Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Կոնֆեդերացիայի «կոնֆետները» (հոտած գուլպաների և նեխած հավկիթների մասին)

Կոնֆեդերացիայի «կոնֆետները» (հոտած գուլպաների և նեխած հավկիթների մասին)
28.06.2013 | 11:18

«Ստարսոցապի 2-րդ տան տնտեսվարը ամաչկոտ գողի մեկն էր։ Նրա ողջ էությունը բողոքում էր գողությունների դեմ, բայց ինքը չգողանալ չէր կարող։ Նա գողանում էր և ամաչում էր դրա համար։ Գողանում էր շարունակ, շարունակ էլ ամաչում էր, ուստի և նրա լավ սափրած այտերը միշտ այրվում էին շփոթվածության, ամոթխածության, քաշվելու և անհարմար զգալու կարմրությունից»։


«Տասներկու աթոռ», Իլյա ԻԼՖ, Եվգենի ՊԵՏՐՈՎ

ԿԱՐՄՐԱԿԱՏԱՐ ԱՔԱՂԱՂԻ «ԲԱՌԱՉԸ»
(ֆելիետոնաբույր նախաճաշ)

Աքաղաղը «բառաչում» է, երբ նախիրն է ծուղրուղու կանչում, սա հնարավո՞ր բան է։ Իսկ ինչու չէ, հատկապես երբ ծանոթանում ես այն ամենի հետ, ինչը կատարվել է կոնֆեդերացիայում։ Ծուղրուղո՜ւ, համա թե բաներ են կատարվել Հանրապետության հրապարակի այս գեղաշեն շենքում, ուր տարիներ շարունակ հանգրվանել էր հոգեշահ մի հիմնարկ` Հայաստանի արհմիությունը։ Բայց արի ու տես, որ երկրի անկախացումը չար կատակ խաղաց արհմիությունների գլխին, հոգեշահությունը փոխարինվեց հոգեառությամբ։ Այո՜, հանրությունը պիտի ճանաչի յուր իրական հերոսներին, թե չէ լուսաբացից արևամուտ հա՛յ Լիմինդրի որդի Լֆի՜կ, հա՛յ Զարուհու Րաֆֆի՜, հա՛յ քաղաքական անմեղսունակներ (անուններն ինքներդ շարեք), նման շատ այլաբանություններ։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (կրճատ` ՀԱՄԿ) միավորում է 24 ճյուղային արհմիութենական կազմակերպություն։ Ղեկավարն այսօր Էդուարդ Թումասյանն է, ատամնաբույժ, ով յուր կյանքում կես ատամ անգամ չի բուժել, սակայն հանրապետության արհմիությունների ատամները հոյակապ է հաշվել։ Պատահական չէ, զի 1992-ից նա էր կոնֆեդերացիայի «Օտարման, պահպանման և օգտագործման» հանձնաժողովի նախագահը, մինչև 2007-ի նոյեմբերը, երբ ընտրվում է կոնֆեդերացիայի նախագահ։ Եվ սկսվում են օտարումներն ու օգտագործումները, մոռացության է տրվում պահպանումը։ Այսպես, այսօր կոնֆեդերացիայի հաշվեկշռում ո՛չ առողջարան կա, ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ մեկ հատիկ նստարան։ Սա, անշուշտ, զուտ մարդասիրական մղումներից դրդված։ Սակայն եկեք չկռավենք և փորձենք կռահել, թե որ ուղղությամբ են անհետացել Հայաստանի աշխատավորության սեփականությունը հանդիսացող, օրինակ, առողջարանները, զորօրինակ, տուրիստական հանգրվանները, նմանապես մարզական կառույցները, առավելապես միությունների տունը Հանրապետության հրապարակում, Կառավարական տնից ձախ, «Արմենիա-Մարիոթ» հյուրատնից էլ աջ։ Գուցե տիար Թումասյա՞նը բացատրի: Բայց դադար տանք, չէ՞ որ քիչ առաջ խոստացանք չկռավել, ընդամենը փորձենք կռահել, թե ինչ վարակիչ համաճարակ է բռնկել արհմիությունների տանը։ Մեր ձեռքում հույժ նշանակալից մի փաստաթուղթ է` «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երրորդ համագումարին ընդառաջ»։
Ընդառաջվենք։

ԿՈՐԵՅԿՈՅԻ ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԸ
(պամֆլետամերձ սույն ճաշին ճաշակում ենք սնկի սուկի,
ըմպում կրկնակոշիկի կոմպոտ)

Այո՜, կառավարությունից հետո երկրում ամենախոշոր գույքային սեփականատերը, պարզվում է, արհմիությունն է։ Հայաստանի արհմիությունը որպես սեփականություն, իր հաշվեկշռում ուներ 10 առողջարան, 8 հանգստյան տուն, 3 հյուրանոց և շատ այլ գույքային բարիքներ։ Այս ամենը լրջորեն մտահոգում է տիար Թումասյանին և նրա գաղափարական գործընկերներին, նրանք հայտնվում են մի ճամփաբաժնում, ուր ձախը տանում է գույքի օտարմանն ու առուծախին, աջը` հանրապետության արհմիությունների անդամների, այն է` հայ նորանկախ աշխատավորության շահերի պաշտպանությանը։ Թումասյանականներն ընտրում են ձախ ուղին և, գնա՜, գալիս եմ. սովետահայ աշխատավորության սոցիալական վճարներով կառուցված շենքերն ու շինությունները մեկ առ մեկ անհետանում են, հօդս ցնդում, առանց ճյուղային կազմակերպությունների և աշխատավորության գիտության։ Սակայն այս ամենի հենքում եկեք փնտրենք բուն արհմիութենական գործիչներին խիստ բնորոշ հատկանիշը` գթասրտությունը։ Եվ, ահավասիկ, հենց գթասրտությունից դրդված էլ «Էրեբունի» հյուրանոցն ու միությունների տան մասնաշենքերը վաճառվում են, օրինակ «Կոնվերս» բանկին, զորօրինակ, «Սինյոր» հյուրանոցին, նաև «Գինեքար» ՍՊԸ-ին 110-ից 520 ԱՄՆ դոլարով, այսինքն` շուկայականից նվազագույնը տասն անգամ ցածր գնով։ Կոնկրետանանք, միությունների շքեղաշուք շենքը երեք մասի է բաժանվում, «Ա» մասնաշենքը, 1227 քմ մակերեսով, 2004-ի հուլիսի 7-ին վաճառվում է «Գինեքար» ՍՊԸ-ին` մեկ քմ-ն 520 ԱՄՆ դոլարով, «Գ» մասնաշենքի 2272 քմ-ն վաճառվում է «Գինեքարի» գործընկեր Թամարա Հովհաննիսյանին և «Էրեբունի» հյուրանոցի գնորդ Սուրեն Արծրունուն` 2006-ի ապրիլի 19-ին` 1 քմ-ն 250 ԱՄՆ դոլարով։ Հենց այստեղ էլ շողարձակում է տիար Թումասյան Էդուարդի և նրա գաղափարակիրների գթասրտությունը` շուկայականից բազմապատիկ ցածր գնով վաճառել գերէլիտար գույքը նորանկախ հայ աշխատավորներին։ Կներեք, ո՞վ կպնդի, թե Թամարա Հովհաննիսյանն ու Սուրեն Արծրունին հայ աշխատավոր չեն։ Նմանապես աշխատավոր են և արհմիության անդամ բոլոր նրանք, ում Թումասյանն ու ընկերախումբը վաճառել են ՀՀ 800000 բանվոր-ծառայողների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը։ Բայց մի՞թե ժամանակը չէ հանրությանը ծանոթացնելու այս գործընթացի հիմնադրույթներին, ժամանակն է և, ահավասիկ, կոնֆեդերացիան նախ կազմակերպում է անշարժ գույքի օտարման հանձնաժողով, այնուհետև տուրիզմի և առողջարանների զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ։
Բնականաբար, տիտղոսակիր հանձնաժողովն ու պատմուճանաօծ հոգաբարձաց խորհուրդը չէին կարող անտարբեր մնալ որոշ հայ աշխատավորաց սևեռուն տենչանքի նկատմամբ, այն էր` ջրի գնով ձեռք բերել ընտրյալ գույք, գերընտրյալ վայրում։ Եվ խնդրեմ, 2001-ին հանրապետության բարձրագույն իշխանապետերից մեկին են վաճառվում միությունների տան առաջին հարկի աջ հատվածը, 300-տեղանոց նիստերի դահլիճը, կաթսայատունը և այլն, և այլն։ Այս գործարքը կատարվել է Թումասյան Էդուարդի նշանավոր նախորդի, խորհրդային ճանաչված արհմիութենական նավավար Մարտին Հարությունյանի օրոք, ով ոչ պակաս գթասիրտ այր էր։ Այս ամենի համատեքստում, անշուշտ, աննշան մի բան է, զորօրինակ, միությունների տան կիսանկուղայինը 1013 քմ նկուղային ձևակերպելու և ավելի ցածր գնով օտարելու եղելությունը։ Կամ ինչ մի մեծ բան է «Սևան» կիսակառույց, 2300-տեղանոց տուրիստական հանգրվանի փոխանցումը «Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան» ՍՊԸ-ի հաշվեկշռին, 2003-ի հուլիսի 30-ին։ Եվ եթե կարծում եք, թե կոնֆեդերացիայի ղեկավար տիարք և տիկնայք գաղտագողի են գործել, սխալվում եք չարաչար, ես էլ ձեզ հետ` բնականաբար։ Ահավասիկ, 2006-ին կոնֆեդերացիայի նախագահության հերթական նիստում ղեկավարությունը հրաբորբոք մի հրովարտակ է հղում առ «ալամ-աշխարհ», և ավետում, որ վաճառվում է «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքը` 10045 քմ ընդհանուր մակերեսով, որից 9014 քմ-ն բնակտարածք է, 1031-ը նկուղային տարածք և 544 քմ բակ։ Կոնֆեդերացիայի որոշ ազնվասիրտ ծառայողներ ամենևին դեմ չէին գնելու որոշ «եղալի թիքյաներ», չէ՞ որ վաճառքի նախնական գինը չնչին էր` 1 քմ-ն 110 ԱՄՆ դոլար։ Բայց քանի որ նախագահության անդամների ախորժակները տարբեր ձևաչափ ունեին ¥ոմանք կամենում էին մեկ-երկու սենյակ ձեռք գցել, ոմանք` երկու-երեք հարկ, ոմանք էլ` ողջ մասնաշենքը¤, գործարքը չի կայանում, և գործընթացը փակուղի է մտնում։ Սա` անտես աչքի համար։ Ամենատես և վառվռուն որոշ աչքեր տեսնում են լույսը թունելի վերջում և ձեռք են գցում հյուրանոցը` 1 քմ-ն... 30 ԱՄՆ դոլարով։ Սա դեռ վերջը չէ. արհմիութենական սույն գործիչները 1 և կես տարի անց 30 դոլարով յուրացրած («գնում» բառը այս պարագայում, կարծում եմ, վիրավորական է) տարածքներից 4000 քմ-ն վերավաճառում են սեփական կոնֆեդերացիային` 1 քմ-ն 535 ԱՄՆ դոլարով և այս գերշահութաբեր աճպարարության վերջնարդյունքում ձեռք են բերում (ավելի ստույգ` գրպանում են) 2 մլն 20 հազար դոլար։ Մնացած 5014 քմ-ն նրանք արհմիության միջոցներով վերակառուցում են և դառնում այս հույժ նախանձելի գույքի սեփականատերը։ Ինչ խոսք, այս ամենում վերոնշյալ տիարք և տիկնայք բնավ մեղավոր չեն, պարզապես, եթե ոմանց մանկության հերոսը, օրինակ, Չապաևն էր, ոմանցն էլ, զորօրինակ, Պավլիկ Մորոզովը (հուշեմ-հիշեք, ներկա արհմիութենական վոժդիկները զուտ խորհրդային «պրոդուկտ» են), նրանց գերհերոսը Ալեքսանդր Իվանիչ Կորեյկոն է։ Այո՜, բանը բանից անցել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում, բայց դե Կորեյկոյի հոգեզավակների խոփը քարին դեմ չի առնում, գոնե այժմ։ Իսկ առայժմ կոնֆեդերացիայի նախագահության արժանապատիվ անդամները` յոթանասունը բոլորած Ալֆրեդ Բաբայանն ու Կարլեն Հարությունյանը, փորձում են վերականգնել ոտնատակ արված արհմիութենական արդարությունը, հանդես են գալիս հրապարակավ, մերկացնող փաստեր և եղելություններ ներկայացնում և սպասում արդարության հաղթանակին։ Եվ, ինչքան հայտնի է, նրանք դիմել են հանրապետության դատախազական մարմնին։ Թե որքանով արդյունավետ կլինի նրանց այս ձեռնարկը, ցույց կտա ժամանակը։ Իսկ այժմ Թումասյան Էդուարդը ջանք ու եռանդ չի խնայում աշխատավորաց շահերի ջերմեռանդ պաշտպանի կերպարում մարմնավորվելու համար, ինչ-ինչ համաձայնագրեր է կնքում, հրապարակային ելույթներ ունենում, մի խոսքով` փորձում է փրկել սասանված վարկը։ Տեսնենք։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
(իրիկնահաց` դառը խավիծով)

Այս ամենը չափազանց տխրալից է, ուզում ես կատաղությունից կրակ կտրած ի մի բերել երրորդ հանրապետության Կորեյկոյի անխտիր բոլոր հոգեզավակներին, վրաները ամենացածր մակնիշի բենզին լցնել (նախապես, անկասկած, հոտած գուլպաներով կապելով աչքերն ու բերանները խոթելով մեկական նեխած հավկիթ) և, չէ, չվառել, ուղղակի թողնել չորանալու արևի բորբ ճառագայթների ներքո, և պարտադրել բոլոր հանցանքներն ու զանցանքները խոստովանել։ Եվ թալանածը մուտքագրել պետգանձարան։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Մի բան է զարմացնում` զարհուրանքի աստիճանի. գեթ մեկ առողջարան չի պահպանվել, որը կարող էր ծառայել նորանկախ հայ աշխատավորությանը։ Այնինչ Ստարսոցապի տնտեսվար Երկնագույն գողը, այնուամենայնիվ, պահպանել էր շենքը, մահճակալներն ու կոմոդները և օրը երեք անգամ երգեցնելով տան կենվոր պառավներին, երեք անգամ էլ կանոնավոր կերակրում էր, թեկուզ խաշիլով։ Այո՜։

Դիտվել է՝ 3305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ