Թուրքիայի ամբողջ տարածքում շարունակվում են կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաքները: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իշխող «Առաջադիմություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմի հետ` քննարկելու իրավիճակը: Հանդիպումից հետո կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիկը բացառել է արտահերթ ընտրությունները: Էրդողանը փոխզիջման ակնարկ իսկ չի անում, սպառնում է փողոց դուրս բերել իր աջակիցներին` ցույց տալու ով է ուժեղ: Իր կողմնակիցներին հետ նա արդեն հանդիպել է Ադանայում, պատրաստվում է հանդիպել Ստամբուլում և մյուս մեծ քաղաքներում: Ադանայի հանդիպմանը նա ասել է. «Իմ շատ սիրելի եղբայրներ, մենք միասին գնում ենք դեպի ավելի լավ Թուրքիա, թույլ մի տվեք, որ նրանք, ովքեր փորձում են բաժանարար գծեր տանել մեր միջեւ, հասնեն իրենց նպատակին»: Վարչապետը մտադիր է ժամանակ ձգել` լիցքաթափելով իրավիճակը. «2014 թվականի մարտին մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված, դրանց մնացել է ընդամենը մի քանի ամիս, եւ ես կուզենայի, որ այդ ընտրություններում դուք մի լավ դաս տայիք այս ցույցերի մասնակիցներին»,-ասել է նա: Կառավարության սոցիալական քաղաքականության դեմ ընդվզողներին նա համարում է «բարբարոսներ» և «անարխիստներ», «ստոր մարդիկ». «Նրանք այնքան ստոր մարդիկ են, որ անգամ վիրավորում են իրենց երկրի վարչապետին»: Այնուհանդերձ, «բարբարոսներն» ու «անարխիստները» շարունակում են իրենց «ստորությունը», արդեն 4000 մարդ տուժել է ոստիկանության հետ բախումներում: Անակնկալ է դարձել 6 ոստիկանների ինքնասպանությունը: «Emniyet-Sen» ոստիկանական միավորման ղեկավար Ֆարուխ Սեզերը ասել է, որ ոստիկաններին մեղադրում են կոշտ ուժի կիրառման մեջ, սակայն ոստիկաններն աշխատում են ծանր պայմաններում` այլ քաղաքներից մայրաքաղաք բերված ոստիկանները ստիպված են գիշերել նստարաններին, սնվել ինչպես պատահի, աշխատել 12 ժամ, ենթարկվել հարձակումների: Սեզերը հույս ունի, որ քաղաքացիները կդադարեն ատել ոստիկաններին, երբ տեսնեն, որ նրանք քնում են իրենց վահանների վրա:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ