Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Մեդալի հակառակ երեսը, կամ բանակը մենք ենք

Մեդալի հակառակ երեսը, կամ բանակը մենք ենք
19.05.2013 | 22:08

Սովետի ժամանակ էլ բանակը էն չէր: Եղբորս պատմածը ամեն անգամ հիշում եմ, երբ մեր բանակում զինծառայող է սպանվում:
1988-ն էր՝ Կիրովում էր ծառայում: Չորս չեչեն էին ծառայում նույն զորամասում: Իրենք` «դեմբել», եղբայրս` նորակոչիկ: Դրանցից ամենաաժդահան եղբորս ասել էր` «Эй, армян, помой раковину»: Եղբայրս թե` «Пошел ты к черту, чечен»: Կռիվն սկսվել էր: Վերջում եղբորս պառկեցրել էր մահճակալին ու մի դույլ ջուր լցրել վրան: Էդպես թաց քնել է իմ Գառնիկ եղբայրը ու երբ արթնացել, տեսել է չեչենը անխռով քնած է իր մահճակալին: Եղբայրս մոտեցել է, կողքի աթոռը բարձրացրել, որ հարվածի: Ասում է` «Էդ պահին աշխարհում ամենից շատ էդ անասունին սպանել էի ուզում»: Աթոռը քիչ է մնացել, որ վրա բերի, աչքի առաջ շարվել ենք հայրս, մայրս ու ես, աթոռը հետ է դրել:
Ասածս ինչ է: Բանակում «ստարիկների» ու երիտասարդների հակամարտությունը կա, միշտ է եղել և կլինի: Նույն եղբայրս զորացրվելուց հետո Իջևանի սարերում սահման էր պահում: Ասում էր`«Մեկ-մեկ անիմաստ բաներից աքլորակռիվ տվողներ կան, էս էլ հո մեր երկիրն է ու պատերազմ է»: Սրա արմատները, իհարկե, խորն են, եթե նկատի չունենանք, որ բոլոր երկրների բանակներում էլ տղայական կռիվներ լինում են: Սովետի ժամանակ բարոյական արժեքների քարոզ կար, բայց շատ արհեստական էր, ու երբ անկախացանք, արհեստական-արհեստածին արժեքները, որոնք իրականում չէինք կրում մեջ, փուլ եկան: Նորանկախ երկիր, պատերազմ, աղետի գոտի: Իշխանությունը, որը երկիր ղեկավարելու փորձ չուներ, շատ բաներ աչքաթող արեց: Բանակում եղան դեպքեր, որոնց մասին լսելով զարմանում էինք: Գնալով տարիների հետ հոռի բարքերը խորացան: Ոչ միայն բանակում: Սա հատուկ է չկայացած երկրներին ու ինքնակազմակերպման խնդիրներ ունեցող հասարակություններին: Անդրադարձը ամենուր է` աշխատանքային փոխհարարաբերություներում, դպրոցում, մանկապարտեզում, բանակում, սոցիալական ցանցերում, նույնիսկ` ժողովրդավարություն քարոզող ընդդիմությունում: Որքան հասարակության սոցիալական, դրանից և բարոյահոգեբանական վիճակը վատանում է, այնքան հասարակական տարբեր շերտերում գոյության պայքարն անկառավարելի է դառնում: Իշխանությունը մեծ խնդիրներ ունի լուծելու, բայց, անկախ սոցիալ-տնտեսական իրավիճակից, խոստովանենք, որ մենք ուրեմն շատ հեռու ենք եղել մարդկային բարձր արժեքներից, որոնց մասին պատեհ-անապատեհ կարող ենք շքեղ ճառել: Ընդամենը: Նույն ճառողները կոկորդը կկրծեն առաջին պատահածի, ով կհամարձակվի այլ մոտեցումներ ունենալ կյանքի հանդեպ կամ քաղաքական դաշտում կտեսնի բաներ, որոնք հաճախ ոչ այնքան խնամքով թաքցվում են «Հանուն բարգավաճ Հայաստանի» կարգախոսի տակ:
Յուրաքանչյուր մարդ, որ աշխարհ է գալիս, ինքնապաշտպանական բնազդների հետ նաև ինքնավերահսկման մեխանիզմներ է ունենում: Աստված կամ բնությունը, ով ինչպես, կնախընտրի, մարդուն ստեղծում է կատարյալ, այդ հետո` կյանքի ընթացքում է, որ մարդը փոխվում է` ընտանիքի դաստիարակության ու միջավայրի ազդեցության հանգույն: Փաստ է, որ մեր հասարակությունը անհանդուրժող է այլախոհների հանդեպ: Ով ինձ պես չի՝ տականք է, իսկ քաղաքական հարթությունում` ծախված: Ուրեմն ի՞նչ ենք ուզում դիմացինից, եթե մենք ինքներս մեզ հետ անկեղծ չենք: Իսկ սրա պատճառներն էլ ավելի խորն են և, ըստ իս, տանում են դեպի հավատք: Դատարկ ինքնագովության պահերին մեր ազգային արժանապատվությունը գլուխ է բարձրացնում ` Հայաստանը առաջին երկիրն է, որ քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն, բայց չենք ուզում անդրադառնալ, թե որքանով ենք քրիստոնյա:
Մեր բանակում տեղի ունեցողը ադեկվատ արձագանքն է հասարակական իրավահարաբերությունների ու մարդկային փոխհարաբերությունների: Բանակում պարզապես ավելի ընդգծված է ամեն ինչ, քանի որ միասեռ հասարակություն է ու կեցության որոշակի կանոններով պարտադրվող: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պիտի, կրկնաբանեմ, ինքնակազմակերպվի: Շարքային, պարզունակ, կենցաղային, առօրյա հարցերի մասին է խոսքը: Մնացածը, իհարկե, իշխանության գործն է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ