մարտիրոսի ու Մանյակի տուն ու... չափարատակերից, ծմակի պռունկներից, հանդերից ու սրա-նրա տուն ու դռներից ճլորած վզերով, կարոտ աչքերով նայող եղբայրներին հավաքեց, ջուր տաքացրեց` լողացրեց կավահողով ¥օճառ որտեղից¤, կարեց-կարկատեց ու... Որբություն փչող տունը տան համի բերեց։ Հայկն եկավ, տեսավ, որ մի աղջիկ, Զարիկ-Զարղալամ անունով մի բանող խիզան ոչ թե մերություն, այլ հերումերություն է արել իր եղբայրներին...
Սա լսովի պատմություն ու զրույց չէ, սա իմ տեսած, իմ աչքով, մանկության աչքով տեսածն է։ Էսօր էլ ծխում է Մարտիրոսի տունը, Հայկի տունն է ծխում, հին մի տուն, ուր ապրում են Հայկի թոռները։ Իրական էս պատմությունը ես փորձում եմ դարձնել պատմվածք ու նվիրել «Իրատեսին»։ Չքավոր-չքավոր, հո դատարկ ձեռով չես բացի հինգ տարեկանի դուռը։
Իսկ հիմա.
Կարմեն Դավթյանի նման ես յոթը թերթով չեմ նստել սեղան։ Իմ առաջին տեսած թերթը, որ առավոտ շուտ մտավ մեր տուն, նաև մեր տուն, մի թերթ էր, որ անուն ուներ, ձրի՜ թերթ, ձրի բան է մտնում նաև մեր տուն. հայր Ստալինը դարձել է յոթանասուն տարեկան։ Եվ շատ զգուշավոր ասում էին` կարող է թերթը հետ ուզեն, ճղճղեք ոչ։ Եվ ի՜նչ լսեցինք. ինչ լավ է, որ մեր ցեղում ծխող չկա։ Պատահել է` ստալինոտ, Ստալինի նկարոտ թերթը տվել են ու հետևել։ Ստալինի նկարոտ թերթը սիրուն-սիրուն կտրտել են, դարձրել պապիրոս փաթաթելու համար շատ հարմար ու... Վկայություն` հա, հենց ես եմ իմ քոռացած աչքերով տեսել, որ սա էսինչ հանդումը, ճաշթողի ժամանակ մեծ առաջնորդի նկարով թղթով փաթաթել է ծխախոտը ու չախմախով պեծ հանել ղավից, ղավի պծեռուկը տարել ու վառել ծխախոտը... է՜...
Երբ գրաշար էինք իմ եղբոր հետ ու աշխատում էինք թերթերի և ամսագրերի տպարանում, խմբագիրը տպարանի տնօրեն Կարապետյանին խիստ զգուշացրել էր` Հրանտ անունով լինոտիպիստին զրկել պաշտոնական թերթի նյութերը շարելուց։ Այսօր էլ դա լավ ենք հիշում և՛ ես, և՛ էն ժամանակ սրբագրչուհի, այժմ Կարեն Դեմիրճյանի թանգարանի աշխատակցուհի Լիլիկ Մարտիրոսյանը։ Հրանտը տողադարձ էր արել Ստալին բառը էսպես` ըՍ-տալին։ Անցած լինի։ Ես ավելի երկար աշխատեցի տպարանում։ Տպարանի աշխատողներով էքսկուրսիա էինք գնացել Օշական։ Ես մի հոդված էի գրել։ Խմբագիր Խաչիկ Հովակիմյանը (լույս դառնա) սիրով տպագրեց, եռակի հոնորար վճարեց, նաև ասել էր` էսպես կգրեն` Օշականում, սուրբ Մաշտոցի տարիքի մի քանի ծերունիներ...
Տպարան, համալսարան, երկրորդ կուրսից` Կույրերի միավորման հրատարակչություն, այսօրվա խոշոր գիտնական, հրաշալի բանասեր ու թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանից քիչ բան չեմ սովորել, ապա «Ոզնի», ապա «Ավանգարդ» ու «Հայրենիքի ձայն», ապա «Հայաստան», ապա... Սարսափելի պարապություն ու դատարկություն, ապա հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը ինձ նույնպես արժանացրել էր պարգևի` ամենօրյա թերթերի կապոցին։ Հիմա էլ են հիշում, ըստ արձակագիր Աշխեն Աբազյանի, սահմանամերձ Նոյեմբերյանի շրջանի գյուղերում` շատ բաների հետ Սիլվա Կապուտիկյանի ուղարկած ծխատուփերը, իմ թերթերը և...
Նորից գյուղ եմ թռչում մտքով։ Էս ինչ սխրանքներ գործեցին մեր մայրերը ոչ միայն պատերազմի ժամանակ։ Իմ հորեղբայր Ռաֆիկը Լուսիկին Դսեղից հարս բերեց պատերազմից հետո։ Բարի, խոշորաչք մեր Լուսիկ հարսը միանգամից մտավ ծանրության տակ։ Հենց իմ Ավետիք ապի ու Սոնա նանի տնքտնքոցները, տան հոգսերը, գարուն-ամառ-աշուն-ձմեռվա թելվող գործերը ու... «Մենք ենք, մեր սարերի»` երկրորդ լավ հունձ անողը Ռաֆիկ Մաթևոսյանն էր, որը տասներկու տարի մնաց որպես անկողնային հիվանդ, ձմռանը` սենյակում, ամռանը` գարունից ուշ աշուն ամառ է համարյա, պատշգամբում` հայացքը ճրագթաթի լույս ծմակին, ականջը` անտառի ուղարկած ձայներին։ ՈՒ ինչու եմ անտառային-սարականչ սաղմոսներով հիշում։ Ախր, Լուսիկն իրավունք չուներ աչք թարթելու. կես ժամը մեկ պիտի ամուսնուն շուռ տար` էս կողքի վրա, էն կողքի վրա։ Եվ վախենում էին` ով պիտի Ռաֆիկին նայի, եթե Լուսիկը, Աստված չանի... Եվ լավ էր, որ Ռաֆիկը շուտ մեռոնվեց։ Եվ շատ եմ ցանկանում, որ մեր գրողները, լրագրողները կարողանան գրել մեր մեղվաջան կանանց մասին, հենց հզոր, նվիրական բանահավաք, ոչ միայն սփյուռքագետ, այլև հենց եղեռնագետ Վերժինե Սվազլյանի մասին, հենց Մարգո Ղուկասյանի մասին, հենց Կլարա Թերզյանի մասին, հենց Անահիտ Պողիկյան-Դարբինյանի մասին, հենց Էլմիրա Հեքեքյանի մասին։ Փառք Աստծո, ունենք... Ի՜նչ սխրանքներ գործեցին մեր մայրերը, քույրերը երկրաշարժից հետո, Արցախյան պատերազմում։ Սա մեր մայրերի, քույրերի հաղթանակն է։ Որտեղից ուր եմ թռչում, անտեր լինի միտքը. շնորհակալ եմ տիկին Անահիտ Բախշյանին, որ ամուսնու` Յուրի Բախշյանի լույս հիշատակին հրատարակեց Դանիել Երաժշտի «Հայաստանը երգերում» դարակերտ գիրքը։ Եվ, սիրելի Փիրուզա, երանի կարողանայինք հրատարակել թերթիդ պահ տված դանիելերաժշտական բոլոր հանդիպումները` կալկալսոցները, ժողովել մի կազմի մեջ ու... Այո՛, երանի նրանց, ովքեր կարող են հովանավոր դառնալ։ Հենց թերթը սեփականի Դանիել Երաժշտին, պայմանակապել ու կնքել` մինչև 2050 թվականը Դանիել Երաժիշտը իր բոլոր ձեռագրերը հանձնում է «Իրատեսին». չէ, լուրջ եմ ասում, նախ պայմանավորվողները ստիպված կլինեն ապրել մինչև... Ի՞նչ մնաց, որ... Էս ինչ լավ տուն-տեղ ես դրել, Փիրուզա ջան, հիացած եմ ազնվական կեցվածքիդ համար, հրաշալի մարտա... թերթավարությանդ համար։ Այո՛, հիացած եմ բազմածալք Անահիտ Ադամյան ունենալուդ համար, Կարինե Ռաֆայելյանով, Կարմենի անունն ասել եմ, բայց մի անգամ էլ ասեմ։ Ես իրավունք չունեմ մոռանալու Արմինե Սարգսյանին։ Իսկ ո՞վ ասաց, որ խելքս տվի աղջիկներին ու մոռացա այրերին։ Մեհրուժան Բաբաջանյանից լավ բանիմացին էս որտեղի՞ց ես ճարել, պարզապես կապել թերթին։ Եվ արթուն է, արթուն է, արթուն է Վրեժ Առաքելյանը։ Իսկ ո՞վ ասաց, որ ընթերցվող հեղինակներ չեն խաչբառագետ Հրանտ Վարդանյանը, կսմիթաբան, կոլաժագետ Նիկօն... Երկինքը պահող բարության սյուներ ենք ասում, բայց տուն պահող, թերթ պահող սյուները պիտի զորեղ ու հզոր լինեն։ Եվ Մարտին Հուրիխանյանն է միշտ զարմացնում իր էջակալած... ինչո՞վ, և Ռուզան Խաչատրյանն է իր ելույթներով վկայում, որ ոչ մեկից պակաս չէ, և Ժասմեն Վիլյանը։ Եվ Սոկրատ Հովսեփյանը... Եվ դեռ չեմ ծանոթացել, բայց «Իրատեսով» եմ ճանաչել Մանե Հակոբյանին։ Իսկ վերջերս մի հեղինակ է հայտնվել... Չէ, «չինացած-շանհայացած» Սուսաննա Պողոսյանի մասին չէ խոսքը, ոչ էլ ամենագետ Իգոր Մուրադյանի, այլ նախ ասեմ անունը` Մարիետա Կարապետյան, հիշեցի՞ք նրա շարունակաբար տպագրված հոդվածը` «Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն` չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց» վերնագրով ¥թեկուզ Եփրեմ Ասորուց առած աղոթքով¤։ Զարմացնողը նրա լեզվակիրթ լինելն է։ Կենսաբանական գիտությունների թեկնածուն, ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատողը, դոցենտը ինձ զարմացնում է ոչ միայն իր հայիմացությամբ, հայլեզվաիմացությամբ, այլև կարողանում է մեր դեմ փռել մի աշխարհ, որը պահելու-փրկելու համար հենց իր նման Մարիետաներ են հարկավոր. հրաշք ու լրիվ կլիներ, եթե Մարիամ լիներ ու Մարիամն էլ Մարիետայի չափ ու նման զգուշավոր, համարձակ ու խիզախ լիներ։ ՈՒ երանի թերթն էնքան ուժ ունենար, որ, ասենք, փորձեր Կարինե Դանիելյան գիտնականին, մարտիկին, հայուհուն ներկայացնել հերոսի կոչման։
Սիրելի իրատեսականներ, ձեզ մաղթում եմ առողջություն, համարձակություն ավելի, ամեն մեկդ ձեր տեղը պինդ սյունվեք, ու Փիրուզա Մելիքսեթյան ջան, Լիլի Մարտոյան ջան, թող որ ձեր ազնիվ ջանքով ու կյանքով երկարի նաև թերթի կյանքը։ Ասել է` էսօրվա հինգը դառնա հիսուն ու... ամոթ պիտի լինի ձեզ չսիրելը։ Լավ տուն ու տեղ ես դրել, Փիրուզա ջան, պինդ կացեք ու պահեք ձեր տունը, որը մեր թերթն է։

Սիրով` ոչ միայն ձեր հեղինակ, այլև ընթերցող Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ