Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ավագանին պետք է մաքրի ավգյան ախոռները

Ավագանին պետք է մաքրի ավգյան ախոռները
17.05.2013 | 01:26

Ես պետք է ջանամ վերաստեղծել մանկությունս ու պատանեկությունս։ Պետք է տեսնեմ տունս։ Դա զարմանալի տուն է։ Պետք է տեսնեմ մորս։ Նա արտիստիկ է... Տարիների ընթացքում ավելի ու ավելի մեծ քնքշանք եմ տածում հայրենիքիս հանդեպ, ուր ես դժբախտաբար դեռ չեմ ապրում։
Հայաստանն ինձ համար արվեստ է ու պատմություն։ Իմ ընկերներն են, իմ ուրախությունները, մեր կորուստները։


Սերգեյ ՓԱՐԱՋԱՆՈՎ

ՀՈՒՇԱԳԻՐ
Էլիսի Ավգիաս թագավորը ահռելի քանակությամբ գոմաղբ էր կուտակել յուր սեփական ախոռներում ու կրակն էր ընկել աղբի ձեռքը Ավգիասը։ Ալփեոս և Պենոս գետերը մի օր շրջեց դեպի ավգյան ախոռներ և Հերակլեսին օգնության կանչեց։ Հերակլեսը, հասկանալի է, մաքրեց ախոռները։ Այսինքն, Ավգիոսի դերում այսօր քաղաքապետարանն է, Հերակլեսի դերում էլ` ավագանին։ Եթե չեք մոռացել` Երևանով հոսում են Զանգուն ու Գետառը։ Առակս ի՜նչ ցուցանե, հարկավ կռահեցիք, ինչպես արաբ դերվիշն էր կռահում հացի թանկացումը Ղանթարում` դեռ ցորյանը չհասած։ Այո, մայրաքաղաքի ավագանին պիտի դառնա քաղաքի առջև ծառացած հարցերի պատասխանատուն, զի, ավագանու մասին օրենքի համաձայն, նա է կառավարում Երևանը, քաղաքապետն ու քաղաքապետարանն իրականացնում են նրա առաջադրած ծրագրերը։ Սա պարզ է լույսի պես, բայց և այնպես ընդունենք, որ մինչ օրս ավագանու անունը կա, ամանում` կա ոչ։ Բայց չէ՞ որ մենք ավագանի ենք ընտրում, որպեսզի մաքրի Երևանի «ավգյան ախոռները»։ Այսինքն, հարգարժան տիարք և տիկնայք, դուք երևանաբնակների պատգամախոսն եք քաղաքապետարանում, ոչ թե այս կամ այն քաղաքական-տնտեսական շահերի հնազանդ սպասարկուն։ Սա, պաղատում եմ, ականջներիդ օղ արեք։ Այսօր արգո ավագանին զարմանալիորեն անխռով է, անխռով է այն դեպքում, երբ մայր ոստանը քաղաքաշինական, պատմամշակութային և բարոյահոգեբանական հարվածներ է ստանում աջից ու ձախից։ Ընդ որում, քաղաքին հարվածում են գոտկատեղից վար։

ԹԱՂԻ ՏՂԵՐՔԻ ԳԻՇԵՐԸ
Խոստովանեմ, բախտներդ բերել է։ Ավագանու մասին օրենքը` մի կողմից, Տարոնի պես բարեսիրտ քաղաքապետն էլ` մյուս կողմից, ձեզ ապավեն են։ Օրեր են անցել, ձեզնից ոչ մի խոսք ու ոչ մի հայտարարություն դեռ չենք լսել։ Բայց մի՞թե պետք չէր սույն երևույթը արժևորել։ Սա ի՞նչ էր, մայրաքաղաքը զոմբիացնելու փո՞րձ։ Ամենայն հավանականությամբ, ինչը հավաստում է մեր փառապանծ ոստիկանության զեկույցը։ Պարզվում է` «խառոշիների» սարքած գիշերվա արդյունքում 16 վարչական գործ է հարուցվել։ Այո՜, միայն մեր բակում 17 «հրթիռակայան» էր գործում։ Ի դեպ, խոստովանեմ, որ դժվար թե «բարդուղիմեոսյան գիշերը» ավագանու նախագիծն էր։ Սա, ավելի ստույգ, մարտահրավեր էր ավագանուն, մայրաքաղաքին և քաղաքապետարանին։ Ընդ որում, գլխի գցելու, որ քաղաքի իրական տերը թաղի տղերքն են։ Սա հիմնավորվում է շատ պարզ մի հանգամանքով. նույն ժամին ողջ քաղաքն էր դղրդում։ Այսինքն, վաղօրոք ծրագրավորվել էր այս ամենը և հրթիռների բավարար պաշար ամբարվել։

ԺԱՄԱՆԱԿԸ ՍԱՅԹԱՔԵԼ Է, ՊՈՐՏԱՊԱՐ Է ԲՌՆԵԼ
Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու վսեմաշուք հայացքի ներքո, կինոճարտարապետ Փարաջանովի թանգարանի դեմքը փակվում է, լույսն էլ` մարում։ X գործամոլը բիզնես շահ ունի այս վայրում, և շահն այնքան ակնառու է, որ X-ը քայլարշավում է թանգարանի, Երևանի, ավագանու ու երևանցու արժանապատվության վրայով։ Սա նշել ենք բազմիցս, դուք անտեսել եք բազմակի։ Կեցցե՛ք։ Այնինչ, երկսապատ բաբելոնաշինվածքը գրպանել է Արարատի հայացքը դեպի թանգարան։ Այնինչ, կինոճարտարապետը մեծ քնքշանք էր տածում հայրենիքի հանդեպ, որը նրա համար արվեստ էր և պատմություն։ Այնինչ, կիրճում է թաղված թլպատված շան գլուխը ու գարշահոտում է մինչև լյառն Մասիս։ Հավանաբար դուք սույն գարշահոտը չեք զգում։ Այնինչ, խիստ ուսանելի է թանգարանի պահապան Սարգսյան Զավենի խոստովանանքը` երկսապատ բազմահարկի կառուցմանը իրենց ժամանակին դեմ են արտահայտվել թանգարանի մեծաշուք այցելուներ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանն ու Գագիկ Բեգլարյանը, նաև հարգարժան տիկնայք` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նաև երկրի առաջին տիկինը։ Սա երա՞զ է դառն ու աղի։ Գուցե գերտերություննե՞րն են բաբելոնաշինվածքի իրական սեփականատերերը, և այն ունի աշխարհաքաղաքական ահռելի նշանակությո՞ւն։
Այնինչ, նշանակալից դեմքեր են ավագանիում` իրենց դիրքով ու հանրաճանաչությամբ. է՛լ երգահան` ժողովրդական, է՛լ ճարտարապետ` վաստակաշատ, է՛լ շոումեն` գրոհային։ Անշուշտ, ավագանու առանձին ավագներ անելիքի և ասելիքի բավականին շփոթ կարծիք ունեն։ Մայրաքաղաքը և մայրաքաղաքի քաղաքապետարանը, յուր աշտարակով, պիտի բառացիորեն պատերազմ մղի տեղական, տարածաշրջանային և շա՜տ մեծ ախորժակ ունեցող այլ խմբերի դեմ, որոնց համար այս քաղաքը սակարան է, ավելի ստույգ` խաղատուն, ուր շահում ես մշտապես։ Այնինչ, որոշ ավագներ ¥անուններ չտանք, զի հրապարակավ են գործում և բնավ չեն կարմրում¤ թև-թիկունք են մայրաքաղաքի մանրածախ և մեծածավալ ապօրինություններին ու ո՜նց են ճահճացնում շրջակայքը։ Տիարք և տիկնայք, ինչո՞ւ չեք հանրահավաք կազմակերպում և Փակ շուկան շրջափակում։ Այստեղ, իսկապես, ժամանակը պորտապար է բռնել։ Հավատացեք, Երևանի ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, եթե ավագանին հենվի երևանցիների վրա։ Այսինքն, փորձենք միասին խնդիրներ առաջադրել և լուծել դրանք։ Ի մասնավորի, այսօր անհրաժեշտ է գերակա խնդիր դարձնել Երևանի մետրոպոլիտենի ընդարձակումը և ոչ թե մայրաքաղաքի սուպերմարկետացումը։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Մայիսի 9-ին Փակ շուկա այցելեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Այցելեց` կանխելու ապօրինության ընթացքը։ Փակ շուկան պետության կողմից հայտավորված է որպես մշակութային ժառանգություն։ Եվ եթե այս ժառանգությունը չպահպանվի իր նախնական տեսքով, ապա, հավատացեք, արգո ավագանի, օպերայի շենքը ևս կմասնավորեցվի, կհանձնվի ի տնօրինում որևէ գերհարուստի, սա էլ կփորձի «վերախմբագրել» հրաշակերտ շինությունը։ Հետո հանրությունը կալեկոծվի, և ամեն բան կընթանա յուր տրամաբանական հունով։ Այսօր Փակ շուկան մեր Ռուբիկոնն է, եթե կուզեք` մեր Ավարայրն ու Սարդարապատը։ Այսօր օլիգարխիան է մայրաքաղաքը հայտարարել հանրային գերակա շահ։ Հավանաբար պատճառը նրանց հիպերբոլիկ մտածողությունն է։ Ի՞նչ կարող ես անել, ոմանց ձեռքում ահռելի կապիտալ է կուտակվել և այն իրացնել է պետք։ Սարերը, ձորերը, լճերն ու կիրճերը մասնավորեցված են վաղուց։ Հանքերը` նույնպես։ Մնում է մայրաքաղաքը զուգել հիպերմարկետներով։
Մեզ էլ մնում է ձեռք ձեռքի և ուս ուսի Զանգուն և Գետառը ուղղել քաղաքի վրա։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ճարտարապետ Թամանյանը, հենվելով Հայաստանի նախորդ մայրաքաղաքների քաղաքաշինական մշակույթի վրա, նախագծեց Արևային քաղաքը` ուղղված դեպի աստվածաշնչյան Արարատ։ Քաղաքը հետթամանյանական շրջանում էլ զարգանում էր ընդհանուր թամանյանական արժեհամակարգի շրջանակներում։ Չմոռանանք, որ ինչպես յուրաքանչյուր մայրաքաղաք, Երևանն էլ ունի իր գերիշխող կառույցները` օպերայի շենքը, Հանրապետության հրապարակը, Մատենադարանը, Փակ շուկան և այլն։ Այսօր, հարգարժան ավագանի, պետք է ծուռ նստենք և շիտակն ասենք. Երևանի նկարագիրը խեղանդամված է ոտն ի գլուխ։ 19-րդ դարի քաղաքաշինությունը բնութագրող կառույցների մեծ մասն արդեն իսկ չկա, մնացածներն էլ շնչահեղձ են լինում նորանկախական մայրաքաղաքի կառուցապատումների մեջ։ Ե՛վ Փակ շուկան, և՛ Փարաջանովի թանգարանի լույսը փակող երկսապատ բաբելոնաշինվածքը վերջնականապես կձևավորեն հակազգային և հակահանրային մի քաղաքային միջավայր։ Այնպես որ, մեզ իսկապես դաժան, սակայն ազնիվ մարտեր են սպասում։ Եկեք ձեռքներս դնենք խղճներիս, շրջենք Երևանի ցանկացած վարչական շրջանում և փորձենք զմայլվել լյառն Արարատով։ Հավատացեք, մեր ջանքերը զուր կանցնեն։ Քաղաքի շատ հատվածներից հուսալիորեն փակվում է Արարատի տեսարանը։ Գուցե օլիգոպոլիան մարդասիրական մղումներո՞վ է փակում Արարատի դեմքը, չէ՞ որ այն կարող է անառողջ կարոտաբաղձական տրամադրություններ առաջացնել երևանաբնակների սրտերում և հոգիներում։ Իսկ սա այնքան էլ հարիր չէ անկախության շրջանում ձևավորված Երևանի բնակչին, որի գլխավոր նպատակը քայլարշավներն են հիպերմարկետից սուպերմարկետ, սուպերմարկետից էլ... Այ, սա էլ ինքներդ որոշեք։

Դիտվել է՝ 4514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ