Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Օլիգոպոլիկների մահը` ջրային մտրակով

Օլիգոպոլիկների մահը` ջրային մտրակով
30.05.2013 | 23:07

«Անցյալում ես, թե ապագայում,
հայտնի չէ։ Ներկայում չկաս։
Նման ես հորիզոնի գծին,
ինչքան մոտենում ենք քեզ,
հեռանում ես այնքան»։


«Ազգային գերնպատակ», Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԵՄ, Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԵՐԿԻՐՍ»
(ֆելիետոնաբույր նախաճաշ)


Սևակն ինքը հողեղեն էր, միտքը նրա` հրեղեն։ Այո՜, պատը ¥սանձարձակության սիմվոլը¤ մնում է պատ, փչանում է մի լավ ճակատ (պայքարի խորհրդանիշը)։ Այսինքն` պետականությունը ի գործածում է հանձնված մոլեմսխուն կապիտալի բոսերին, այսպիսով` անկախությունն է քոսապատվում, զի բոսերը մոլեգնում և մանգաղում են մայրաքաղաքը, հանրապետությունն էլ` վրադիր։ Ահավասիկ երկիրը կենաց-մահու պայքարի մեջ է օլիգարխիկ ոտնձգությունների դեմ։ Ձախն է ձգում Օ-ն, պարենամթերքն է թանկանում, աջ ոտքն է առաջ մղում, փակ շուկան է խեղվում, և դաղվում է Երևանը։ Այնինչ փակ են նահանջի ճանապարհները, մեր թիկունքում մայր Արաքսն է, որը թափվում է Կուր գետը և ողողում է ազերբայջանական արոտները։ Մելամաղձոտ էր` հարկավ, ուրեմն քիչ զվարճանանք։ Գուցե այսուհետ Լֆիկին վերանվանենք Լութո՞, ի պատիվ Արև արքա Լյուդովիկոս XIV-ի, ով անթաքույց հոխորտում էր` «Պետությունը ես եմ»։ Այսպիսով, մի՞թե պետություն չէ Լֆիկ-Լութոն, անշուշտ, հակապետություն է` հանրապետության ստոծանու հատվածում։ Ժողովրդական բոսորամիտ բանահյուսությունը վերջերս գազի և տուկաթելի թագավորին վերակնքեց Փարավոն-Գագո։ Անզուգական է, զի բառը համապատասխանում է բանին, չէ՞ որ տիար Ծառուկյանը կառուցում է հավատի տաճարը` գեղաշեն ու փքուն, յուր պատկերով և յուր նմանությամբ, կերտում է կապիտալի դղյակները` զորընդեղ և բորբոքուն, յուր պատկերով և նմանությամբ յուր։ Զուգահեռ ընթացքով և փարավոնավայել գթասրտությամբ միևնույն սեղանի շուրջ միևնույն պահին սպասքից կերակրում է 13 հազար ուխտավորի, երկրի կիսաքաղց բնակչության 1/10 մասին։ Այո՜։ Մի խոսքով, ականջներիս օղ ենք անում պատի ու ճակատի մասին սևակյան իմաստությունն ու ճգնավորի խոնարհությամբ համաձայնվում` օլիգարխիատը մեր անկախության խոցն է անբուժելի և նրանց հանդուրժել է պետք, ինչպես հանդուրժում ենք դաբաղը խոտաճարակների շրջանում. դաբաղը խոց է, խոցը բուժում ենք բոցով։ Այսինքն` կերտում ենք պետականությունը` «ջրային մտրակով»։ Դուք չե՞ք հիշում, թե ինչ հռչակագրեց վերջերս արգո Տիգրանը վարչապետ։ Հուշեմ-հիշեք. կառավարությունը տքնաջան աշխատելու է, ժողովուրդը անտքնանք երջանկանալու է։ Ես երջանկությանը կազմ ու պատրաստ եմ և ավելին` հակընդդեմ հայցով ահա թե ինչ եմ հանրահռչակում։ Այո՜, կռահեցիք, ջրային մտրակով պարարտացնում ենք պետգանձարանը, այսինքն` հենակներ դնում փլուզման կազմ ու պատրաստ հանրապետության անութների տակ։ Հուշեմ-հիշեք, մենք (իմա` ՀՀ-ն) ջրային մենաշնորհատեր ենք, զի Սևանը քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է Բաքվից Իսթամբուլ ընկած հուշերում։

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ԴՈՒՔ` ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՄԵՂՔԸ
(պամֆլետամերձ ճաշկերույթ)
Այսպիսով, հենակներ հանրապետության համար։ Հայոց ոռոգման և քաղցրահամ ջուրը հայտարարվում է ՀՀ քաղաքացիների ժառանգական սեփականություն։ (Օլիգարխները, բարձրաստիճան պետչինովնիկները և ժամկետանց ընդդիմադիր գործիչները այս պարագայում ՀՀ քաղաքացի չեն, երբե՛ք)։
Պատմական շրջայցով զբոսաշրջենք տարածաշրջանում։
Նեղոսի ավազանի բնակչությունը 30 տարին մեկ կրկնապատկվում է, սակայն գետի ջրերը չեն հորդանում։ Գիտակ մարդիկ էլ պնդում են, որ մեծ լճերի ջրերը վերականգնվում են հազար տարին մեկ անգամ։ Ինչ ցուցանեց առակս, հուսամ հասկացաք։ Եթե 1955-ին աշխարհում ընդամենը յոթ երկիր ուներ ջրի դեֆիցիտ, 1990-ին քսան երկիր էր ջրի պակասից տառապում։ (Գիտնականները, առհասարակ, սակավապետ են կենցաղում, բայց անգութ են կանխագուշակելիս և պնդում են, որ արդեն 2015-ին յոթ երկիր ևս կհամալրի տառապյալների ժանգացեց ցուցակը)։ Այստեղ մի լրբիկ նրբություն կա. ջրակարոտ երկրների ցանկում են մեր հարավային դրացիները, սակայն ջրային մտրակը օսմանլու ավազակապետության ձեռքում է։ Թքա՛ծ, համոզված են կուսակցափոխ եղած քաղաքական դուրսպրծուկները և վարդագույն երազներ տեսնող երեսփոխանները։ Մի շտապեք, պատվելիներս, չէ՞ որ օսմանլուն շահագործում է հայոց լեռնաշխարհի կենսաբեր ալիքները։ Զորօրինակ, կամենում էր (դեռ 1990-ին) Աթաթուրք-թրքանի ջրամբարի դիմաց մի հսկա արհեստական լիճ ստեղծել և այնտեղ ամբարել Եփրատի վարարուն ջրերը։ Ձեզ եմ հարցնում, դուրսպրծուկներ և երեսփոխաններ, որտե՞ղ են Եփրատի ակունքները։ Անշուշտ, անտեղյակ եք։ Բարկացայտ բացատրում եմ, որ Եփրատը Արևմտյան Ասիայի ամենամեծ գետն է, Հին կտակարանում կոչվում էր Մեծ գետ և հանդիսացել է դրախտի չորս գետերից մեկը, սկզբնավորվում է Ծաղկավետ լեռների հարավային լանջերից և հասնում է մինչև Պարսից ծոց։ Ինչո՞ւ էր օսմանլուն կամենում ահռելի արհեստական լիճ կառուցել յուր լճառատ ավազակապետությունում, որպեսզի ճնշում գործադրի Սիրիայի վրա, որպեսզի վերջինս չսատարի քրդական աշխատավորական կուսակցությանը։ Այնուամենայնիվ, օսմանլուն գրեթե 20 ջրամբար է կառուցում, և Սիրիան, որը, վստահաբար, հայի բախտ ունի, զրկվում է կենարար ջրերի 40 %-ից։ Այո՜։ Միաժամանակ Աթաթուրքի հետնորդները Տիգրիսի ջրերով ծնկաչոք վիճակում են պահում Իրաքը, զի արևախանձ Իրաքի ջրային պաշարների գրեթե 90 %-ը Տիգրիսի ջրերն են։ Ահա և ջրային մտրակը, որը, ավելի ստույգ, ջրային կառափնարան է։ Օսմանլու նորօրյա սուլթան Դեմիրելը 1990-ին հոխորտում էր. «Ո՛չ Սիրիան, ո՛չ Իրաքը չեն կարող պահանջներ ներկայացնել Թուրքիայի գետերի նկատմամբ, ինչպես Անկարան պահանջ չի ներկայացնում նրանց նավթի նկատմամբ։ Մենք իրավունք ունենք ինչ-որ բան կիսելու` ջուրը Թուրքիային, նավթը` նրանց»։ Այո՜, Տիգրիս-եփրատյան ավազանը և նրանց միացման շրջանը` Շատտ ալ-Արաբը իրանա-իրաքյան ութամյա պատերազմի դրդապատճառներից էր։ Այո՜, Նեղոսի ափամերձ բնակչության թվաքանակը 30 տարին մեկ կրկնապատկվում է, կոկորդիլոսների գլխաքանակն էլ եռապատկվում է։ Դե արի ու դիմացիր, տարաբախտ իմ Նեղոս։ Անշուշտ, կռահում եք, թե որ բոստաններն եմ «լճիցլճյան» դոդոշներիս նետարձակում։ Այո՜, Հայաստանը տարածաշրջանի ջրբաշխն է, Վրաստան է հոսում Դեբեդը, դեպի Ադրբեջան էլ` Հրազդանով գոտեպնդված Արաքսը։ Այսինքն, դրացի-վրացուն և հակընդդեմ ազերբայջանցուն ծնկի ենք բերում հենց մեր ջրային մտրակով։ Այստեղ դադար տանք, շնչենք գարնան վերջին օրվա թարմաշունչ օդն ու աշխարհաքաղաքական բնույթի կքանստումներ կատարենք, ազգամիջյան լոգանքներով, դիմելով ժողովրդական իմաստությանը` երկու գլուխ մի կաթսայում չեն եփվում։ Անդրկովկասում երեք գլուխ է տապակվում, և մի՞թե ազերբայջանցու վայրագ, վրացու էլ նենգ գանգերը համատեղելի են թեկուզ և քիչ շշկռած, քիչ էլ սմքած, սակայն ընդմիշտ առաքինի մեր գլխի հետ։ Հարկավ` ոչ, զի վրաց-ազերբայջանական քիրվայությունը հենվում է մերձավորի դավին, խարսխվում է հարևանի ցավին։ Այո՜, չորս սահմանակից երկրներից երեքը անզուսպ սահանկում են մեզ, պատրաստ կուլ տալու։ Չորրորդ հակապետական և հակազգային ախտը հայրենական արտադրության վարչաօլիգարխիկ վերնակույտն է, անգթությամբ բնավ չի զիջում դրացի-վրացուն, թուրք-թրքանին և աղազուրկ ազերիին։ Բայց մի էական զանազանում կա. եթե հարևան երկրները երազանք ունեն կլանելու երկիր Արմենիան ¥բաշխումը վաղուց է կատարվել, Արցախը` Սյունիքից Սևան ազերիների «փայն» է, Լոռին, հասկանալի է, վրացու «մուլքն» է, Էրիվանի նահանգն էլ, պարզից էլ պարզ է, թուրք-օսմանլվա պատառն է¤։ Վարչաօլիգարխիկ վերնակույտը խիստ հայակենտրոն է։ Դե, էլ որտեղ է հնարավոր պայթելու աստիճան ուռճանալ մոլեմսխուն կապիտալին, եթե ոչ մայր Հայրենիքում։ Եվ էլ որտե՞ղ կարելի է նման հնազանդ ժողովուրդ գտնել, հայտարարվում է ժողովրդավարություն, քարոզվում է հանրային շահ, իրավական պետություն, և հանրապետության բնակչությունը մեծ խանդավառությամբ դառնում է վերնակույտի սպառողական զանգվածը։ Եվ սպառվում են երկիրը, պետությունը, հանրապետությունը։ Այսպիսով, դարձյալ ու վերստին` պետությունը պիտի յուր դրամագլուխն ունենա, այսօր` ջրերով։ Ի դեպ, XXI դարը աշխարհով մեկ հայտարարված է քաղցրահամ ջրի համար մղվող պատերազմի դար։ Մեր պաղպաջուն աղբյուրների անմահական ջրերի կեսից ավելին անհետ կորչում է։ Այո՜, կորցրել ենք պատմական պահի զգոնությունը և լալահառաչ մորմոքում ենք, թե Բաքուն նավթագծով միանում է Իսթամբուլին, և Թիֆլիսն է սրանց հանգույցը։ Իսկ եթե Հայաստանը դառնա Մերձավոր Արևելքի քաղցրահամ ջրամատակարա՞րը։ Զորօրինակ, Հայաստանից, Իրանի բարեգութ հովանու ներքո, Քուվեյթ և Իրաք, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս ենք հասցնում հայոց ջրերը, հասցնում ու շահում ենք բազմապատիկ, զի ծարավից շնչահեղձ Մսրն ու նրա հարևանները փորձում են Անտարկտիդայի սառցալեռները քարշ տալ յուրյանց արևախանձ ափերը։ Փորձում են և պապանձվում, շահավետ չէ։ Այսպիսով, կեցցե՛ ՀՀ-Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկա քաղցրահամ խողովակաշարը։ Կեցցե՛ն հայոց ջրային մտրակները, որ ձոներգում են վարչատնտեսական վերնակույտի մահը։

ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐՆՊԱՏԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
(սարկաստիկ իրիկնահաց)
Մինչ օրս մեր ազգային գերնպատակը օլիգոպոլիայի կայացումն էր։ Ցնծա՜, աշխարհ հայոց, անկախության գերնպատակը ժանգապատել է պետականության բոլոր հանգույցները, քոսապատել է անկախական հայի տեսակը։ Եվ մեզ մի բան է մնում, մտրակել աջ ու ձախ, ջրային շառաչուն մտրակներով։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ