Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Դասակարգային պայքարի այժմեականությունը

Դասակարգային պայքարի այժմեականությունը
20.05.2013 | 23:57

Պատմությունն ունի կրկնվելու սովորություն: Այս ճշմարտությունը բազմիցս ապացուցվել է` պատճառ դառնալով հեղափոխությունների և քաղաքական ճգնաժամերի: Հասարակական հարաբերությունների զարգացումը մշտապես ուղեկցվել է արտադրողական ուժերի զարգացմամբ և տեխնոլոգիական առաջընթացով, որի հետևանքով էլ հասարակությանը չեն բավարարել կառավարչական մեթոդները, սեփականության բաշխման տրամաբանությունն ու ստեղծված տնտեսական իրողությունները: Կիսաֆեոդալական հարաբերություններից կոմունիզմ կատարած թռիչքն ու 70 տարի անց վերադարձը դեպի կապիտալիստական հարաբերություններ իր բացասական հետքն է թողել նաև հայկական իրականության վրա` փաստացիորեն երկիրը կանգնեցնելով նոր հեղափոխության շեմին: Ի դեպ, խաբկանք է այն մոտեցումը, թե մոտ ժամանակներս Հայաստանում չի կարող հեղափոխություն տեղի ունենալ, քանզի վերջին ընտրություններում նման իրադրություն չկար: «Արաբական գարունը» ապացուցեց, որ պարտադիր չէ հեղափոխություն իրականանա ընտրությունների շրջանում, հատկապես երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ ընտրությունների շրջանում իշխանությունները պահպանում են զգոնությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկում հեղափոխական իրավիճակից խուսափելու համար:
Արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները պայմանավորված էին բնակչության և իշխող ուժերի միջև առկա խորքային ճգնաժամով: Խնդիրն էլ կապված էր ոչ այնքան սոցիալական հարցի, որքան հասարակական հարաբերությունների զարգացման հետ, որի պայմաններում բնակչության զգալի մասը չէր ցանկանում կենսագործունեություն ծավալել իշխանության պարտադրած խաղի հնացած կանոններով: Հեղափոխական իրավիճակը Հայաստանում մտել է վերջնական հասունացման փուլ, և եթե իշխանությունը ցանկանում է պահպանել իր դիրքերը, ապա պետք է կտրուկ փոփոխությունների գնա` փոխելով տնտեսական հարաբերություններում առկա խաղի կանոնները: Խնդիրն այն է, որ հետխորհրդային շրջանում սկսված վայրի կապիտալիզմի ժամանակաշրջանը մոտենում է իր ավարտին, և հասարակությունը փոփոխությունների ակնկալիք ունի: Այդ փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են տնտեսությանը, որտեղ գերակա դիրքեր են պահպանում օլիգարխիկ շրջանակները: Անգամ քաղաքականության մի հսկա հատված վերահսկվում է օլիգարխիայի կողմից, ինչը տնտեսության վերահսկման պատճառահետևանքային կապն է: Ի դեպ, օլիգարխիան և նրան սպասարկող պետական գործիչները ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ, իսկ հեղափոխական ավարտը, որպես կանոն, ցավոտ է լինում:
Ինչևէ, հեռու չէ այն օրը, երբ կլինենք դասակարգային պայքարի ականատեսը: Հասարակությունն ընդդեմ օլիգարխիայի պայքարը կվերջանա արյունալի հեղափոխությամբ և կապիտալի վերաբաշխմամբ, եթե իշխանությունը չբավարարի հասարակության փոփոխությունների պահանջը: Պետք է նշել, որ փոփոխությունների հասարակական պահանջը չի կարող ներկայացվել ներկա ընդդիմության կողմից, որը սնվում է նույն օլիգախիկ շրջանակներից: Հասարակական պահանջ կարող է ձևավորել նոր, շատ ավելի կենսունակ և արդյունավետ ընդդիմությունը, որը, ի տարբերություն ներկայիս մարգինալների, կարող է իրականացնել դասակարգային հեղափոխություն: Տեր-Պետրոսյանի բարձրաձայնած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե իշխանությունը չգնա փոփոխությունների կամ երբ ձևավորվի նոր ընդդիմություն` նոր դեմքերով, նոր մարտավարությամբ: Ամեն դեպքում, դասակարգային պայքարի մոդելը այժմեական է, և օրակարգում ջրբաժանային հարցն է` կգնա՞ իշխանությունը փոփոխությունների և կվերացնի՞ օլիգարխիայի արտոնությունները, թե՞ հասարակությունը հեղափոխական ճանապարհով կհասնի փոփոխությունների:

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ